Saturday, October 01, 2005

Ադրբեջանի վտանգաւոր խաղը

Այս օրերում բազմաթիւ զեկոյցներ են հրապարակւել Ադրբեջանում ամերիկեան զօրամիաւորների տեղակայման մասին: Վերջին ամիսների ընթացքում մի շարք ամերիկացի դիւանագէտներ հերթաբար այցելեցին Ադրբեջան: Այդ թւում էին՝ ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Դոնալդ Ռամսֆելդը, նախկին արտգործնախարար Մադլէն Օլբրայտը եւ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Պօլա Դուբրիանսկին: Վերջինս իր այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովին յանձնեց ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսի հրաւէրը, որն ընդունելով՝ օգոստոսին ԱՄՆ մեկնեց եւ հանդիպեց Ռայսին:ԱՄՆ-ի Ադրբեջանի նկատմամբ յատուկ ուշադրութիւնը ո՛չ զարմանալի է եւ ո՛չ պատահական, որովհետեւ ԱՄՆ-ն ցանկանում է նոյեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւնները լինեն ազատ, թափանցիկ եւ արդար: Գումարած այս բոլորին՝ ԱՄՆ-ն սեպտ. 11-ից յետոյ արագօրէն զարգացրել է իր յարաբերութիւնները՝ Ադրբեջանի հետ եւ այս վերջին օրերում երբ Իրաքը դարձել է Իրանի բարեկամն ու սառեցւում են Թուրքիայի հետ յարաբերութիւնները, աւելիով է կարեւորւում Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը՝ Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի նախագծում:Բայց Ադրբեջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայութիւնը մտահոգում է բազմաթիւ ադրբեջանցի դիւանագէտների: Նրանց մտահոգութեան պատճառն այն է, որ ԱՄՆ-ն կը հովանաւորի ընդդիմադիրներին՝ Ադրբեջանում թաւշեայ յեղափոխութիւն իրագործելու խնդրում, ինչպէս որ կատարեց Վրաստանում, Ուկրայինայում եւ Կիրգիզստանում: Դա կը պատահի այն պայմաններում, երբ Ադրբեջանը չիրականացնի ԱՄՆ-ի ցանկութիւնները: Այսօր Ադրբեջանի քաղաքական իրավիճակը շատ բարդ է, որովհետեւ ԱՄՆ-ի ռազմակայանների տեղակայմամբ՝ ուղղակի խախտւում է մարտին Իրանի հետ կնքած անվտանգութեան պայմանագիրը, որի հիման վրայ երկու երկրները պայմանաւորւել են իրենց ռազմակայանները մի երրորդ երկրի տրամադրութեան տակ չդնել: Նաեւ պիտի շեշտել, որ Ադրբեջանը սերտ յարաբերութիւն է ստեղծել Ռուսաստանի հետ. մի խօսքով՝ Ալիեւ կրտսերը հետեւելով իր հօր ուղեգծին՝ փորձում է մանեւրել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ՝ փորձելով երկուսից ի շահ իրեն օգուտ քաղել:Բայց, ի վերջոյ, Ադրբեջանի համար դիւրին չէ մերժել ԱՄՆ-ի ու Ռամսֆելդի պահանջը եւ եթէ ԱՄՆ-ն Ադրբեջանին մասնակից դարձնի ՆԱՏՕ-ի աշխատանքներին, որոնց միջոցով Բաքուն յոյս ունի լուծել Արցախի հակամարտութիւնը, հնարաւոր է, որ ԱՄՆ-ին թոյլ տրւի կարճատեւ ժամանակաշրջանով մուտք գործել Ադրբեջան:Հարաւային Կովկասում ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցութիւնը եւ այդ երկուսի միջեւ Ադրբեջանի մանեւրելը շարունակւելու է, բայց հիմնական հարցն այն է, որ արդեօք Ադրբեջանի իշխանաւորները կը կարողանա՞ն շարունակել իրենց մանեւրները կամ, ի վերջոյ, պիտի մէկին գերադասե՞լ միւսից:Ներկայում Ադրբեջանի համար շատ դժւար է նման կողմնորոշումը եւ առհասարակ նման կողմնորոշումների գնալը շատ վտանգաւոր կը լինի Ադրբեջանի ներկայ իշխանութեան համար:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը