Իրանի խորհրդարանի նախագահության անդամ, Թավրիզ քաղաքի պատգամավոր Մուհամեդ Հուսեյն Ֆարհանգին, հունվարի 26-ին Իրանական Aran միջազգային ու մշակութային ուսումնասիրությունների կենտրոնում կայացած` Ադրբեջանի դպրոցներում հիջաբի օգտագործման արգելափակմանը նվիրված հանդիպման ընթացքում հայտարարել է. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետության օգնությունը չլիներ, Ադրբեջանի Հանրապետությունը վաղուց արդեն կորցրած կլիներ Նախիջևանի տարածքը:» Այդ մասին հաղորդում է նույն ուսումնասիրական կենտրոնի Aran News լրատվական կայքը:
Հանդիպման ընթացքում Ֆարհանգին, քննադատելով Ադրբեջանի իշխանությունների կողմից դպրոցներում իսլամական հիջաբի օգտագործման արգելափակումները, հայտարարել է. «Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ, երբ Այաթոլլահ Սոբհանին քննադատել էր Ադրբեջանի նախագահի որոշումը, փորձեցին վարկաբեկել իրանցի հոգևորականներին ու Իրանի դեմ բացասական քարոզարշավ սկսեցին, որը ցավալի է: Այդ ԶԼՄ-ները, մեծացնելով Իրանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, փորձեցին կոծկել իրենց անցյալի ու ներկայի սխալ քայլերը` կապված Ղարաբաղի հետ: Նրանք այն պահին են մեղադրում Իրանին, երբ Հայաստանի տնտեսության խոշոր մասը ղեկավարվում է ադրբեջանցի առևտրականների միջոցով: Եթե Ղարաբաղը իրոք կարևոր է Ադրբեջանի համար, որը և պիտի այդպես էլ լինի, ինչո՞ւ այսքան տարի որևէ հստակ գործ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ և հետո փոձում են Իրանին` Հայաստանի հետ ունեցած բանակցությունների համար քննադատել: Իրանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է միջամտել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, թեև Իրանի ցուցաբերած օգնությունը Ադրբեջանին` թե՛ անցյալում, թե՛ ներկայում շատ աչքառու է: Եթե Իրանի քաղաքական, տնտեսական ու բարոյական օգնությունները չլինեին, Նախիջևանն էլ էր վտանգի մատնվելու, և անգամ հնարավոր է, որ Ադրբեջանը կորցներ Նախիջևանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը պիտի շնորհակալ լինեն Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ դժվար պայմաններում նրանց ցուցաբերած օգնության համար:
Իրանը ցանկանում է տնտեսական հարաբերությունները զարգացնել Ադրբեջանի Հանրապետության հետ: Այդ իսկ պատճառով է, որ մտադիր ենք երկու երկրների միջև հսկայական մայրուղի կառուցել: Հարևանների հետ, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը, մեր առաջնային նպատակներից է, և ցանկություն չունենք հանդիպելու միջկառավարական անախորժությունների: Դա իրագործելու համար երկկողմ կամք է հարկավոր և այդ ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետությունը պիտի զերծ մնա անտրամաբանական գործողություններից»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment