Monday, June 06, 2011

Իրանի առաջնորդի ներկայացուցիչը չի հերքի իր հայտարարությունները

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ը, Իրանի առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Աբդոլնաբի Նամազին օրեր առաջ հայտարարել էր, որ երկրի նախագահի թիմակիցները ձերբակալվել են հենց Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հրամանով: Նա նաև մեջբերել էր Ահմադինեժադի մի հայտարարությունը, թե նախագահական ընտրություններում այաթոլլահ Խամենեիի աջակցությունն իրենից մոտ 10 միլիոն քվե է խլել: Մի խոսքով, առաջնորդի հովանավորությունը, ըստ Ահմադինեժադի, գործել է ի վնաս իրեն:

Նամազիի հայտարարությունից հետո Իրանի առաջնորդի, պահակազորի հանրային կապերի ու նախագահի գրասենյակները անմիջապես հերքեցին Նամազիի հնչեցրած հայտարարությունը: Հատկանշական է, որ Նամազիի հիշյալ հայտարությունից ժամեր անց նրա անձնական կայքը շարքից դուրս եկավ և անհասանելի դարձավ բոլորի համար:

Իսկ այաթոլլահ Նամազին այս շաբաթվա ուրբաթօրյա նամազի ընթացքում կրկին հաստատել է իր նախորդ հայտարարություններն ու ավելացրել. «Կրոնապետին սուտ ցուցմունքի մեջ մեղադրելը օրենքին դեմ է, և նման հանցանք գործողները, ըստ շարիաթի, արժանի են մտրակվելու: Ես Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի միջոցառումների ավարտից հետո այդ մասին իմ բողոքը կներկայացնեմ երկրի առաջնորդին»։

Ի դեպ, սա աննախադեպ է Իրանի համար, երբ երկրի առաջնորդը հերքում է ինչ-որ հայտարարություն, իսկ հայտարարություն կատարած անձը կրկին շեշտում է իր խոսքերի ճշմարտացիությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նախագահի խորհրդականը սպառնաց կառավարության ղեկավարին

Իրանական Khabar օրաթերթի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անվտանգության հարցերով խորհրդական և խորհրդարանի ազդեցիկ պատգամավոր Ռուհոլլահ Հուսեյնիանը Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի առիթով Թեհրանի մզկիթներից մեկում հայտարարել է. «Ով աշխատում է հանուն իր խմբի, զրկանքի համը ճաշակելու է»։

Հուսեյնիանը, անդրադառնալով Իրանի նախկին երեք նախագահների ճակատագրին, ավելացրել է. «Նախկին երեք նախագահներն էլ փորձեցին այնպես անել, որ իրենց նախագահության շրջանի ավարտից հետո իրենց ընկերներն ու բարեկամները ղեկավար դիրքի հասնեն: Այդ պատճառով էլ Աստված նրանց պատժեց ու բոլորի առջև նվաստացրեց:

Այսօր էլ, եթե ոմանք աշխատեն իրենց խմբի օգտին միայն, զրկանքի համը ճաշակելու են, և ինչպես որ Աստծո խոսքն է ասում՝ ով հավիտենականության համար է ջանք թափում, Աստված էլ նրա անձնական ու ընտանեկան գաղտնիքներն է բացահայտելու բոլորին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, June 03, 2011

Ահմադինեժադը հրաժարվել է նավթի նախարարությունից

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հրաժարվելով նավթի նախարարի պաշտոնակատար լինելուց, նոր պաշտոնակատար է նշանակել նախարարական թափուր տեղի համար:

Գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 2-ին Իրանի նախագահը պաշտոնական հրամանագրով նավթի նախարարի պաշտոնակատար է նշանակել Մուհամադ Ալի Աբադիին:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Իրանի խորհրդարանը, նավթի նախարարությունը նախագահի կողմից ղեկավարելու հանգամանքը հակաօրինական համարելով, այդ խախտման մասին փաստաթղթերը փոխանցել էր Իրանի դատական իշխանությանը:

Թեև Ահմադինեժադը նավթի նախարարությունը վստահել է Ալի Աբադին, սակայն օրեր առաջ Իրանի պահակազորի Խաթամ Ալ Անբիա ճամբարի հրամանատար Ռոսթամ Ղասեմին IRNA գործակալությանը հայտնել էր, որ նախագահն իրեն է առաջարկել նավթի նախարարի պաշտոնը, որի շուրջ նա քննարկումներ է անցկացնելու:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի կառավարությունն ընդդիմանում է իսլամական հանրապետության հիմնադրի գաղափարին

Իրանի կառավարության օրգան IRAN օրաթերթը իր հրապարակած խմբագրականում ակնհայտորեն ընդդիմանում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի գաղափարներին:

IRAN օրաթերթի ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրը, որը համարվում է նախագահ Ահմադինեժադի թիմի պարագլուխներից, իր խմբագրականում նշել է, թե Իմամ Խոմեյնիի կողմից արտահայտած «Խորհրդարանը բոլոր իրադրությունների ղեկն է» գաղափարը ժամանակավրեպ է, և այս պահին բոլոր իրադրությունների ղեկը համարվում է կառավարությունը:

Ըստ Ջավանֆեքրի՝ «Երբ Իմամ Խոմեյնին ասել էր, թե խորհրդարանն է բոլոր իրադրությունների ղեկը, այն ժամանակ խորհրդարանի կողմից ընտրված վարչապետն էր գլխավորում երկրի գործադիր իշխանությունը: Բայց երբ վերանայվեց երկրի սահմանադրությունը, և վարչապետության պաշտոնը հանվեց սահմանադրությունից, գործադիր իշխանությունը գլխավորեց ժողովրդի քվեներով ընտրված նախագահը: Ուրեմն, խորհրդարանը այլևս իրադրությունների ղեկը չէ»։

Պիտի ավելացնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո համակարգի հիմնադիր Իմամ Խոմեյնին, նախկին վարչակարգի դրվածքը քննադատելով, հայտարարեց, որ ժողովրդի ներկայացուցիչ համարվող խորհրդարանն է, որ երկրի բոլոր իրադրությունների ղեկն է, և բոլորը պետք է հաշվի նստեն ժողովրդի ներկայացուցիչների հետ:

Իսկ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարության տարիներին բազմիցս փորձ է արվել երկրի նախագահի պաշտոնը խորհրդարանից ավելի բարձր դասել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թավրիզ-Բաքու մայրուղու շինարարական հետազոտությունները սկսվել են

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի Ահար քաղաքի կառավարիչ Ռեզա Սեդիղին Ահար-Թավրիզ կառուցվող մայրուղու առնչությամբ հայտարարել է, որ այդ մայրուղին մեծ դեր է ունենալու Իրանի հյուսիսարևմտյան շրջանների համար:

Նա նաև մատնանշել է, որ Թավրիզ-Բաքու կառուցվելիք մայրուղու շինարարական հետազոտությունները սկսվել են, և մոտ ապագայում այդ մայրուղու կառուցման նախագիծը վերջնական տեսք կստանա:

Ահար քաղաքի կառավարիչը Թավրիզ-Բաքու մայրուղու նախագիծը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության հպարտություններից է անվանել և հույս է հայտնել, որ այդ մայրուղու շնորհիվ շրջանի տնտեսությունը մեծ աճ կարձանագրի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, June 02, 2011

Համակարգ ներթափանցած մոլորվածները կապված են Ահմադինեժադի հետ

Իրանի պահակազորում Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեղակալ Հոջաթոլիսլամ Զոլնուռը, իրանական Fars գործակալության հետ զրույցում անդրադառնալով երկրի համակարգում ներթափանցած մոլորվածներին ու նրանց գործունեությանը՝ հայտարարել է. «Մոլորվածների ճամբարի պարագլուխները սերտորեն կապված են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, բայց հույս ունենք, որ այդ կապը շուտով կխզվի: Այսօր մոլորվածների ճամբարին նախագահից անջատելն ու հեռացնելը շատ դժվար է ու միայն այն ժամանակ հնարավոր կլինի դա կատարել, երբ նախագահը անձամբ իրենից կհեռացնի դավադիրների ու մոլորվածների գլխավոր պարագլխին»։

Զոլնուռը, իր խոսքերի շարունակության մեջ մատնանշելով ներթափանցած մոլորվածների գործողությունները՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ՝ ավելացրել է. «Դավադիրների ճամբարը մտադիր էր խորհրդարանական առաջիկա ընտրություններում ձեռք բերել խորհրդարանի 150 մանդատ, որի միջոցով էլ մեծամասնություն կկազմեր ապագա խորհրդարանում: Բայց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով նրանց թաքուն գործողությունները բացահայտվեցին ու վնասազերծվեցին:»

Ավելացնենք, որ Իրանի պահպանողական ուժերի քննադատությունների գլխավոր թիրախն է Ահմադինեժադի գրասենյակի ղեկավարն ու խնամին՝ Էսֆանդյար Ռահիմ Մաշային:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը փոխելու է Սադաթին սպանած Խալեդ Սլամբոլիի պատվին փողոցի անվանումը

Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով եգիպտական Echorouk օրաթերթի հաղորդած լուրը, հայտարարել է, որ Իրանի իշխանությունները ի վերջո համաձայնել են փոխել Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթին սպանած Խալեդ Սլամբոլիի անվան փողոցի անվանումը՝ վերանվանելով այն «Եգիպտոսի հեղափոխության նահատակների փողոց»:

Asr Iran-ի մատուցմամբ, Իրան այցելած եգիպտացի մտավորականների պատվիրակության անդամ Մուսթաֆա Նաջարը, որը ներկայացնում էր Եգիպտոսի «Ադլ Նաջար» կուսակցությունը, Twitter սոցիալական ցանցի իր էջում նշել է, թե Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ շուտով Խալեդ Սլամբոլի փողոցի անունը դառնալու է Եգիպտոսի հեղափոխության նահատակներ՝ ի հիշատակ Եգիպտոսի ժողովրդավարական հեղափոխության ժամանակ նահատակվածների:

Ավելացնենք, որ Եգիպտոսի իշխանությունները տարիներ շարունակ որպես Իրանի հետ հարաբերությունները վերսկսելու գլխավոր նախապայման էին ներկայացնում Խալեդ Սլամբոլի փողոցի անվան փոփոխությունը, ինչին իրանական իշխանությունները չէին համաձայնում:

Լուսանկարում՝ Խալեդ Սլամբոլին Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի սպանության պահին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի առաջնորդի գրասենյակը հերքեց Այաթոլլահ Խամենեիին վերագրված հայտարարությունները

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի պաշտոնական կայքը հունիսի 1-ին հայտարարել է, որ երկրի առաջնորդին վերաբերող բոլոր մեջբերումներն ու հայտարարությունները պետք է պաշտոնական միջոցներով կատարվեն:

Հրապարակված հայտարարության մեջ նաև նշված է. «Նկատի ունենալով, որ ոմանք հայտարարություններ ու մեջբերումներ են կատարել երկրի առաջնորդի դիրքորոշումների ու որոշումների մասին՝ պիտի հայտարարենք, որ այդ բոլոր տեղեկությունները ոչ հավաստի աղբյուրներից են հասել հայտարարողներին: Ուստի դատապարտելով նմանօրինակ հայտարարությունները՝ մատնանշում ենք, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի բոլոր դիրքորոշումներն ու որոշումները պիտի հրապարակվեն պաշտոնական միջոցներով»։

Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», հունիսի 1-ին Իրանի առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Աբդոլնաբի Նամազին հայտարարել էր, թե Ահմադինեժադի թիմակիցների ձերբակալությունները կատարվել են երկրի առաջնորդի հրահանգով: Հիշյալ հայտարարությունից ժամեր անց Այաթոլլահ Նամազիի անձնական կայքը, որը հրապարակել էր նրա հայտարարությունը, շարքից դուրս եկավ ու անհասանելի դարձավ բոլորին համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, June 01, 2011

Արմեն Մովսիսյանը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մայիսի 31-ին հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Հանդիպման ընթացքում Ահմադինեժադը, անդրադառնալով Իրան-Հայաստան բարիդրացիական հարաբերություններին, հայտարարել է. «Իրանն ու Հայաստանը հարևան երկրներն են, և հարևանությունն էլ մի տեսակ հարաբերություն է, որ հնարավոր չէ ոչնչացնել: Իրանն ու Հայաստանը պատմական և մշակությային խոր հարաբերություններ ունեն միմյանց հետ, և երկու ազգերն իրենց միջև ոչ մի տարածություն և անջրպետ չեն զգում»։

Անդրադառնալով Հայաստան կատարելիք իր այցելությանը՝ Ահմադինեժադն ասել է. «Հույս ունեմ, որ այս այցելության ընթացքում երկու երկրների հարաբերությունները սերտացնելու նպատակով դրական որոշումներ կկայացնենք:

Իրանը Հայաստանի հետ առավելագույն հարաբերություններ զարգացնելու համար սահմանափակումներ չունի, և ես անգամ իմ պետական գործընկերներին հանձնարարել եմ, որ երկկողմ հարաբերությունները շատ ավելի դյուրին դարձնեն»։

Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև կնքված և իրականացվող պայմանագրերը ոչ միայն օգուտ են Իրանին ու Հայաստանին, այլև նպաստում են ողջ տարածաշրջանի զարգացման գործընթացներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը օրական 750 հազար լիտր բենզին կարտահանի Հայաստան

Իրանական IRAN օրաթերթի հաղորդմամբ, Իրանի ազգային նավթազտման ու նավթամթերքի տարածման ընկերության նախագահ Ալի Ռեզա Զեյղամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը օրական 3 միլիոն լիտր նավթամթերք է արտահանում, որից Հայաստանին է վաճառում 750 հազար լիտրը:

Ըստ Զեյղամիի՝ եթե Հայաստանի հետ համաձայնությունները վերջնական դառնան, Իրանը պատրաստ է օրական ևս 750 հազար լիտր բենզին արտահանել Հայաստան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բոլիվիայի իշխանությունները տուն ուղարկեցին Իրանի պաշտպանության նախարարին

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ Բոլիվիայի իշխանությունները երկրի պաշտպանության նախարարության կողմից Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիին Բոլիվիա հրավիրելու կապակցությամբ ներողություն են խնդրել Արգենտինայի իշխանություններից և Արգենտինայի ԱԳ նախարարությանը հղած նամակում հայտարարել են, որ Բոլիվիայի իշխանությունները բոլոր միջոցները օգտագործելու են, որ Իրանի պաշտպանության նախարարը շուտափույթ հեռանա Բոլիվիայից:

Արգենտինայի իշխանությունները միջազգային իրավապահ մարմիններից պահանջում են, որ ձերբակալեն Բուենոս Այրեսում հրեական կենտրոնի պայթյունի գործում մեղադրվող իրանցի պետական պաշտոնյաներին: Կասկածյալների թվում է նաև Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:

Բոլիվիայի ԱԳ նախարարը արգենտինացի իր գործընկերոջը գրած նամակում ներողություն է խնդրել Իրանի պաշտպանության նախարարին իր երկիր հրավիրելու կապակցությամբ, նաև հայտարարել է, որ իրենց պաշտպանության նախարարությունը տեղեկացված չի եղել, թե Իրանի պաշտպանության նախարարը հետապնդվում է միջազգային իրավապահ մարմինների կողմից, և անգամ նրան Բոլիվիա հրավիրելու մասին չի խորհրդակցել պետական այլ մարմինների հետ:

Հրապարակված լուրերի համաձայն, Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին երեքշաբթի՝ մայիսի 31-ին, հեռացել է Բոլիվիայից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում կանանց իրավունքների ակտիվիստին սպանել են հոր հուղարկավորության ժամանակ

Իրանական JARAS լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները, իրանցի հանրահայտ ակտիվիստ Հալե Սահաբիին սպանել են իր հոր՝ Իրանի հանրահայտ քաղաքական գործիչ Էզաթոլլահ Սահաբիի հուղարավորության ժամանակ:

Կայքի փոխանցմամբ, անվտանգության ծառայությունները բազմիցս փորձել են կասեցնել ու այլ վայր տեղափոխել Էզաթոլլահ Սահաբիի հուղարկավորության արարողությունը, որովհետև մտահոգություն կար, որ նրա հուղարկավորությունը վերածվելու է ռեֆորմիստների հերթական բողոքի ակցիայի:

Իսկ 55-ամյա Հալե Սահաբին, որը արդեն երկու տարի է՝ ինչ գտնվում էր բանտում, հոր հուղարկավորության շքախմբի առջևից գնալիս հանդիպել է անվտանգության ծառայությունների կողմից ստեղծված արգելապատնեշին, ու երբ փորձել է բողոքել և ճամփա բացել իր հանգուցյալ հոր հուղարկավորության շքախմբի համար, բախվել է անվտանգության ծառայությունների հետ և զոհվել իր իսկ հոր հուղարկավորության արարողության ժամանակ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Երկու տարուց Իրանի առաջնորդը կենդանի չի լինի. Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի բանիմացների խորհրդի անդամ և Քաշան քաղաքում Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլահ Աբդոլնաբի Նամազին հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշային մի հանդիպման ընթացքում հայտնել է, թե երկու տարի հետո Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին և Իրանի պահապան խորհրդի նախագահ այաթոլլահ Ահմադ Ջանաթին այլևս կենդանի չեն լինելու, որ կարողանան իրեն զրկել նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելուց:

Այաթոլլահ Նամազին, շարունակելով իր խոսքը, խոսել է կառավարության մեջ ներթափանցած մոլորվածների ու շեղվածների մասին և մատնանշել. «Այսօր Ռահիմ Մաշային համակարգի ուժային բոլոր կառույցներն իր ղեկավարության տակ է առել: 

Իրանի պահակազորի հրամանատար Ջաֆարին Այաթոլլահ Խամենիի հետ ունեցած զրույցում ասել է նրան՝ թույլ տվեք Մաշայիին ձերբակալենք, և այս բոլոր խնդիրները կավարտվեն: Բայց Իրանի առաջնորդը կարծես դեռ այդ կարծիքին չէ և հրամայել է նրանց բոլոր թիմակիցներին ձերբակալել ու լրջորեն հարցաքննել, բայց նաև մատնանշել է, որ երկրի նախագահին այդ խմբից առանձին պահեն»։

Նամազին, կրկին անդրադառնալով նախագահի գրասենյակի ղեկավարի շուրջը ծայր առած խնդիրներին, մեջբերել է Ռահիմ Մաշայիի մի նախադասությունը, ըստ որի՝ Մաշայիին հայտնել են, որ եթե ցանկանում է նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվել, նրա իրավասությունը չի հաստատվի պահապան խորհրդի նախագահ այաթոլլահ Ջանաթիի կողմից: Մաշային իր զրուցակցին պատասխանել է. «Երկու տարի հետո ոչ Ջանաթին է լինելու, ոչ էլ Այաթոլլահ Խամենեին, որ փորձեն ինձ զրկել նախագահական ընտրություններին առաջադրվելուց»։

Հատկանշական է, որ Այաթոլլահ Նամազիի բացահայտումները նախ հրապարակվել են նրա անձնական կայքում՝ www.safirevelaayat.ir, իսկ մի քանի ժամ անց նրա կայքը շարքից դուրս է եկել ու այլևս անհասանելի է դարձել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը