Monday, January 31, 2011

Թեհրանի դատախազը արձագանքեց Նիդերլանդների կառավարության հայտարարությանը

Իրանական Tehran Emrooz օրաթերթը հունվարի 30-ի համարի գլխավոր թեմայում անդրադարձել է Հոլանդիայի կառավարության կողմից հրապարակված հայտարարություններին Թեհրանի դատախազի հնչեցրած պատասխանին:

Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը հունվարի 29-ին հայտարարել էր, որ Իրանում Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բահրամիին մահապատժի ենթարկելու պատճառով Հոլանդիան խզում է իր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իրանի կառավարության հետ:

Ըստ օրաթերթի, Թեհրանի դատախազը հայտարարել է. «Հոլանդիայի անձնագիր ունեցած Իրանի քաղաքացի Զահրա Բահրամին, թմրանյութերի պահպանման ու վաճառքի մեղադրանքով է մահապատժի ենթարկվել: Նախագահական ընտրություններից հետո առաջացած ցույցերի օրերին նրա ձերբակալությունը ոչ մի կապ չունի թմրանյութերի թեմայի հետ: 

Իհարկե, նրան այլ մեղադրանքներ էլ էին առաջադրված, բայց երբ նրա տունը խուզարկվել է, այնտեղ մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել, որի պատճառով է դատավորը մահապատժի վճիռ կայացրել Բահրամիի համար»։
Օրաթերթի հաղորդմամբ, նախապես էլ Թեհրանի դատախազը հայտարարել էր, թե Բահրամին աշխատում էր Հոլանդիայից Իրան թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբի հետ:

Tehran Emrooz-ը նաև ավելացրել է, որ հունվարի 30-ին Իրանի ԱԳՆ-ն, Իրանում Հոլանդիայի դեսպանին կանչելով, իր բողոքն է հայտնել Իրանի ներքին գործերին միջամտելու և հանցագործներին պաշտպանելու՝ Հոլանդիայի կառավարության դիրքորոշման դեմ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը