Հայաստանում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին դեկտեմբերի 26-ին իրանական «Առման» օրաթերթում տպագրված «Ղարաբաղի ճգնաժամը, ԱՄՆ-ի տեղաշարժերն ու տարածաշրջանի անվտանգությունը» խորագրով իր վերլուծական հոդվածում, անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող այն լուրին, թե ԱՄՆ-ն Ադրբեջանի նախագահին քարտ բլանշ է տվել ղարաբաղյան հակամարտությունի լուծելու ուղղությամբ, գրում է. «Ղարաբաղի հակամարտությունը ժառանգվել է Խորհրդային Միությունից, և կովկասյան աշխարհաքաղաքական ոլորտում երևան եկավ որպես չվնասազերծված ական»։
Քոլեյնին, ներկայացնելով Իրանի դերը, գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է հավասարակշռված քաղաքականություն վարել իր հարևանների հետ, որի պատճառով հնարավորություն ունի մասնակցելու նրանց միջև առկա հակամարտությունները լուծելու գործընթացին: Ղարաբաղի հարցում արդեն 16 տարի է՝ ականատես ենք Մինսկի խմբի աշխատանքներին՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի մասնակցությամբ, որը դեռ դրական արդյունք չի արձանագրել: Իհարկե, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի միահեծան դիրքորոշումներից բավարարված չեն և քաջ գիտակցում են, որ ՌԴ-ն որևէ ցանկություն չունի հիշյալ հակամարտությունը շուտափույթ կարգավորելու հարցում: Այդ պատճառով նրանք էլ փոխադարձաբար փորձում են իրենց դիրքորոշումներով երկարաձգել Մինսկի խմբի կյանքը: Հարկ է նշել, որ ԵՄ-ն այդ հարցում ավելի հավասարակշռված է գործում, բայց դա չի նշանակում, որ հակամարտությունը լուծելու լուրջ ցանկություն ունի։ Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, համաձայն որոնց, ԱՄՆ Ադրբեջանի նախագահին քարտ բլանշ է տվել Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, անգամ շեշտվում է, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտելու իր տարածքները վերադարձնելու գործում Ադրբեջանի ռազմական գործողություններին: Ըստ երևույթին, նմանօրինակ հայտարարությունները խիստ կասկածելի են, և ԱՄՆ իշխանությունները պիտի արձագանքեն այդ հայտարարություններին: Վերջին շրջանում ռազմաշունչ հայտարարությունն են անում նաև Ադրբեջանի ոչ պետական կառույցները: Դա կարող է խրաքուսել նրանց, ովքեր ցանկանում են հակամարտությունը լուծել ոչ բանակցային միջոցներով: Հետևաբար, եթե Ադրբեջանը որոշի դիմել ռազմական գործողությունների, ամենայն հավանականությամբ, փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղի հարակից շրջանները հետ գրավելու վրա՝ ապագա բանակցությունների ընթացքում հաղթաթուղթ ձեռք բերելու նպատակով: Բայց նմանօրինակ գործողությունները նաև խիստ ռիսկային են լինելու Ադրբեջանի համար, որովհետև ամենափոքր անհաջողության դեպքում Բաքուն կորցնելու է բանակցությունների ընթացքում մինչ այժմ արձանագրած բոլոր ձեռքբերումները: Թեև Ադրբեջանի ռազմական կարողությունները վերջին տարիներին զարգացել են, բայց դա չի նշանակում, թե Հայաստանի կարողությունները նվազել են, նաև ենթադրվում է, որ ՌԴ-ն այդ հարցում Հայաստանին միայնակ չի թողնելու: Պատերազմի վերսկսումով Ադրբեջանը վտանգելու է էներգիայի ոլորտում իր ունեցած կարևոր դերակատարությունը: Նաև պետք է տեսնել, թե Ադրբեջանի թուլացումը ո՞ւմ է ձեռնտու: Իրանը Կովկասի երկրների հետ հարաբերությունների ընթացքում որոշակի կայունություն է հաստատել տարածաշրջանում, և անտրամաբանական չի համարվում, որ որոշ գերտերությունները փորձելու են տարածաշրջանի երկրների հարաբերությունների մեջ անջրպետ առաջացնել:
Ադրբեջանը նաև քաջ գիտակցում է, որ տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ գործակատար լինելը խիստ ծախսատար է իր համար, և ենթադրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի խելացի կգտնվեն ու նմանօրինակ հրահրումների ծուղակում չեն հայտնվի: Նաև պարզ է դառնում, որ նմանօրինակ լուրերը լուրջ մտահոգություններ են առաջացրել ՌԴ համար, որովհետև նրանք փորձել են Մինսկի խմբում պարտադրել իրենց գերակայությունը, ինչը գրգռել է Ռուսաստանի մրցակիցներին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment