Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» պարբերականը իր վերջին համարում անդրադարձել է Իրանի ներքաղաքական իրավիճակին:
Պարբերականը նախ անդրադառնում է Իրանի տնտեսական ոլորտում վերջին շրջանում կատարված փոփոխություններին՝ սուբսիդավորումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Հոդվածագրի կարծիքով. «Իրանցի ժողովուրդը կրավորական դիրքորոշումով է մոտենում գների ահավոր բարձրացմանը: Կասկածելի նախագահական ընտրություններից հետո երկրում առաջացած իրավիճակի պատճառով կառավարությունը պատրաստ է բողոքի ցանկացած ձայն խեղդել հենց բնում: Քաղաքական բոլոր խմբակցություններն ու անգամ խորհրդարանում Ահմադինեժադի համախոհները խիստ մտահոգված են նախագահի տնտեսական փոփոխությունների պատճառով ու վախենում են ժողովրդի ընդվզումից, բայց չեն կարող նախագահին կանխել, ինչպես արեցին նախկին նախագահի հանդեպ:
Ահմադինեժադը նույն ճնշումներն սկսել է իրականացնել նաև Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում և նպատակ ունի վերացնել ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները: Նա քաջ գիտակցում է, որ այդ շրջափակումները ազդելու են իր ներքաղաքական ազդեցությունների վրա: Հավանաբար այդ պատճառով է, որ նա ԱԳՆ-ն իր վերահսկողության տակ է առել ու տարածաշրջանի երկրների նկատմամբ ավելի հանդուրժողական է հանդես գալիս: Ահմադինեժադը բոլոր այն կարևորագույն նախարարությունները, որոնք գտնվում էին երկրի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի վերահսկողության ներքո, փորձել է յուրացնել ու իր վերահսկողությունը սահմանել: Նա, ի տարբերություն իր նախորդների, չի ցանկանում Խամենեիի գործակատարը լինել: Ահմադինեժադը մինչ այժմ ազատվել է բոլոր պարտադրյալ նախարարներից ու իր վստահված անհատներին է կարգել այդ ոլորտների նախարար: Իրանի նախագահը, իր տնտեսական նոր նախագիծը համառորեն իրագործելով, մի կերպ է խուսափում պահպանողական խավի քննադատություններից: Նախապես միջուկային խնդրով զբաղվելու մենաշնորհը պատկանում էր ազգային անվտանգությանը, և ԱԳՆ դուրս էր այդ գործընթացներից, իսկ հիմա Ահմադինեժադը, ատոմական էներգիայի կազմակերպության նախագահին ԱԳ նախարար նշանակելով, փորձելու է զբաղվել նաև միջուկային խնդրով:
Իրանի ինքնագլուխ նախագահը ապացուցել է, որ չնայած իր սկանդալային հայտարարություններին, կարող դիվանագետ է, ուրեմն անհավանական չէ, որ մոտ ապագայում նա «խաղաղություն ԱՄՆ-ի հետ» կարգախոսով հանդես կգա»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment