Իրանական Wikipress լրատվական կայքը, ապրիլի 25-ին «Ցեղասպանության դիվանագիտություն» խորագրով վերլուծական հոդվածով անդրադառնալով Հայոց մեծ եղեռնին, փորձել է վերլուծել Հայոց ցեղասպանության հարցի դերակատարությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ:
Ըստ հոդվածագրի՝ Իրանի իշխանություններն այս պահին փորձում են պարզել Հայոց ցեղասպանության ունեցած դերակատարությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Որպես օրինակ՝ հոդվածագիրը նշել է ամիսներ առաջ Իրանի նախագահի խորհրդական Համիդ Բաղայիի արտահայտությունը, երբ նա երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված «Իրանը՝ հաղթանակի կամուրջ» սեմինարի ընթացքում բացահայտ հայտարարել էր, որ առաջին աշխարհամարտի օրերին օսմանցիները հազարավոր հայերի ցեղասպանության են ենթարկել:
Բաղայիի հիշյալ հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել Իրանի մի շարք դիվանագետների կողմից, նրան մեղադրել էին ոչ պրոֆեսիոնալության մեջ: Բայց, ըստ հոդվածագրի, Իրանի կառավարությունը փորձել էր քննարկել այդ գործով արտաքին ուժերի արձագանքները: Բաղայիի հայտարարությանը դրական էին արձագանքել Հայաստանն ու հայկական Սփյուռքը, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում այն խիստ քննադատության էր ենթարկվել, անգամ Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանից պահանջել էր ներողություն խնդրել նման արտահայտության համար:
Հոդվածի շարունակության մեջ հոդվածագիրը հարց է բարձրացրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ընդունումը Իրանի կողմից դե՞մ է Իրանի ազգային շահերին թե՞ ոչ: Հոդվածագիրը հիշյալ հարցին բացասական է պատասխանել՝ ասելով. «Բազմաթիվ երկրներ, երբ փորձել են ճնշել Թուրքիային ու արտոնություններ ստանալ նրանցից, առաջ են քաշել Հայոց ցեղասպանության հարցը, և արտոնությունները ստանալուց հետո ժամանակավորապես սառեցրել են այդ հարցի քննարկումը: Այսօր Թուրքիան հնարավորություն չունի իր դիվանագիտական կապերը խզել տասնյակ այն երկրների հետ, որոնք պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Ուրեմն, անհեթեթ են այն տեսակետները, որոնք պնդում են, թե Հայոց ցեղասպանության ընդունումը կխաթարի հարաբերությունները Թուրքիայի հետ: Այսօր Թուրքիան, Իրանի հետ հարաբերվելով, առաջնորդվում է իր ազգային շահերով: Նրանք սիրահարված չեն իրանցիների գեղեցիկ աչքերին: Ուրեմն, նրանք մեզ լավություն չեն անում, որ իրանցի դիվանագետներն էլ փորձում են, այդ լավությունը փոխարինելով, հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցը արծարծելուց:
Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի խոցելի կետերից է, և Իրանն էլ, ԱՄՆ-ի ու Եվրոպական բազմաթիվ երկրների նման, կարող է Հայոց ցեղասպանության հարցը օգտագործել ճնշումներ գործադրելու նպատակներով: Համիդ Բաղային իր այդ հայտարարությամբ Թուրքիային պատգամ ուղարկեց, որ Իրանն այլևս չի ցանկանում Հայոց ցեղասպանության հարցը ձրիաբար լռեցնել: Մի խոսքով Բաղային իր պատգամով Թուրքիային ստիպեց ավելի սերտացնել հարաբերությունները Իրանի հետ»։
Հոդվածագիրը վերլուծության մեջ փորձել է լուսաբանել Իրանի կողմից Հայոց ցեղասպանության մասին հարց բարձրացնելու դրական կողմերը: Ըստ նրա՝ Իրանը, Ցեղասպանության մասին խոսելով, հայերին մի կերպ հաշտեցնելու է իսլամի հետ: Հայերը իսլամի հետ շփվել են միայն Օսմանյան կայսրության օրոք, որը շատ դառը հիշողություն է դարձել հայերի համար: Wikipress-ի փորձագետի՝ Մուհամադ Խաքինահադի կարծիքով, Իրանը այդ քայլով հայերին ապացուցելու է, որ թուրքական և իրանական իսլամների միջև լուրջ տարբերություն գոյություն ունի:
Հոդվածագիրը, որպես երկրորդ դրական կողմ, անդրադարձել է հրեական Հոլոքոստին՝ ասելով, որ Իրանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չեզոքացնելու է Իսրայելի և հրեաների Հոլոքոստի մենաշնորհը և աշխարհին հասկացնելու է, որ, Հոլոքոստից բացի, կան այլ ցեղասպանություններ, որոնց մասին պիտի խոսվի, ու դրանք պիտի ընդունվեն միջազգային հանրության կողմից: Հոդվածագիրը հայտնում է, որ, Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը զուգահեռ, հնարավոր է խոսել Բոսնիայի, Ռուանդայի, Տիբեթի և անգամ Ամերիկայի հնդկացիների ցեղասպանությունների մասին:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Մուհամադ Խաքինահադը, իր վերլուծական հոդվածի ավարտին անդրադառնալով Իրանի, Հայաստանի ու հայկական սփյուռքի հարաբերություններին, նշել է. «Թեև Իրանի սահմանը խիստ կարևորություն ունի Հայաստանի համար, բայց իրանական դիվանագիտությունը չի փորձել օգտվել միջազգային ատյաններում լուրջ դերակատարություն ունեցող հայկական լոբբիստական կազմակերպություններից Իրանի ազգային շահերի օգտին: Ուստի այսուհետ հնարավոր է, Հայոց ցեղասպանության հարցը արծարծելով, Հայաստանի, հայկական սփյուռքի և Թուրքիայի միջև Իրանին մերձենալու հարցում մրցակցություն առաջացնել և նրանց հարաբերությունները Իրանի հետ ավելի սերտացնել»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment