Monday, August 18, 2008

Կոզովոյից Հարաւային Օսեթիա

Ինչո՞ւ բռնկւեց Կովկասեան պատերազմը


ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Ի վերջոյ, ինչպէս որ սպասւում էր, օգոստ. 8-ին Վրաստանի ու Հարաւային Օսեթիայի միջեւ բռնկւեց մի արիւնահեղ պատերազմ, որի հետեւանքով՝ զոհւեցին աւելի քան 2000 հոգի:Երբ Սահակաշւիլին 2003-ի թաւշեայ յեղափոխութեան միջոցով դարձաւ Վրաստանի նախագահը, յայտարարեց, թէ կանխելու է բոլոր անջատողական շարժումները: Նա իր խոստումը կատարեց Աջարիայի անջատողական շրջանը վերահսկելով, որի արդիւնքում Աջարիայի նախագահ Աբաշիձէն թողեց երկիրն ու ապաստան գտաւ Մոսկւայում: Բայց, Սահակաշւիլին հակառակ իր բոլոր յայտարարութիւններին՝ չյաջողեց լուծել Աբխազիայի ու Հարաւային Օսեթիայի հարցը, որոնք համեմատ Աջարիային՝ աւելի ուժեղ դիրքերում էին գտնւում:Բայց, ինչո՞ւ օգոստ. 8-ին Հարաւային Օսեթիայում բռնկւեց պատերազմը: Արդեօք Սահակաշւիլիի համար հասունացե՞լ էր պահը՝ Հարաւային Օսեթիայի շրջանը վերագրաւելու համար:Այստեղ կը փորձենք վերլուծել Վրաստանի ու Հարաւային Օսեթիայի միջեւ առաջացած բախումների վերսկսման պատճառներն ու հետեւանքները:


Բախումների դրդապատճառներ

ա. ՆԱՏՕ-ին միանալու ցանկութիւն

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ՝ տարածաշրջանում ուժի բաց առաջացաւ եւ դրա հետեւանքով՝ Արեւմուտքը փորձեց ներթափանցելով տարածաշրջան՝ լրացնել այդ ուժի բացը: Վրաստանը անկախութիւնից յետոյ թեքւեց դէպի Արեւմուտք եւ փորձեց գործել ԱՄՆ-ի շահերի համաձայն՝ նրա հովանաւորութիւնը ապահովելու նպատակով:
Դա ակնյայտ դարձաւ 2003 թ. նոյ. 22-ին Վրաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեամբ, որով ԱՄՆ-ն ցանկանում էր, որպէս Վրաստանի նախագահ, տեսնել աւելի ամերիկամէտ ղեկավար:
Վրաստանը եւ նրա օրինակով առաջնորդւած Ուկրայինան թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ իրենց օրակարգի վրայ դրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը: Ռուսաստանը Վրաստանի եւ Ուկրայինայի ցանկութիւնը մեկնաբանում էր դէպի Արեւելք ծաւալւելու ՆԱՏՕ-ի քաղաքականութեան դրսեւորում եւ բազմաթիւ անգամներ յայտարարեց իր բողոքն ու հակառակութիւնը:
Ռուսաստանի լուրջ սպառնալիքների հետեւանքով էր, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում Ֆրանսիան ու Գերմանիան ընդդիմանալով Վրաստանի եւ Ուկրայինայի կատարած դիմումին՝ մերժեցին նրանց ընդունել ՆԱՏՕ-ի կազմում: Սոյն գագաթաժողովում Վրաստանի եւ Ուկրայինայի դիմումները մերժելու համար՝ ՆԱՏՕ-ականները առաջ քաշեցին այդ երկու երկրներում առկայ տարածքային չլուծւած խնդիրները: Այդ իսկ պատճառով՝ կարելի է ասել, թէ Սահակաշւիլին փորձեց ռազմական գործողութեամբ մէկանգամընդմիշտ լուծել Վրաստանում գոյութիւն ունեցող եւ չլուծւած տարածքային խնդիրները:
Այդ ռազմական գործողութեան յետեւում նաեւ կարելի է տեսնել ամերիկեան հրահրումները: Դրանք բացայայտ կերպով առաջացան ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Կոնդոլիզա Ռայսի յուլիսի 8-ի յայտարարութեամբ: Ռայսը խօսելով յունիս ամսում Աբխազիայի շրջանում կատարւած ահաբեկչական պայթիւնների մասին, որը վերահսկւում էր ռուսական խաղաղապահ զօրքերի միջոցով, առաջարկեց, թէ այդ շրջանում ռուս խաղաղապահ ուժերին փոխարինեն միջազգային խաղաղապահ ուժերը: Վրացական կողմը հաւաստիացնում էր, որ այդ պայթիւնները իրականացրել են նրանք, ովքեր ցանկանում են Աբխազիայում երկար ժամանակ տեսնել ռուս խաղաղապահ ուժերին: Բայց այդ՝ ահաբեկչական գործողութիւնները կարելի է մեկնաբանել այլ կերպ՝ դրա խորքում տեսնելով վրացա-ամերիկեան սադրանք՝ անջատողականների եւ ռուսների դէմ:
Ուրեմն՝ Վրաստանի ղեկավարները հիմնւելով Ամերիկայի ղեկավարութեան յայտարարութիւնների վրայ եւ նրանց Վրաստանի ներքին հակամարտութիւններում ներքաշելու նպատակով՝ դիմեցին ռազմական լայնածաւալ յարձակումների՝ նախ աւելի թոյլ օղակ համարւող Հարաւային Օսեթիայի դէմ:
Նաեւ Ռուսաստանի բազմահազար բանակի միջամտութիւնը՝ Հարաւային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ առաջացած պատերազմում, կարելի է մեկնաբանել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկութեան շրջագծում: Այսինքն՝ Ռուսաստանը Հարաւային Օսեթիային օգնութիւն ցուցաբերելով՝ պարտութեան մատնեց վրացական կողմին, որը ՆԱՏՕ-ին միանալու գործում որպէս նախապայման՝ պիտի լուծէր իր երկրում առկայ չլուծւած տարածքային հակամարտութիւնները:

բ.- Եւրոպայում տեղակայւած ԱՄՆ-ի հակահրթիռային յենակները

Չեխիայում եւ Լեհաստանում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակները խիստ զայրացրել են Ռուսաստանին: Ռուսական կողմը այդ յենակները համարում է սպառնալիք՝ իր անվտանգութեան համար եւ բազմաթիւ անգամներ յայտարարել է, որ եթէ վերջնականապէս Եւրոպայում տեղակայւեն ամերիկեան հակահրթիռային յենակները, ինչպէս էր սառը պատերազմի տարիներում, լուրջ հակազդեցութիւն կը ցուցաբերի թէ՛ Եւրոպայի, եւ թէ՛ ԱՄՆ-ի դէմ:
Այդ իսկ պատճառով՝ երբ Վրաստանում, որ անմիջական սահման ունի Ռուսաստանի հետ, տեղի ունեցաւ ամերիկեան ոճով թաւշեայ յեղափոխութիւն, Ռուսաստանը աւելի ուշադրութիւն դարձրեց Վրաստանի անցուդարձերին եւ երբ պահը Օսեթիայի պատերազմով յարմար գտաւ, լուրջ հարւածներ պարտադրեց Վրաստանին, որոնց խորքում թաքնւած էր Ռուսաստանի պատգամը՝ Արեւմուտքի համար: Ռուսաստանը Արեւմուտքին ու ՆԱՏՕ-ին այս միջոցով ապացուցեց, որ երբ իր անվտանգութիւնը վտանգւած տեսնի, լուրջ հակազդեցութիւն կը ցուցաբերի սպառնացողների դէմ:

գ.- Կոզովոյի անկախութիւն

ԱՄՆ-ի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար եւ հանրաճանաչ քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերը 1970-ին յայտարարեց, որ եթէ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին վերահսկել հէնց իր սահմաններում, զանազան դժւարութիւններ ու հակամարտութիւններ պիտի առաջացնի Ռուսաստանի փորատակում գտնւող երկրներում: Ըստ երեւոյթին, այդ ռազմավարութիւնն այսօր էլ ի զօրու է: Յետխորհրդային ժամանակաշրջանում ԱՄՆ-ն փորձեց նախկին Խորհրդային Միութեան բլոկին պատկանող տարածաշրջանը վերահսկելու նպատակով՝ այնտեղ ստեղծել բազմաթիւ, բայց փոքր երկրներ, որոնք իրենց անվտանգութիւնը կապում էին ԱՄՆ-ի հետ: Այդ ռազմավարութիւնը սկիզբ առաւ Բալկանեան շրջանից եւ այդ իսկ պատճառով՝ քաղաքական հանրագիտարանում յայտնւեց «Բալկանիզացում» տերմինը:
Կոզովոյի անկախութիւնը նաեւ պիտի տեսնել հէնց այդ «Բալկանիզացում»-ի լոյսի ներքոյ, ուր Ռուսաստանի դաշնակից համարւող Սերբիայի կազմից անջատւեց եւս մի շրջան, որը նաեւ հարուստ է իր բազմաթիւ եւ զանազան հանքերով: Ռուսաստանը Արեւմուտքին մի կերպ հակազդելու նպատակով՝ ի պատասխան Կոզովոյի անկախութեան՝ հովանաւորեց Օսեթիային ու Աբխազիային՝ ԱՄՆ-ի դաշնակից համարւող Վրաստանի դէմ առաջացած պատերազմում: Ռուսաստանի Դուման նաեւ Կոզովոյի անկախութեանը հակազդելու նպատակով՝ օրակարգ դարձրեց Հարաւային Օսեթիայի ու Աբխազիայի անկախութեան հարցը:

դ- Էներգիա

Վերջին տասնամեակում Ռուսաստանի հզօրութիւնը պայմանաւորւել է ոչ միայն նաւթի գների աճով, այլ նաեւ դէպի Եւրոպա եւ Արեւմուտք առաքւող էներգիայի խողովակաշարերի միջոցով:
Եւրոպան իր էներգիան ապահովելու գործում խիստ կախում ունի Ռուսաստանից եւ Ռուսաստանը մի կերպ այդ հանգամանքը օգտագործելով՝ փորձում է կարեւոր դիրք ապահովել միջազգային յարաբերութեան դաշտում:
Վրաստանը իր աշխարհագրական դիրքերով Ռուսաստանի համար համարւում է դէպի Արեւմուտք եւ միջազգային շուկայ գնացող ճանապարհի մի կարեւոր դարպասը: Հէնց նոյն պատճառով է, որ Վրաստանը կարեւորւում է Արեւմուտքի համար: Վրաստանը հնարաւորութիւն ունի թէ՛ Կասպից ծովի, եւ թէ՛ Կենտրոնական Ասիայի երկրների էներգիան ապահով կերպով մատակարարել Արեւմուտքին:Դա իրականացաւ Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթամուղով, որը կառուցւեց Արեւմուտքի եւ գլխաւորաբար ԱՄՆ-ի ֆինանսական օգնութիւններով: Ռուսաստանը ներկայ պայմաններում չի հանդուրժում նմանօրինակ նախագծերը, երբ նախկին Խ. Միութեան հանրապետութիւնները առանց Ռուսաստանի համոզման՝ էներգիա են մատուցում Արեւմուտքին:Ուրեմն՝ Հարաւային Օսեթիայի պատրւակով Վրաստանի դէմ իրագործւած պատերազմի ամենակարեւոր պատճառներից կարելի է համարել էներգիայի հարցը:
Կենտրոնական Ասիայի եւ Կասպից ծովի էներգիայով շահագրգռւած Արեւմուտքի կողքին ուշադրութիւն պիտի դարձնել նաեւ Իսրայէլի դերակատարութեանն ու շահագրգռութեանը:Իսրայէլը, ինչպէս նշում են նրանց իշխանաւորները, մեծ եւ լուրջ շահեր ունի՝ կապւած Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում արտահանւած էներգիայով: Նաեւ, ինչպէս որ պարզ է, Իսրայէլը փորձում է Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթամուղի միջոցով Ջէյհան քաղաք հասած նաւթը փոխադրել Աշքելոն նաւահանգիստ (նաւթային կենտրոն՝ Միջերկրական ծովի ափում) եւ այնտեղից մի խողովակաշարի միջոցով նաւթը հասցնել Իսրայէլի Էյլաթ նաւահանգիստ (Կարմիր ծովի ափում)՝ միջազգային շուկայ արտածելու նպատակով: Այդ իսկ պատճառով՝ Իսրայէլը վերջին տարիների ընթացքում փորձեց զինել եւ վարժեցնել Վրաստանի բանակը՝ դէպի Արեւմուտք հոսող էներգիայի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Այդ գործընթացում հրեայ ծագումով զէնքի վաճառական Ռոնի Միլոյին յանձնարարւեց զինել վրացական բանակը եւ այդ զինւած բանակի վարժեցումը յանձնւեց իսրայէլցի գեներալ Գալ Հերշին:
Այս բոլոր նախագծերի նախաձեռնութիւնը գտնւում է իսրայէլական «Էյլաթ-Աշքելոն խողովակաշարի ընկերութիւն» (Eilat-Ashkelon pipeline company (EAPC)) իսրայէլական նաւթային ընկերութեան ձեռքերում:Իսրայէլը այս միջոցով փորձում է միջազգային նաւթային շուկայում կարեւոր դերակատարութիւն ապահովել իր համար: Իսրայէլը այս հարցում Ռուսաստանի զգօնութիւնն ըմբռնելով՝ փորձեց Ռուսաստանին մասնակից դարձնել իր ծրագրած նախագծին, որը, ըստ երեւոյթին, մերժւել է Ռուսաստանի կողմից:Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանի էներգիայի կարեւոր հարցում տեսնել Իսրայէլին, որը կը փորձի այդ միջոցով թէ՛ ազդել նաւթի միջազգային շուկայի վրայ, եւ թէ՛ տարածաշրջանում աւելացնել իր դերակատարութեան կարեւորութիւնը:
Ռուսաստանը պատերազմական օրերի ընթացքում կատարած երկու արարքով ապացուցեց, որ դէմ է ԲԹՋ խողովակաշարին, եւ թէ՛ Իսրայէլի ներկայութեանը: Առաջինի դէպքում ԲԹՋ խողովակաշարի մի բաժինը ռմբակոծելով եւ երկրորդի դէպքում՝ վրացական օդուժի կենտրոնը, ուր իսրայէլցի բանակայինները վարժեցնում էին վրացիներին, ռմբակոծելով:

Արդիւնքներ ու հետեւանքներ

1- ԱՄՆ
- Այս պատերազմի պատճառով՝ Վրաստանը աւելի հեռացաւ Ռուսաստանից՝ դառնալով աւելի ամերիկամէտ համեմատ իր հարեւանների: Դա նպաստում է ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարութեանը:

- Նաեւ ԱՄՆ-ն պատերազմի աւարտից յետոյ փորձելու է ՆԱՏՕ-ի այլ երկրներին համոզել աւելի լուրջ մտածել Վրաստանի անդամակցութեան մասին: Դա արդարացնելու է Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքի եւ Արեւմուտքի անվտանգութեան հանգամանքներով:

- Պատերազմի հետեւանքով՝ ԱՄՆ-ն յաջողեց արագացնել արեւելեան Եւրոպայում տեղադրւող հակահրթիռային յենակների պայմանագրի հաստատումը: Լեհաստանը այդ պայմանագիրը ստորագրեց օգոստ. 15-ին:

- ԱՄՆ-ն փորձեց այս պատերազմի միջոցով համաշխարհային հանրութեան մօտ Ռուսաստանին ներկայացնել որպէս բռնագրաւիչ, ագրեսոր եւ ներխուժող:


2- Ռուսաստան
- Ռուսաստանը Վրաստանի դէմ պատերազմելով՝ Վրաստանը վերածեց անապահով երկրի՝ դէպի Արեւմուտք առաքւող էներգիայի հարցում:

- Հարաւային Օսեթիայում եւ Աբխազիայում իր ներկայութիւնը աւելի ուժեղացրած եւ նրանց անկախութիւնը քննարկող Ռուսաստանը փորձում է պատնէշ առաջացնել իր երկրի եւ Վրաստանի միջեւ, եթէ ապագայում Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնայ:

- Այս պատերազմով Ռուսաստանը Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ դրսեւորեց Նոր Ռուսաստանի պատկերը, նամանաւանդ որ յուլիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւը հաստատեց վերամշակւած «Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան դոկտրինը»: Այդ դոկտորինը Վլադիմիր Պուտինի կողմից հաստատւել էր յունիսի 28-ին, բայց ըստ վերլուծաբանների՝ այս վերամշակւած դոկտորինը լուրջ փոփոխութիւններ է ստացել:

- Այս պատերազմի միջոցով Ռուսաստանը համաշխարհային հանրութեանը պատգամեց, թէ այսուհետեւ պիտի հաշւի նստեն նաեւ Ռուսաստանի հետ եւ չփորձեն Ռուսաստանին շրջանցելով՝ դաւադրութիւն կազմակերպել Ռուսաստանի աւանդական ազդեցութեան ոլորտում գտնւող տարածաշրջանում:


3- Իրան
- Իրանը նաեւ փորձելու է օգտագործել այս պատերազմի արդիւնքներից ու հետեւանքներից: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացած ճեղքը պատճառ կը դառնայ, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին հակազդելու նպատակով՝ աւելացնի Իրանի ատոմական հարցում իր հովանաւորութիւնը:

- Իրանը նաեւ ըմբռնեց, որ ԱՄՆ-ն ու Եւրոպան երբ դէմ-յանդիման են լինում Ռուսաստանի հետ, առհասարակ կրաւորական դիրք են ստանում, նամանաւանդ ներկայ շրջանում, երբ Եւրոպան էներգիայի հարցով կախում ունի Ռուսաստանից եւ ԱՄՆ-ն մխրճւած է Աֆղանստանի ու Իրաքի ճահճում: Սրա հետեւանքով՝ եթէ Իրանը իր շահերը աւելիով կապի Ռուսաստանի հետ, նոյն չափով զերծ կը մնայ Արեւմուտքի հաւանական յարձակումներից:

Պիտի նշել, որ պատերազմի առաջին երկու օրւայ ընթացքում վերլուծաբանները պատերազմի գլխաւոր նպատակը կապում էին Իրանի հետ՝ մեկնաբանելով, որ Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին մխրճել մի տարածաշրջանային պատերազմի մէջ, որով եւ նա անկարող կը դառնայ Իրանին պաշտպանել Արեւմուտքի հաւանական յարձակումների դիմաց: Բայց եւ պատերազմի վերջին օրերում, երբ պարզւում էին պատերազմի այլ դրդապատճառները, գունաթափւեց այդ մեկնաբանութիւնը:


4- Եւրոպա
- Եւրոպան այս պատերազմի հետեւանքով՝ փորձեց աւելի կարեւոր դեր ապահովել Կովկասում: Այս ընթացքում ուշագրաւ է Ֆրանսիայի դերակատարութիւնը՝ պատերազմը կասեցնելու գործում:


Եզրափակում

Ի վերջոյ, հանդարտւեցին կովկասեան կրքերը եւ բոլոր դերակատարները փորձեցին քաղել իրենց պտուղը: Այս ընթացքում կարծես միայն անպտուղ մնացած կողմը հէնց վրացական կողմն է, որը իր անփորձ եւ երիտասարդ նախագահի սխալ հաշւարկներով՝ երկիրը սխալ ուղղութեամբ առաջնորդեց: Գերմանիայի ղեկավարութիւնը ամիսներ առաջ Սահակաշւիլիին խորհուրդ տւեցին, որ նմանօրինակ հակամարտութիւնները ռազմական լուծում չունեն, այլ նրբութեամբ ու դիւանագիտութեամբ կարելի է լուծել հարցը: Բայց, արկածախնդիր նախագահը ամբողջ յոյսը Արեւմուտքի վրայ դնելով՝ մտաւ այնպիսի գործի մէջ, որը եւ կարող է տապալել իրեն:
Այս պատերազմի մօտաւոր նպատակներն ու հետեւանքները փորձեցինք մէկտեղել այստեղ, բայց թէ այս պատերազմը հեռաւոր ապագայում ինչ հետեւանքներ կունենայ միջազգային յարաբերութիւնների վրայ, դեռեւս պարզ չէ. դա կը պարզի միայն ժամանակը:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը