Saturday, June 17, 2006

Նոր համաձայնութիւնների հեռանկարով

Ի վերջոյ, Խաւիէր Սոլանան Իրանի ղեկավարութեանը յանձնեց եւրոպական վեցնեակի առաջարկների փաթեթը՝ Իրանի ատոմական թղթածրարի ուղղութեամբ:Ինչպէս որ յայտնի է, այս վերջին օրերում մեղմացել են խնդրայարոյց կողմերի՝ Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը՝ միմեանց հանդէպ: Վերոյիշեալ առաջարկների փաթեթի ամենակարեւոր կէտը, որի շուրջ նոյնիսկ համաձայնել է ԱՄՆ-ն, Իրանում ուրանի սահմանափակ հարստացման առաջարկն է: ԱՄՆ-ն հիմնւած իր ենթադրութիւնների վրայ՝ երկար ժամանակ դէմ էր ուրանի հարստացման Իրանի իրաւունքներին՝ կասկածամտօրէն դիտելով դա: Բայց այս վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն յետ նահանջեց իր նախկին դիրքերից ու 27 տարուց յետոյ Իրանին առաջարկեց երկկողմ ուղղակի բանակցութիւն: Տւեալ նահանջը կարելի է մեկնաբանել այն տրամաբանութեամբ, որ Իրանի վրայ ԱՄՆ-ի գործադրած ճնշումները հասել են իրենց վերջին կէտին: Ներկայ իրավիճակում ԱՄՆ-ը կամ պիտի դիմի ծայրայեղ գործողութեան, որի հնարաւորութիւնը ներկայ պայմաններում չունի եւ կամ խոստովանի (ոչ հրապարակաւ) որ ձախողւել է Իրանին վախեցնելու ծրագիրը ու դիրքերը մեղմացնելով՝ բանակցութեան հրաւիրի, որի արդիւնքում Իրանի հետ պիտի հասնի նոր համաձայնութիւնների:Այս բոլորին զուգահեռ՝ Իրանն էլ նոյնիսկ մեղմացրել է իր նախկին կարծր դիրքերը՝ Եւրոպայի առաջարկների փաթեթը դրական համարելով: Մօտ երկու շաբաթ առաջ Իրանն էլ իր հերթին յայտարարեց իր վերջին սպառնալիքը՝ ԱՄՆ-ին, որը յայտարարւեց Իրանի առաջնորդի միջոցով: Այաթ. Խամենէին Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադիր Էմամ Խոմէյնիի մահւան տարելիցին իր խօսքն ուղղելով Ամերիկայի Միացեալ Նահանգներին՝ յայտարարեց, թէ «Լաւ իմացէք, եթէ Իրանի նկատմամբ ամենաչնչին սխալը թոյլ տաք, տարածաշրջանի նաւթի հոսանքը լուրջ կը վտանգւի»: Այս խօսքերը թէ՛ ԱՄՆ-ի, եւ թէ՛ համաշխարհային հանրութեան մօտ մեծ մտահոգութիւնների պատճառ դարձան, ոչ այն պատճառով, որ Իրանը կը կասեցնի իր նաւթի արտածումը, որը գոհացնում է աշխարհի նաւթային կարիքի միայն 3 տոկոսը եւ դրա բացակայութեան դէպքում՝ հնարաւոր է օգտագործել Սաուդական Արաբիայի նաւթահորերի մեծ հնարաւորութիւնները, այլ Հորմոզ նեղուցը փակելու պատճառով: Պարսից ծոցից արտահանւած 90% նաւթը, որը կազմում է աշխարհի 40% նաւթը, միջազգային շուկայ է արտածւում Հորմոզ նեղուցի միջոցով եւ Իրանի ծովուժը ապրիլին այդ շրջանում ցուցադրած իր ռազմափորձի միջոցով աշխարհին փաստեց, որ ինչքան հեշտ կարելի է փակել այդ նեղուցը: Բայց այս բոլորին զուգահեռ՝ պիտի աւելացնել, որ Իրանը խիստ կապւած է իր նաւթի վաճառքից գոյացրած նիւթական մեծ հնարաւորութեան ու Իրանի շահի 80 տոկոսը գոյանում է նաւթի վաճառքից, եւ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան ու Չինաստանը կազմում են այդ արտահանման սպառողները: Ուրեմն՝ մեծ հաւանականութեամբ այդ հսկայ առեւտուրի անտեսումը ոչ Իրանի համար ցանկալի եւ հնարաւոր է եւ ոչ՝ սպառող երկրների համար:Ուրեմն` քաղաքական երկկողմ դուէլը հասել է իր վերջին փուլերին, որի ընթացքում մահից խուսափելու նպատակով երկու կողմն էլ ցանկանում են կիրառել «Յաղթութիւն-յաղթութիւն» խաղաոճը:Այստեղ Եւրոպան դարձեալ յայտնւել է իրաւարարի դիրքում. մէկ կողմից Վիեննայում ԱՄՆ-ի արտգործնախարարին համոզում են, որ Իրանի ճգնաժամը պիտի լուծւի դիւանագիտական ճանապարհով եւ միւս կողմից Իրանին առաջարկում է մի փաթեթ, որի խորքում ունի իր յստակ պատգամը. «Եթէ չընդունէք այս առաջարկները, պիտի սպասէք նոր սահմանափակումների»:Այս հետաքրքիր դուէլի աւարտին հնարաւոր է Իրան-Ամերիկա բանակցութիւնների սեղանին յայտնւեն 2003-ի Իրանի ու դրանց զուգահեռ՝ նաեւ ԱՄՆ-ի առաջարկները, որը կարելի է համարել երկկողմ բանակցութեան իրական ու տրամաբանական օրակարգ՝ «Յաղթութիւն-յաղթութիւն» խաղաոճի լոյսի ներքոյ:2003-ի առաջարկների փաթեթում Իրանը ԱՄՆ-ից պահանջել էր դիւանագիտական երկկողմ յարաբերութիւնների ընդունում, միակողմանի բոյկոտների կասեցում եւ Իրանում իշխանափոխութեան նախագծից հրաժարում: Իրանի նորընտիր նախագահը այս առաջարկներին աւելացրել է ուրանի հարստացման ոլորտում Իրանի գիտական հետազօտութիւնների իրաւունքի ճանաչումը:ԱՄՆ-ն եւս 2003-ի պահանջների փաթեթում Իրանից պահանջում էր ընդունել երկու անկախ՝ Իսրայէլի եւ Պաղեստինի երկրների ռազմավարական նախագծի ճանաչում ու վաւերացում, հրաժարում՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչ ճանաչւած խմբաւորումների հովանաւորութիւնից, Աֆղանստանում եւ Իրաքում համագործակցել ԱՄՆ-ի հետ եւ միատեղ պայքար մղել «Ալ Ղայիդա» եւ այլ ահաբեկչական կազմակերպութիւնների դէմ:Վերջին օրերում քաղաքական ու տարածաշրջանային անցուդարձները առաջացնում են այն տեսակէտը, թէ Իրանը եւ ԱՄՆ-ն կամաց-կամաց մեղմացնելով դիրքերը՝ մօտենում են իրար՝ աշխարհին աւետելով նոր համաձայնութիւնների հնարաւորութիւնների մասին:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը