BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Եգիպտոսի իրադարձությունների կապակցությամբ դիմելով Իրանի իշխանություններին, հայտարարել է.
«Մենք դիմում ենք Իրանի մեր բարեկամներին. թույլ տվեք՝ ժողովուրդը մասնակցի փետրվարի 14-ի քայլարշավին: Թույլ տվեք՝ ժողովուրդն իր խոսքն ասի, ձեր ժողովրդին ազատեք բանտերից ու թույլ տվեք դերակատարություն ունենալ երկրի ապագան ձևավորելու գործում»:
Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսն էլ, իր ելույթի ընթացքում անդրադառնալով Իրանի ներքին իրադարձություններին, կրկին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է թույլատրեն ժողովրդին անցկացնել բողոքի խաղաղ ցույցերը.
«Իրանի իշխանությունները վախենում են ժողովրդի կամքից»:
Սպիտակ տան խոսնակը, մատնանշելով Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ելույթը, որում վերջինս աջակցություն էր հայտնել Թունիսի և Եգիպտոսի ժողովուրդներին, նաև ավելացրել է. «Միջազգային հանրությունը ընդառաջելու է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերին»:
Հիշեցնենք, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդները փետրվարի 14-ը հայտարարել են Իրանի «Ցասման օր»:
Ի դեպ, փետրվարի 14-ի նախօրեին Իրանում բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվել են, ու խիստ վատացել է ինտերնետային կապը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment