Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ, Իրանի դատական իշխանության խոսնակ Ղոլամհուսեյն Մոհսենի Էժեին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Իրանի բարեփոխական շարժման առաջնորդների ներկայացրած հայտին՝ Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին աջակցելու նպատակով փետրվարի 14-ին քայլարշավ կատարելու մասին, հայտարարել է.
«Մուսավիի ու Քարուբիի ներկայացրած հայտը քաղաքական խափանարարություն է: Այդ ցանկությունը լոկ քաղաքական նկատառումերով է, որ ներկայացրել են ներքին գործերի նախարարություն: Մեր ժողովուրդը ուշադիր է, և հարկ եղած դեպքում օրինական ձևերով թշնամիներին կպատասխանի: Եթե մեկը ցանկանում է աջակցել Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդներին, հասարակության հետ մեկտեղ, փետրվարի 11-ին կմասնակցի իսլամական հեղափոխության տարեդարձի քայլարշավին: Նրանք առանձին քայլարշավի հայտ ներկայացնելով, իրենց անջատում են հասարակությունից»:
Հիշեցնենք, որ Իրանի բարեփոխական շարժման առաջնորդները փետրվարի 14-ին՝ Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդներին աջակցելու նպատակով քայլարշավի հայտ են ներկայացրել ներքին գործերի նախարարություն, որը մինչև այս պահը պաշտոնական պատասխան չի հրապարակել: Բայց շրջանառվող լուրերի համաձայն` բարեփոխականներին աջակցող հանրությունը մտադիր է փետրվարի 14-ին կատարել իր ցույցը` դա «ցասման օր» անվանելով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment