Friday, December 24, 2010

«Մուհամադ մարգարեն իրանցի է եղել»


Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշային Տաջիկստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ մուսուլմանների մարգարեն՝ Մուհամադը, իրանցի է եղել:
Մաշայիի հայտարարությունը կրկին սկանդալ է առաջացրել Իրանի հոգևորականների շրջանակներում: 
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս կապակցությամբ Իրանի խորհրդարանում Ղոմ քաղաքի հոգևորական պատգամավոր Մուհամադ Ռեզա Աշթիանին, բողոքելով Մաշայիի կողմից արված հայտարարության դեմ, հայտնել է. «Եթե Մուհամադ մարգարեն իրանցի լիներ, ուրեմն Ղուրանն էլ պիտի այդ ազգի լեզվով հայտնվեր իրեն»։ Աշթիանին նաև Մաշայիի խոսքերը հակաիսլամական է գնահատել:
Հարկ է նշել, որ Մաշային օրեր առաջ, դիմելով իրանցի հոգևորականներին, հայտարարել էր. «Նրանք, ովքեր երաժշտությունը ճիշտ չեն հասկանում ու առհասարակ խորթ են բանաստեղծության ու երաժշտության հետ, դա հարամ են հայտարարում»։ Մուսուլմաններ հոգևորականները Մաշայիի այդ հայտարարությունը իսլամական հանրապետության հիմնադիր Այաթոլահ Խոմեյնիի հասցեին հնչեցված վիրավորանք համարեցին:
Մաշային առհասարակ հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, որոնցից ամենակարևորը կարելի է համարել նաև այն, թե Իսրայելի ժողովուրդը իրանցիների բարեկամն է:
Հակառակ բոլոր այն քննադատություններին, որ հնչում են Մաշայիի դեմ, Իրանի նախագահը խիստ հովանավորում է իր խնամի Մաշայիին:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը