Իրանական JARAS լրատվական կայքի հաղորդմամբ, փետրվարի 14-ին Թեհրանի ցույցերի ընթացքում զոհված ուսանող Սանե Ժալեի եղբայրը՝ Ղանե Ժալեն, իր ծննդավայր Փավե քաղաքում ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից:
Ղանեի ձերբակալության պատճառն այն է, որ նա եղբոր մահվան հաջորդ օրը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային ԶԼՄ-ներին, որոնցում բացահայտել է, որ, հակառակ Իրանի իշխանությունների քարոզչությունների, Սանե Ժալեն իշխանության կողմնակից ու «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամ չի եղել: Ղանեն «Ամերիկայի ձայն» հեռուստաընկերության պարսկերեն ծառայությանը հայտարարել է.
«Փետրվարի 15-ի առավոտյան իմ մորաքրոջ տղան, որը հետախուզական ծառայությունների պաշտոնյա է, մեր տուն եկավ և Սանեի լուսանկարը պահանջեց: Մենք էլ բարեկամությունը նկատի ունենալով՝ տվեցինք: Իսկ երեկոյան հեռուստատեսությամբ տեսանք, որ հայտարարում են, թե Սանե Ժալեն զոհվել է ցույցերի ընթացքում, իսկ ավելի վատ այն է, որ հեռուստաընկերությունը համոզում էր, թե նա «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամ է եղել, և ցուցադրեցին նրա «Բասիջ» կազմակերպության անդամակցության քարտը, որի վրա այն լուսանկարն էր, որը առավոտյան տվել էինք մեր բարեկամին: Նա երբեք «Բասիջ» կազմակերպության անդամ չի եղել, ու լիովին վստահում ու աջակցում էր ռեֆորմիստական շարժմանն ու դրա առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիին»:
Ռեֆորմիստական շարժման լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Իրանի անվտանգության ծառայությունները ճնշումներ են գործադրել Սանե Ժալեի ընտանիքի անդամների վրա, որոնց սպառնալիքով համոզել են հաջորդ շաբաթ հարցազրույց տալ Իրանի պետական հեռուստաընկերությանը և իրենց որդու մահվան համար մեղադրեն ռեֆորմիստական շարժմանն ու նրա ակտիվիստներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Ղանե Ժալեի հարցազրույցը |
0 Պատգամ:
Post a Comment