Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 23-ին Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ընթացքում մեկնաբանել է տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ:
Իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդում է, որ ԻԻՀ նախագահը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի և Իրանից դեպի Միջին Ասիայի երկրներ, ինչպես նաև դեպի Հայաստան երկաթգծի կառուցման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել է. «Երկաթգծի կառուցումն աշխարհի բոլոր քաղաքները փոխկապակցելու առիթ է»:
Ահմադինեժադը, նշելով, որ ողջունելի են աշխարհի ցանկացած վայրում իրականացվող շինարարական և կառուցապատման աշխատանքներ, ավելացրել է. «Ժողովուրդների առաջընթացը չենք համարում որևէ մեկի դեմ ուղղված և շահագրգռված ենք, որպեսզի բոլորն առաջընթաց գրանցեն»:
Ահմադինեժադը պարզաբանել է. «Իմ կարծիքով, տարածաշրջանային և համաշխարհային բոլոր խնդիրները ենթակա են լուծման արդարության և բանակցությունների սկզբունքով: Իրականում, եթե բոլոր լարվածություններն ու ընդհարումներն աշխարհում դիտարկենք արդարության և բանակցությունների չափորոշիչներով, բոլորը կհասնեն իրենց իրավունքներին»:
Անդրադառնալով «Վիքիլիկս» կայքում տեղ գտած նյութին, նա այն ոչ արժեքավոր է գնահատել ու ասել. «Կարևոր չէ, թե այդ կայքում ինչ են գրել, քանի որ Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ բարեկամական, պատմական և կայուն են»:
ԻԻՀ նախագահը, շեշտելով, որ Իրանը սատարում է Ադրբեջանի ժողովրդի վճռական իրավունքների անվտանգությունը, ավելացրել է. «Այդուհանդերձ, Հայաստանի հետ ևս լավ հարաբերություններ ունենք: Երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ լավ հարաբերությունները հարմար հնարավորություն են, որպեսզի ցանկացած ճգնաժամ լուծենք արդարության և օրենքի սկզբունքով»: Ահմադինեժադը միևնույն ժամանակ հայտնել է Իրանի՝ օրենքի և արդարության հիման վրա Ղարաբաղի խնդրի կարգավորմանն օգնելու պատրաստակամությունը:
ԻԻՀ նախագահը տվյալ մամլո ասուլիսի ժամանակ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և երեք երկրների մշակութային ընդհանրությունների մասին ասել է. «Երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների միջև առկա են շատ կարևոր պատմական հարաբերություններ, քանի որ մենք պատկանում ենք մեկ մշակութային օջախի, մեր հարաբերությունները բարեկամական են և այդ հարաբերությունները տարածաշրջանի, ողջ աշխարհի խաղաղության և անվտանգության օգտին են»:
Մեկ այլ բաժնում ԻԻՀ նախագահը, անդրադառնալով դեպի Արևելք Թուրքիայի քաղաքականության ուղղվածությանը, նշել է. «Թուրքիայի կառավարությունն ազատ է հարաբերություններ ունենալ բոլոր, հատկապես տարածաշրջանի երկրների հետ»: Նա միաժամանակ պարզաբանել է. «Եթե Թուրքիայի ուղղվածությունը դեպի Արևելք է հակվել, լավ է: Անպայման Արևելքի ժողովուրդները կողջունեն նրան: Սակայն դա չի նշանակում, թե այլ երկրների հետ հարաբերությունները խզվելու են. Թուրքիան ազատ է հարաբերություններ հաստատելու յուրաքանչյուր երկրի հետ»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment