Թուրքական Hurriyet օրաթերթը հաղորդում է, որ մարտի 21-ին Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական ինքնաթիռի բեռնամասում հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Հաղորդված լուրի համաձայն, իրանական ինքնաթիռում հայտնաբերվել են Կալաշնիկով մակնիշի զենքեր, նռնակներ ու հրթիռներ, որոնք հմտորեն տեղադրված են եղել բեռների մեջ:
Իրանական ինքնաթիռը դեռ պահվում է Դիարբեքիրի օդանավակայանում, որտեղ շարունակվում է հետաքննությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», իրանական Mahan ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը ուղևորվում էր դեպի Սիրիա, սակայն Դիարբեքիրի օդային տարածքում թուրքական անվտանգության ծառայությունների պահանջով վայրէջք է կատարել:
Հետաքրքիր է, որ իրանական կողմը, լուրին անդրադառնալով, հայտարարել էր, թե ինքնաթիռի վայրէջքը թուրքական իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն է եղել, իսկ հրապարակված լուրերի համաձայն, թուրքական անվտանգության ծառայությունները իրանական ինքնաթիռին ռազմական ինքնաթիռների միջոցով են պարտադրել վայրէջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment