Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հեղինակած հոդվածը պատճառ դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները ևս մեկ անգամ հնչեցնեն Մեծ Բրիտանիայի հետ ունեցած հարաբերությունների մակարդակի նվազեցման մասին:
Կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի խոսնակ Քազեմ Ջալալին, արձագանքելով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Գեսի հրապարակած հոդվածին, հայտարարեց, որ հաջորդ կիրակի հանձնաժողովի առաջին իսկ նիստում քննարկվելու է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու հարցը:
Դեկտեմբերի 9-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Սայմոն Գեսը, մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով, հրապարակեց մի հոդված, որը տեղադրվել էր դեսպանատան պաշտոնական կայքում: Դեսպանը հիշյալ հոդվածում Իրանի իշխանություններին քննադատել է զանգվածային ձերբակալությունների և մարդու իրավունքի պաշտպան ակտիվիստների հետապնդումների հարցում:
Ըստ Քազեմ Ջալալիի՝ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների նվազեցման գլխավոր դրդապատճառներն են «Մեծ Բրիտանիայի դեսպանի հաճախակի դարձած լկտիությունը, դիվանագիտական կարգերի նկատմամբ ցուցաբերած նրա անհարգալից վերաբերմունք և միջամտությունը Իրանի ներքին հարցերին»:
Այս առնչությամբ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի մի այլ անդամ՝ Ղոլամռեզա Քարամին, հայտարարել է. «Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն են Մեծ Բրիտանիայի հետ ունեցած մեր հարաբերությունների մակարդակը նվազագույնի հասցնելու հարցում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment