Sunday, September 26, 2010

Գրքի ապագան

Մեր կեանքն ամեն օր թարմանում է նոր տեխնոլոգիաների զարգացման միջոցով: IDEO ընկերութիւնն, որն աշխարհի ամենայայտնի դիզայնի ընկերութիւնն է համարւում, մինչ օրս տասնեակ նոր ծրագրեր է առաջարկել զանազան բնագաւառներում:
Վերջերս IDEO ընկերութիւնը մի նախագիծ է առաջարկել գրքի ու գրքերի ապագայի մասին: Ըստ նախագծի, ապագայի գրքերն, որոնք էլեկտրոնային են լինելու, հնարաւորութիւն կունենան միաւորւել միմեանց, եւ ընթերցողները կարող կլինեն գրքի մի հատւածի շուրջ իրար հետ զրուցել ու մտքեր փոխանակել: Ընթերցողները նաեւ հնարաւորութիւն կունենան տւեալ գրքի թեմայի մասին, որոնել, եւ նոյն թեմայով տպագրւած գրքերն էլ ընթերցել: Մի խօսքով, ընթերցասերների համար փայլուն առիթ է ստեղծւելու, իրենց գիտելիքները, դիւրութեամբ զարգացնել ու տարածել:
Ներքեւի վիդեոն, որը պատրաստել է հէնց IDEO ընկերութիւնը, լաւագոյն ձեւով ներկայացնում է այդ հետաքրքրաշարժ նախագծը:



The Future of the Book. from IDEO on Vimeo.

Monday, September 13, 2010

Միմեանց սուրբ գրքերն են այրում


Օրեր առաջ լուրերում կարդացի, թէ ԱՄՆ-ում երկու քրիստոնեայ հոգեւորականներ Իսլամը «կեղծ կրոն» անւանելով, այրել են Ղուրանի երկու օրինակներ: aysor.am -ն այդ լուրը հրապարակելով գրում է.

Երկու հոգևորական Ղուրանի առնվազն երկու օրինակ այրել են ամերիկյան Թենեսի նահանգում: Այս մասին համաձայն «Ինտերֆաքս» գործակալության, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները: 
Ըստ աղբյուրի, հոգևորականներից մեկը, այրելով գիրքը, իսլամն անվանել է «կեղծ կրոն», ասված է տեղեկատվության մեջ:

Նաեւ պիտի աւելացնել, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քահանայ Թերի Ջոնսն էլ, յայտարարել էր, թէ մտադիր է սեպ.11 -ի ահաբեկչութեան տարելիցին, հրապարակաւ այրել մի քանի հարիւր Ղուրան: Բայց եւ այնպէս, նա վերջին օրերին հրաժարւեց իր մտադրութիւնից (+): Այդ օրերին Ջոնսի յայտարարութիւնները դատապարտեց նաեւ Իրանի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Սեպուհ Սարգսեանը (+): 
Հետաքրքիրն այն է, որ բոլորը Ղուրանի այրելը եւ կամ այրելու ցանկութիւնը կապում են սեպ.11 -ի դեպքերի հետ: Բայց արդեօ՞ք կարելի է այդ կերպ դատել: Եթէ մի քիչ փորփրենք մեր շրջապատը ու աւելի ուշադիր լինենք լուրերին, հնարաւոր է գտնենք այն պատճառները, որոնց հետեւանքով Ղուրանը այրեցին ԱՄՆ-ում:

Մի ամիս առաջ Իրանական Ջահան Նիւզ լրատւականը հրապարակեց մի լուր, որի համաձայն, Իրանի Անվտանգութեան Ծառայութիւնները իրանի արեւմտեան շրջաններում, առգրաւել են աղաւաղւած Թորահներ ու Աւետարաններ, ու տեղում այրել են բոլորը (+) (դժբախտաբար կայքէջը միայն պարսկերէնով է աշխատում, բայց պարունակութիւնը նոյնն է, որը ներկայացրեցի):
Իրանում ապրող իւրաքանչիւր քրիստոնեայ քաջատեղեակ է թէ քրիստոնեութիւնը ինչպիսի թափով է ծաւալւում հասարակութեան մեջ, որի պատճառով ժամանակին սպանւեցին բողոքական եկեղեցուն պատկանող երեք հոգեւորականներ: Իրանի իշխանութիւնը բոլոր միջոցներով փորձում է կանխել երկրում ծաւալւող քրիստոնեութիւնը: 
Ներկայում հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս է, որ հէնց անվտանգութեան ծառայութիւնների քթի տակ, հէնց Թեհրանում, պաշտօնապես տպագրւում են խեղաթիւրւած Բառնաբայի ու Մորմոնների աւետարանները, դիւրութեամբ ցրւում են Եհովայի վկաների թերթիկներն ու գրքերը, ու հէշտութեամբ տարածում գտնում շուկայում, բայց միեւնոյն ժամանակ, Իրանի արեւմտեան սահմաններից ներս մտած աւետարանները, որոնք պիտի ասեմ շիտակ ու ոչ խեղաթիւրւած են եղել, որպէս «խեղաթիւրւած» աւետարաններ այրւում են: Ո՞վ է քննել այդ գրքերը ու եզրակացրել թէ դրանք խեղաթիւրւած գրքեր են: Արդեօք Թեհրանի առաջնորդը, որը դատապարտում է ԱՄՆ-ում ղուրանի այրելու ցանկութիւնը, տեղեկացւա՞ծ է դրա մասին թէ՞ ոչ: 
Ինչ որ է, իւրաքանչիւր երեւոյթ ունի իր պատճառն ու հետեւանքը եւ նմանօրինակ դեպքեր չեն կարող առանց պատճառի լինել:
Մի խօսքով այդ աւետարանները, որոնք ներմուծւում են Իրան, տպագրւած է բողոքականների կողմից եւ իրանում էլ տարածւում են բողոքական քարոզիչների միջոցով, երբ դրանք այրում են, լուրը հէնց նրանց խողովակով էլ հասնում է Ամերիկեան բողոքականներին, եւ նրանք էլ առիթը օգտագործելով, փորձում են համապատասխան քայլի դիմել, որի տակում նաեւ թաքնւած է դէպի Արմագեդէոն տանող ճանապարհային քարտեզը:

Sunday, September 12, 2010

Գաղտնի պահեք ձեր նպատակները

Լսել է՞ք, թէ ասում են փոձեք ձեր որոշած նպատակների մասին չպատմել շրջապատին: Առ հասարակ մեր պապիկ տատիկներն ասում էին նախանձ ու խանդոտ մարդիք շատ են, աչքով կտան ու մենք մեր նպատակին չենք հասնի:
Այս հետաքրքիր թեմայի մասին TED -ում (ԹԵԴ-ը նախապես ներկայացրել եմ հէնց այս բլոգում) դասախոսել է Դերեկ Սիւերսը, ու գիտականօրէն բացատրել թէ իրականում ինչո՞ւ չպիտի պատմենք մեր նպատակների մասին:
Առ ի յիշեցում, որ այս երեք րոպէանոց ֆիլմը կարող էք դիտել նաեւ հայերէն ենթավերնագրով:


Saturday, September 11, 2010

Գերմանացիները տնտեսական նոր համակարգ են պահանջում


Բոլորը ենթադրում են, թէ աշխարհը տնտեսական տագնապը անցկացրել է, եւ կրկին վերելքի օրերն են վերադառնալու: Բայց նոյն այդ տագնապը փոխել է գերմանացիների մեծամասնութեան կարծիքը: Նրանք արդէն կասկածով են վերաբերւում դրամատիրական համակարգին, ու մի նոր տնտեսական համակարգ են ցանկանում:
Ըստ վերջին վիճակագրութեանը, գերմանացիների 88% -ը այլեւս չի վստահում դրամատիրական ու կապիտալիստական համակարգերին, որովհետեւ ըստ նրանց, դրամատիրութիւնը ոչ կարող է հասարակական հաւասարակշռութիւնը պահպանել եւ ոչ էլ սրտցաւօրէն է վերաբերւում բնութեանն ու բնական ռեսուրսներին:
Արդեօ՞ք յեղափոխութեան վտանգը մեծանում է: Ո՛չ: Այլ այն, որ ժողովուրդը սկսել է խորհել իր կենցաղի մասին: Իւրաքանչիւր հինգ գերմանացիից չորսը համոզւած է, որ բոլորը պիտի վերանայեն իրենց ապրելակերպը եւ իրենցից հարց տան թէ կեանքի միակ իմաստը տնտեսական զարգացմանը հասնե՞լն է:

Friday, September 10, 2010

Շատ կարճ ֆիլմեր


Դուք եթէ ռեժիսոր լինեիք եւ Ձեզ պատւիրեին մի 5 վայրկյանանոց ֆիլմ պատրաստել, ի՞նչ տեսակ ֆիլմ կը պատրաստեիք: Ձեր կարծիքով, ի՞նչ պատգամ կարելի է տալ 5 վայրկյան տեւողութիւն ունեցով ֆիլմի միջոցով:
2005 թ. -ին Բաս Ֆայրենզին ապացուցեց, որ 5 վայրկյան ֆիլմով էլ հնարաւոր է կարեւոր պատգամ փոխանցել: Այսօր, արդեն գոյութիւն ունի 5 վայրկյան ֆիլմերի կայքը, ուր տասնեակ հետաքրքիր ֆիլմեր է ցուցադրում:

Wednesday, September 08, 2010

Երբ մի քիչ ճաշակով էս լինում

Մի ֆրանսացի արւեստագետ, փորձել է իր արւեստի տաղանդը ներդնել անձեռոցիկների վերջին շերտի կարտոնէ խողովակների մեջ: Նա բազմաթիւ աշխատանքներ է պատրաստել, որը տեղադրելով այդ կարտոնէ խողովակներում ձեւաւորել է մի նոր արւեստի ոճ:











Friday, August 13, 2010

Ֆիդել Կաստրօ. մահափորձների ռեկորդակիր


Այսօր՝ օգոստոսի 13-ը, հանդիսանում է Կուբայի Յեղափոխութեան առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ծննդեան օրը: Կաստրոն ծնւել է 1926- օգոստ. 13-ին Օրիենթէ նահանգում: Նրա ընտանիքը համարւում էր հարուստ հողատեր: Կաստրոն տարական ուսումը ստանալուց յետոյ, փոխադրւում է Սանտիագօ քաղաքում գտնւող մի մասնաւոր դպրոց, իսկ յետոյ գնալով Հաւանա, ուսանում է իրաւաբանական ֆակուլտետում:
Կաստրոն ուսանողութեան տարիներին, միանում է մի ուսանողական խմբակցութեանը, որը պայքարում էր երկրում քաղաքական կոռուպցիայի դեմ:  Նա 1947-ին միանում է Կուբայի «Ժողովրդական» կուսակցութեանը, որը նաեւ յայտնի էր որպէս «ուղղահաւատ կուսակցութիւն»: Ֆիդել Կաստրոն նոյն տարում դառնում է յիշեալ կուսակցութեան ձախակողմեան թեւի գլխաւորը:
Եւ ի վերջոյ Կաստրոն իր քաջ ու նւիրական ընկերոջ՝ Չէ Գեւարայի հետ միասին 1959-ին տապալելով «Բատիստայի» իշխանութիւնը դառնում է Կուբայի առաջնորդը, որը շարունակւում է մինչեւ 2008 թւական, երբ նա հիւանդութեան պատճառով, իշխանութիւնը յանձնեց իր եղբորը՝ Ռաուլին:
Կաստրոյի կեանքի ուշագրաւ բաժիններից կարելի է նշել այն, որ նա մինչ այսօր խոյս է տւել աւելի քան 638 մահափորձներից: Յիշեալ մահափորձների մեծ մասը կատարել են ԱՄՆ-ի գաղտնի գործակալները, որոնցից կարեւորագոյնը հանդիսանում է այն դէպքը, երբ ամերիկացի գործակալները փորձել էին նրա ծխախոտի մեջ տեղադրել պայթուցիկ նիւթ, որը պիտի պայթեր այն ժամանակ, երբ Կաստրոն պիտի ծխեր այն: Բայց այդ եւ նմանօրինակ հարիւրաւոր մահափորձները չեզոքացւել են Կաստրոյի թիկնապահների միջոցով:
Ֆիդել Կաստրոն իր պաշտոնավարութեան տարիներին յաջողել է իրականացնել կրթադաստեարակութեան, անվճար բժշկութեան եւ հանրային կենսաթոշակների լաւագոյն համակարգը աշխարհում:
Առողջապահութեան Միջազգային Կազմակերպութիւնն անգամներ գնահատել է Կուբային: Ֆիդել կաստրոն 1988-ին, ԱՄԿ կողմից մինչեւ 2000թ. յայտարարւած առողջապահութեան նոր ստանդարդների ծրագրի շարանում, ստացաւ կազմակերպութեան «Առողջապահութիւն բոլորի համար» մեդալը: Նա 1998-ին կրկին անգամ արժանացաւ այդ մեդալին:
Ֆիդել Կաստրոն 2008-ի Փետ. 24-ին ծանր հիւանդութեան հետեւանքով, իշխանութիւնը յանձնեց իր կրտւեր եղբայր՝ Ռաուլ Կաստրոյին:

Wednesday, July 28, 2010

Երբ անշահախնդիր էս օգնում


Այսօր, մի բարեկամից ստացայ նամակ, որը սիրտս ու հոգիս գերեց: Նամակն ուղարկողը Նարինէ Կռոեանն էր, մի բարեկամ, որը երբեք չենք հանդիպել իրար, այլ պարզապես մտքերի փոխանակում ենք ունեցել ինտերնետով: Բայց արի ու տես, այս անգամ իր նամակը ոչ ինտերնետի մասին էր, եւ ոչ էլ հետաքրքիր կայքէջերի մասին, նամակը իր մեջ պարունակում էր շնորհակալական խօսքեր, մի Իրանահայից, որը հակառակ շատերին, անշահախնդրօրէն օգնել է Նարինէի հիւանդ որդուն: Նարինէն նաեւ ցանկացել է իմ բլոգի միջոցով շնորհակալութիւն յայտնել այդ բարերար մարդուն: 
Եւ ահա ձեզ եմ ներկայացնուն Նարինէի գրած նամակը, նոյնութեամբ, ու ցանկանում եմ Նարինէի շնորհակալական խօսքերին նաեւ աւելացնել իմ շնորհակալական խօսքը նոյն այդ բարերար անհատին ու նրա նման հարիւրաւոր բարերարներին, որը անշահախնդրօրէն իրենց օգնութիւնն են ցուցադրում կարիքաւոր ընտանիքներին:

Բարև Ձեզ, հարգելի Արթին:
Եթե հիշում եք, մի անգամ էլ եմ Ձեզ գրել:
Այսօրվա նամակս Ձեր բլոգի համար է: Ուզում եմ Ձեր բլոգի միջոցով շնորհակալությունս հայտնել այսօր ձեր կողքին ապրող մի հրաշալի անձնավորության` Մարտին Սոլեքհանին, ուզում եմ, որ մեր ամերիկաբնակ հայրենակիցներն իմանան, որ իրենց կողքին ապրում է բարի, անշահախնդիր մեկը, պարզապես մարդ , ով դժվարին պահին, ինձ չճանաչելով անգամ, օգնության ձեռք մեկնեց` ոչինչ չակնկալելով փոխարենը:
Որդիս հիվանդ է և մշտապես դեղի կարիք ունի: Նրա 8 հազ. դրամ թոշակը / նա 20 տարեկան է/ պարզապես չի բավարարում անգամ դեղորայի մի մասը գնելու համար: Դեղի օրական ծախսը 1000 դրամ է, և այդպես ամեն օր:
Մենք գիտեինք, որ Իրանում այդ դեղը կարելի էր ավելի մատչելի գնով ձեռքբերել: Եվ ահա պատահաբար քույրս հանդիպում է Մարտին Սոլեքհանին, ով առանց երկմտելու, պատրաստակամ ստանձնում է դեղը հայթայթելու մեզ համար բախտռորոշ խնդիրը: Նա առանց այդ էլ զբաղված էր, որովհետև պատրաստվում էր մեկնել Ամերիկա, սակայն ....մարդ էր: Շուտով դեղորայքը տեղ հասավ: Նա հրաժարվեց գումար վերցնել, պարզապես Մարտինի մայրը հեռախոսով խնդրեց աղոթել իր որդու համար, ինչը մենք սիրով ու երախտագիտությամբ անում ենք: Ուզում եմ ասել, որ այդ դեղից մենք հնարավորություն ունեցանք տալ ևս 3 հիվանդի` նրանց հարազատներին պատմելով Մարտինի մասին: Այնպես որ, մինչև դեկտեմբեր մենք բոլորս դեղի կարիք չունենք, և նորից ու նորից ասում ենք ու պիտի ասենք` Շնորհակալություն:

Աստված օրհնի քեզ, Մարտին Սոլեքհան:
Ամենաջերմ մաղթանքներով` 
Նարինե Կռոյան

Monday, July 26, 2010

Անտեսանելի անտառային տնակ

Մի Շւեդացի, հայելիների օգնութեամբ մի անտառային տնակ է կառուցել ծառերի վրայ, որը նաեւ անտեսանելի է:
Ես սիրում եմ նման մարդկանց ստեղծագործ եւ սրամիտ արարքները:





Wednesday, July 14, 2010

Պատմական իրադարձութիւնների տեսահոլովակների սիրահարներին


Չեմ կարծում գտնւի մէկը, որը չցանկանայ տեսնել առաջին շոգեմեքենայի օրիգինալ եւ պատմական տեսահոլովակը, եւ կամ Պուդսդամի կոնֆերանսը, ուր մասնակցում էր Ստալինն ու Չերչիլը եւ շատ աւելի նման հետաքրքիր պատմական իրադարձութիւնների տեսահոլովակներ:
Այո՛ նման հնարաւորութիւն այլեւս գոյութիւն ունի, եւ դա իրականանացրել է CriticalPast կայքէջը: Յիշեալ կայքէջում հաւաքագրւած են աւելի քան 57,000 պատմական իրադարձութիւնների տեսահոլովակներ եւ 7 միլիոն լուսանկարներ, սկսած 1890 թ. մինչեւ 1990 թ. :
Այս կայքէջն անձնապես ինձ շատ է հետաքրքրել եւ օրական անպայման մի քանի պատմական տեսահոլովակ պիտի դիտեմ կայքէջում, յոյս ունեմ, որ սա կը հետաքրքրի նաեւ ձեզ:


Յ.Գ. Պիտի աւելացնեմ, որ սոյն կայք էջում գոյութիւն ունի 10 տեսահոլովակ հայերին վերաբերող, այն էլ 1919 -ի օրերից: Հայերին վերաբերող տեսահոլովակները տեսնելու համար կարող էք սեղմել այստեղ:
Օրինակի համար կայքում գոյութիւն ունի 1919թ. Ամերիկացի գեներալ Ջեյմզ Հարբորդի հանդիպումը ՀՀ օրւայ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանի հետ: Յիշեալ տեսահոլովակը տեսնելու համար սեղմել այստեղ:

Monday, July 12, 2010

Nibbo . Բարելաււած որոնում Google -ի հիման վրայ


Ես հիմնականում որոնման գործերը կատարում եմ աշխարհահռչակ Google -ի որոնման համակարգով: Բայց այս օրերին գտել եմ մի շատ հետաքրքիր կայքէջ, որն աշխատում է հէնց Google -ի հիման վրայ, բայց մի տարբերութեամբ եւ դա այն է, որ որոնում կատարելիս, բոլոր տւեալները, ինչպիսիք են կայքէջեր, նկարներ, տեսագրութիւններ, վիկիփեդիայում գոյութիւն ունեցող տեղեկութիւններ որոնւող թեմայի մասին, եւ այլ շատ ուրիշ տեղեկութիւններն ամբողջութեամբ յատնւում եմ մէկ էջի վրայ: Երկրորդ կարեւոր հատկութիւնն այն է, որ այլեւս գոյութիւն չունի "Next" կոճակները եւ էջը դիտելով բեռնաւորւում են յաջորդ էջերը:
Եւ այդ հետաքրքիր կայքէջի անունն է Nibbo : Նիբբոն մտադիր է բարելաւել որոնողական համակարգը համացանցում եւ իմ կարծիքով դա յաջողւել է Նիբբոյի ստեղծողներին:
Առաջարկում եմ դուք էլ օգտագործեք Նիբբոն եւ կը համոզւէք, որ որոնումն աւելի յաճելի կը դառնայ ձեր համար:

Աշխարհի ճակատագիրն այլկերպ կարող էր լինել

Արդեօք գիտէք այս նկարչութիւնների հեղինակն ո՞վ է:
Նախ դիտէք նկարները:





Ինչպես որ պարզ է վերջին նկարչութեան ներքեւի ստորագրութիւննից, այս նկարչութիւնների հեղինակը Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն է:
Այո, Հիտլերը երիտասարդ հասակում մտադիր էր մուտք գործել Վիենայի գեղագիտական ակադեմիա: Բայց յիշեալ ակադեմիան նրան չընդունեց եւ տարիներ անց, երիտասարդ Հիտլերը գարեջրատան մէջ, գտաւ իր կեանքի ուղին, դառնալով Գերմանիայի առաջնորդ եւ դիկտատոր: Եւ այլեւս բացատրութեան կարիք չկայ թէ աշխարհը ինչ ճակատագիր ունեցաւ նրա նախագահութեան օրոք:
Բայց իրոք աշխարհը ի՞նչ ճակատագիր կունենար եթէ Վիենայի ակադեմիան Հիտլերին ընդուներ որպէս ուսանող:

Friday, July 09, 2010

TED-ը ահա հայերէնով

Արդեօ՞ք ծանօթ էք TED-ի հետ: TED-ը ոչ շահադիտական մի կենտրոն է, որը զբաղւում է հանրայայտ գիտնականներին, մտաւորականներին ու ստեղծագործներին իրար շուրջ հաւաքելով եւ բազմաթիւ հետաքրքիր թեմաների մասին դասախօսութիւններ ներկայացնելով:
TED-ը ունի մի հարուստ կայքէջ նաեւ, որտեղ հնարաւութիւնն կունենաք տեսնել այդ դասախօսութիւնների տեսաժապաւենները: Եւ դրանից աւելի հետաքրքիրն այն է, որ տեսաժապաւենները թարգմանւած են բազմաթիւ լեզուների, դրանց շարքում նաեւ հայերէնի, որը կարծեմ հետաքրքրելու է նաեւ այն անհատներին, որը անգլերէն լեզւին ծանօթ չեն:
Ճիշտ է, որ հայերէնով թարգմանւած տեսաժապաւենները թւով քիչ են, բայց եւ այնպէս յուսալու տեղիք է տալիս: Հայերէնի թարգմանւած ֆիլմերը հնարաւոր է գտնել այստեղ: Նաեւ պիտի աւելացնեմ, որ այդ ֆիլմերը հնարաւոր է նաեւ քաշել ինտերնետից ու պահել սեփական համակարգիչում:
ԹԵԴ -ը համարւում է բաց համակարգ, ուր բոլորը հնրաւորութիւն ունեն թարգմանել զանազան ֆիլմեր ու դառնալ կազմակերպութեան թարգմանիչ: Հայերէն բաժնի ֆիլմերը թարգմանելու գործում կազմակերպութեան հետ համագործակցում են եօթ հայորդիներ, նրանք են.
  1. Քրիստինէ Սարգսեան
  2. Լուիզա Յակոբեան
  3. Արմենուհի Հովագիմեան
  4. Գոհար Պալեան
  5. Շուշան Դաւթեան
  6. Նարեկ Սեֆերին
  7. Գոհար Խաչատրեան
Յոյս ունեմ, որ այս թարգմանիչների թիւը օր օրին կզարգանայ եւ մենք հնարաւորութիւն կունենանք աւելի շատ ֆիլմեր տեսնել հայերէնով:
Նաեւ մի առաջարկ մեր հայկական հեռուստաալիքներին, սիրելիներ, ռուսերէն ֆիլմերով ձեր ալիքի բաց ժամերը լցնելու փոխարեն արդէն հնարաւորութիւն ունեք օգտւել թարգմանւած այս հիանալի ֆիլմերից եւ զարկ տաք մեր երկրի երիտասարդների գիտելիքներին:

Ահա որպէս օրինակ ձեզ եմ ներկայացնում Դերեկ Սիւերի կարճ դասախօսութիւնը «Ինչպե՞ս հասարակական շարժում սկսել» խորագրով:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը