Monday, January 31, 2011

Իրանն ու Հայաստանը նոր խողովակաշարի կառուցման համաձայնագիր են ստորագրել

Ինչպես հաղորդում է իրանական SHANA էներգետիկ ոլորտի լրատու գործակալությունը, հունվարի 29-ին Թեհրանում Իրանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նավթամթերքի արտահանման նոր խողովակաշարի կառուցման համաձայնագիր: 

Կայքի հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմին և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպման ընթացքում քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանագրերը և վերջում խոսել Թավրիզից դեպի Հայաստան նավթամթերքի նոր խողովակաշարի կառուցման հարցի շուրջ:

SHANA-ի հաղորդմամբ, Միրքազեմին հայտարարել է. «Այս խողովակաշարի կառուցմամբ, Հայաստանը իրեն անհրաժեշտ նավթամթերքի մի մասը, միջերկրածովյան տարածաշրջանի փոխարեն, կստանա Իրանից: 

Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ նախնական փուլում քիչ քանակաությամբ նավթամթերք կարտահանվի, սակայն ժամանակի ընթացքում արտահանման քանակը կավելանա: Խողովակաշարի կառուցման և արտահանման քանակի մանրամասները առաջիկայում քննարկվելու են երկու երկրների մասնագետների կողմից»։

Իրանի նավթարդյունաբերության նախարարն ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանը տարիներ շարունակ տնտեսական և էներգետիկ համագործակցություն են ծավալել, իսկ Պարսից ծոցում արտադրված նավթամթերքի քանակը, դրա համեմատաբար էժան գինն ու անվտանգ փոխադրությունը հետաքրքրում են Հայաստանին:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ, երկկողմ բանակցությունները դրական և արդյունավետ գնահատելով, հայտարարել է. 

«Երկու երկրներն էլ տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, և վերջին այս հանդիպումն էլ շարունակությունն էր նախկինում ունեցած հանդիպումների, որի ընթացքում ձեռք է բերվել նոր համաձայնություն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը