Իրանական ILNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Բուշեհր քաղաք կատարած իր պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է քաղաքի գիտնականների ու համալսարանի դասախոսների հետ:
Նա իր ելույթում հայտարարել է. «Այսօր Իրանի զարգացումը դարձել է կրոնական, հեղափոխական ու երկնային առաքելություն, որովհետև Իրանի անունը այլևս լոկ աշխարհագրական անուն չէ, և այսօր ով լսում է Իրանի անունը, անմիջապես մտաբերում է հաստատակամություն, քաջություն, աստվածապաշտություն և չարի դեմ պայքար: Ազգերը Իրանին սիրում են ո՛չ նրա զբոսաշրջության և մշակութային ժառանգության համար, այլ այն դերակատարության համար, որը Իրանն ունի աշխարհում»:
Ահմադինեժադը իր ելույթում, անդրադառնալով ԱՄՆ-ի դերին, ասել է. «Այսօր ԱՄՆ նախագահն ուզում է ղեկավարել աշխարհը: Բայց նա ունակ չէ նույնիսկ իր զգացմունքները սանձել, նա իր քթից հեռուն չի կարող տեսնել, և չեմ կարծում, թե իր անունը կարող է գրել, ուրեմն ինչպե՞ս է ուզում աշխարհը ղեկավարել»:
Ի դեպ, Իրանի գործադիր իշխանությունը՝ Ահմադինեժադի գլխավորությամբ, չնայած մեկ ամիս է մնացել իրանական տարվա ավարտին, դեռ խորհրդարանին չի ներկայացրել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը պիտի երկու ամիս առաջ ներկայացրած լիներ: Մասնագետների համոզմամբ, Իրանի կառավարությունը հաջորդ տարին սկսելու է առանց բյուջեի նախագծի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment