Monday, April 25, 2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարակա՞ն է տվել

Իրանական Safir News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն 4 օր է՝ բացակայում է նախագահական նստավայրից և աշխատանքի չի գնում:

Իրանական Mehr գործակալությունն էլ ապրիլի 24-ին փոխանցել է, որ Իրանի կառավարության կայացած նիստին, որին ներկա է եղել Իրանի առաջնորդի կողմից վերանշանակված հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, Ահմադինեժադը բացակա է եղել, և կառավարության նիստը ղեկավարել է նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին:

Արդեն Իրանի քաղաքական շրջանակներում շշուկներ են տարածվել այն մասին, որ Իրանի նախագահը երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ ունեցած վերջին անհամաձայնությունների պատճառով հրաժարական է ներկայացրել: Այդ մասին պաշտոնապես ոչ մի լուր չէր հրապարակվել, մինչև նախագահի թիմակիցներին պատկանող Azadi News լրատվական կայքը ապրիլի 24-ին մի տեղեկություն հրապարակեց, որը հերքում էր նախագահի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը: Բայց նույն այդ լուրը ավելի զարկ տվեց երկրում շրջանառվող ասեկոսեներին, և այդ իսկ պատճառով, Azadi News կայքը օրվա երկրորդ կեսին հանեց հիշյալ սկանդալային դարձած լուրը:

Նախագահի թիմակիցները նրա բացկայությունը պատճառաբանում են Ահմադինեժադի վատառողջությամբ, մինչդեռ իրանական Fars գործակալությունը նույն օրը, երբ նախագահը իբր վատառողջ լինելու պատճառով բացակայել էր կառավարության նիստից, հրապարակեց մի լուր, թե Ահմադինեժադը հանդիպել է Չինաստանի ժողովրդական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ և քննարկել է տարածաշրջանային անցուդարձերը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի առաջնորդի և նախագահի միջև հետախուզության նախարարի առնչությամբ անհամաձայնություններ էին ծագել, երբ նախարարը, ըստ պահպանողականների մեկնաբանության, նախագահի ճնշումների հետևանքով հրաժարական էր ներկայացրել, իսկ երկրի առաջնորդը իր հրամանագրով, որում առաջին անգամ չէր հիշատակվել նախագահի անունն ու հանգամանքը, հրաժարական ներկայացրած նախարարին վերադարձրել էր իր պաշտոնին:

Իրանական մի շարք լրատվական կայքեր նախագահի բացակայությունը կապում են այդ միջադեպի հետ և գրում, թե նախագահը խռովել է ու չի մասնակցում կառավարության նիստերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը