Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը իր դեկտեմբերի 30-ի համարում, «Պրն. Ալիևի պատրանքները» խորագրով հոդվածում, խիստ քննադատել է Բաքվի իշխանությունների հայտարարությունները՝ Ալիևին որպես համայն ադրբեջանցիների նախագահ անվանելու և դեկտեմբերի 31-ը ադրբեջանցիների միասնության օր հռչակելու վերաբերյալ:
Օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դեկտեմբերի 31-ը բոլորը ադրբեջանցիների միասնության օր անվանելով, այդ օրը պետականորեն հանգստի օր է հռչակել: Նկատի ունենալով, որ այդ օրը ամբողջ աշխարհում հանգստի օր է համարվում, ենթադրվում է, որ ադրբեջանցիները ևս, այդ օրը աշխատանքի չգնալով, ուրախ կլինեն: Ալիևն իր հայտարարության մեջ իրեն բոլոր ադրբեջանցիների նախագահն է հռչակել ու հայտարարել, որ Բաքուն Ադրբեջանի սփյուռքը կազմակերպելու գործում լուրջ ակտիվություն է ցուցաբերում: Հեյդար Ալիևը դեռևս 90-ականներին «Ադրբեջանցիների ընդհանուր կոնգրես» անունով մի ժողով կազմակերպեց, որտեղ համախմբված էին Իրանի տարածքային ամբողջականության դեմ պայքարող բոլոր անջատողականները: Այդ տարիներին Ալիև հայրն իրեն 50 միլիոն ադրբեջանցիների նախագահ անվանեց: Նմանօրինակ հայտարարությունների դեմ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս բողոքել է, բայց Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց սխալ քաղաքականությունը:
Արդեն տարիներ է, ինչ Ադրբեջանի դասագրքերում Իրանի հյուսիսային շրջանը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական շրջանը, որը ժամանակին անջատվել է մայր Ադրբեջանից: Բայց պատմական իրողությունների համաձայն` Ադրբեջանի այսօրվա շրջանը մշտապես եղել է Իրանի տարածքում, և միայն Թուրքմենչայի ու Գյուլիստանի պարտադրյալ պայմանագրերի արդյունքում Ադրբեջան անունով պետություն հայտնվեց: Բաքվի այսօրվա իշխանությունները, պատմական իրողությունները խեղաթյուրելով, փորձում են շփոթել ադրբեջանցի ժողովրդին ու խափանել նրանց միացումը՝ իրենց պատմամշակութային արմատներին, որը Իրանն է»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment