Wednesday, July 28, 2010

Երբ անշահախնդիր էս օգնում


Այսօր, մի բարեկամից ստացայ նամակ, որը սիրտս ու հոգիս գերեց: Նամակն ուղարկողը Նարինէ Կռոեանն էր, մի բարեկամ, որը երբեք չենք հանդիպել իրար, այլ պարզապես մտքերի փոխանակում ենք ունեցել ինտերնետով: Բայց արի ու տես, այս անգամ իր նամակը ոչ ինտերնետի մասին էր, եւ ոչ էլ հետաքրքիր կայքէջերի մասին, նամակը իր մեջ պարունակում էր շնորհակալական խօսքեր, մի Իրանահայից, որը հակառակ շատերին, անշահախնդրօրէն օգնել է Նարինէի հիւանդ որդուն: Նարինէն նաեւ ցանկացել է իմ բլոգի միջոցով շնորհակալութիւն յայտնել այդ բարերար մարդուն: 
Եւ ահա ձեզ եմ ներկայացնուն Նարինէի գրած նամակը, նոյնութեամբ, ու ցանկանում եմ Նարինէի շնորհակալական խօսքերին նաեւ աւելացնել իմ շնորհակալական խօսքը նոյն այդ բարերար անհատին ու նրա նման հարիւրաւոր բարերարներին, որը անշահախնդրօրէն իրենց օգնութիւնն են ցուցադրում կարիքաւոր ընտանիքներին:

Բարև Ձեզ, հարգելի Արթին:
Եթե հիշում եք, մի անգամ էլ եմ Ձեզ գրել:
Այսօրվա նամակս Ձեր բլոգի համար է: Ուզում եմ Ձեր բլոգի միջոցով շնորհակալությունս հայտնել այսօր ձեր կողքին ապրող մի հրաշալի անձնավորության` Մարտին Սոլեքհանին, ուզում եմ, որ մեր ամերիկաբնակ հայրենակիցներն իմանան, որ իրենց կողքին ապրում է բարի, անշահախնդիր մեկը, պարզապես մարդ , ով դժվարին պահին, ինձ չճանաչելով անգամ, օգնության ձեռք մեկնեց` ոչինչ չակնկալելով փոխարենը:
Որդիս հիվանդ է և մշտապես դեղի կարիք ունի: Նրա 8 հազ. դրամ թոշակը / նա 20 տարեկան է/ պարզապես չի բավարարում անգամ դեղորայի մի մասը գնելու համար: Դեղի օրական ծախսը 1000 դրամ է, և այդպես ամեն օր:
Մենք գիտեինք, որ Իրանում այդ դեղը կարելի էր ավելի մատչելի գնով ձեռքբերել: Եվ ահա պատահաբար քույրս հանդիպում է Մարտին Սոլեքհանին, ով առանց երկմտելու, պատրաստակամ ստանձնում է դեղը հայթայթելու մեզ համար բախտռորոշ խնդիրը: Նա առանց այդ էլ զբաղված էր, որովհետև պատրաստվում էր մեկնել Ամերիկա, սակայն ....մարդ էր: Շուտով դեղորայքը տեղ հասավ: Նա հրաժարվեց գումար վերցնել, պարզապես Մարտինի մայրը հեռախոսով խնդրեց աղոթել իր որդու համար, ինչը մենք սիրով ու երախտագիտությամբ անում ենք: Ուզում եմ ասել, որ այդ դեղից մենք հնարավորություն ունեցանք տալ ևս 3 հիվանդի` նրանց հարազատներին պատմելով Մարտինի մասին: Այնպես որ, մինչև դեկտեմբեր մենք բոլորս դեղի կարիք չունենք, և նորից ու նորից ասում ենք ու պիտի ասենք` Շնորհակալություն:

Աստված օրհնի քեզ, Մարտին Սոլեքհան:
Ամենաջերմ մաղթանքներով` 
Նարինե Կռոյան

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը