Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, ապրիլի 11-ի երեկոյան Թեհրանի մի շարք համալսարանների ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջև:
Ըստ գործակալության՝ ցուցարար ուսանողները, «Մա՛հ ԱՄՆ-ին», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Սաուդյան ընտանիքին» բացականչելով, իրենց բողոքը հայտնեցին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի միջամտությամբ Բահրեյնի շիա մուսուլմաններին ճնշելու դեմ:
Իրանցի ուսանողների ցույցի ընթացքում նրանց են միացել նաև բահրեյնցի ուսանողուհիները, որոնք սովորում են Թեհրանի համալսարաններում:
Ցուցարար ուսանողները քննադատել են Իրանի կառավարության կրավորական դիվանագիտությունը և, դիմելով երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, հայտարարել. «Մենք ձեր զինվորներն ենք, երբ հրամայեք, պատրաստ ենք դուրս գալ պայքարի»։
Fars-ը հաղորդում է, որ ցուցարարները հայտարարության ավարտին 6-7 «Մոլոտովի կոկտեյլ» են նետել դեսպանատան վրա ու փորձել շենքի վրա տեղադրել «Հիզբոլլահի» դրոշը, ինչը ոստիկանության միջամտությամբ կանխվել է: Ոստիկանները ուսանողներին ցրելու նպատակով ձայնային նռնակներ են օգտագործել, որից հետո ցուցարարները հեռացել են դեսպանատնից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment