Friday, April 22, 2011

Իրանի հաջորդ նախագահը Ռահիմ Մաշային է լինելու

Իրանական Fars գործակալության հետ զրույցում, Իրանի նախագահի գրասենյակի մշակութային խորհրդի նախագահ Աբաս Ամիրիֆարը հայտարարել է. «Պահպանողականներն այլևս կորցրել են իրենց քաղաքական որակը, ու եթե Էսֆանդյար Ռահիմ Մաշային նախագահական հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի, անպայման հաղթելու է»:

Այն հարցին, թե պահպանողական թևին պատկանող լրատվական միջոցներն ինչո՞ւ են հարձակվում Ռահիմ Մաշայիի վրա` նրան շեղված ու դավադիր անվանելով, Ամիրիֆարը պատասխանել է. «Ես այդ հարցը մի անգամ տվել եմ հենց նախագահ Ահմադինեժադին, ու նրա դիտակմամբ, Ռահիմ Մաշայիի քննադատների հիմնական թիրախը հենց ինքն է»:

Ամիրիֆարը, անդրադառնալով Իրանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին, նշել է. «Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադի թիմակիցները, որոնց շարքում է նաև Ռահիմ Մաշային, մրցակցելու են պահպանողական թևի ներկայացուցիչների հետ ու վստահաբար հաղթելու են նրանց: Իրանի ներկա քաղաքական իրավիճակին ծանոթ լինելով` Ահմադինեժադի կողմնակիցները հաջորդ խորհրդարանում անկասկած մեծամասնություն են կազմելու:»

«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ Իրանի նախագահ Ահմադինեժադը մի հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Աստված գիտի Իրանի հաջորդ նախագահի անունը, ուրեմն պիտի հանգիստ լինել ու աշխատել»:

Պահպանողական թևը, որը, ըստ Ահմադինեժադի թիմակիցների մեկնաբանության, խորհրդարանական և նախագահական ընտրություններում մրցակցելու է իրենց հետ, Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմնակիցներն են: Վերջին շրջանում Ահմադինեժադի ու Այաթոլլահ Խամենեիի միջև բազմաթիվ անհամաձայնություններ են առաջացել` այն աստիճանի, որ երկրի առաջնորդն ուղղակի հրամանագրով, առանց երկրի նախագահին հաշվի առնելու, հետախուզության պաշտոնանկ արված նախարարին վերանշանակել է իր պաշտոնում, մինչդեռ նախագահն արդեն ընդունել էր նրա ներկայացրած հրաժարականը:

Օրեր առաջ Ահմադինեժադը Ռահիմ Մաշայիին ազատեց իր գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որպեսզի, ըստ պահպանողականների, բազմազբաղ աշխատանքից ազատ լինելով, հնարավորություն ունենա իր ամբողջ ուժը ներդնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ահմադինեժադի թիմակիցների հաղթանակն ապահովելու համար:

Հարկ է նշել, որ Ռահիմ Մաշային նախագահ Ահմադինեժադի խնամին է. նրա դուստրն ամուսնացած է Ահմադինեժադի որդու հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը