Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները, ոստիկանության օգնությամբ համախմբված աշխատանքի արդյունքում, հունվարի 30-ին բացահայտել են Network Marketing-ով զբաղվող ավելի քան 50 տնային կենտրոն։ Ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ:
Թեհրանի ոստիկանության հաղորդմամբ, այդ բոլոր 50 տնային աշխատատեղիները, որ գտնվում էին Թեհրանի արևմտյան ու հյուսիսարևմտյան շրջաններում, փորձում էին իրենց կազմում ներգրավել գործազուրկ մարդկանց ու խաբելով՝ քաջալերել նրանց աշխատելու բուրգային կոչվող Network Marketing կազմակերպությունների համար:
Ձերբակալվածների մեծամասնությունը աշխատում էր QI կոչվող կազմակերպության համար:
Հարկ է նշել, որ Իրանի կառավարությունը արդեն տարիներ է, ինչ երկրում արգելել է Network Marketing-ով աշխատող բոլոր ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը։
Արգելվել է անգամ շվեդական Oriflame հանրահայտ ընկերության գործունեությունը, հենց այն պատճառով, որ հիշյալ ընկերությունը իր ապրանքները վաճառում է Network Marketing-ի միջոցով:
Իրանում արդեն ավելի քան 10 տարի է՝ Network Marketing անվան տակ արմատավորվել են մի շարք ընկերություններ, որոնք իրենց կասկածելի աշխատանքի պատճառով մեծ դժգոհություն են առաջացրել հասարակության զանազան խավերի մեջ։
Այդ իսկ պատճառով էլ Իրանի կառավարությունը արգելել է բոլոր այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք աշխատում են հիշյալ մեթոդով: Այդ ընկերություններից կարելի է նշել Gold Quest-ը, Swiss Cash-ը, QI-ը, Asoo-ը, Gold Mine-ը, EBL-ը և այլն:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment