Իրաքը ազատ է եւ Իրաքի ժողովուրդը իրաւունք ունի վճռել իր ապագան: Այս խօսքերը հնչում են Իրաքը գրաւող կոալիցիայի ուժերի ԱՄՆ-ի եւ Անգլիայի ու նրանց կառավարութիւնների կողմից: Այստեղ նպատակ չունեմ քննարկել այն դրդապատճառները, որոնք նախ ԱՄՆ-ին եւ յետոյ Անգլիային մղեցին Իրաքը գրաւելու մտքին:Գրաւման դրդապատճառները այնքան շատ են ու կարեւոր, որ նրանց անդրադառնալու համար՝ ոչ միայն այս սիւնակը չի բաւարարի, այլ հարիւրաւոր նման սիւնակներ պիտի գրւեն, որ պարզւի, որ ինչ էր ԱՄՆ-ի ու վերազգային նաւթային ընկերութիւնների, ինչպիսին է «Էքսոն մոբիլ» (Exxon mobil) ամերիկեան ընկերութեան նպատակը՝ Իրաքի պատերազմը հրահրելու խնդրում:Բոլորին յայտնի է, որ Իրաքում ոչ քիմիական զէնք գտնւեց եւ ոչ էլ ատոմական ռումբ եւ կամ նմանօրինակ զանգւածային ոչնչացման զէնքեր, այն էլ այն քանակութեամբ, որ պիտի սպառնար աշխարհին կամ Միջին Արեւելքի անվտանգութեանը: Ոչ ոք չի սարսափում եւ անգամ չի խօսում այն ատոմական ռումբերի մասին, որ գտնւում է Իսրայէլում, Պակիստանում կամ Հնդկաստանում՝ նկատելով, որ այս երեք պետութիւնները մօտ կէս դար է, ինչ գտնւում են տարածաշրջանի հակամարտութիւնների կենտրոնում:Ինչ որ է, այս վերջին օրերում երկու կարեւոր ու ուշագրաւ դէպքեր համաշխարհային հանրութեան հայեացքը շրջեցրին դէպի մեր հարեւան երկիր Իրաք:Այդ երկու իրողութիւններն են.ա. Իրաքի նոր սահմանադրութեան հանրաքւէն եւբ. Իրաքի նախկին բռնակալ Սադդամ Հուսէյնի դատավարութեան գործընթացի սկսւելը:Նախ անդրադառնանք առաջնին:Երկար ժամանակ է, ինչ Իրաքի երեք գլխաւոր ցեղա-կրօնական պետերը վիճում են Իրաքի սահմանադրութեան գծով: Այստեղ չպէտք է անտեսել մեծ ու շահախնդիր ուժերի դերը՝ այդ ցեղա-կրօնական տարբեր խմբերին դէպի ծայրայեղ գործողութիւններ հրահրելու խնդրում: Բայց ի վերջոյ, ընդունւեց Իրաքի սահմանադրութեան բանաձեւը եւ յանձնւեց ժողովրդի քւէարկութեան: Այստեղ կարեւոր հարցադրումն այն է, թէ արդեօք այս նոր սահմանադրութիւնը, որը աւելի քան 10 ամիս յետոյ կը յանգի Իրաքի նոր նախագահական ընտրութիւններին, Իրաքի ժողովրդի համար ազատութիւն եւ ժողովրդավարութիւն կը բերի՞ թէ ոչ: Ըստ քաղաքական իմաստասիրութեան հիմունքների՝ ժողովրդավարութիւնն ու ազատութիւնը ձեռք է բերւում, այլ ոչ՝ յանձնւում:Իրաքում ժողովրդավարութիւնն ու ազատութիւնը ոչ թէ ձեռք բերւեց ժողովրդի միջոցով, այլ այդ ժողովրդավարութիւնը յանձնւեց ժողովրդին, այն էլ արեւմտեան տեսքով, որը ի վերջոյ նպաստում է նոյն այդ Արեւմուտքի շահերին: Ի վերջոյ, ԱՄՆ-ն նիւթական մեծ ծախսերից յետոյ ձեռք է բերել տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարեւոր դիրք եւ նաւթային հարուստ հանքեր, որոնք տրամաբանօրէն ամէն գնով պիտի պահպանի:Գալով երկրորդ ու աւելի կարեւոր խնդրին, որն է Իրաքի նախկին բռնակալ Սադդամ Հուսէյնի դատավարութիւնը, պիտի ասել, որ դա շինծու ու կեղծ դատավարութիւն է, մի խօսքով՝ 21-րդ դարի առաջին կրկէսային դատավարութիւնը: Ծիծաղելի է թւում այն, որ դատապարտեալը, որ դատապարտւում է արեւմտեան ուժերի, ի շարս ԱՄՆ-ի, ցանկութեամբ ու հրահանգով, տասնամեակներ է, ինչ խամաճիկի պէս ծառայել ու համագործակցել է նոյն այդ ուժերի հետ:Պիտի մատնանշել, որ այդ դատավարութեան մեղադրանքների շարանում յապաււած է Իրանի դէմ մղւած պատերազմի մեղադրանքը եւ որպէս առաջին առարկայ՝ Սադդամին դատապարտում են Սալլահէդդին նահանգի Դոջայլ գիւղում 1982-ին 143 շիա մահմեդականների սպանութեան մեղադրանքով: Ասւում է, որ եթէ առաջին փուլի աւարտին դատարանը Սադդամին ճանաչի մեղաւոր, հաւանական է, որ նա մահւան դատապարտւի, այն, ինչ ԱՄՆ-ին ու Սադդամին բարեկամ այլ ուրիշ պետութիւններին դուր է գալիս: Բայց ինչո՞ւ: Որովհետեւ եթէ Սադդամին ուզեն դատապարտել, օրինակի համար, Իրանի դէմ պատերազմի եւ կամ Հալաբչէում եւ այլ քրդաբնակ գիւղերում գործած բարբարոսութիւնների համար, ոչ միայն կը մեղադրւի Սադդամը, այլ նաեւ արեւմտեան մի շարք պետութիւնների անցեալի կամ ներկայ ղեկավարներ, ինչպիսիք են՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի, Սադդամին քիմիական ռումբեր տրամադրելու խնդրով: Ուրեմն՝ այս բոլորի օգտին կը լինի Սադդամի մահը եւ դա է պատճառը, որ սոյն դատավարութիւնը հակառակ իր վերջին օրինակին՝ Միլոշեւիչի դատավարութեան, կատարւում է Իրաքում եւ յիշեալ երկրների վերահսկողութեան ներքոյ:Ի վերջոյ, ենթադրւում է, թէ Սադդամի դին աւելի ցանկալի է Արեւմուտքի համար՝ քան ողջը, լինի դա դատարանի կողմից վճռւած մահով եւ կամ մի անծանօթ ահաբեկչի փամփուշտով:
1 Պատգամ:
Հարգելի Արթին,
Ես կարծում եմ, որ դուք այդքան էլ լավ չգիտեք թե որն էր Իրաքի դեմ տարվող կռվի պատճառն եւ թե ովքեր էին կանգնած այդ նվաճման հետեւում։ Ասեմ որ Եքսն–Մոբիլը դեռեւս միակ հովանավորը չէ։ Կարծում եմ այն գաղտնի կերպով հովանավորում է HSBCի կողմից եւ ունի հնուց եկած նպատակ։
Արաբներ, Հրեաներ, Թուրքեր եւ Հայեր։ Սրանք են այն ազգերը, որոնց առջեւ դրված է լինել–չլինելու խնդիրը։ Այս ազգերից երկուսը խելացի են, երկուսը հիմար, իսկ մեկը քրիստոնյա։ Եվ այդ մեկը հենց մենք ենք, որ պետք է չվստահենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկա–Անգլիա եւ թե՛ Չինական կայսրություններին։
Post a Comment