Բրիտանական The Daily Telegraph օրաթերթը հայտարարում է, որ Զիմբաբվեի իշխանությունները մտադիր են Իրանին ուրան վաճառել և փոխարենը վառելանյութ ստանալ:
Ըստ թերթի՝ Զիմբաբվեի ԱԳ նախարար Սիմբարաշե Մոմբենգեգոն հայտարարել է. «Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները անարդար են: Զիմբաբվեն ուրանի հարուստ հանքեր ունի, բայց նրա արտահանման համար ո՛չ բավարար ֆինանսավորում ունի, ո՛չ էլ գիտություն: Հետևաբար, Իրանի հետ ձեռքբերված համաձայնության համաձայն, նրանք հնարավորություն կստանան ուրանի հանքերը շահագործել և փոխարենը մեզ վառելանյութ մատակարարել»:
The Daily Telegraph-ի մատուցմամբ, Զիմբաբվեի ուրանի հանքերը, որոնք շահագործման հանձնելու համար 2-3 տարի ժամանակ է հարկավոր, իսկ շահագործման դեպքում էլ մինչև 5 տարի ամբողջությամբ սպառվելու են, պարունակում են մոտ 455 հազար տոննա ուրան:
Ի դեպ, Իրանը նախապես հայտարարել էր, որ ուրանի արտադրության ու հարստացման գործում ինքնաբավության է հասել և ոչ մի երկրի օգնության կարիքը չունի:
Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Բեն Ռոդը The Daily Telegraph-ին ասել է. «Իրանի և Զիմբաբվեի համաձայնությունը մտահոգիչ է միջազգային հանրության համար: Իրանն այս պահին Բուշեհրի ատոմակայանի ուրանը ապահովելու համար ՌԴ-ի հետ պայմանագիր ունի, և ՌԴ պարտավորված է Բուշեհրի համար անհրաժեշտ ամբողջ ուրանը ապահովել, ուրեմն, Իրանի նմանօրինակ համաձայնությունները մտահոգիչ են և ոչ մի կապ չունեն խաղաղասիրական աշխատանքների հետ»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment