«Առաջին լրատվականը» արդեն տեղեկացրել է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի պահպանողական քաղաքական ու հոգևորական կողմնակիցների՝ վերջին շրջանում հրապարակած մտահոգությունների մասին, թե ապագայի դավադիրները լինելու են Իրանի նախագահ Ահմադինեժադի և Ռահիմ Մաշայիի կողմնակիցները:
Այդ թեմայով Իրանի պահակազորին պատկանող Javan օրաթերթը հարցազրույց է ունեցել Այաթոլլահ Խամենեիի կողմնակից Հոջաթոլիսլամ Մեհդի Թաեբի հետ: Javan-ը հարց է ուղղել Թաեբին, թե արդյոք Ահմադինեժադի կողմնակիցները հնարավորություն ունե՞ն ապագայում դավադրություն կազմակերպելու իսլամական համակարգի դեմ:
Թեև Թաեբը անտեղի է համարել հիշյալ մտավախությունը և հայտնել է, որ նրանք հնարավորություն չունեն դավադրություն իրականացնել երկրում, բայց հենց օրաթերթի հարցադրումները վկայում են, որ Իրանի պահակազորը խիստ մտահոգված է Իրանի նախագահի և նրա աջ ձեռքը համարվող Ռահիմ Մաշայիի գործողություններից:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Ահմադինեժադի կողմնակիցները հրապարակավ սկսել են մեղադրանքներ ու քննադատություններ ուղղել պահակազորի և հոգևոր դասի այն ներկայացուցիչներին, որոնք համարվում են երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի վստահված անձինք:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment