Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթն իր դեկտեմբերի 14-ի համարում «Թույլ տվեք՝ իրար հանդուրժենք» խորագրող հրատարակած խմբագրականում, անդրադառնալով երեկ երեկոյան Իրանի նախագահ Ահմադինեժադի կողմից ԱԳ նախարան Մոթաքիի աննախադեպ պաշտոնանկությանը, գրում է. «ԱԳ նախարար Մոթաքիի պաշտոնանկության լուրը հրապարակվեց այն պահին, երբ վերջինս նախագահի պատգամը Սենեգալի նախագահին հանձնելու նպատակով գտնվում էր Սենեգալում: Անկախ այն բանից, թե նախարար Մոթաքին ինչ գործունեություն է ծավալել իր պաշտոնավարման շրջանում, ԱԳ նախարարի նմանատիպ պաշտոնանկությունը բացասական հետևանք է թողնելու իսլամական հանրապետության վարկի վրա: Պատկերացնենք՝ որևէ երկրի ԱԳ նախարար Իրանի հետ բանակցելու նպատակով այցելում է Թեհրան, և ճանապարհի կեսին հանկարծ պարզվում է, որ նա ազատվել է պաշտոնից: Այդ նախարարն ինչպե՞ս է կարողանալու պաշտպանել իր իսկ երկրի ազգային շահերը: Եթե մի արտգործնախարար նման կերպ է պաշտոնանկ արվում, էլ ի՞նչ երաշխիք կա, որ նրա հաջորդը նման կերպ չի ազատվի պաշտոնից: Ի վերջո, երկրի ԱԳ նախարարը արտերկրում տվյալ երկրի պաշտոնական ներկայացուցիչն է համարվում: Հնարավոր չէ՞ր մի քանի ժամ էլ սպասել, և երբ Մոթաքին Թեհրան վերադառնար, հետո նրան պաշտոնից ազատ արձակեին: Մի պահ փորձենք պատկերացնել, որ հայտնվել ենք ԱԳ նախարար Մոթաքիի դիրքում: Դիվանագիտական առաքելությամբ երկրից դուրս ենք գտնվում և պատրաստվում ենք երկրի նախագահի պատգամը հանձնել մի այլ երկրի նախագահի ու վերջինիս հետ բանակցել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Աշխատանքի լարված պահին հանկարծ կայքերում հանդիպում ենք մեր պաշտոնանկության լուրին, ի՞նչ վիճակում կհայտնվենք: Բացի նրանից, որ մեր շրջապատը սկսելու է ասել, թե «այնինչը փորձել է նվաստացնել այսինչին», եկեք այդ իրավիճակը դիտենք օտարերկրյա դիվանագետների տեսանկյունից: Նրանք ասելու են, թե՝ տեսեք, իրենց ներքին խնդիրներն այնքան բարդ են, որ ԱԳ նախարարը առաքելությամբ երկրից դուրս գտնվելու պահին պաշտոնանկ է արվել նախագահի կողմից: Մեր արարքներն այնպիսին պետք է լինեն, որ օրինակ հանդիսանան երիտասարդ սերնդի համար: Եթե երիտասարդները այս դեպքի բերումով ի՞նչ պատկերացում են կազմելու մեր համակարգի ներքին անհամաձայնությունների և դրանց լուծման եղանակների մասին: Քաղաքականության բնույթն այլ բան չէ, քան անհամաձայնությունը, բայց հիշյալ անհամաձայնությունների լուծման եղանակը ուղիղ կապ ունի տվյալ հասարակության քաղաքական մշակույթի հետ: Խոսքը հատուկ մեկին ուղղված չէ, հենց մեզ բոլորիս է ուղղված: Նախկին կառավարություններն էլ այս հարցում բացառություն չէին: Արդեն բոլորիս համար սովորական է դարձել, որ պաշտոնյան իր պաշտոնանկության լուրն ստանում է հեռուստատեսությունից ու կայքերից: Հենց մեր հարևան Թուրքիայում գիտենք, որ Էրդողանը մի շարք նախարարների հետ անհամաձայնություն ունի, բայց, այնուամենայնիվ, իրար հանդուրժելով, շարունակում են աշխատել: Մենք միշտ լավ ընդունող ենք եղել, բայց ո՛չ երբեք լավ ճանապարհող: Թույլ տանք, որ այս անգամ կարգը փոխվի, և ապացուցենք, որ կարող ենք, անհամաձայն լինելով հանդերձ, նստել միմյանց կողքի ու աշխատել»։
Արթին Առաքելյան
0 Պատգամ:
Post a Comment