Իրանական 7esobh լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժողովրդի հետ խոսելու ու որոշ խնդիրների շուրջ բացատրություն ներկայացնելու նպատակով ուղիղ եթեր է պահանջում:
Կայքի փոխանցմամբ, նախագահը չի համաձայնել իր խոսքը փոխանցել նախօրոք պատրաստված հաղորդման միջոցով, այլ միայն ուղիղ եթերի միջոցով է ցանկանում խոսել ժողովրդի հետ:
Այդ կապակցությամբ, նույն կայքը նաև փոխանցել է, որ կառավարության հակառակորդները Ահմադինեժադին ուղիղ եթեր տրամադրելու համար նախապայմաններ են ներկայացրել, որոնց համաձայն, նախագահը նախ պիտի պաշտոնապես իր դիրքորոշումը հայտարարի կամ IRNA-ի, կամ էլ իրեն պատկանող լրատվական կայքերի միջոցով, հետո մասնակցի ուղիղ եթերին:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը արդեն մեկ շաբաթ է՝ բացակայում է նախագահական նստավայրից ու չի մասնակցում կառավարության նիստերին: Պահպանողական գործիչների համոզմամբ, երբ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, հակառակ նախագահի ցանկություններին, հրաժարական ներկայացրած հետախուզության նախարարին վերանշանակել է իր պաշտոնում, Ահմադինեժադը խռովել է ու չի ցանկանում ներկայանալ կառավարության նիստերին:
Նախագահի այդ պահվածքի համար Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ Ահմադինեժադին հարցաքննելու նպատակով ստորագրահավաք են կազմակերպել խորհրդարանում: Մինչև այս պահը մոտ 100 պատգամավորներ տվել են իրենց համաձայնությունը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment