Իրանական Moj News լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ռեզա Փիլփայեն Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է իրանական ընկերությունների կողմից Հայաստանում երկաթգիծ և ավտոճանապարհ կառուցելու պատրաստակամության մասին:
Ըստ Փիրփայեի` Իրանի հարևան երկրներում առկա միջազգային ճանապարհներին միանալու հարցը գտնվում է Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում:
Գործակալության մատուցմամբ` իրանական ընկերությունները պատրաստ են երկկողմ կոնսորցիում ստեղծել, որտեղ հնարավորություն կստեղծվի սկսել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը: Փիրփայեն հայտարարել է. «Այդ նախագծում ընդգրկված է 540 կմ, որի 480 կմ-ը գտնվում է Հայաստանի տարածքում, և եթե հայկական կողմը սկսի այդ հատվածի շինարարությունը, իրանական կողմը մնացած 60 կմ-ի շինարարությունը ներառելու է իր օրակարգում»:
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն էլ իր հերթի հայտնել է. «Նախագծվել է Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահմանը գնացող ճանապարհի նախագիծը: Այդ ճանապարհը 624 կմ երկարությամբ է լինելու, որի շինարարությունը ֆինանսավորելու է Ասիայի զարգացման բանկը: Իրանական ընկերությունները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կոնսորցիում ստեղծելով համագործակցել այդ նախագծի շրջանակներում»:
Գրիգոր Առաքելյանի խոսքերով` այդ ճանապարհը Իրանը կապելու է Վրաստանի հետ, և դրա կառուցման դեպքում Հայաստանի տարածքով հնարավորություն կստեղծվի ավելի ապահով երթևեկություն իրականացնել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment