Իրանական «Առման» օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում անդրադարձել է Իրանի կինոյում հայերի ունեցած դերակատարությանը:
Օրաթերթը գրում է. «Իրանի կինոյի առաջացման և զարգացման գործընթացում հայերը կարևոր դերակատարություն են ունեցել: Կարելի է թվարկել Հովհաննես Օհանյանսի, Սամվել Խաչիկյանի, Ռուբիկ Մանսուրիի, Արբի Ավանեսյանի ու Վարուժ Քարիմ Մասիհիի անունները:
Ժորժ Իսմայելովը առաջին անգամ 1909 թվականին Իրանում պատրաստեց առաջին ճամփորդական կինոն: 1917-ին Ալեք Սագինյանը առաջին արդիական կինոսրահը հիմնադրեց Թավրիզ քաղաքում»։
Օրաթերթը շարունակության մեջ թվարկում է կինոյի ասպարեզում դերակատարություն ունեցած հայերի անունները: «Առմանը» գրում է. «1930-ին Հովհաննես Օհանյանցը հիմնադրեց «Արտիստի Սինեմա» անունով կինոյի ուսումնարանը: Նա նույն տարվա ընթացքում նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ «Աբի ու Սաբի» անունով: Վարդան Հովհաննեսյանը արդիական մի շարք կինոսրահների գծագրման հեղինակն է:
Միշա Կիրակոսյանն ու Հայկ Օջախյանը առաջին կինոպաստառները պատրաստեցին: Նաև Սանասար Խաչատրյանը, Սեմիկ Կոնստանտինը, Ջանի Բաղդասարյանն ու Վահան Տերփանչյանը հիմք դրեցին կինոնկարահանման ստուդիաների:
«Կինոյի աստղ» պարբերականը ամենաազդեցիկ ու երկարակյաց պարբերականն էր, որը 1953 թվականին հիմնադրվեց Պարույր Գալստյանի միջոցով: Սամվել Խաչիկյանը ամենահայտնի հայ կինոռեժիսորն է, որը առաջին անոնսը պատրաստեց «Շիրազից մի աղջիկ» ֆիլմի համար: Ալեքս Աղաբաբյանին էլ Իրանում կրկնօրինակման առաջատարներից կարելի է համարել: Գուրգեն Գրիգորյանցը, Ռուբիկ Մանսուրին ու Ռուբիկ Ծատուրյանն էլ ամրագրեցին ու զարգացրին Իրանի կինոյի տեխնիկական հիմքեը:
1958-ին Զավեն Ղուկասյանը կարևոր դերակատարություն ունեցավ Իրանի կինոյի տան հիմնադրման գործում: 1972-ին Արբի Ավանեսյանն իր «Աղբյուր» կինոյով նոր շարժում առաջացրեց իրանական կինոյի ոլորտում:
Իրանի կինոյի հայ արտիստներից կարելի է հիշատակել Անիկ Շեֆրազյանի, Արամայիս Հովսեփյանի, Իրեն Զազյանսի, Լորիկ Մինասյանի, Ժանետ Ավանեսյանի ու Մահայա Պետրոսյանի անունները:
Կինոյի այլ ոլորտներում էլ կարելի հիշատակել հետևյալ հայերի անունները. Լորիս Ճգնավորյան՝ երգահան, Տիգրան Թումանյան՝ լաբորատորի մասնագետ, Զավեն Ղուկասյան՝ քննադատ, Անդրե Արզումանյան՝ երգահան, Մանֆրեդ Էսմայիլի՝ ռեժիսորի օգնական, Սիմոն Սիմոնյան՝ գրող և թարգմանիչ, Ռոբերտ Սաֆարյան՝ քննադատ և Արշակ Ղուկասյան՝ կրկնօրինակող»։
Արթին Առաքեյլան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment