Իրանական Tehran Emrooz օրաթերթը մարտի 1-ի համարի հիմնական թեմայում հրապարակել է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի գլխավոր խորհրդական Եահյա Ռահիմ Սաֆավիի նկատողությունները ԱՄԷ-ի կողմից Պարսից ծոցում արհեստական կղզիներ պատրաստելու առնչությամբ:
Ռահիմ Սաֆավիի մեկնաբանությամբ, ԱՄԷ-ի կողմից արհեստական կղզիների պատրաստումը առաջացնելու է թե՛ բնապահպանական և թե՛ անվտանգության նոր խնդիրներ, և, հավանաբար, ապագայում նոր հակամարտությունների պատճառ կարող է դառնալ:
Tehran Emrooz-ի հաղորդմամբ, ԱՄԷ-ը, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մի շարք ընկերությունների մասնակցությամբ, այս պահին երկու հսկայական կղզի են պատրաստել Պարսից ծոցում և մտադիր են առաջիկա 10 տարիների ընթացքում Պարսից ծոցում նմանօրինակ 325 արհեստական կղզիներ պատրաստել: Իրանական կողմի համոզմամբ, այդ քայլով ԱՄԷ-ը 500 կմ ավելացնում է իր առափնյա տարածքները:
Հարկ է նշել, որ Իրանն ու ԱՄԷ-ը Պարսից ծոցի երեք բնական կղզիների սեփականության հարցում վեճ ունեն: Իրանը Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիները իր տարածքի անքակտելի մասն է համարում, իսկ ԱՄԷ-ը դրա հակառակ կարծիքն ունի և փորձում է միջազգային ատյանների միջոցով Իրանի վրա ճնշումներ բանեցնել այդ ուղղությամբ:
Հատկանշական է, որ հիշյալ երեք կղզիները մեծ դերակատարություն ունեն Պարսից ծոցի անվտանգության ապահովման և երթևեկության վերահսկման գործում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment