Thursday, August 28, 2008

«Ռուս-Վրացական պատերազմը չեր առնչւում իրանին»

Օրերս ռուսական Իզւեստիա օրաթերթը հրապարակել էր մի վերլուծութիւն ռուս-վրացական պատերազմի մասին: Սոյն յօդւածում նշւած էր թէ այդ պատերազմը մի կերպ առնչւում էր իրանիշ որովհետեւ Վրաստանը իր երկրի տարածքը տրամադրել էր ԱՄՆ-ին, Իրանի վրայ հարձակում իրագործելու նպատակով: Ըստ յօդւածագրի, իրանի ոչ մի հարեւան երկիր ԱՄՆ-ին թոյլ չի տայ իր երկրի տարածքը օգտագործել իրանին հարւածելու նպատակով: Ուրեմն միայն մնում է Վրաստանի տարածքը, ուր ԱՄՆ-ն հնարաւորութիւն կունենայ այնտեղից հարւածել իրանին:
Այս ուղղութեամբ դիմեցինք քաղաքական վերլուծաբան, նախկին դիւանագէտ եւ միջազգային յարաբերութիւնների դոկտոր պրն. Դաւուդ Հերմիդաս Բաւանդին, հարցը քննարկելու նպատակով: Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում մեր ունեցած զրոյցը Դր. Բաւանդի հետ:


Հարցազրոյցը վարեց՝ Արթին Առաքելեանը


********************************************


Հ: Ձեր կարծիքով, արդեօ՞ք վրաց-ռուսական պատերազմը ինչոր ձեւով կապ ուներ իրանի հետ: Կարծիք կայ, որ վրաստանը իր տարածքը յանձնել էր ԱՄՆ-ին իրանի վրայ հարձակում կատարելու նպատակով:

Պ: Իմ կարծիքով այդ պատերազմը ոչ մի ձեւով չեր առնչւում իրանին: ԱՄՆ-ն իրանի վրայ հարձակում կատարելու համար Վրաստանին կարիք չունի: Այսօր Ամերիկան ռազմական ներկայութիւն ունի տարածաշրջանում. Որոնցից են Պարսից ծոցը, Օմանի ծովը, Դիդոդեգարսիան, Բահրէյնը, Կատարը, Քովէյթը, Թուրքիան, Իրաքը եւ Աֆղանստանը: Եթէ Ամերիկան մտադրութիւն ունենայ հարձակւել իրանի վրայ դա հեռակայ հարձակում է լինելու եւ կարիք չունի օդտւել վրաստանի տարածքից, որը աւելի մօտ են իրանին քան վրաստանը: Նաեւ հաւանական չեմ համարում Ուկրայնիայի դերակատարութիւնը իրանի վրայ ԱՄՆ-ի հաւանական հարձակումի մէջ: Այս երկու երկրները՝ Վրաստանը եւ Ուկրայինան մտադիր են մուտք գործել ՆԱՏՕ եւ այդ իսկ պատճառով, մի ինչ որ տեղ Արեւմուտքի շահերի համապատասխան արտայայտութիւններ են կատարում, բայց թէ նրանք կ՛ըկերակցեն ԱՄՆ-ին իրանի դէմ հաւանական հարձակման գործողութիւններում հաւանական չեմ տեսնում:
Առաջին հերթին, տարածաշրջանի իրավիճակը նկատրի առնելով, նաեւ կատարւած բանակցութիւնների արդիւնքում չեմ կարծում թէ Արեւմուտքը նպատակահարմար տեսնի իրանի վրայ հարձակում կատարելը, եթէ նման բան պատահի տարածաշրջը ներկայի համեմատութեամբ շատ աւելի անկայուն եւ անապահով կը դառնայ: Սա նկատի ունենալով, ռազմական հարձակումի հաւանականութիւնը զրոյի է հասնում:
Երկրորդ հերթին, ԱՄՆ-ն տարածաշրջանում բաւարար չափով օգտագործելի ռազմայենակներ ունի, որոնք շատ աւելի մօտ են Իրանին:
Երրորդ հերթին, ես տրամաբանական չեմ համարում, թէ ԱՄՆ-ն հարձակման համար օգտագործի վրաստանի տարածքը: Ոչ մի ապացոյց եւ նշում անգամ այդ ուղղութեամբ չկայ թէ վրաստանի տարածքը իրանի դեմ կ՛օգտագործւի ԱՄՆ-ի կողմից: Անգամ «Ահաբեկչութեան դէմ պայքարի» նախագծում ԱՄՆ չի օգտագործէ վրաստանը: ԱՄՆ-ն այդ նախագծում օգտագործեց Տաջիկստանը, Ղազախստանը, Կրկզստանը եւ մի կարճ ժամանակով նաեւ Ուզբակստանը, բայց վրաստանի սահմանում անգամ ԱՄՆ յենակներ չտեղադրեց միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում: Ուրեմն այդ տեսութիւնը, որ ԱՄՆ իրանի դէմ հարձակման գործում օգտագործելու է վրաստանը, ճիշտ հիմունքների վրայ հիմնւած չէ: Այդ տեսութիւնը աւելի ռուսական տեսանկիւնից է բխում եւ այդ միջոցով փորձում են Իրանի ուշադրութիւնն էլ գրաւել այն հարցին թէ վրաստանը ԱՄՆ-ի միջոցով նաեւ օգտագործւում է իրանի դէմ գործողութիւններ իրականացնելու գործում: Վրաց-Ռուսական պատերազմի նախագիծն ու հետեւանքներն էլ ոչ մի կերպ չեն ապացուցում սկզբում նշւած տեսութեան ճշգրտութիւնը:
Այս պատերազմի այն բաժինը, որը կարող է կապ ունենալ իրանի հետ, այն է թէ հաւանական է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը իր դիրքերը փոփոխի իրանի ատոմական թղթածրարի հարցում, եւ ինչպէս, որ Իւանովն է յայտարարել հնարաւոր է, որ ռուսաստանը այդ հարցում վերանայի իր նախկին դիրքորոշումները: Բայց ես դա էլ հաւանական չեմ տեսնում: Որովհետեւ ռուսաստանը դա օգտագործելու է իր շահերի համապատասխան, եւ ԱՄՆ-ի հետ իր յարաբերութիւնները այս չափից աւելի չվաթարացնելու նպատակով կը փորձի իրանի ատոմական հարցը որպէս ազդակ շահագործել ի շահ Արեւմուտքի հետ յարաբերութիւնները բարելաւելու գործում:
Մի խօսքով եթէ ռուսաստանը գտնի թէ այս պատերազը լուրջ վնասւածք կը հասցնի իր եւ Արեւմուտքի միջեւ առկայ յարաբերութիւններին, փորձելու է մի կերպ դա փարատել, հէնց իրանի ատոմական հարցով:

Հ: Արդեօ՞ք դա է պատճառը, որ իրանի իշխանութիւնները շատ էլ չարձագանգեցին իրենց տեսակետները, ռուս-վրացական պատերազմի օրերին:

Պ: Այո: Ընդհանրապէս մեծ պետութիւների կողմից ռազմական միջոցների կիրառումը մտահոգում է տարածաշրջանի իւրաքանչիւր երկրներին, ու նաեւ նրանց, որոնք պատմական այդպիսի անցեալ էլ ունեցել են: Իմ կարծիքով, Ռուսաստանը սխալ քայլ է կատարել, որովհետեւ նա հիմայ զարգացման ընթացքում է, ինչպէս որ է նաեւ Չինաստանը: Ուրեմն մի քիչ աճապարեց իր ռազմական պաշտպանունակութիւնը ցուցադրելու գործում: Դա մտահոգում է ռուսաստանի հարեւաններին ու դաշնակիցներին երբ տեսնում են թէ ռուսաստանը, որպէս տարածաշրգանի գերուժ իր հարցերը լուծում է ռազմական միջոցով: Երկարատեւի մեջ, այս պատերազմը ռուսաստանի վնասին է լինելու: Ես համոզւած եմ, որ Չինաստանն էլ, որ Շանհայի համագործակցութիւնների կազմում սերտ յարաբերութիւն ունի ռուսաստանի հետ, երբ տեսնի թէ ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ անհամաձայնութիւնները շարունակւում են, կը փորձի իրեն հեռու պահել այդ տագնապից:

Հ: Ռուս-Վրացական պատերազմից յետոյ, Վրաստանի եւ Ուկրայինայի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին ինչքա՞ն հաւանական կը դառնայ:

Պ: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ստեղծւած անհաշտ մթնոլորտը, տարածաշրջանի երկրների եւ հատկապէս Ուկրայինայի մօտ լուրջ մտահոգութիւններ է առաջացրել եւ եթէ ռուսաստանն ու Արեւմուտքը այս ընթացքում մի ընդունելի համաձայնութեան չհասնեն, ՆԱՏՕ-ի անդամ երկրները վերանայելու են իրենց տեսակետները Վարաստանի եւ Ուկրայինայի ՆԱՏՕ-ին անդամակցութեան հարցում: Այս բոլորը պայմանաւորւած է Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ բանակցութիւններին եւ եթէ այդ բանակցութիւնները արդիւնքի չհասնեն, մեծ հաւանականութեամբ ՆԱՏՕ-ն ընդունելու է այդ երկու երկրների անդամակցութեան դիմումը:

Չինաստան՝ արթնացող աժդահան


ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ


Չինաստանը Խ. Միութեան փլուզումից կարեւոր դասեր ստացաւ եւ գիտակցեց, որ ուժային պայքարը չպիտի սահմանափակել միայն զինամթերքի ոլորտում, որի արդիւնքում հնարաւոր է՝ փլուզւեն երկրի տնտեսական ու քաղաքական կարգերը: Մի խօսքով՝ Չինաստանը ԱՄՆ-ի ռազմական համակարգի հետ համաչափ մրցակցութեան փոխարէն՝ որդեգրեց անհամաչափ մրցակցութեան ռազմավարութիւնը: Անհամաչափ պայքարի զարգացած տարբերակը երեւան եկաւ ԱՄՆ-Վիետնամ պատերազմի օրերում, երբ ոտաբաց ռամիկները յաղթեցին աշխարհի գերհզօր ռազմամեքենային: Չինացի մտաւորականները տւեալ ռազմավարութիւնից ներշնչւած՝ ձեւակերպեցին մի տեսութիւն, որի համաձայն՝ ԱՄՆ-ի գերզարգացած տեխնոլոգիայի դէմ ուղղակի եւ համաչափ պայքարի փոխարէն՝ պիտի որդեգրել անուղղակի եւ ոչ-համաչափ պայքար, ուր կարելի կը լինի օգտւել չինացի անսահման աշխատող ներուժը: Չինացի երկու գեներալների կողմից հրատարակւած «Անսահմանափակ պատերազմ» (Unrestricted warfare) գիրքը, որը նաեւ վերահրատարակւեց 2001-ին, մանրամասն ձեւով բացատրում է այդ տեսութիւնը: Նշելի է, որ սոյն գիրքը հրատարակւել էր 2001-ից մի քանի տարի առաջ եւ նախատեսել էր սեպտ. 11-ի նման մի պատահար՝ ԱՄՆ-ում:

Գրքի գլխաւոր առանցքը հիմնւած է այն իրականութեան վրայ, թէ «ԱՄՆ-ի գլխաւոր թուլութիւնն այն է, որ նա չափից աւելի յենւել է իր ռազմական ուժի վրայ»:

Հեղինակների համաձայն՝ այդ խնդիրը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն տնտեսական եւ քաղաքական պայքարի դաշտում տեղքայլ արձանագրի ու ռազմական ուժը իր ռազմավարութեան առանցքը դարձելով՝ այլ ոլորտներում եւ յատկապէս միջազգային յարաբերութեան ոլորտում կուրօրէն գործի:Երկրորդ աշխարհամարտից յետոյ այն, ինչ որ պատճառ դարձաւ, որ ԱՄՆ-ն աշխարհում ծաւալի իր ազդեցութիւնն ու հզօրութիւնը, «Made in U.S.A.» պարզ նախադասութիւնն էր: Սոյն ապրանքանիշը, աշխարհի տնտեսութիւնը խորտակելով իր մէջ, դարձաւ նաեւ բարեկեցութեան ու բարօրութեան խորհրդանիշ: Չինաստանը լաւ ըմբռնեց այդ նախադասութեան կարեւորութիւնը, բայց Ամերիկան՝ ոչ: Այսօր եթէ մտնէք «Վալ մարթ» կոչւած ամերիկեան ամենահսկայ վաճառատեղիները, որոնք տարեկան մօտ 400 միլիարդ դոլար եկամուտ եւ աւելի քան 2 միլիոն աշխատակիցներ ունեն, դժւար թէ գտնէք ամերիկեան ապրանքներ եւ բոլոր պահարանները միայն լցւած են չինական ապրանքներով:

Տնտեսական պատերազմը գտնւում է «Անսահմանափակ պատերազմ» գրքի առաջարկած ռազմավարութիւնների առաջին տեղում: Գրքի հեղինակները մատնանշելով 1997-ին Կորէայի, Թայլանդի, Ինդոնեզիայի եւ Մալայզիայի տնտեսական խիստ տագնապը՝ եզրակացնում են, որ եթէ մի միլիարդատէր (ՋորջՍորոս) կարող է առասպելական շահոյթի հասնելու համար՝ ծունկի բերել ասիական զարգացած երկրներին, ինչո՞ւ Չինաստանը չկարողանայ նոյնը անել Ամերիկայի հանդէպ: Չինաստանը դիտաւորեալ իր դրամի արժէքը ցածր պահելով եւ միլիոնաւոր մարդուժի ներուժն օգտագործելով՝ այնքան էժան ապրանք է արտածել ԱՄՆ, որի արդիւնքում Ամերիկան մօտ 1.4 տրիլիոն դոլար պարտական է մնացել Չինաստանին, եւ օրական 1 միլիարդ դոլար աւելանում է այդ գումարին: Պարզ ասած՝ Չինաստանը իւրաքանչիւր ամերիկացու 4000 դոլար պարտք է տւել, որ նրանք հնարաւորութիւն ունենան վայելել «ամերիկեան» կոչւած կենսաձեւը:

Սա այն ճշգրիտ տրամաբանութիւնն է, որ «Կիաօ լիանգ»-ն ու «Վունգ չինզգօ»-ն ձեւաւորել են իրենց գրքում:Երբ 2001-ին «ահաբեկչութեան դէմ պատերազմը» բռնկւեց, ամերիկացի մտաւորականները մտադիր էին «նորպահպանողական» վարդապետութեան միջոցով ԱՄՆ-ին վերածել աշխարհի միակ եւ ամենահզօր տիրակալի: Այդ իսկ պատճառով՝ նրանք 21-րդ դարը անւանեցին «նոր ամերիկեան դարաշրջան»: Բայց, այն, ինչ որ իրականացաւ 2003-ի մարտին՝ Իրաք ներխուժելով, հակառակ արդիւնքը տւեց եւ օր օրին թուլացան ԱՄՆ-ի տիրակալութեան ծաւալներն ու ի վերջոյ, Ասիայի արեւելքում երեւան եկաւ մի նոր ուժ, որը յաւակնում է դառնալ 21-րդ դարի տիրակալը:

2027-ին Չինաստանը անցնելու է ԱՄՆ-ից ու դառնալու է մոլորակի ամենահզօր տնտեսութիւնը: 1.5 միլիարդ բնակչութիւն ունեցող Չինաստանը իր երկնիշ զարգացումով՝ նախընթաց չունեցող արագութեամբ փոխակերպում է ոչ միայն իր, այլ նաեւ՝ աշխարհի պատկերը: Չինաստանը այսօր աշխարհի ամենահարուստ դրամական պաշարն ունի (1800 միլիարդ դոլար), որի պատճառով էլ Չինաստանի ազդեցութիւնն ու ներկայութիւնը արագօրէն ծաւալւում է Աֆրիկայում, Լատին Ամերիկայում եւ Ասիայում: Այլեւս ուր որ գնաք առեւտուր անելու՝ կը հանդիպէք մի չինացու, որը մեծ դրամագլխով աւելի շուտ ներկայացել է այնտեղ: Այս ընթացքում այն, ինչ որ հետաքրքրական է, այն է, որ ԱՄՆ-ն ամենուր փորձում է ապացուցել, որ Չինաստանը լիովին տրւել է արեւմտեան տնտեսական ու մշակութային մոդելին եւ փորձում է դառնալ արեւմտեան արժէքների լիակատար հասարակութիւն: Սա այն սուտն է, որը Արեւմուտքը երկու դար շարունակ փորձում է համոզել աշխարհին, թէ արդիականութիւնն ու արդիականացումը համազօր են արեւմտեանականութեան:

Չինաստանը միայն մի երկիր չէ, այլ մի քաղաքակրթութիւն է, որը խոր արմատներ ունի պատմութեան մէջ:

Չինացիներն ունեն իրենց իւրայատուկ այբուբենը, փիլիսոփայութիւնը, կենսաձեւը, ճաշացուցակը, որը այսօր թէ՛ ԱՄՆ- ում, եւ թէ՛ Եւրոպայում միլիոնաւորներին գրաւում է դէպի իրեն: Չինական քաղաքակրթութիւնը այնքան հզօր է, որ ոչ միայն ստեղծել է իրեն իւրայատուկ զարգացման մոդելը, այլ նաեւ ձեւաւորում է իր իւրատեսակ արդիականութիւնը:

Այն հարցում, որ Չինաստանը ազդւել եւ դեռ ազդւում է Արեւմուտքից, կասկած չկայ, բայց նաեւ չկայ այն համոզիչ ապացոյցը, որ Չինաստանը, հրաժարւելով իր մշակոյթից, լիովին տրւելու է արեւմտեան մշակոյթին: Այսօր չինական մշակոյթը մեծ տարածում է գտել թէ՛ ԱՄՆ-ում, եւ թէ՛ Եւրոպայում, ու արեւմտեան սպառող անհատը խաղաղւելու նպատակով՝ դիմում է չինական փիլիսոփայութեանն ու մշակոյթին:

Բայց, այն, ինչ որ պատմութիւնն է ապացուցում եւ մտահոգում է բոլորին, այն է, որ ԱՄՆ-ն ինչպէս է հակազդելու Չինաստանին՝ որպէս մի նոր գերհզօր երկիր, որը մրցում է իր հետ, որովհետեւ մինչ այսօր ոչ մի տիրակալութիւն առանց արիւնահեղութեան՝ իր տեղը չի զիջել նորին: ԱՄՆ-ի վերջին հարիւրամեայ պատմութիւնը մեզ ապացուցում է, որ Ամերիկան վարակւած է «մնայուն թշնամի» ունենալու մոլուցքով: Այս ընթացքով յաջորդ թշնամին կարող է լինել հէնց Չինաստանը:

Վերջում պիտի աւելացնել, որ այսօրւայ Ամերիկայում բնաւ գոյութիւն չունի «գերակայութիւն» տիտղոսը ուրիշին յանձնելու պատրաստակամութիւնը:

Ֆրանսիս Ֆոկոյաման կոմունիզմի բլոկի փլուզումը համարեց դրամատիրութեան վերջնական յաղթանակը, որը յայտնի եղաւ իր «Պատմութեան աւարտը» գրքով, բայց Չինաստանի աննախընթաց զարգացումը ապացուցում է մի շատ կարեւոր իրականութիւն, որը եւ պիտի ընդունւի Արեւմուտքի կողմից, եւ դա «պատմութեան աւարտը» կոչւած առասպելի աւարտն է:

Monday, August 18, 2008

Կոզովոյից Հարաւային Օսեթիա

Ինչո՞ւ բռնկւեց Կովկասեան պատերազմը


ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Ի վերջոյ, ինչպէս որ սպասւում էր, օգոստ. 8-ին Վրաստանի ու Հարաւային Օսեթիայի միջեւ բռնկւեց մի արիւնահեղ պատերազմ, որի հետեւանքով՝ զոհւեցին աւելի քան 2000 հոգի:Երբ Սահակաշւիլին 2003-ի թաւշեայ յեղափոխութեան միջոցով դարձաւ Վրաստանի նախագահը, յայտարարեց, թէ կանխելու է բոլոր անջատողական շարժումները: Նա իր խոստումը կատարեց Աջարիայի անջատողական շրջանը վերահսկելով, որի արդիւնքում Աջարիայի նախագահ Աբաշիձէն թողեց երկիրն ու ապաստան գտաւ Մոսկւայում: Բայց, Սահակաշւիլին հակառակ իր բոլոր յայտարարութիւններին՝ չյաջողեց լուծել Աբխազիայի ու Հարաւային Օսեթիայի հարցը, որոնք համեմատ Աջարիային՝ աւելի ուժեղ դիրքերում էին գտնւում:Բայց, ինչո՞ւ օգոստ. 8-ին Հարաւային Օսեթիայում բռնկւեց պատերազմը: Արդեօք Սահակաշւիլիի համար հասունացե՞լ էր պահը՝ Հարաւային Օսեթիայի շրջանը վերագրաւելու համար:Այստեղ կը փորձենք վերլուծել Վրաստանի ու Հարաւային Օսեթիայի միջեւ առաջացած բախումների վերսկսման պատճառներն ու հետեւանքները:


Բախումների դրդապատճառներ

ա. ՆԱՏՕ-ին միանալու ցանկութիւն

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ՝ տարածաշրջանում ուժի բաց առաջացաւ եւ դրա հետեւանքով՝ Արեւմուտքը փորձեց ներթափանցելով տարածաշրջան՝ լրացնել այդ ուժի բացը: Վրաստանը անկախութիւնից յետոյ թեքւեց դէպի Արեւմուտք եւ փորձեց գործել ԱՄՆ-ի շահերի համաձայն՝ նրա հովանաւորութիւնը ապահովելու նպատակով:
Դա ակնյայտ դարձաւ 2003 թ. նոյ. 22-ին Վրաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեամբ, որով ԱՄՆ-ն ցանկանում էր, որպէս Վրաստանի նախագահ, տեսնել աւելի ամերիկամէտ ղեկավար:
Վրաստանը եւ նրա օրինակով առաջնորդւած Ուկրայինան թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ իրենց օրակարգի վրայ դրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը: Ռուսաստանը Վրաստանի եւ Ուկրայինայի ցանկութիւնը մեկնաբանում էր դէպի Արեւելք ծաւալւելու ՆԱՏՕ-ի քաղաքականութեան դրսեւորում եւ բազմաթիւ անգամներ յայտարարեց իր բողոքն ու հակառակութիւնը:
Ռուսաստանի լուրջ սպառնալիքների հետեւանքով էր, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում Ֆրանսիան ու Գերմանիան ընդդիմանալով Վրաստանի եւ Ուկրայինայի կատարած դիմումին՝ մերժեցին նրանց ընդունել ՆԱՏՕ-ի կազմում: Սոյն գագաթաժողովում Վրաստանի եւ Ուկրայինայի դիմումները մերժելու համար՝ ՆԱՏՕ-ականները առաջ քաշեցին այդ երկու երկրներում առկայ տարածքային չլուծւած խնդիրները: Այդ իսկ պատճառով՝ կարելի է ասել, թէ Սահակաշւիլին փորձեց ռազմական գործողութեամբ մէկանգամընդմիշտ լուծել Վրաստանում գոյութիւն ունեցող եւ չլուծւած տարածքային խնդիրները:
Այդ ռազմական գործողութեան յետեւում նաեւ կարելի է տեսնել ամերիկեան հրահրումները: Դրանք բացայայտ կերպով առաջացան ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Կոնդոլիզա Ռայսի յուլիսի 8-ի յայտարարութեամբ: Ռայսը խօսելով յունիս ամսում Աբխազիայի շրջանում կատարւած ահաբեկչական պայթիւնների մասին, որը վերահսկւում էր ռուսական խաղաղապահ զօրքերի միջոցով, առաջարկեց, թէ այդ շրջանում ռուս խաղաղապահ ուժերին փոխարինեն միջազգային խաղաղապահ ուժերը: Վրացական կողմը հաւաստիացնում էր, որ այդ պայթիւնները իրականացրել են նրանք, ովքեր ցանկանում են Աբխազիայում երկար ժամանակ տեսնել ռուս խաղաղապահ ուժերին: Բայց այդ՝ ահաբեկչական գործողութիւնները կարելի է մեկնաբանել այլ կերպ՝ դրա խորքում տեսնելով վրացա-ամերիկեան սադրանք՝ անջատողականների եւ ռուսների դէմ:
Ուրեմն՝ Վրաստանի ղեկավարները հիմնւելով Ամերիկայի ղեկավարութեան յայտարարութիւնների վրայ եւ նրանց Վրաստանի ներքին հակամարտութիւններում ներքաշելու նպատակով՝ դիմեցին ռազմական լայնածաւալ յարձակումների՝ նախ աւելի թոյլ օղակ համարւող Հարաւային Օսեթիայի դէմ:
Նաեւ Ռուսաստանի բազմահազար բանակի միջամտութիւնը՝ Հարաւային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ առաջացած պատերազմում, կարելի է մեկնաբանել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկութեան շրջագծում: Այսինքն՝ Ռուսաստանը Հարաւային Օսեթիային օգնութիւն ցուցաբերելով՝ պարտութեան մատնեց վրացական կողմին, որը ՆԱՏՕ-ին միանալու գործում որպէս նախապայման՝ պիտի լուծէր իր երկրում առկայ չլուծւած տարածքային հակամարտութիւնները:

բ.- Եւրոպայում տեղակայւած ԱՄՆ-ի հակահրթիռային յենակները

Չեխիայում եւ Լեհաստանում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակները խիստ զայրացրել են Ռուսաստանին: Ռուսական կողմը այդ յենակները համարում է սպառնալիք՝ իր անվտանգութեան համար եւ բազմաթիւ անգամներ յայտարարել է, որ եթէ վերջնականապէս Եւրոպայում տեղակայւեն ամերիկեան հակահրթիռային յենակները, ինչպէս էր սառը պատերազմի տարիներում, լուրջ հակազդեցութիւն կը ցուցաբերի թէ՛ Եւրոպայի, եւ թէ՛ ԱՄՆ-ի դէմ:
Այդ իսկ պատճառով՝ երբ Վրաստանում, որ անմիջական սահման ունի Ռուսաստանի հետ, տեղի ունեցաւ ամերիկեան ոճով թաւշեայ յեղափոխութիւն, Ռուսաստանը աւելի ուշադրութիւն դարձրեց Վրաստանի անցուդարձերին եւ երբ պահը Օսեթիայի պատերազմով յարմար գտաւ, լուրջ հարւածներ պարտադրեց Վրաստանին, որոնց խորքում թաքնւած էր Ռուսաստանի պատգամը՝ Արեւմուտքի համար: Ռուսաստանը Արեւմուտքին ու ՆԱՏՕ-ին այս միջոցով ապացուցեց, որ երբ իր անվտանգութիւնը վտանգւած տեսնի, լուրջ հակազդեցութիւն կը ցուցաբերի սպառնացողների դէմ:

գ.- Կոզովոյի անկախութիւն

ԱՄՆ-ի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար եւ հանրաճանաչ քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերը 1970-ին յայտարարեց, որ եթէ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին վերահսկել հէնց իր սահմաններում, զանազան դժւարութիւններ ու հակամարտութիւններ պիտի առաջացնի Ռուսաստանի փորատակում գտնւող երկրներում: Ըստ երեւոյթին, այդ ռազմավարութիւնն այսօր էլ ի զօրու է: Յետխորհրդային ժամանակաշրջանում ԱՄՆ-ն փորձեց նախկին Խորհրդային Միութեան բլոկին պատկանող տարածաշրջանը վերահսկելու նպատակով՝ այնտեղ ստեղծել բազմաթիւ, բայց փոքր երկրներ, որոնք իրենց անվտանգութիւնը կապում էին ԱՄՆ-ի հետ: Այդ ռազմավարութիւնը սկիզբ առաւ Բալկանեան շրջանից եւ այդ իսկ պատճառով՝ քաղաքական հանրագիտարանում յայտնւեց «Բալկանիզացում» տերմինը:
Կոզովոյի անկախութիւնը նաեւ պիտի տեսնել հէնց այդ «Բալկանիզացում»-ի լոյսի ներքոյ, ուր Ռուսաստանի դաշնակից համարւող Սերբիայի կազմից անջատւեց եւս մի շրջան, որը նաեւ հարուստ է իր բազմաթիւ եւ զանազան հանքերով: Ռուսաստանը Արեւմուտքին մի կերպ հակազդելու նպատակով՝ ի պատասխան Կոզովոյի անկախութեան՝ հովանաւորեց Օսեթիային ու Աբխազիային՝ ԱՄՆ-ի դաշնակից համարւող Վրաստանի դէմ առաջացած պատերազմում: Ռուսաստանի Դուման նաեւ Կոզովոյի անկախութեանը հակազդելու նպատակով՝ օրակարգ դարձրեց Հարաւային Օսեթիայի ու Աբխազիայի անկախութեան հարցը:

դ- Էներգիա

Վերջին տասնամեակում Ռուսաստանի հզօրութիւնը պայմանաւորւել է ոչ միայն նաւթի գների աճով, այլ նաեւ դէպի Եւրոպա եւ Արեւմուտք առաքւող էներգիայի խողովակաշարերի միջոցով:
Եւրոպան իր էներգիան ապահովելու գործում խիստ կախում ունի Ռուսաստանից եւ Ռուսաստանը մի կերպ այդ հանգամանքը օգտագործելով՝ փորձում է կարեւոր դիրք ապահովել միջազգային յարաբերութեան դաշտում:
Վրաստանը իր աշխարհագրական դիրքերով Ռուսաստանի համար համարւում է դէպի Արեւմուտք եւ միջազգային շուկայ գնացող ճանապարհի մի կարեւոր դարպասը: Հէնց նոյն պատճառով է, որ Վրաստանը կարեւորւում է Արեւմուտքի համար: Վրաստանը հնարաւորութիւն ունի թէ՛ Կասպից ծովի, եւ թէ՛ Կենտրոնական Ասիայի երկրների էներգիան ապահով կերպով մատակարարել Արեւմուտքին:Դա իրականացաւ Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթամուղով, որը կառուցւեց Արեւմուտքի եւ գլխաւորաբար ԱՄՆ-ի ֆինանսական օգնութիւններով: Ռուսաստանը ներկայ պայմաններում չի հանդուրժում նմանօրինակ նախագծերը, երբ նախկին Խ. Միութեան հանրապետութիւնները առանց Ռուսաստանի համոզման՝ էներգիա են մատուցում Արեւմուտքին:Ուրեմն՝ Հարաւային Օսեթիայի պատրւակով Վրաստանի դէմ իրագործւած պատերազմի ամենակարեւոր պատճառներից կարելի է համարել էներգիայի հարցը:
Կենտրոնական Ասիայի եւ Կասպից ծովի էներգիայով շահագրգռւած Արեւմուտքի կողքին ուշադրութիւն պիտի դարձնել նաեւ Իսրայէլի դերակատարութեանն ու շահագրգռութեանը:Իսրայէլը, ինչպէս նշում են նրանց իշխանաւորները, մեծ եւ լուրջ շահեր ունի՝ կապւած Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում արտահանւած էներգիայով: Նաեւ, ինչպէս որ պարզ է, Իսրայէլը փորձում է Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթամուղի միջոցով Ջէյհան քաղաք հասած նաւթը փոխադրել Աշքելոն նաւահանգիստ (նաւթային կենտրոն՝ Միջերկրական ծովի ափում) եւ այնտեղից մի խողովակաշարի միջոցով նաւթը հասցնել Իսրայէլի Էյլաթ նաւահանգիստ (Կարմիր ծովի ափում)՝ միջազգային շուկայ արտածելու նպատակով: Այդ իսկ պատճառով՝ Իսրայէլը վերջին տարիների ընթացքում փորձեց զինել եւ վարժեցնել Վրաստանի բանակը՝ դէպի Արեւմուտք հոսող էներգիայի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Այդ գործընթացում հրեայ ծագումով զէնքի վաճառական Ռոնի Միլոյին յանձնարարւեց զինել վրացական բանակը եւ այդ զինւած բանակի վարժեցումը յանձնւեց իսրայէլցի գեներալ Գալ Հերշին:
Այս բոլոր նախագծերի նախաձեռնութիւնը գտնւում է իսրայէլական «Էյլաթ-Աշքելոն խողովակաշարի ընկերութիւն» (Eilat-Ashkelon pipeline company (EAPC)) իսրայէլական նաւթային ընկերութեան ձեռքերում:Իսրայէլը այս միջոցով փորձում է միջազգային նաւթային շուկայում կարեւոր դերակատարութիւն ապահովել իր համար: Իսրայէլը այս հարցում Ռուսաստանի զգօնութիւնն ըմբռնելով՝ փորձեց Ռուսաստանին մասնակից դարձնել իր ծրագրած նախագծին, որը, ըստ երեւոյթին, մերժւել է Ռուսաստանի կողմից:Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանի էներգիայի կարեւոր հարցում տեսնել Իսրայէլին, որը կը փորձի այդ միջոցով թէ՛ ազդել նաւթի միջազգային շուկայի վրայ, եւ թէ՛ տարածաշրջանում աւելացնել իր դերակատարութեան կարեւորութիւնը:
Ռուսաստանը պատերազմական օրերի ընթացքում կատարած երկու արարքով ապացուցեց, որ դէմ է ԲԹՋ խողովակաշարին, եւ թէ՛ Իսրայէլի ներկայութեանը: Առաջինի դէպքում ԲԹՋ խողովակաշարի մի բաժինը ռմբակոծելով եւ երկրորդի դէպքում՝ վրացական օդուժի կենտրոնը, ուր իսրայէլցի բանակայինները վարժեցնում էին վրացիներին, ռմբակոծելով:

Արդիւնքներ ու հետեւանքներ

1- ԱՄՆ
- Այս պատերազմի պատճառով՝ Վրաստանը աւելի հեռացաւ Ռուսաստանից՝ դառնալով աւելի ամերիկամէտ համեմատ իր հարեւանների: Դա նպաստում է ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարութեանը:

- Նաեւ ԱՄՆ-ն պատերազմի աւարտից յետոյ փորձելու է ՆԱՏՕ-ի այլ երկրներին համոզել աւելի լուրջ մտածել Վրաստանի անդամակցութեան մասին: Դա արդարացնելու է Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքի եւ Արեւմուտքի անվտանգութեան հանգամանքներով:

- Պատերազմի հետեւանքով՝ ԱՄՆ-ն յաջողեց արագացնել արեւելեան Եւրոպայում տեղադրւող հակահրթիռային յենակների պայմանագրի հաստատումը: Լեհաստանը այդ պայմանագիրը ստորագրեց օգոստ. 15-ին:

- ԱՄՆ-ն փորձեց այս պատերազմի միջոցով համաշխարհային հանրութեան մօտ Ռուսաստանին ներկայացնել որպէս բռնագրաւիչ, ագրեսոր եւ ներխուժող:


2- Ռուսաստան
- Ռուսաստանը Վրաստանի դէմ պատերազմելով՝ Վրաստանը վերածեց անապահով երկրի՝ դէպի Արեւմուտք առաքւող էներգիայի հարցում:

- Հարաւային Օսեթիայում եւ Աբխազիայում իր ներկայութիւնը աւելի ուժեղացրած եւ նրանց անկախութիւնը քննարկող Ռուսաստանը փորձում է պատնէշ առաջացնել իր երկրի եւ Վրաստանի միջեւ, եթէ ապագայում Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնայ:

- Այս պատերազմով Ռուսաստանը Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ դրսեւորեց Նոր Ռուսաստանի պատկերը, նամանաւանդ որ յուլիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւը հաստատեց վերամշակւած «Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան դոկտրինը»: Այդ դոկտորինը Վլադիմիր Պուտինի կողմից հաստատւել էր յունիսի 28-ին, բայց ըստ վերլուծաբանների՝ այս վերամշակւած դոկտորինը լուրջ փոփոխութիւններ է ստացել:

- Այս պատերազմի միջոցով Ռուսաստանը համաշխարհային հանրութեանը պատգամեց, թէ այսուհետեւ պիտի հաշւի նստեն նաեւ Ռուսաստանի հետ եւ չփորձեն Ռուսաստանին շրջանցելով՝ դաւադրութիւն կազմակերպել Ռուսաստանի աւանդական ազդեցութեան ոլորտում գտնւող տարածաշրջանում:


3- Իրան
- Իրանը նաեւ փորձելու է օգտագործել այս պատերազմի արդիւնքներից ու հետեւանքներից: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացած ճեղքը պատճառ կը դառնայ, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին հակազդելու նպատակով՝ աւելացնի Իրանի ատոմական հարցում իր հովանաւորութիւնը:

- Իրանը նաեւ ըմբռնեց, որ ԱՄՆ-ն ու Եւրոպան երբ դէմ-յանդիման են լինում Ռուսաստանի հետ, առհասարակ կրաւորական դիրք են ստանում, նամանաւանդ ներկայ շրջանում, երբ Եւրոպան էներգիայի հարցով կախում ունի Ռուսաստանից եւ ԱՄՆ-ն մխրճւած է Աֆղանստանի ու Իրաքի ճահճում: Սրա հետեւանքով՝ եթէ Իրանը իր շահերը աւելիով կապի Ռուսաստանի հետ, նոյն չափով զերծ կը մնայ Արեւմուտքի հաւանական յարձակումներից:

Պիտի նշել, որ պատերազմի առաջին երկու օրւայ ընթացքում վերլուծաբանները պատերազմի գլխաւոր նպատակը կապում էին Իրանի հետ՝ մեկնաբանելով, որ Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին մխրճել մի տարածաշրջանային պատերազմի մէջ, որով եւ նա անկարող կը դառնայ Իրանին պաշտպանել Արեւմուտքի հաւանական յարձակումների դիմաց: Բայց եւ պատերազմի վերջին օրերում, երբ պարզւում էին պատերազմի այլ դրդապատճառները, գունաթափւեց այդ մեկնաբանութիւնը:


4- Եւրոպա
- Եւրոպան այս պատերազմի հետեւանքով՝ փորձեց աւելի կարեւոր դեր ապահովել Կովկասում: Այս ընթացքում ուշագրաւ է Ֆրանսիայի դերակատարութիւնը՝ պատերազմը կասեցնելու գործում:


Եզրափակում

Ի վերջոյ, հանդարտւեցին կովկասեան կրքերը եւ բոլոր դերակատարները փորձեցին քաղել իրենց պտուղը: Այս ընթացքում կարծես միայն անպտուղ մնացած կողմը հէնց վրացական կողմն է, որը իր անփորձ եւ երիտասարդ նախագահի սխալ հաշւարկներով՝ երկիրը սխալ ուղղութեամբ առաջնորդեց: Գերմանիայի ղեկավարութիւնը ամիսներ առաջ Սահակաշւիլիին խորհուրդ տւեցին, որ նմանօրինակ հակամարտութիւնները ռազմական լուծում չունեն, այլ նրբութեամբ ու դիւանագիտութեամբ կարելի է լուծել հարցը: Բայց, արկածախնդիր նախագահը ամբողջ յոյսը Արեւմուտքի վրայ դնելով՝ մտաւ այնպիսի գործի մէջ, որը եւ կարող է տապալել իրեն:
Այս պատերազմի մօտաւոր նպատակներն ու հետեւանքները փորձեցինք մէկտեղել այստեղ, բայց թէ այս պատերազմը հեռաւոր ապագայում ինչ հետեւանքներ կունենայ միջազգային յարաբերութիւնների վրայ, դեռեւս պարզ չէ. դա կը պարզի միայն ժամանակը:

Tuesday, August 12, 2008

Իրան-ԱՄՆ՝ պատմական երկընտրանքի առջեւ

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ


Իրանի հանդէպ «5+1» երկրների սահմանած երկշաբաթեայ ժամկէտն աւարտւեց, եւ ինչպէս բազմաթիւ վերլուծաբաններ համոզւած էին, ոչ մի աչքառու փոփոխութիւն տեղի չունեցաւ, ճիշտ այն պատճառով, որ ներկայ իրավիճակում մեծ փոփոխութիւնների ենթահողը գոյութիւն չունի: Արեւմուտքը, մասնաւորապէս ԱՄՆ-ն, մեծ խոչընդոտների դէմ-յանդիման է՛ թէ Իրանի հարցի դիմաց, եւ թէ՛ ներքին ճակատում:
Նաւթի բարձր գները այնպէս են ձեւաւորել միջազգային շուկան, որ ամենափոքր տեղաշարժն ու փոփոխութիւնը ցնցում են այդ կենսական նիւթի արդէն խարխլւած շուկան: ԱՄՆ-ում ընտրութիւնների տարի է եւ հանրապետականները գիտակցելով նաւթի գների ազդեցութեան կարողութիւնը՝ մանեւրելու մեծ տարածք չունեն: ԱՄՆ-ի ներքին տնտեսութեան անբարենպաստ պայմաններն ու դրան զուգահեռ՝ տնտեսագէտների բարձրացրած ահազանգը ինքնին շիկացրել են Ամերիկայի ներքաղաքական իրավիճակը: Այս բոլորին պիտի աւելացնել այն, թէ ոչ միայն Իրանն է ըմբռնել ԱՄՆ-ի թոյլ ու խոցելի կէտերը եւ ըստ այնմ պնդում է իր դիրքերի վրայ, այլ Ռուսաստանն ու Չինաստանն էլ ըմբռնելով ԱՄՆ-ի փխրուն դրութիւնը՝ փորձում են մի կերպ հրաժարւել նրա հետ համագործակցելուց:
Ի դէպ Իրանի պահակազօրայինների հրամանատար Մոհամմադալի Ջաըֆարիի կողմից կատարւած վերջին յայտարարութիւնները, ինչպիսին են արդի հակածովային հրթիռների ստեղծումն ու Հորմոզ նեղուցի հաւանական փակումը՝ Իրանի կողմից, չենք կարող պատահական համարել, այն էլ ճիշտ այն օրը, որ Իրանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին պիտի հեռախօսազրոյց ունենար Սոլանայի հետ:Այս ընթացքում եւրոպացիներն էլ յատուկ ցանկութիւն չունեն Իրանի դէմ տագնապներն ու ճնշումները զարգացնելով՝ լուրջ եւ աւելի խիստ պայմաններ առաջացնել Թեհրանի համար, որովհետեւ համոզիչ պատճառներ չեն գտնում այդ քայլի համար:

Եւրոպան իր էներգիան ապահովելու գործում խիստ կախւած է Ռուսաստանից, որը լուրջ վտանգում է ամբողջ Եւրոպայի էներգիայի անվտանգութիւնը, եւ Եւրոպան դա գիտակցելով չի ցանկանում Իրանը՝ որպէս էներգիայի ապահովման լուրջ տարբերակ, մխրճւի այնպիսի դաժան պայմաններում, որը եւ էներգիա մատակարարելու գործում անկարող դառնայ: Իրանի դէմ Իսրայէլի կատարած յորդորները համոզիչ դրդապատճառ չեն նկատւում Եւրոպայում՝ Իրանի դէմ լուրջ գործողութիւններ իրականացնելու խնդրում:

Անհերքելի իրականութիւն է թէ ինչքան Արեւմուտքն ու ԱՄՆ-ն Իրանի դէմ աւելացնեն իրենց ճնշումները՝ նոյնքան Իրանում կը հզօրանան հակաարեւմուտք ու հակաամերիկեան ուժերը, որը եւ սրելու է երկկողմ յարաբերութիւնները: ԱՄՆ-ի ներկայ իշխանութիւնները, Իրանի դէմ կատարւած քաղաքական ու տնտեսական շրջափակումները արդարացնելու նպատակով, փորձում են ներկայացնել Լիբիայի օրինակը, երբ խիստ շրջափակումների հետեւանքով՝ Լիբիայի նախագահ Մուաամմար Ղազզաֆին 2003 թւականին դադարեցրեց իր երկրի ատոմական աշխատանքները եւ այդ քայլին ի պատասխան՝ ԱՄՆ-ն Լիբիայի անունը դուրս հանեց «չարութեան առանցք երկրների» ցանկից:

Ռուս վերլուծաբան Անդրէյ Ֆեդիաշինը մի ուշագրաւ ուսումնասիրութեամբ, որը հրապարակւեց օգոստ. 1-ին, քննարկել է այն հարցը թէ արդեօք Արեւմուտքի ճնշումների ու շրջափակումների հետեւանքով էր, որ Ղազզաֆին ծունկի եկաւ: Պատասխանը, ըստ Ֆեդիաշինի, միանշանակ է, ոչ:

Լիբիան 17 տարւայ (1986-2003) ընթացքում շրջափակման մէջ էր: Շրջափակումները 1986-ին սկիզբ առան, երբ Բեռլին քաղաքում պայթեց մի գիշերային ակումբ, ուր զոհւեցին ամերիկացի երեք զինծառայող: Սկիզբ առած շրջափակումները խստացան, երբ 1988-ին Շոտլանդիայի Լաքերբի աւանի երկնքում պայթեցւեց «Պանամերիքան» օդանաւը, ուր զոհւեցին 270 ուղեւորներ: Եւրոմիութիւնը եւ ՄԱԿ-ն 1991-ից սկսեալ՝ լուրջ շրջափակումներ սահմանեցին Լիբիայի համար:Յիշեալ ընթացքը մինչեւ 2003 թ. շարունակւեց: Այդ թւականին Ղազզաֆին նոր դիրքորոշումների յայտարարութեամբ՝ յարմար ենթահող պատրաստեց՝ շրջափակումները կասեցնելու համար եւ այդ ուղղութեամբ նախ 2003-ին կասեցւեցին ՄԱԿ-ի եւ յետոյ 2005-ին ԱՄՆ-ի սահմանած շրջափակումները՝ Լիբիայի նկատմամբ: 2006 թւականին էլ Լիբիան դուրս հանւեց ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութեան «չարութեան առանցք երկրներ» ցանկից:Այն, ինչ, Ֆեդիաշինը իր ուշագրաւ ուսումնասիրութեան մէջ մատնանշում է, այն է, որ ոչ թէ Արեւմուտքի սահմանած շրջափակումները պատճառ եղան, որ Ղազզաֆին կասեցնի իր երկրի ատոմական աշխատանքները, այլ այն, ինչ որ պատճառ դարձաւ, որ Լիբիան վերանայի իր քաղաքականութիւնները, Սպիտակ տան ուղղակի բանակցութիւններն էին՝ երկրի նախագահ Ղազզաֆիի հետ, այն, ինչ այսօր ԱՄՆ-ն հրաժարւում է կատարել Իրանի նկատմամբ:

2003-ին, երբ Լիբիան միջազգային ահաբեկչութեան հովանաւոր երկրի կարգավիճակից վերածւեց «քաղաքակիրթ» երկրի, Լիբիայում աշխատում էին աւելի քան հարիւր նաւթային ընկերութիւններ, որոնցից ոչ մէկը ամերիկեան չէր: Այդ իրավիճակը զաւեշտալի էր ԱՄՆ-ի համար, յատկապէս ամերիկեան «Ստանդարտ օյլ» (ներկայում՝ «Էքսոն մոբիլ») ընկերութեան համար, որը 1959-ին առաջին անգամ Լիբիայում յայտնաբերեց մեծածաւալ նաւթային հորերը:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ամերիկեան NBC հեռուստաալիքի հետ ունեցած իր բացառիկ հարցազրոյցի ընթացքում խօսեց Իրանում ԱՄՆ-ի դեսպանատան բացման մասին: Նա Բրայան Վիլիամզի հարցին, թէ արդեօք կո՞ղմ էք Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան գրասենեակի բացմանը, նրբութեամբ պատասխանեց, թէ այսօր Իրանում գործում է նմանօրինակ գրասենեակ, դա կատարում է Շւէյցարիայի դեսպանատունը, եւ եթէ նոր առաջարկ պիտի լինի, դա դեսպանատուն հիմնելու շուրջ կարող է լինել: Մի խօսքով՝ Իրանը դէմ չէ երկկողմ յարաբերութեան բարելաւման փուլային տարբերակին:

ԱՄՆ-ի ներկայ քաղաքականութիւնը՝ Իրանի նկատմամբ, որը հիմնւած է ուրանի յագեցման կասեցման նախապայմանի վրայ, միայն ջուր է լցնում երկու կողմի, ինչու չէ նաեւ երեք կողմի (գումարել Իսրայէլին) ծայրայեղականների ջրաղացին: Բայց, հակառակ դէպքում՝ երկկողմ բանակցութիւնը, այն էլ առանց նախապայմանի, կը դժւարացնի երկկողմ ծայրայեղական ուժերի գործը եւ այդ դէպքում՝ Իսրայէլը նաեւ կը զրկւի շատ կարեւոր խաղաքարտից՝ ամերիկացի դիւանագէտներին ճնշելու ուղղութեամբ: Ապացոյցի համար կարելի է յիշատակել Իրանի ատոմական կենտրոնի պատասխանատու եւ նախագահի խորհրդական պրն. Աղազադէի խօսքերը, որոնք անցեալ ամսւայ ընթացքում Վիեննայում ասաց ԱԷԿ-ի պատասխանատու Ալբարադէիին, թէ «Արեւմուտքը թող բանակցութիւնները սկսի Իրանի հետ եւ հաւանական է, որ մեծ թւով խնդիրներ՝ կապւած Իրաքին, Լիբանանին եւ նաւթի գներին, լուծւեն»:Այս բոլորով հանդերձ երկու կողմերը նաեւ կարող են այլ ձեւ լուծել միմեանց խնդիրները, ինչպիսին է՝ սպառնալիքով, վախեցնելով եւ դրանց արդիւնքում նաեւ պատերազմով, որոնց հետեւանքով՝ ոչ միայն Իրանն ու ԱՄՆ-ն կը վնասւեն, այլ ամբողջ աշխարհը երկար տարիներ կը տուժի այդ պատճառով:

Monday, August 11, 2008

Հետաքրքիր գովազդներ

Բոլորս շատ լաւ գիտենք, որ գովազդները եթէ մտածւած են լինում, ինչքան աւելի շատ են ազդում ժողովրդի վրայ, քան դադարկ քարոզներն ու ճառերը:


Մարդու իրաւունքն ու Չինաստանը

Հեղձանք

Մանուկ մնացած վարձկան մանուկները

Մանուկները խիստ ազդւում են ծնողների ծխելուց


Կանգառ արբեցող վարորդների համար



Մեքենավարութեան ժամանակ բջջային հեռախօսի հետ խօսելու հետեւանքը

Գերութեան հետեւանքները


Կրկին գերութեան հետեւանքները


Որկրամոլութիւն

Իւրաքանչիւր մանուկ ընտանիքի կարիք ունի

Իւրաքանչիւր մանուկ ընտանիքի կարիք ունի

Աղքատների ճաշարան


Օգնենք չքաւորներին

Տարեկան 8 միլիոն մարդ է զոհւում խմելու ջրի չգոյութեան հետեւանքով

Տարեկան 8 միլիոն մարդ է զոհւում խմելու ջրի չգոյութեան հետեւանքով

Sunday, August 10, 2008

Google Map-ը եւ մեր տարածաշրջանը

Google Map կայքէջը, Հարաւային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ ծայր առած պատերազմի երկրորդ օրը իր կայքէջից հանեց Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի քարտէզների մանրամասնութիւնները:
Ըստ վերլուծաբաններին, Google ընկերութիւնը սա կատարել է ռուսերին ստրատեկիական քարտէզներից զրկելու նպատակով:



Saturday, August 09, 2008

Մեկնարկեցին Օլիմպիական 29-րդ խաղերը


Այլ նկարներ
-------------------
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10 - 11 - 12 - 13 - 14 - 15 - 16 - 17 - 18 - 19 - 20

Tuesday, July 29, 2008

Պայթիւն Թուրքիայում


Վոլիբոլ

Wednesday, July 23, 2008

Հեծելարշաւ

Այժմ Ֆրանսիայում կայանում է Ֆրանսիայի հեծելարշաւի 95-րդ մրցարշաւը՝ որը սկսել է յուլիսի 5-ին եւ աւարտւելու է յուլիսի 27-ին: Նշելի է, որ Ֆրանսիայի հեծելարշաւը, աշխարհի ամէնամեծ եւ յայտնի մարցաշարներից է:
Այս նիւթը ներկայացնելու նպատակը, դրա գեղեցիկ բնութիւնն է: Յոյսով, որ յաճոյք ստանաք:












Saturday, May 31, 2008

Հայաստանի ժողովուրդը պիտի պաշտպանի նորընտիր իշխանութեանը

Մէկ անգամ եւս առիթ ունեցանք հանդիպել Իրան-Հայաստան բարեկամական միութեան վարիչ մարմնի անդամ եւ «Նոր հայեցակարգ» ռազմավարական ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն՝ դոկտոր Միրղասեմ Մօմենիի հետ եւ զրուցել Հայաստանեան մի շարք խնդիրների շուրջ, որը կը ներկայացւի ստորեւ:

Արթին Առաքելեան


Հ: Պարօն Մօմենի ինչպէ՞ս էք գնահատում հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նախագահական ընտրութիւններից յետոյ:

Պ: Այն ինչ, որ պարզ է իւրաքանչիւր ընտրութիւն ի վերջոյ ունենում է միայն մէկ յաղթական կողմ, որը շահում է քւէների մեծամասնութիւնը ու պարտւող կողմեր, որ իրենց չի յաջողւում շահել բաւարար քւէներ. Սա ընտրութիւնների բնական իրավիճակն է: Որոշ երկրներում գործող կուսկցութիւնները ընտրութիւններից յետոյ ընդունում են յայտարարւած պատկերը բայց եւ որոշ երկրներում էլ պարտւող կողմերը զանազան խախտումներ զեկուցելով, բողոքում են վերջնական արդիւնքների դեմ, որը կամ լաւագոյն պարագային բողոքը հետապնդւում է դատական ատեանների միջոցով եւ կամ այդ բողոքները ստանում են զանազան ցոյցերի կարգավիճակ, որի արդիւնքում նաեւ չի բացառւում անկարգապահ արարքները: Բայց այն ինչ, որ ներկայում կարեւոր է, այն է, որ Պր. Սարգսեանը մի ընտրութեան հետեւանքով, որը նաեւ հաստատւել է միջազգային զանազան դիտորդների կողմից, ընտրւել է որպէս երկրի նախագահ: Իրականութեան մէջ կարելի է ասել, որ հիշեալ բողիքի ցոյցերը ժամանակաւոր ցոյցեր էին, որը կազմակերպւել էին ընդդիմադիր հոսանքների կողմից նոր ընտրւած իշխանութիւններից աւելի մեծ իրաւունքներ ու արտօնութիւններ իրենց օգտին խլելու նպատակով:
Ինչպէս որ գիտենք բոլոր դեմոկրատ երկրներում էլ նմանօրինակ քաշքշուկներ առաջանում են, բայց երբ արդիւնքների ճշգրտութիւնը ապացուցւում են ու բոլոր դիտորդները, թէ տեղական եւ թէ միջազգային, հաստատում են դրանք, բոլոր կողմերը փորձում են անցնել աշխատանքի, իրենց լուման ներդնելով երկրի զարգացման գործընթացում, ի շահ ազգաին շահերին ու նպատակներին: Այդ ձեւը չի բացառւում նաեւ Հայաստանում: Հայաստանի ժողովուրդը պիտի պաշտպանի նորընտիր իշխանութեանը եւ փորձի հնարաւորինս հանդարտ պահել երկրի ներքաղաքական իրավիճակը, նկատի ունենալով, որ հայաստանն այսօր գտնւում է ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն կարգավիճակում եւ ներքին անկայունթիւնը շահագործութեան առիթ կը տայ դրսի ուժերին հայաստանը ճնշելու եւ հարւածելու ուղղութեամբ, որը նաեւ շահաւետ չէ հայաստանի ժողովրդի համար:

Հ: Ադրբեջանը շարունակում է մերժել ղարաբաղի հետ ուղղակի բանակցութիւնները եւ մերթ ընդ մերթ ռազմաշունչ յայտարարութիւններ է կատարում, ղարաբաղը յետ գրաւելու ուղղութեամբ: Արդեօ՞ք ներկայ պայմաններում պատերազմի վերսկսման հաւանականութիւն նկատում էք:

Պ: Պիտի ասեմ, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղի նկատմամբ ռազմաշունչ յայտարարութիւններն աւելի քաղաքական-կուսակցական եւ աւելի ճիշտ ընտրական յայտարարութիւնների բնոյթ ունեն եւ չեն համապատասխանում իրականութեան հետ: Ներկայ իրավիճակում ոչ Ադրբեջանի իշխանութիւնը պատերազմի հնարաւորութիւնն ունի եւ ոչ էլ ադրբեջանցիներն ու միջազգային հանրութիւնը նմանօրինակ ցանկութիւններ ունեն եւ ինչպէս, որ նախորդ հարցազրոյցում ասացի ղարաբաղի հիմնական հարցը բանակցութիւնն է, այն էլ ուղղակի եւ ոչ միջնորդների միջոցով, որը տարածաշրջանում հետապնդում են իրենց շահերը: Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւններն ու ժողովուրդները չպիտի յոյս դնեն դրսի ուժերի վրայ, այլ ուղղակի բանակցութիւնների միջոցով, ի վերջոյ պիտի կարողանան լուծել ղարաբաղի հակամարտութիւնը:

Հ: Դրանով հանդերձ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է ու Իրանի եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը կովկասի տարածաշրջանում, ինչպէ՞ս էք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցութիւնները:

Պ: Ինչպէս, որ գիտեք, այսօր ԱՊՀ-ի զանազան երկրներ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ եւ մի քանիսը՝ ինչպէս Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուկրայնիան ցանկանում են անդամակցել այդ պայմանագրին: Բայց իրականութեամն մէջ մենք պիտի տարածաշրջանի անվտանգութեան կառուցւացծը նկատի ունենանք: Ես չեմ կարծում, որ Հայաստանի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին, հաշտ լինի տարածաշրջանի անվտանգութեան կառուցւածքի հետ: Նաեւ պիտի աւելացնեմ, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի կանօնների համաձայն, պատերազմական կարգավիճակ ունեցող որեւէ երկիր չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին եւ որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղութեան պայմանագիր չեն կնքել միմեանց հետ չեն կարող անդամակցել սոյն պակմանագրին: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցութիւնների ներկայ մակարդակը կարծում եմ թէ ընդունելի լինի բոլորի համար: Հայաստանը այդ միջոցով իր հարաբերութիւնները բարեկամական մակարդակում կը պահի նաեւ Արեւմուտքի հետ:

Հ: ԱՄՆ էներգետիկայի նախարարութեան Ազգային վերականգնողական էներգետիկայի կենտրոնի գլխաւոր խորհրդական՝ Գնել Դուրեանը «ԵՈՒՊ»-ի հետ ունեցած իր հարցազրոյցի ընթացքում, անդրադառնալով Իրանի ատոմական խնդրին, յայտարարել է թէ իրանը մտադիր է ատոմակայանի կարիքներից աւելին, զտել ուռանը որի արդիւնքում հնարաւորութիւն կունենայ ստեղծել ատոմական զէնք: ԱՄՆ դա համարում է որպէս սպառնալիք: Արդեօք մի երկրի մտահոգութիւնները, որը ատոմական զէնքերի ամէնահարուստ պահեստներն ունի, իրական են թէ լոկ պատրւագ է ատոմական էներգիայի գիտութեանը ձկտող երկրներին, այս պարագային իրանին ճնշելու համար:

Պ: Իրանը Իսլամական յեղափոխութիւնից յետոյ բազմաթիւ գիտութիւնների ոլորտներում կարեւոր առաջադիմութիւններ ու զարգացումներ է ձեռք բերել, որոնցից ամէնակարեւորը կարելի է նշել ատոմական էներգիայի գիտութիւնը: Դժբախտաբար այսօր գերուժերը այնպէս են նախապատրաստել միջազգային հանրութեան միտքը, թէ ատոմական էներգիայի մասին խօսելիս անմիջամէս ատոմական ռումբ են մտաբերում: Բայց պիտի ասեմ, որ որեւէ երկրի համար ատոմական էներգիայի գիտութիւնը հատկանշւում է որպէս գիտութիւնների գագաթնակետ: Եթէ ատոմական էներգիայի գիտութիւնը համարենք 100% , դրա 10%-ը միայն զինւորական գործածութիւն ունի եւ մնացեալ 90%-ը օգտագործւում է խաղաղասիրական ոլորտներում, ինչպիսին են բժշկութիւն, հողամշակութիւն, ֆիզիկա, քիմիա, ճարտարարւեստ եւ այլն: Այո ԱՄՆ-ն մտահոգութիւն է յայտնում իրանի ատոմական ձեռքբերումների համար, բայց նաեւ պիտի իրանի իրավիճակը նկատի ունենայ: Իրանը հասկայածաւալ եւ զարգացող երկիր է, որը իր կարիքները հոգալու համար խիստ կարիք ունի արդի գիտութիւններին: Իրանը իր զարգացման գործընթացում չի կարող նաւթից կախւած մնայ:
Բայց եթէ Գնել Դուրեանը մտահոգւած է իրանով, իրեն պիտի ասեմ թէ Իսրայէլը որը NPT-ի (ատոմական զէնքերի տարածման դեմ պայմանագիր) անդամ չէ եւ չի յարգում ԱԷԿ-ի պայմանները, մօտ 300 ատոմական մարտագլխիկ ունի: Նա թող մտահոգւի Իսրայէլով եւ ոչ իրանով, որը թէ ԱԷԿ-ի անդամ է եւ թէ NPT-ի բոլոր պայմանները գործադրող: Այսօր բազմաթիւ երկրներ ատոմական էներգիայի գիտութիւններն ունենալով ատոմական զէնք ստեղծելու հնարաւորութիւն ունեն, արդեօք կարելի է մի երկրի, լոկ ատոմական գիտութիւններ ձեռք բերելու դրդապատճառով մեղադրել ատոմական զէնք ստեղծելու մեղադրանքով: Դժբախտաբար մենք հանդիպում ենք ԱՄՆ-ի եւ Եւրոպայի զանազան գիտնականների, որը տրամաբանական ու գիտական մտածելակերպի փոխարէն միայն քաղաքական ակնոցով են դիտում իրականութիւնը եւ իրանի ատոմական խնդիրը նաեւ գիտական խնդիր է եւ ոչ քաղաքական: Այս բոլորից անկախ, այսօրւայ աշխարհում ատոմական ռումբը ոչ մի դերակատարութիւն չունի քաղաքական հաշւարկներում: Սառը պատերազմի օրերին մենք տեսանք, որ ԱՄՆ եւ ԽՄ մօտ 3000 ատոմական ռումբ ունենալով հանդերձ, դրանք չօգդագործեցին միմեանց դեմ:
Պիտի աւելացնեմ նաեւ, որ ԱԷԿ-ի կանօնագրի 4-րդ կէտի համաձայն ատոմական էներգիայի գիտութիւններից օգդագործելը բոլոր երկրների իրաւունքն է համարւում եւ այդ գիտութիւններին ձեռք ձգաց երկրները այդ գիտութեանը ձգտող երկրներին պարտաւոր են օգնել: Արդեօք հնարաւոր է աշխարհը խտրականութեամբ ղեկավարել, այսինքն մի քանի երկրներ վայելեն ատոմական գիտութիւնը եւ միւս երկրները կախւած մնան նրանից: Սրա իմաստը խտրականութիւն է, որը դատապարտելի է բոլորի կողմից:

Հ: Պրն. Դուրեանն իր հարցազրոյցի ընթացքում յայտարարում է թէ «Մեծամօրի ատոմակայանի գործունեութեան դադարեցումը Հայաստանում կարող է ստեղծել էներգետիկ ճգնաժամ, ինչը հնարաւոր է կանխել միայն ջրածնի կիրառմամբ»: Ձեր կարծիքով այսօրւայ միջազգային մակարդակում առկայ էներգիայի լուրջ տագնապներով, հնարաւո՞ր է մի երկրի կարիքները հոգալ միայն ջրածնի եւ կամ այլ վերականգնողական էներգիաների միջոցով:

Պ: Ես չգիտեմ թէ պրն. Դուրեանը ինչքանով է ուսումնասիրել հայաստանի կարողութիւններն ու հնարաւորութիւնները: Հայաստանը իր տարածքով համարւում է մի փոքր բայց զարգացող տնտեսութիւն ունեցող երկիր, որը եւ զուրկ է նաւթի ու գազի բնական աղբիւրներից: Դրան պիտի աւելացնել այն իրականութիւնը, որ երկրի երկու սահմանները փակ են եւ բնականաբար Կասպից ծովի նաւթին ձեռնահասութիւն չունի: Գալով վերականգնողական էներգիաների հարցին պիտի ասել թէ անձնապէս թերահաւատ եմ թէ իրոք հայաստանը կարող է ջրածնի միջոցով ապահովել իր էնրգիայի բոլոր կարիքները: Այս բոլորից անկախ, Հայաստանը մի անկախ երկիր է եւ անկախութիւնը միայն քաղաքական անկախութեամբ չի բնորոշւում այլ կարեւոր դերակատարութիւն ունի նաեւ տնտեսական անկախութիւնը: Հայաստանի հանրապետութիւնը տարիների փորձառութիւն ունի ատոմական էներգիայի արտադրութեան, արտածման եւ օգտագործման գործում: Իմ կարծիքիվ ներկայում հնարաւոր է բարենորոգել Մեծամօրի ատոմակայանը եւ կամ միջազգային ֆինասաւորումներով, կառուցել մի նոր եւ արդի ատոմակայան: Հայաստանը փոքր երկիր է եւ եթէ չյաջողի էներգիայի որլորտում անկախութիւն ունենալ, միշտ կախւած պիտի լինի այլ երկրնըրին եւ արդիւնքում կը դառնայ այդ երկրների գերին:
Ատոմական էներգիայի գիտութիւններով օժդւածութիւնը կարելի է համարել մի երկրի զարգացման կարեւոր ազդակներից մէկը եւ եթէ հայաստանը ձգտում է հասնել ազատ, անկախ եւ զարգացած տնտեսութեանը ուրեմն պիտի խիստ կարեւորութիւն դարձնի ատոմական էներգիայի գիտութեանը, որովհետեւ այսօր ճարտարագիտութեան բոլոր ասպարէզները խիստ կարիք ունեն էլեկտրականութեանը եւ այդ կարեւոր կարիքը հոգալու համար հնարաւոր չի ապաւինել միայն ջրածնին եւ այլ ուրիշ վերականգնողական էներգիաներին:

Հ: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում մի տեսակետ գոյութիւն ունի որը ասում է թէ հնարաւոր է հայաստանում կառուցել մի նոր ատոմակայան կոմպլեմենտար սկզբունքով, այսինքն, վառելանիւթը ստանալ Ռուսաստանից, տեխնոլոգիան Ֆրանսիայից եւ ֆինանսը ԱՄՆ-ից: Ձեր կարծիքով նմանօրինակ նախագիծը նպատակահարմա՞ր է:

Պ: Այսօրւայ իրականութեան մէջ ԱՄՆ, Եւրոպան եւ Ռուսաստանը զանազան այլ հարցերում իրար հետ տարակարծութիւն ունեն, ուրեմն ինչպէ՞ս հնարաւոր է այդ երեքի հետ համարգործակցել մի ընդհանուր նախագծի շուրջ եւ հասնել դրական արդիւնքների. Լաւագոյն դէպքում դառնալու է Իրանի Բուշեհրի ատոմակայանի նման: Եթէ նոր ատոմակայանի կառուցման կարիքները հոգալու նպատակով դիմեն երեք տարակարծիք երկրների, որը բոլորս գիտենք թէ նրանք մեր տարածաշրջանում իրարամերժ շահեր են հետապնդում, արդիւնքում հայաստանը կախւած կը մնայ ոչ թէ մէկ այլ երեք երկրից: Պատկերացրեք թէ ինչ իրավիճակ է առաջանալու: Այո, այդ երկրները ատոմական գիտութիւններ ունեն եւ կարող են ցանկացած երկրի օգնել այդ ուղղութեամբ, բայց վերոյիշեան նախագծով նրանք փորձում են զանազան ճնշամիջոցներ ձեռք բերել հայաստանում, որը իմ կարծիքով դա լիովին իրենց օգտին է եւ հայաստանի ժողովրդի վնասին:
Այդ նախագիծը կարող է թղթի վրայ շատ հետաքրքիր լինել բայց տրամաբանական եւ իրատեսական առումով, ինչպէս պատմական փորձն է ապացուցել, հնարաւոր չէ իրագործել դա:

Հ: Այս խնդրում Իրանը ի՞նչ ձեւերով կարող է օժանդակել Հայաստանին:

Պ: Իրանը յայտարարել է թէ ձեռք է բերել ատոմական գիտութիւններ եւ պատրաստ է այդ գիտութիւնները խաղաղասիրական աշխատանքների նպատակով փոխանցել այլ երկրներին: Նախագահ Ահմադինեջադը բազմիցս յայտարարել է թէ «իրանը ատոմական գիտութիւնների ոլորտում պատրաստ է օժանդակել իր բոլոր հարեւններին», այդ հարեւնների շարքում է նաեւ Հայաստանը, որը նաեւ տարածաշրջանում համարւում է իրանի ռազմավարական կարեւոր դաշնակիցներից մէկը: Իրանի համար մեծ ուրախութիւն եւ հպարտանք է, որ հնարաւորութիւն ունի իր խաղաղասիրական ատոմական էներգիայի գիտութեամբ օժանդակել հարեւան երկրներին:

Monday, April 28, 2008

Նաւթը եւ ԱՄՆ-ի ապագան

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

«Ինչ տեսակ նախագուշակութիւններ, որ նաւթի ապագայի համար տեղի ունենան, մի հարց պարզ է բոլորին, որ այլեւս աւարտւել է էժան նաւթի ժամանակաշրջանը»: Սա «Շորան» նաւթային ընկերութեան գործադիր վարիչ Դէյւիդ Օրայլիի խօսքերն են:
ԱՄՆ-ում 200 միլիոն ինքնաշարժ օրական կուլ են տալիս 9,3 միլիոն տակառ նաւթ: Ընդհանուր նաւթի սպառումը մէկ օրւայ մէջ ամբողջ աշխարհում կազմում է 85 միլիոն տակառ, որի 21 միլիոնը սպառւում է միայն ԱՄՆ-ում: Մէկ խօսքով՝ ամբողջ աշխարհի սպառւած նաւթի 10 %-ը միայն կլլում են ամերիկացիների ինքնաշարժները: «Նաւթի գագաթնակէտ» տեսութիւնը մեզ ասում է, որ նաւթի արտահանումը մի որոշակի կէտում սկսւելու է նւազել: Բազմաթիւ գիտնականներ համոզւած են, որ աշխարհը այլեւս անցել է այդ որոշակի կէտից:
Ուրեմն՝ կարելի է ենթադրել, թէ դեռ 40 տարի նաւթի աւարտին ժամանակ կայ, եւ մինչեւ այդ թւականը վստահ՝ գտնւելու է մի նոր այլընտրանք: Բայց, այդպէս չէ: Այստեղ կը փորձեմ մի օրինակով ապացուցել դա. ինչպէս գիտէք, մարդու մարմնի 70%-ը կազմւած է ջրից: Պարզ ասած՝ մի 90 կգ. քաշ ունեցող անհատի մարմնի 60 կգ.-ը կազմւած է ջրից: Արդեօք ենթադրում էք՝ եթէ այդ անհատը պէտք է ջրի պակասից մահանայ, պէտք է 60 կգ. ջուր կորցնի իր մարմնից: Ո՛չ. միայն 5 կգ. ջրի կորուստը իւրաքանչիւր անհատի մահւան պատճառ կը դառնայ: Արեւմուտքի տնտեսութեան խոցելիութիւնն ու դիւրաբեկութիւնն էլ ճիշտ այդպէս է: Ընդհանուր պահանջարկից միայն 10-15 տոկոս պակասութիւնը այդ երկրներին մատնելու է տնտեսական ու հասարակական լուրջ ճգնաժամի:
1973 թւականի նաւթային ցնցման հետեւանքով, որը առաջացաւ Սաուդական Արաբիայի ու Քուվէյթի նաւթի արտահանման 5%-ի նւազումով ու նաւթային ընկերութիւնների միջամտութեամբ, նաւթի գները չորս անգամ բարձրացան: Բայց, խնդիրն այն է, որ յիշեալ ցնցումը շինծու էր ու ժամանակաւոր եւ հետեւանք էր 70-ականների քաղաքական ցնցումների (արաբ-իսրայէլական պատերազմ եւ Իրանի Իսլամական յեղափոխութիւն): Բայց, ներկայ ժամանակաշրջանի նաւթային ցնցումը միջազգային առաջարկ եւ պահանջարկի հետեւանքով է, մնայուն եւ շարունակական:
Երբեմն ժողովուրդը մտածում է՝ եթէ նաւթի գները սղաճ արձանագրեն, ծայրայեղ պարագայում բոլորը կօգտւեն ոչ-նաւթային ինքնաշարժներից: Բայց, նաւթի դերակատարութիւնը վեր է այս բոլորից: Արդի սննդական ճարտարարւեստի արտադրման ամէն քայլափոխին նաւթը կենսական դերակատարութիւն ունի: Ամէն մէկ կալորի սնունդի համար, որ օգտագործւում է ժողովրդի կողմից, 10 կալորի ընդյատակեայ վառելանիւթ է ծախսւում: Ըստ ԱՄՆ-ի հողամշակութային նախարարութեան տւեալների՝ իւրաքանչիւր ամերիկացի մէկ տարւայ ընթացքում իր սնունդը ապահովելու նպատակով՝ օգտագործում է 1500 լիտր նաւթ եւ ընդյատակեայ այլ վառելանիւթեր: Ուրեմն՝ ամերիկացիները տարեկան 500 միլիարդ լիտր վառելանիւթ միայն ծախսում են սննդամթերքի ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ՝ մօտաւորապէս բոլոր արտադրողական ճարտարարւեստը, փոխադրամիջոցները եւ հողամշակութիւնը կախում ունեն նաւթից եւ ինչպէս մեծ թւով տնտեսագէտներ համոզւած են, «դրամը» մի խորհրդանիշ է, որի իմաստը նաւթի փոխադրումն է մի ձեռքից միւսը:
Նաւթի ապագայի մասին կարելի է երկար խօսել, բայց կը նախընտրեմ ձեզ ծանօթացնել ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ գիտնական Ռասկօ Բարթլետի խօսքերին: Նա ասում է. «Աշխարհի բոլոր նաւթային տնտեսած պահեստները կազմում են 1000 միլիարդ տակառ: Այս պաշարը մէկ ակնթարթում մեծ է թւում, բայց նկատի ունենալով միջազգային սպառման ծաւալը, որը օրական 83.5 միլիոն տակառ է, այն կարծիքի ենք, թէ միայն 40 տարւայ համար նաւթ գոյութիւն ունի: 1960-ից մինչեւ 1980 թւականները նաւթի արտահանման ծաւալը գերակշռում էր դրա սպառման ծաւալին: Բայց, 1982-ից յետոյ նաւթի սպառման ծաւալը գերակշռեց դրա արտահանմանը եւ դա շարունակւել է մինչ այսօր: Այսօր մենք ամէն 6 տակառ նաւթի սպառման դիմաց միայն մէկ տակառ ենք արտահանում: Մենք դէպի ո՞ւր ենք գնում»:
Մաթ Սաւինարը, որ այս ուղղութեամբ ծաւալուն ուսումնասիրութիւններ է կատարել, յայտարարում է, թէ «Շուտով այս քաղաքակրթութիւնը, որին ծանօթ ենք, հասնելու է իր աւարտին»: Սա կրօնական կամ աղանդաւորական նախատեսութիւն չէ, այլ բարձրաստիճան գիտնականների եզրակացութիւնն է: Նրանց համոզմամբ՝ «ԱՄՆ-ն ծաւալուն պարտքեր ունի, որը պիտի վճարի եւ այդ բոլորը պայմանաւորւած է տնտեսական աճով: Բայց, ԱՄՆ-ի տնտեսութեան գրեթէ բոլոր ոլորտները կախում ունեն նաւթից»:
Իրականութիւնն այն է, որ այլընտրանքային վառելանիւթի մասին ուսումնասիրութիւնները հիմնական են համարւում, բայց պիտի նկատի ունենալ, որ մինչեւ այդ ուսումնասիրութիւնների աւարտը՝ նաւթի արտահանման աչքառու նւազումը, ինչպէս որ Մաթ Սաւինարն է յայտարարել, ձեւափոխւելու է ներկայ քաղաքակրթութիւնը:
Նաւթի աւարտով ամերիկացիների սանձարձակ տեղափոխումները, որոնք գլխաւորաբար կատարւում են օդանաւերի միջոցով, հասնելու են իրենց աւարտին եւ կամ նւազագոյնի են իջնելու: Ատոմական արեգակնային, հողմային ու բիոդիզել էներգիաները անկարող են ԱՄՆ-ի տուրիստական ճարտարագիտութիւնը ողջ պահել: ԱՄՆ-ում ժողովուրդը շարունակելու է ապրել, բայց կենսաձեւը այլ կերպ է լինելու: Այլեւս օդանաւով տեղափոխութիւնը դառնալու է սահմանափակ անհատների կեանքի զարդարանքն ու շքեղութիւնը: Դրա հետեւանքով՝ ԱՄՆ-ի տնտեսութիւնը զրկւելու է տարեկան աւելի քան 600 միլիարդ դոլար եկամտից: ԱՄՆ-ի ժողովրդի զւարճանքն ու հանգստութեան ձեւերը այլեւս լասվեգասեան աննպատակ մսխումներ չեն լինելու: Տեղափոխութիւնը սահմանափակելով՝ զարգանալու է ապակենտրոն հողամշակութիւնը (այսօր ԱՄՆ-ում իւրաքանչիւր սննդամթերք միջին հաշւով 2500 կմ. ճամբայ է կտրում՝ մինչեւ սպառողի ձեռքն է հասնում): Այդ ձեւափոխութեան ընթացքում ժողովուրդը պարտադրաբար աւելի փոքր համայնքներում եւ քոլոնիներում կը համախմբւեն եւ առհասարակ «մարդը» սպառողական կենսաձեւի անվերջ փնտրտուքից յոգնած՝ հանդարտւելու է:
Այստեղ փորձեցի խօսել ու նաեւ տրամաբանել, թէ ինչպէս է լինելու ԱՄՆ-ի որպէս սպառողականութեան գագաթում գտնւող երկրի ապագան նաւթի լիակատար սպառումից յետոյ, բայց չպիտի մոռանալ ու անտեսել այն իրականութիւնը, որ ԱՄՆ-ն իր բոլոր տնտեսական ճգնաժամերին յաղթելու նպատակով՝ դիմել է պատերազմի եւ առհասարակ պատերազմը ԱՄՆ-ի տնտեսութեան միւս երեսն է: Բայց, նաեւ չպէտք է մոռանալ, որ պատերազմն էլ շարունակելու համար՝ կարիք է մեծածաւալ դրամագլխի, որին տնտեսական աճի անկումով՝ այլեւս հնարաւոր չի լինի դիմել:

Հանդարտ յեղափոխութիւն

Մարելո՞ւ է «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան լոյսը
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունեց քննարկել գլխաւոր դատախազի կողմից իշխող կուսակցութեան՝ «Արդարութիւն եւ զարգացում»-ի աշխատանքների դէմ մղւած հայցագիրը:
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը մեղադրւում է իր կրօնական թեքումների պատճառով, որը ուղղակի հակասում է Թուրքիայի աշխարհական եւ ոչ-կրօնական հիմունքներին: Պիտի աւելացնել, որ սոյն դատարանը միաժամանակ օրակարգ է դարձրել նաեւ երկրի նախագահ Աբդուլլահ Գիւլին վերագրւած յանցանքների հարցը:
Ճիշտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը սոսկ վերաքննութեան նպատակով է առնւած, եւ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը պաշտպանւելու հնարաւորութիւն ունի, բայց այդ հայցագրի լոկ քննութիւնն էլ բաւական է, որ պատճառ դառնայ Թուրքիայում պայմանների փոփոխութեանը: «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը կազմալուծելու համար Սահմանադրական դատարանի վերջնական դատավճիռը կարելի է ձգձգել մինչեւ վեց ամիս:
Թուրքիայի գլխաւոր դատախազ Աբդուլռահման Եալչին Քայան իր հայցագրում պահանջել է, որ հինգ տարւայ համար «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան 71 բարձրաստիճան անհատներին, որոնց մէջ ներառւած են նաեւ վարչապետ Էրդողանն ու նախագահ Գիւլը, զրկել բոլոր քաղաքական աշխատանքներից ու պաշտօններից: Նախապէս յայտարարւել էր, որ եթէ Սահմանադրական դատարանը այդ հայցագիրը քննարկելու որոշում ընդունի, «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը հնարաւորութիւն կունենայ մինչեւ մէկ ամիս դատարանին ներկայացնել իր պաշտպանական գրութիւնը:
Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումը միջազգային շրջանակների խիստ հակազդեցութեան պատճառ դարձաւ: Եւրոմիութիւնը զգուշացրեց, որ այդ հայցագրի քննարկումը կարող է բացասական ազդեցութիւն թողնել Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացի վրայ: Այդ ուղղութեամբ Եւրոյանձնաժողովը իր հաղորդագրութեամբ յայտարարեց, թէ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կազմալուծելու համար ոչ մի պատճառ գոյութիւն չունի: Յանձնաժողովը իր հաղորդագրութեան շարունակութեան մէջ աւելացրեց, թէ ընդհանրապէս որեւէ քաղաքական կուսակցութեան կազմալուծման գործընթացը մի երկարատեւ գործընթաց է, որը պիտի կատարւի զանազան արգելափակումներից յետոյ: Մի քաղաքական կուսակցութեան կազմալուծումը միայն այն պահին արդարացի կը լինի, երբ տւեալ կուսակցութիւնը բրտութեան կողմնակից է եւ կամ Սահմանադրութեանը յաղթելու նպատակով բրտութիւնը որպէս քաղաքական միջոց է օգտագործում, որոնցից ոչ մէկը չի նկատւել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան պարագայում:
Այս ուղղութեամբ «Հիւրրիէթ» օրաթերթի վերլուծաբանը Թուրքիան բաժանելով երկու մասի՝ լայիքների ու «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմնակիցների, գրում է, թէ երկու կողմը մտել են մի պայքարի մէջ, որի ընթացքում պայքարում են յանուն ժողովրդավարութեան, եւ միակ տարբերութիւնը, որ նրանց միջեւ գոյութիւն ունի, դա ժողովրդավարութեան տարբեր ու մասամբ իրարամերժ բացատրութիւնն է: Նա Թուրքիայի ապագան երեք իրավիճակով է նախատեսում, եւ շարունակութեան մէջ գրում է՝ կամ պայքարող կողմերից մէկը յաղթելու է միւսին, կամ երկու կողմը մի ընդհանուր եզրի են հասնելու եւ կամ մի ոչ-ժողովրդավարական ուժ այդ պայքարը աւարտին հասցնելու համար՝ ասպարէզ է իջնելու: Թուրքիայի ապագան եւ նամանաւանդ Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացը պայմանաւորւած է այդ պայքարի աւարտով:
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը, որ յաջողել էր 2007-ի յուլիսի 22-ին երկար պայքարից յետոյ ձեռք բերել խորհրդարանի մեծամասնութիւնը եւ միայնակ ուժով կառավարութիւն կազմել, այժմ կազմալուծման սեմին է: Բնական է, որ նմանօրինակ դէպքը խեղաթիւրելու է Թուրքիայի միջազգային տիպարը:
Թուրքիայի վարչապետ ու «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ղեկավար Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկրորդ անգամ է, ինչ մատնւել է քաղաքական լուրջ ճգնաժամի: Նա առաջին անգամ 1997-ի Նեջմէդդին Էրբաքանի ղեկավարած «Բարօրութիւն» կուսակցութեան կողմից նշանակւեց Ստամբուլի քաղաքապետ: Նրանով հանդերձ, որ «Բարօրութիւն» կուսակցութիւնը վայելում էր Թուրքիայի ժողովրդի մեծամասնութեան հովանաւորութիւնը, բայց իր իսլամական թեքումների պատճառով՝ կազմալուծւեց:
Էրդողանը, որ «Բարօրութիւն» կուսակցութեան բարձրաստիճան անհատներից էր, բազմաթիւ դասախօսութիւններ կազմակերպեց, որոնցից մէկի ընթացքում արտասանեց մի բանաստեղծութիւն եւ դատապարտւեց 10-ամսեայ ազատազրկման: Նա 1999-ի մարտից մինչեւ յուլիս ամիսները միայն անցկացրեց բանտում:
Սա վարչապետ Էրդողանի համար համարւում է որպէս քաղաքական առաջին ճգնաժամը, որը աւարտւեց իր օգտին, եւ նա «Բարօրութիւն» կուսակցութեան աւերակների վրայ հիմնեց «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը:
Այժմ վարչապետ Էրդողանը երկրորդ անգամ մատնւել է քաղաքական լուրջ ճգնաժամի, որի ընթացքում ըստ քաղաքական վերլուծաբանների՝ աւարտւելու է միայն Թուրքիայի վնասին:
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան լուծարումը կարող է մէկ անգամ եւս աւարտւել Էրդողանի օգտին եւ ինչպէս «Բարօրութիւն» կուսակցութեան մնացորդները հիմք դրեցին «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը, որը աւելի հզօր դիրքերով քաղաքական ասպարէզ իջաւ, «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան լուծարումը նաեւ կարող է աւարտւել մի նոր, բայց նոյն գաղափարախօսութեամբ օժտւած կուսակցութեան կազմաւորմամբ, որը, բնականաբար, ժողովրդի աւելի մեծ զանգւածի հովանաւորութիւնը վայելելով՝ քաղաքական դաշտ է իջնելու:
Այս իրավիճակը նորութիւն չէ Թուրքիայի համար: Երբ Թուրքիան փորձել է մօտենալ ժողովրդավարական կարգերի, հակաժողովրդավարական եւ ազգայնամոլական ուժերի միջոցով մի կերպ մատնւել է ճգնաժամի: Լայիք եւ ազգայնամոլ հոսանքները այն ժամանակ են յաջողել Թուրքիայում, երբ Եւրոպայի ու ԱՄՆ-ի եւ մասամբ Թուրքիայի ժողովրդի հովանաւորութիւնն են վայելել, այն, ինչ, որ այս անգամ չի պատահել իրենց:
Ուրեմն՝ այս պայքարի աւարտը տեսնելու համար՝ պիտի սպասել Թուրքիայի Սահմանադրական դատարանի վերջնական դատավճռին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը