Thursday, July 28, 2011

Իրանի առաջնորդը իշխանությունների հարաբերությունները կարգավորող նոր խորհուրդ է հիմնում


Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի լրատվական կայքի հաղորդմամբ՝ երկրի առաջնորդն իշխանությունների հարաբերությունները կարգավորող նոր խորհուրդ է կյանքի կոչել ու խորհրդի նախագահ է նշանակել Իրանի դատական իշխանության նախկին նախագահ այաթոլլահ Շահրուդիին:

Նորաստեղծ խորհրդի առաքելությունն է երկրի իշխանությունների միջև ծագած վեճերի ու հարաբերությունների կարգավորումը:

Թեև երկրի իշխանությունների հարաբերությունների կարգավորումը Իրանի առաջնորդի գործառույթների մեջ է, բայց, սահմանադրության համաձայն, նմանօրինակ հարցերը հնարավոր է կարգավորել այաթոլլահ Ռաֆսանջանիի գլխավորած համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի միջոցով: Իրանի բանիմացների խորհրդի անդամ այաթոլլահ Մամդուհին իրանական Nasim Online լրատվական կայքին հաղորդել է, որ այաթոլլահ Ռաֆսանջանին արդեն կորցրել է իր դիրքը կողմնապահության պատճառով, հետևաբար երկրի առաջնորդը հարկ է համարել նոր խորհուրդ կյանքի կոչել:

Նորաստեղծ խորհուրդը զբաղվելու է իշխանությունների միջև ծագած անհամաձայնությունները կարգավորելու գործով, իսկ խորհրդի ընդունած վճիռները համարվելու են երկրի առաջնորդի վճիռը:

Իրանում 32 տարի առաջ էլ էր նման իրավիճակ առաջացել, երբ օրվա նախագահ Բանիսադրը լուրջ խնդիրներ ուներ երկրի խորհրդարանի և դատական իշխանության հետ: Այն ժամանակ երկրի առաջնորդ Իմամ Խոմեյնին նման խորհուրդ կյանքի կոչեց, որը հանգեցրեց Բանիսադրի պաշտոնանկությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը