Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին իր հրաժարականն էր ներկայացրել նախագահ Ահմադինեժադին, որը ընդունվել էր վերջինիս կողմից: Իսկ ժամեր անց Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, հայտնելով իր անհամաձայնությունը, Մոսլեհիին կրկին նշանակել էր իր պաշտոնում:
Իրանի պահպանողականները հայտարարում են, որ դա ոչ թե հրաժարական, այլ պաշտոնազրկություն է եղել:
Այդ կապակցությամբ, Իրանի նախագահի կողմնակիցներին պատկանող Dolateyar լրատվական կայքը ապրիլի 19-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ նախագահ Ահմադինեժադը երկրի առաջնորդի հետ ունեցած իր հանդիպման ընթացքում Այաթոլլահ Խամենեիին հայտնել է, որ Հեյդար Մոսլեհին այլևս հետախուզության նախարար չէ և կառավարության ժողովին էլ չի մասնակցելու: Հիշյալ կայքի փոխանցմամբ, Ահմադինեժադն անձամբ է ստանձնել հետախուզության նախարարի պաշտոնը, մինչև այդ պաշտոնում նոր նախարարի նշանակումը:
Հատկանշական է, որ այդ լուրի թողարկումից անմիջապես հետո Dolateyar լրատվական կայքը շարքից դուրս է եկել, և մի քանի ժամ անց կրկին վերսկսել է իր աշխատանքը, բայց սկանդալային լուրն արդեն հանվել էր կայքի վրայից:
Իրանական բազմաթիվ լրատվական կայքեր վերատպել են ապրիլի 20-ին Dolateyar կայքի հրապարակած լուրը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment