Քրդական Rudaw լրատվական կայքի հաղորդմամբ, Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությունը Իրան-Իրաք սահմանագծի Փեշդեր շրջանում ավելի քան 12,000 զինյալ մարտիկ է տեղակայել, որոնք մարտական պատրաստության վիճակում են:
Կայքի փոխանցմամբ, արդեն երեք օր է, ինչ իրանական թնդանոթները չեն դադարեցնում կրակը և շարունակաբար ռմբակոծում են քրդական շրջանները: Իրաքի Ինքնավար Քրդստանի զինված ուժերի հրամանատար Սալահ Դեյլամանին հայտարարել է, որ քուրդ զինված ուժերը դիմադրելու են բոլոր նրանց, որոնք կփորձեն ներթափանցել քրդական շրջաններ ու անկայունացնել տարածաշրջանը:
Հաղորդված լուրերի համաձայն՝ սահմանագծում տեղակայված 12,000 զինյալները զինված են ծանր հրետանիով և կփորձեն չեզոքացնել Իրանի կողմից ցանկացած ոտնձգություն:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի պահակազորը օրեր առաջ հարձակվել էր Իրան-Իրաք սահմանագծում տեղակայված քուրդ Pjak խմբակցության զորակայանի վրա ու կենտրոնը ոչնչացնելով՝ գրավել այն:
Իրանական կողմը Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը մեղադրում է ավելի քան 300 հազար հեկտար տարածք PKK-ի իրանական մասնաճյուղ համարվող Pjak խմբակցությանը հատկացնելու համար, որը, ըստ իրանական կողմի, փորձում է այնտեղից հաձակումներ իրականացնել Իրանի որոշ շրջանների վրա:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment