Monday, December 20, 2010

Իրանում 4-7 անգամ աճել է վառելանյութի գինը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 18-ի երեկոյան Իրանի պետական հեռուստաալիքով հայտարարեց, թե արդեն սկսվել է երկրի տնտեսական ոլորտում սուբսիդավորման կրճատումների ծրագրված նախագծի իրականացումը: Հիշյալ նախագծով Իրանի կառավարությունը, տնտեսական ոլորտին հատկացված սուբսիդավորութմները նվազագույնի հասցնելով, փորձելու է գների ազատ ռեժիմ հաստատել երկրում:
Նախագծի պատճառով բոլոր տեսակի վառելանյութերի գները արդեն աճել են 4 - 7 անգամ:
Իրանից ստացված տեղեկությունների համաձայն, նախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց ավտոմեքենաների երկար շարքեր հայտնվեցին բենզալցակայանների առջև, որտեղ ժողովուրդը փորձում էր վերջին անգամ գոնե ավտոմեքենաները լցնել «էժան» բենզինով: Նաև պետք է նշել, որ ամբողջ երկրում, մասնավորպես բենզալցակայանների առջև, ակնհայտ է դարձել զինված ոստիկանների ներկայությունը, որոնք պիտի կանխեն ժողովրդի հավանական անկարգությունները:
Իրանի կառավարության հիշյալ նախագծի արդյունքում նաև ձերբակալություններ եղան. նախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 19-ի տեղական ժամով՝ առավոտյան ժամը 1:00-ի սահմաններում, Իրանի ազգային անվտանգության ծառայությունները, ներխուժելով տնտեսագետ Ֆարիբորզ Ռայիս Դանայի անձնական բնակարան, ձերբակալել են նրան: Նրա ձերբակալության գլխավոր դրդապատճառն այն էր, որ Ռայիս Դանան, նախագահի ելույթից հետո «BBC Persian» հեռուսակայանի հետ ունեցած հարցազրույցում խիստ քննադատելով կառավարության մշակած նախագիծը, հայտարարել է. «Ես գիտեմ, որ կառավարությունը սուբսիդների կրճատումով մտադիր է ձերբազատվել իր բյուջեում առկա հսկայական ծախսերից և այդ ծախսերն ուղղորդել զինամթերքի ու այլ տեսակ ապրանքների գնմանը: Նախորդ կառավարություններն էլ փորձել էին ձերբազատվել սուբսիդավորումներից, բայց ոչ մեկը չէր կարողացել Ահմադինեժադի նման ստանալ բանակի, Իսլամական հեղափոխության պահակազորի և զինված ուժերի հովանավորությունն ու աջակցությունը»:
Հարկ է նշել, որ կառավարության կողմից մշակված նախագծի իրագործումից ամիսներ առաջ Իրանի իշխանությունները միաձայն հայտարարել էին, որ ամեն գնով պայքարելու և սաստելու են այն անհատներին, ովքեր փորձելու են խանգարել սուբսիդավորումների կրճատման նախագծի աշխատանքների իրականացմանը: Իշխանությունների կողմից հնչած սպառնալիքներն այնտեղ հասավ, որ Իրանի խորհրդարանի պատգամավոր Էզաթոլահ Յուսեֆյան Մոլան իրավապահ մարմիններից պահանջեց մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն խանգարել կառավարության նախագիծը իրականացնելու աշխատանքներին:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը