«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած նիստի ավարտին խորհրդի անդամ երկրները հրապարակած հայտարարությամբ դատապարտեցին Իրանի միջամտությունը Պարսից ծոցի երկրների գործերին:
Հայտարարության մեջ նշված է. «Սաուդյան Արաբիայի կողմից զինված ուժերի մուտքը Բահրեյն կատարվել է տարածաշրջանի երկրների միջև առկա պաշտպանական համաձայնագրի շրջանակներում՝ Բահրեյնի իշխանություններին օգնելու նպատակով»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը Սաուդյան Արաբիայի կոչ էր արել Բահրեյնի տարածքից հեռացնել իր զինված ուժերը:
Պարսից ծոցի արաբական երկրները այդ քայլը համարում են հիշյալ երկրների անկախության ու ինքնորոշման իրավունքի ոտնահարում և Իրանից պահանջում են չմիջամտել իրենց երկրների ներքին գործերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բահրեյնի շիա ընդդիմադիր կուսակցության առաջնորդն էլ Իրանից պահանջեց զերծ մնալ Բահրեյնում միջամտություններից և թույլ տալ, որ իրենք լուծեն իրենց երկրի ներքին հարցերը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment