Իսրայելական Yediot Aharonot օրաթերթը փետրվարի 1-ի համարում, անդրադառնալով Եգիպտոսում կատարվող իրադարձություններին ու նաև այն հարցին, որ ԱՄՆ-ը, ճնշելով Մուբարաքին, հովանավորում է ցուցարարներին, կարծես թե մտահոգված գրում է.
«Արդյոք հնարավո՞ր է մի օր էլ ԱՄՆ-ը լքի Իսրայելը: Մասնագետները համոզված են, որ եթե ԱՄՆ-ը լքեց իր դաշնակից Մուբարաքին, հնարավոր է, որ Իսրայելն էլ զերծ չմնա նման ճակատագրից: ԱՄՆ արձագանքը Եգիպտոսի իրադարձություններին ապացուցում է, որ ԱՄՆ անհանգիստ չէ իր հին դաշնակցի անկմամբ:
ԱՄՆ-ն աջակցեց ցուցարարներին, անգամ Մուբարաքին հայտնեց, որ եթե բարեփոխումներ չիրականացնի, այլևս ֆինանսական օգնություններ չի տրամադրի Եգիպտոսին»:
Yediot Aharonot-ը, Իսրայելի Հրեական համալսարանի միջազգային հարաբերությունների ու ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների մասնագետ Միշել Փոմերանցի մեկնաբանությունը մեջբերելով, գրում է.
«Սեփական շահի պատճառով միշտ էլ ԱՄՆ կողմից լքվելու վտանգ եղել է: ԱՄՆ-ն ոչ մի պարտավորություն չի զգում որևէ երկրի հանդեպ, և այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, ու նաև 1979-ին տեղի ունեցավ Իրանում, ապացուցում է, որ միշտ էլ նման վտանգներ առկա են:
ԱՄՆ-ն պիտի ի վերջո որոշի, թե ո՞ր իրավիճակն է լավ`Եգիպտոսն առանց ժողովրդավարությա՞ն, թե՞ փոփոխությունների հավանական հետևանքները»:
Թերթը նաև մեջբերել է Բար Իլան համալսարանի դասախոս, արտաքին քաղաքականության մասնագետ Իթան Գիլոբայի տեսակետները. «Բարաք Օբաման թիկունքից հարվածեց Մուբարաքին, ուրեմն մենք պիտի ավելի ուշադիր լինենք մեր ապագայի հանդեպ: Մենք պիտի զարգացնենք հարաբերությունները նոր հայտնված ուժերի՝ Հնդկաստանի ու Չինաստանի հետ` չմոռանալով Եվրոպայի հետ մեր հարաբերությունների մասին:
Իրանը Մուբարաքի վարչակազմի անկումը համարելու է իր հաղթանակը, ու հնարավոր է, որ Օբամայի կարճատեսությունը միջազգային համակարգը փոփոխի հօգուտ Իրանի:
Իրանի նպատակը տարածաշրջանում չափավորական ուժերի և ԱՄՆ դաշնակիցների փոփոխությունն է, չպետք է մոռանալ նաև, որ տարածաշրջանում գոյություն ունի միջուկային Իրան, իսկ ԱՄՆ-ն չափազանց հեռու է Մերձավոր Արևելքից»:
Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններին Իսրայելի պետական պաշտոնյաները ցավով են անդրադառնում`փորձելով իսլամական Մերձավոր Արևելքի ձևավորման հնարավորությունը ներկայացնել որպես սպառնալիք իրենց պետությանը, միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին:
Հնարավոր է նաև, որ Իսրայելի իշխանությունները իրենց համար վտանգ համարվող երևույթները պատրվակ դարձնելով` մի շարք գործողություններ իրականացնեն տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment