Saturday, May 06, 2006

Պայքարի ու արդարութեան տօն

Մօտաւորապէս 150 տարի առաջ 1856-ին Աւստրալիայում ծնւեց աշխատաւորական մի շարժում՝ օրական ութ ժամ աշխատանքի պահանջով: 1886-ին ԱՄՆ-ի Չիկագօ քաղաքի աշխատաւորներն ընդօրինակելով Աւստրալիայում ծնունդ առած շարժումը՝ բողոքի ցոյցեր կազմակերպեցին, որոնք խիստ հակահարւած ստացան օրւայ կառավարութեան կողմից եւ այդ ճնշման հետեւանքով էլ ամրացաւ այդ շարժումն ու գոյատեւեց մինչեւ այսօր եւ գոյատեւելու է մինչեւ այն ժամանակ, երբ մարդկային պատմութեան մէջ գոյութիւն կունենայ մարդը մարդուն կեղեքելու համակարգը:Աւելի քան երկու դար է, որ շարունակւում է գործատէր-աշխատաւոր, դրամատէր-ընչազուրկ դասակարգերի պայքարը, որը բանւոր դասակարգի համար ողողւած է եղել փայլուն յաղթանակներով ու դառը պարտութիւններով:Իմպերիալիստական երկբեւեռ համակարգի փլուզումից յետոյ, բուրժուազիան առիթը պատեհ համարելով՝ մէկտեղեց իր բոլոր ուժերը՝ միջազգային աշխատաւորական շարժումը ոչնչացնելու նպատակով: Նախ փորձեցին բոլորին պարտադրել, որ Խորհրդային Միութեան փլուզումը պարզ փաստն է այն իրողութեան, որ սոցիալիզմը իրականացող համակարգ չէ, ուրեմն՝ արժէքազրկւած են բոլոր սոցիալիստական շարժումները: Յետոյ ծնւեցին տարբեր փիլիսոփաներ, ինչպիսին է Ֆրանսիս Ֆոկոյաման, որը լկտիաբար յայտարարեց պատմութեան աւարտը: Նրա համոզմամբ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, այլեւս պատմութիւնն հասաւ իր աւարտին, մի խօսքով՝ ներկայ դրամատիրական ու իմպերիալիստական համակարգը գոյատեւելով՝ դարձել է պարզ ճշմարտութիւն:
Դրամատիրութիւնը յաւիտենական չէ
Այս օրերում եւ սոցիալիստական ու աշխատաւորական շարժումների շնորհիւ՝ ականատես ենք Ֆոկոյամայի սին գաղափարների անհեթեթութեանը:Եթէ հաւատանք «դիալեկտիկ» իմաստասիրութեանը, կը հասկանանք, որ ամէն մի համակարգ իր մէջ է ստեղծում իր հակադիրը եւ դրա դէմ պայքարելով՝ կազմւելու է մի նոր համակարգ, որ ինչ էլ լինի՝ այլեւս նախկին համակարգը չէ:Ուրեմն՝ ներկայ համակարգը նաեւ իր մէջ ստեղծել է մի հակադիր դասակարգ՝ աշխատաւոր դասակարգ, որն այլեւս վեր է անցել Խորհրդային Միութեան ստալինեան արժէքներից եւ ընթանում է նոր ճանապարհով՝ դէպի արդիականացում: Արդիական (modernity) արժէքներին հաւատացողները հրաժարւելով կրօնա-եկեղեցական փիլիսոփայութիւնից, որը ասում էր, թէ ամէն զարգացում եւ առհասարակ պատմութեան ընթացքը մարդկութեանը աւելիով է խորտակում մեղքի մէջ, սկսեցին լաւատեսօրէն նայել ապագային՝ հաւատալով, որ միասնական ուժերով կարելի է ստեղծել մի այլ աշխարհ՝ նոյն այս նիւթական աշխարհում: Երկու դար առաջ, երբ աշխատաւորները դեռ կառչած էին իրենց նախկին դաւանանքներին, որոնք գերադասում էին սկզբնական մարդու կեանքը՝ չպղծւած ադամական մեղքով, տեսնելով նոր տեխնոլոգիաներն ու արտադրական արդի մեքենաները եւ դրան զուգահեռ՝ տեսան իրենց անգործութիւնը՝ նոյն այդ մեքենաների պատճառով, սկսեցին ոչնչացնել այդ բոլորը՝ ցանկանալով չզարգանալ եւ պահել նոյն սկզբնական արտադրաձեւերը, միայն թէ իրենք աշխատեն ու գործազուրկ չլինեն:
Բարբարոսականութի՞ւն թէ ընկերվարութիւն
Արդիական արժէքների շուրջ համախմբւած նորօրեայ աշխատաւորները այլեւս գիտեն, որ զարգացումը բարիք է եւ պատմութեան ընթացքն էլ դէպի բարին է գնում, եթէ միայն վերացւի արտադրողական միջոցների սեփականատիրութիւնը եւ հիմնւի աշխատանքից ձեռք բերւած հարստութեան արդար բաժանման համակարգն ու վերացւի մարդու կեղեքումը: Մարդկութիւնը այսօր կանգնած է մի երկընտրանքի առջեւ, որն է բարբարոսականութի՞ւն թէ ընկերվարութիւն ու ժողովրդավարութիւն:Տեսնելով ներկայ դրամատիրական բիրտ համակարգը, որը միջազգային շուկայում գների բարձր պահելու նպատակով՝ անտեսում է ընչազուրկ ժողովուրդներին եւ տարեկան հազարաւոր տոնաններ ցորեն է լցնում ծովում, կամ դրանք էժան գներով արտադրում է Երրորդ աշխարհի երկրներ տեղական գիւղատնտեսութիւնը ոչնչացնելու նպատակով:Այս բարբարոսական քաղաքականութիւնների հետեւանքով է, որ այսօրւայ աշխատաւորները աւելի մեծ թւով մասնակցում են քաղաքա-հասարակական շարժումներին՝ ժողովրդավարական կարգեր հաստատելու հեռանկարով:Յաղթանակը մօտիկ է, եթէ բոլորս միանանք բարբարոսականութեան դէմ պայքարող շարժմանը:
«Աշխարհի բոլոր աշխատաւորներ, միացէք»

Thursday, May 04, 2006

Հարցազրոյց Բոստոնի համալսարանի քաղաքական գիտութիւնների դոկտորական թեկնածու Ասպետ Քոչիկեանի հետ


«Որեւէ միջինարեւելեան ընդհանուր խաղաղութիւն հիմնւած է Իսրայէլի անվտանգութեան մտահոգութիւնների վրայ»


Հ.- Խնդրեմ նախ ներկայացրէք Ձեզ:


Պ.- Ծնւել եմ Բէյրութում, յետոյ անցել եմ Ամերիկա: Ներկայում Բոստոնի համալսարանի քաղաքական գիտութիւնների դոկտորական թեկնածու եմ: Երկու տարի դասաւանդել եմ Հայաստանի եւ Վրաստանի համալսարաններում: Յետոյ վերադարձել եմ ԱՄՆ եւ հիմա Նիւ Եօրքում դասաւանդում եմ քաղաքական գիտութիւն եւ միջազգային յարաբերութիւն:Որպէս մասնագիտական թէզ՝ ներկայացրել եմ Հայաստան-Վրաստան արտաքին քաղաքականութիւնը՝ դիտւած որպէս փոքր պետութիւնների վարած քաղաքականութիւն:


Հ.- Նախ պիտի ասեմ՝ ինձ հետաքրքրեց Ձեր թէզը այն պատճառով, որ վերջերս հանդիպեցի մի վրացահայ ազգային գործչի եւ նա ինձ պատմեց վրացահայերի կենսական ծանր պայմանների մասին: Դուք որպէս մասնագէտ՝ ինչպէ՞ս էք բնութագրում հայերի վրայ գործադրւող ճնշումը, որը շարունակւում է մինչեւ այսօր:Եթէ ուզենամ օրինակներով բացատրել, պիտի նշեմ, որ ճնշումները հետեւեալներն են՝ մօտ 39 հայկական եկեղեցիների յանձնումը վրացական կառավարութեանը կամ այն, որ հայերը ապահով աշխատանք ունենալու համար՝ փոխում են իրենց ազգանունները:


Պ.- Իմ կարծիքով՝ հետաքրքրական երեւոյթը այն է, որ ընդհանրապէս որեւէ փոքր պետութիւն հարցերին նայում է իր դիտանկիւնից եւ դժւար թէ նա հասկանայ իր դիմացինին, անգամ իրեն չի հետաքրքրում, թէ ուրիշ պետութիւնները ինչպէս կը նայեն այդ երեւոյթին:Կասկած չկայ, որ վրացիների մօտ կայ նաեւ ազգայնամոլական երեւոյթ եւ սովորական երեւոյթ է սա, որովհետեւ շատ աւելի փոքր պետութիւններ շատ աւելի կենտրոնացած ազգ են՝ քան հայութիւնը եւ ուրիշ փորձառութիւն էլ կայ, որ մեծ դեր կը խաղայ վրացական ազգայնամոլութեան մէջ, այն է, որ Վրաստանը կազմւած է տարբեր ցեղային եւ ազգային փոքրամասնութիւններից եւ ընդհանրապէս հայերի մօտեցումը, որ Ջաւախքում պահանջում են ինքնավարութիւն, դա վրացական մտածելակերպի ու հասկացութեան մէջ ինքնավարութիւն միշտ համահաւասար է անջատողութեան, ինչպէս պարզ է Հարաւային Օսեթիայում, Աբխազիայում եւ մինչեւ վերջերս նաեւ Աջարիայում եղել են ինքնավար, բայց պարզապէս վարել են անկախ ձեւով: Փաստօրէն, այսպիսի հարցին մօտենալը, իմ կարծիքով, շատ մեծ ազգային վախեր կը ստեղծի վրացիների մօտ:Ազգայնալամոլութիւնը ոչ մի ձեւով արդարացի չէ, սակայն եթէ հարցերը բնութագրենք պատմականօրէն, իմ կարծիքով՝ հետաքրքրական է իմանալ, որ հայ-վրացական յարաբերութիւնների լարւածութիւնը երբ է սկսւել եւ իմ ուսումնասիրութեան մէջ, որին մասնակից են նաեւ մի շարք ուրիշ վրացագէտներ, հարցը այն է, որ հայ-վրացական յարաբերութիւնները ընդհանրապէս սրւած են ռուսների գալուց յետոյ, երբ ռուսները եկան եւ գրաւեցին Վրաստանը ու այնտեղ իրենց իշխանութիւնը հաստատեցին 1801 թւականին, ռուսական գաղութատիրական քաղաքականութիւնը, որ նման է գաղութատիրական այլ քաղաքականութեան, այն է, որ կենտրոնանում են մի փոքրամասնութեան վրայ եւ օգտագործում են այդ փոքրամասնութիւնը իշխելու համար մեծամասնութեան վրայ, եւ սակայն ուրիշ երեւոյթն էլ այն է, որ հայ-վրացական յարաբերութեան մէջ հայերը Վրաստանում դասակարգային իմաստով եղել են բարեկեցիկ եւ այդ դասակարգային լարւածութիւնը, աղքատի եւ հարուստի միջեւ նաեւ թարգմանւած եւ կամ շեշտւած է ցեղայնութեան վրայ, այսինքն՝ այնպէս է պատահել, որ հայերը աւելի բարեկեցիկ կեանք են ունեցել եւ վրացիները՝ աւելի նւազ: Ուրեմն՝ այդ դասակարգային պայքարը այսպէս ասած նաեւ շեշտւած է ազգամիջեան լարւածութեան իմաստով եւ զենոֆոբիայի (վախ ուրիշից) հարցը կասկած չկայ, որ գոյութիւն ունի, բայց նաեւ իմ կարծիքով հայկական իրականութեան մէջ կայ այն երեւոյթը, որ դժւարութիւն ունենք համակերպւելու եւ մաս կազմելու այլ պետութիւնների տարբեր պրոցեսների մէջ: Նաեւ կայ լեզւի հարցը. այսօր շատ դժւար է Ջաւախքում եւ Ախալցխայում գտնել հայեր, որ վրացերէն իմանան. դա ինքնին վրացու դիտանկիւնից ասւել է, որ եթէ դու այս երկրում ես ապրում, ինչու չգիտես մեր լեզուն: Պիտի մատնանշեմ, որ Վրաստանը հարուստ պետութիւն չէ եւ չի կարող սկզբնական սոցիալական կարիքները հոգալ, օրինակ՝ այսօր Ջաւախքում իրավիճակը նոյնն է, ինչ որ կայ հիւսիսային Վրաստանում: Բայց նաեւ պիտի նկատի առնել, որ վրացական պետութիւնները հասունութիւնը չունեն, որ հասկանան Թիֆլիսում եւ ուրիշ քաղաքներում սոցիալական տարբերութիւնը, յատկապէս հայերի կողմից, կարող է թարգմանւել դիտաւորեալ ցեղային տարբերութիւն:


Հ.- Գալով մեր զրոյցի բուն թեմային՝ խնդրում եմ մեզ համար բացատրութիւն տւէք ԱՄՆ-ի «Մեծ Միջին Արեւելք» նախագծի մասին: ԱՄՆ-ն ինչո՞ւ է փորձում հիմնել մեծ Միջին Արեւելքը:


Պ.- Իմ կարծիքով՝ Ամերիկայում երկարատեւ ծրագրերի պատկերացում չկայ. շատ աւելի կարճատեւ երեւոյթներ են եւ աւելի հակազդեցութեան երեւոյթներ են՝ քան ազդեցութեան, այն իմաստով, որ Աֆղանստանում Ամերիկայի միջամտութիւնը արդիւնք էր սեպտ. 11-ի դէպքերի: Իրաքի հանդէպ արդէն ծրագիրը կար նախկինում, որ պիտի Իրաքի վարչաձեւը փոխւի. սա ուրիշ երեւոյթ է: Բայց որպէս ընդհանուր պատկերացում, իմ կարծիքով, յստակ հայեցակէտ չկայ, որ Միջին Արեւելքը ինչպիսի երեւոյթ պիտի ունենայ: Հետաքրքրական է, որ ներկայ ամերիկեան վարչակարգի մէջ, իմ կարծիքով, գաղափարախօսութիւնը շատ մեծ դեր է խաղում, մասնաւորապէս Բուշի մօտ եւ շատ քաղաքական անհատներ ու գործիչներ, որ հանդիպում են ունեցել Բուշի հետ, շատ են զարմացել, որ նա ինչքան մեծ կարեւորութիւն է տալիս գաղափարախօսութեան: Հարց կայ, թէ նա ինչքանո՞վ է հաւատում այդ գաղափարներին: Իմ կարծիքով՝ նա կը հաւատայ, որ օրինակ ժողովրդավարութիւն պիտի լինի եւ կամ մարդկային իրաւունքները անհրաժեշտ են, որ գոյանան, բայց մի քիչ աղաւաղւած եւ աւելի ծայրայեղ պահպանողական երեւոյթով, ինչ որ է «նէօ քան» (նոր պահպանողական) շարժումը: Եւ այդ իմաստով ընդհանրապէս կայ քաղաքականութիւնների ու առեւտրականութեան մերձեցումը եւ կասկած չկայ, որ ինչքան էլ խօսեն, թէ Իրաքի գրաւումը ոչ մի տնտեսական դրդապատճառ չունէր, բայց, փաստօրէն, շատ երեւոյթներ ու տեղեկութիւններ կան, որ նախքան Իրաքի պատերազմը՝ մի շարք ամերիկեան ընկերութիւններ դիմումներ էին ներկայացրել կառավարութեանը՝ պատերազմի կարեւորութեան մասին:Նաեւ ԱՄՆ-ի միջամտութիւնը Միջին Արեւելքում հիմնւած է մի սխալ տրամաբանութեան վրայ, որն է թէ՝ կարծում են Միջին Արեւելքը միատարր եւ միաէթնիկ տարածաշրջան չէ եւ, փաստօրէն, նկատի չեն առնում, որ այդ շրջանի նկարագիրը միայն իսլամ եւ կամ արաբը չէ ու դա պարզ անհասկացողութիւն է, որը գոյութիւն ունի ամերիկեան քաղաքական եւ մասամբ ակադեմական շրջանակներում:Ներկայ շրջանում էլ Ամերիկան փորձում է իր այդ փաստերով արդարացնել տարածաշրջանում գործադրած իր աշխատանքները:Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ գոյութիւն ունի միայն մի երկարատեւ քաղաքականութիւն եւ այն է ժողովրդավարութիւն հաստատելը, որը դա ուղղակի ծառայում է իր շահերին: ԱՄՆ-ն փորձում է այդ միջոցով ապահով շրջան ստեղծել՝ իր համար վստահելի տարրեր տեղադրելով իշխանութիւնների վրայ, որը հին սովորութիւն է, ինչ որ էր սառը պատերազմի շրջանում:


Հ.- Եթէ նկատէք, նախկին վարչակարգերն էլ համարեա իր կողմնակիցներն էին. օրինակ՝ Սադդամը, Թալիբանը կամ Բէն Լադէնը:


Պ.- Շատ ճիշտ է: Բայց քաղաքականութիւնները միջազգային յարաբերութեան մէջ շատ են փոխւում:Համայնավարութեան ժամանակ թալիբանները նկատւում էին որպէս երկու չարեաց փոքրագոյն՝ կոմունիստներ թէ թալիբաններ, որովհետեւ համայնավարները աւելի գաղափարական բեւեռ էին: Կամ օրինակ՝ Իրաքը համեմատաբար Իրանի՝ աւելի նախընտրելի էր: Ընդհանրապէս, ամերիկեան հասարակութիւնը շատ կարճատեւ յիշողութիւն ունի եւ չեն յիշում, որ Ռամսֆելդը գնացել էր Սադդամ Հուսէյնի հետ յարաբերութիւն ստեղծելու համար:Սակայն այսօրւայ իրողութիւնն այն է, որ որովհետեւ կոմունիզմ չկայ, ժողովրդավարութիւնը դարձել է գրաւիչ գաղափարախօսութիւն:
Հ.- Ժողովրդավարութիւնը աւելի շահաւէտ է ԱՄՆ-ին, որովհետեւ իր մէջ աւելի մեծ տարածքներ է ընդգրկում եւ մանեւրելը դիւրացնում է:
Պ.- Եւ առաւելութիւն են ունենում, որովհետեւ տարածքային իմաստով Ամերիկային հակառակող ուժ չկայ: Կարող է պատահել, որ շահերը խաչաձեււեն իրար հետ ինչպիսին էր Իրաքի խնդրով, որ Ֆրանսիան ու Ռուսաստանը հակադրւեցին ԱՄՆ-ի հետ, սակայն Լիբանանի հարցով Ֆրանսիան ու Ամերիկան առաջին համաձայններն էին, որ միակողմանի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում առաջ քաշեցին Լիբանանից Սիրիայի յետ նահանջելու խնդիրը: Այդ իմաստով շատ հետաքրքրական է այս բազմաբեւեռ երեւոյթը, ոչ սառած, այլ շատ խախուտ բազմաբեւեռ, նրանց շահերում համընկնումն ու տարանջատումը տարբեր դէպքերի մէջ: Այդ իմաստով նաեւ շատ կարեւոր է Իսրայէլի դերը՝ ընդհանուր ամերիկեան քաղաքականութեան մէջ: Իմ կարծիքով՝ որեւէ միջինարեւելեան ընդհանուր խաղաղութիւն կամ լայնատարած խաղաղութիւն հիմնւած է Իսրայէլի անվտանգութեան մտահոգութիւնների վրայ եւ երբ Իսրայէլը անվտանգութեան հարց չունենայ եւ սպառնալիքի առջեւ չգտնւի, շատ աւելի հեշտ է, որ Իսրայէլը նստի ու ընդհանուր խաղաղութեան շուրջ բանակցի արաբների հետ: Իմ կարծիքով՝ այդ էլ մէկ ազդակ է Միջին Արեւելքում Ամերիկայի գործադրած քաղաքականութիւնների մէջ:Ինչպէս Կլազովիցը ասում է, որ պատերազմի ընթացքում պիտի յստակ նպատակներ ունենալ, եթէ ոչ՝ պատերազմը ինքնանպատակ լինելով կը շարունակի մինչեւ վերջ: Առաջին աշխարհամարտը նման օրինակն է, որ վերջում մարդիկ չէին հասկանում, թէ ինչի համար էին պատերազմում եւ կարծում եմ, թէ ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ չկան այդպիսի յստակ նպատակներ ու փաստօրէն ճահիճի մէջ են ըմկղւած, նամանաւանդ Իրաքի մէջ: Ուրեմն՝ իմ կարծիքով՝ ընդհանուր ամերիկեան քաղաքականութիւնը որպէս երկարատեւ ու երկարաշունչ՝ չեմ կարծում, թէ արտայայտւած լինի եւ աւելի իրողութիւններին յարմարւելու երեւոյթներն են, որ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը ցոյց է տալիս:


Հ.- Ինչպէ՞ս կը բնորոշէք Իրան-Ամերիկա յարաբերութիւնները:


Պ.- Իրան-ամերիկեան յարաբերութիւնների մէջ գաղափարախօսութիւնը մեծ դեր է խաղում, նամանաւանդ Ամերիկայի կողմից՝ քան Իրանի: Այսօր Ամերիկան շատ աւելի գաղափարախօսութիւնից մղւած քաղաքականութիւն ունի Իրանի հանդէպ՝ քան Իրանը Ամերիկայի հանդէպ: Եւ այդ առումով Իրանը նկատի կառնւի որպէս ամենամեծ ու ինքնանեցուկ երկիր Միջին Արեւելքում, լինի իր տնտեսական կարողութեամբ եւ կամ նաւթային ուժի եւ մարտունակութեան իմաստով, նաեւ իր բազմաթիւ կապերի միջոցով: Այսօր Եւրոպան, Արեւմուտքը եւ Ռուսաստանը շատ աւելի ներդրումներ ունեն Իրանի մէջ՝ քան որեւէ այլ երկիր եւ այդ առումով իմ կարծիքով՝ Ամերիկան յստակ քաղաքականութիւն ունի Իրանի դէմ եւ գործում է ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելով:Իրանը այսօր լինի իր կրօնական իշխանութեան (Թէոկրասի) պատճառով կամ նաեւ իր շատ անկախ դիրքորոշման իմաստով Ամերիկայի գլխաւոր խոչընդոտն է տարածաշրջանում նրա միահեծան իշխանութիւնը հաստատելու ճանապարհին: Սակայն նաեւ որոշ չափով չափաւորական մօտեցում էլ կայ այն իմաստով, որ Ամերիկան անդրադառնում է, որ առանց Իրանի, Աֆղանստանի եւ Իրաքի՝ կայունութիւնն ու իր յաջողութիւնը չի կայանալու: Իրանը շատ կարեւոր դեր ունեցաւ Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբանանի խնդիրների մէջ ու վարեց շատ խելամիտ քաղաքականութիւն:Այդ իմաստով ամերիկեան քաղաքականութեան մէջ ինչքան էլ որ խօսք լինի, թէ Իրանին որպէս թշնամի՝ պիտի չէզոքացնել եւ այլն, նաեւ անդրադառնում են, որ Իրանը Իրաք կամ Աֆղանստան չէ, ունի կայուն պետութիւն եւ պետականութիւն: Ուրիշ խնդիրը, որ կայ, դա ժողովրդավարութիւնն է:Ներկայում ժողովրդավարութեան գաղափարը շատ արեւմտամէտ կամ ամերիկամէտ է: Մենք տարբեր մեկնաբանութիւններ պիտի ունենանք այդ գաղափարախօսութեան մասին եւ իմ կարծիքով՝ Իրանը ունի մի տեսակ ժողովրդավրութիւն, որ ընդհանրապէս Միջին Արեւելքում դժւար թէ գտնւի: Եւ այս երեւոյթն է, որ Ամերիկան չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել:


Հ.- Նկատի ունենալով, որ Հայաստանը նաեւ ներառւած է գծւած Մեծ Միջին Արեւելքի քարտէզում, Հայաստանը ի՞նչ դեր ունի տարածաշրջանում եւ դա ինչպէ՞ս է դիտւում ԱՄՆ-ի կողմից:


Պ.- Իմ դիտանկիւնից եւ մեկնաբանութեամբ՝ Հայաստանը ընդհանրապէս բացակայ է տարածաշրջանի քարտէզի վրայից: Միջազգային եւ շրջանային քաղաքականութեան մէջ Հայաստանը այսօր ոչ մի կարեւորութիւն չի ներկայացնում, լինի դա Ռուսաստանի, Ամերիկայի կամ որեւէ մէկի համար, բացի հայութեան եւ որոշ չափով Թուրքիայի համար, այն էլ այս վերջին շրջանում զարգացած տարբեր խնդիրների՝ Ցեղասպանութեան ճանաչման համար:Սակայն տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանութիւններ են տւել. օրինակի համար՝ ինչո՞ւ աշխարհում Ամերիկայի երկրորդ ամենամեծ դեսպանատունը գտնւում է Հայաստանում: Որոշ մեկնաբանութիւնների համաձայն՝ Ամերիկան իր տարածաշրջանային քաղաքականութեան կարիքներից ելնելով՝ ուզում է ստեղծել մի կենտրոն Հայաստանում, այն էլ լոգեստիկ իմաստով ոչ թէ Հայաստանը կարեւոր երկիր է, բայց լոգեստիկ առումով Հայաստանը աւելի յարմար երկիր է:
Դժբախտաբար, Խ. Միութեան անկումից յետոյ ընդհանրապէս Հարաւային Կովկաս ու Միջին Արեւելք կապ գոյութիւն չունի, այսինքն՝ իմ կարծիքով՝ սրանք տարբեր տարածաշրջաններ են: Թերեւս Հարաւային Կովկասը որպէս օղակ՝ նկատի առնւի, բայց օղակ որպէս գնալով դէպի Կենտրոնական Ասիա՝ քան թէ դէպի Միջին Արեւելք:Անկեղծ ասած՝ ամերիկեան Միջին Արեւելքի քաղաքականութեան մէջ չեմ կարծում, թէ Հայաստանն այս բնագաւառում նկատի է առնւել որպէս կարեւոր դեր ունեցող մի երկիր:Այսօրւայ դրութեամբ՝ Ադրբեջանը շատ աւելի կարեւոր դեր է խաղում կամ աւելի կարեւոր օղակ է Միջին Արեւելքի, ինչպէս են Թուրքիան եւ Իրաքը:


Ա.Ա.- Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ մասնակցեցիք այս հարցազրոյցին:


Ալիքի Էջերում....

Saturday, April 22, 2006

Մայիսեան ոգու կանչին ընդառաջ

Այն, ինչ որ այսօր կատարւում է Ֆրանսիայում, շատ աւելի լուրջ հիմքեր ունի, հակառակ որոշ «քաղաքական մեկնաբանների» կատարած իրարամերժ վերլուծութիւններին, որոնք ցանկանում են Սորբոնի համալսարանում իրագործած դէպքերը տեսնել որպէս մի քանի հարիւր ըմբոստ երիտասարդների արկածախնդրութիւն:Հիմնական խնդիրն այն է, որ այսօրւայ Ֆրանսիան վերածւել է միջազգային եւ եւրոպական իմպերիալիստական նւազ օղակի: Ոչ թէ նրա տնտեսութիւնը աւելի նւազ է ուրիշ եւրոպական երկրների համեմատ կամ իշխող դասակարգը ամուր հիմքեր չունի, այլ նւազ օղակի է վերածւել այն իմաստով, որ այլեւս Ֆրանսիայում իշխող դասակարգը այն կարողութիւնը չունի, որ դրամատէր դասակարգի ցանկութիւնն ու մտածելակերպը թելադրի Ֆրանսիայի հասարակութեանը: Ֆրանսիացի ժողովրդի «ոչ»-ը Եւրոմիութեան սահմանադրութեանն ու նաեւ միահամուռ բողոքը՝ ընդդէմ աշխատանքային կանոնի, պարզօրէն հաստատում են այդ իրականութիւնը:Այն, ինչ որ այդ աշխատանքային նոր կանոնի հիմքում կարեւոր եւ առաջնահերթ էր ու է, Ֆրանսիայի իշխանութեան համար ոչ թէ երիտասարդութեան աշխատել կամ աշխատազրկւելն էր, այլ այն, որ փորձում էր ժողովրդին թելադրել ու համախմբել այն մտքի շուրջ, որ տնտեսութեան ու աշխատանքի անիւը պտտւում է դրամատէրերի ու գործատէրերի առանցքի վրայ եւ որպէսզի սոյն անիւը շարունակի իր պտոյտը՝ աշխատաւոր ու ոչ-սեփականատէր դասակարգը պարտաւոր է զիջումներ կատարել ու հրաժարւել իր բացարձակ իրաւունքներից, որն է աշխատանքի ապահովութիւնը: Սա այն գաղափարն է, որի վրայ հիմնւած են դրամատիրութեան կարգերը եւ Ֆրանսիայի ժողովուրդը ըմբոստացել է դրա դէմ: Ուրեմն՝ այն ճնշումը, որ գործադրւեց տւեալ աշխատանքային կանոնի հաստատման համար ու աշխատաւոր եւ երիտասարդ խաւի ըմբոստացումը՝ դրա դէմ, վեր է անցել սոսկ մի աշխատանքային կանոնի հաստատման թէ չհաստատման սահմաններից եւ վերածւել է լուրջ գաղափարախօսական պատերազմի, որը իր գաղափարական սնունդը ստանում է սոցիալիստական եւ առհասարակ ձախակողմեան կուսակցութիւններից եւ հոսանքներից:Դրամատիրութիւնը (բուրժուազիա) իր ծննդեան առաջին օրից իր դասակարգային շահերը գաղտնի պահելու նպատակով՝ ստութեամբ իրեն ներկայացրեց որպէս բոլոր հասարակութիւնների շահերի պաշտպան եւ «բոլորի իրաւունքների հաւասարութիւն», «ազգային կառավարութիւն», «համատարած ժողովրդավարութիւն» ու «ժողովրդի իշխանութիւնը՝ ժողովրդի վրայ» գաղափարներով խաբեց ժողովուրդներին ու առհասարակ՝ աշխատաւոր դասակարգին: Իրականութեան մէջ, դրամատիրութիւնը ոչ մի «համատարած», «ընդհանուր» եւ «հաւաքական» շահի գաղափար անգամ չունի իր տնտեսահասարակական քաղաքականութեան մէջ, այլ ամէն ինչ իմաստաւորւում է նոյն այդ դրամատիրութեան շահերի համաձայն: Ուրեմն՝ մի խօսքով՝ դրամատիրական կարգերի քարոզած ու շեփորած «ժողովրդավարութիւն»-ն էլ թերի է եւ միայն սահմանափակւում է իշխող դասակարգերի շահերի սահմանում:Կարող է այստեղ ընթերցողի համար հարց առաջանալ, թէ այսօրւայ Ֆրանսիայում, որ գոյութիւն ունի խօսքի ազատութիւն, գործադուլի ու դասադուլի ազատութիւն եւ անգամ որեւէ քաղաքական եւ ուսանողական ղեկավար չի ձերբակալւում՝ բողոքելու յանցանքով, արդեօք ժողովրդավարութիւնը կե՞ղծ է ու թերի: Պիտի պատասխանեմ՝ ոչ: Բայց նաեւ մեծ տարբերութիւն կայ Ֆրանսիայի կամ Եւրոպայի բուրժուազիայի ու առհասարակ Երրորդ աշխարհի երկրների բուրժուազիայի ու դրամատիրութեան միջեւ եւ դա այն է, որ եւրոպական դրամատիրութիւնն ունի իր աւանդութիւնն ու պատմութիւնը, այն, ինչից որ զուրկ են առհասարակ Երրորդ աշխարհի երկրները: Եւրոպական ու զարգացած երկրներում ժողովրդավարութիւնը ոչ թէ շնորհւել է ժողովրդին, այլ նոյն այդ ժողովրդի միջոցով նւաճւել է, որովհետեւ նրանց դրամատիրութիւնը իր պատմութեան ընթացքում պայքարելով ֆէոդալական ու ազնւական կարգերի դէմ, պաշտպանել է մի տեսակ ժողովրդավարութիւն եւ դա մի կերպ համարւում է այդ դասակարգի աւանդութիւնը, որը այսօր չի կարող հրաժարւել ու ժողովրդին զրկել դրանից: Բայց Երրորդ աշխարհում որովհետեւ դրամատիրական կարգերը պարտադրւել են միջազգային դրամատիրական կարգերի միջոցով, ուրեմն՝ այդ դասակարգը չունի աւանդութիւն եւ պայքարի պատմութիւն: Ուրեմն՝ որեւէ ազատութեան ու ժողովրդավարութեան պահանջի տարողութիւնը չունի, որովհետեւ որեւէ ազատութեան ու ժողովրդավարութեան գաղափարի տարածումը վտանգելու է իր իշխանութեանն ու դասակարգային շահերը: Ուրեմն՝ տւեալ երկրներում իշխող դրամատէր դասակարգը իր գոյատեւման համար ժողովրդավարութեանը տանող բոլոր ճամբաները փակում է:Ներկայ աշխահում դրամատիրութեան դէմ պայքարը նոր ձեւ է ստացել եւ պիտի ստանայ՝ մերժելով «նւազագոյն ծրագիր»-ը (քւէի իրաւունք, իրաւունքների հաւասարութիւն եւ....) ու նմանօրինակ պայքարի ձեւը, որը այսօր ձեռնտու է դրամատիրութեան, պիտի որդեգրել նոր ձեւ՝ «առաւելագոյն ծրագիր», որը իր մէջ պիտի ընդգրկի արտադրութեան միջոցների սեփականատիրութեան ոչնչացումն ու դրանց հասարակականացումը՝ կոչ անելով «Աշխարհի բոլոր աշխատաւորներ, միացէք» եւ այդ հաւաքը պիտի իրագործի «Մի այլ աշխարհ հնարաւոր է» գաղափարը:

Saturday, April 08, 2006

Ստորագրահաւաք

Ի պաշտպանութիւն Հայաստանի ու Արցախի անկախութեան համար

Ստորագրեցեք եւ պաշտպանեք հայրենիքը

www.armeniaforever.ian.cc

Tuesday, March 07, 2006

«Ո՞ւր ենք գնում այսօր մենք»

Պատմութեան սկզբից մինչեւ այսօր հզօր կայսրութիւնների ու երկրների համար շատ կարեւոր հարց է եղել մարդուժը, այն խաւը, որ միայն պիտի աշխատէր, որի միջոցով աւելի սահուն պիտի պտտւէր տւեալ երկրի իշխանութեան անիւը: Այդ պատճառով էր, որ աշխարհում, մասնաւորապէս ճարտարարւեստական յեղափոխութիւնից առաջ, սովորական երեւոյթ էր դարձել ստրկատիրութիւնն ու դրան զուգահեռ՝ ստրուկների առեւտուրը:Այն երկրները, ուր բնակւում ու աշխատում էին աւելի շատ ստրուկներ, աւելի էին զարգանում քաղաքականութեան, տնտեսութեան ու մշակոյթի ոլորտներում, ինչո՞ւ, որովհետեւ երբ առօրեայ հասարակ գործերը վստահւում էին ծառաներին ու ստրուկներին, «քաղաքացիները» առիթ ունէին զբաղւելու եւ զարգանալու տարբեր ոլորտներում, այն, ինչ արգելւած էր ստրուկների համար:Աչքառու օրինակներից կարելի է նշել Յունական ու Հռոմէական կայսրութիւնները:Այդ ժամանակաշրջանում ազնւականները ստրուկին ստրուկ պահելու ու նաեւ իրենց դիրքը ամրապնդելու նպատակով՝ ստեղծում ու երեւան էին հանում տարբեր հաւատամքներ ու դաւանանքներ, որոնք արդարացնում էին ազնւականների դիրքն ու արարքը եւ ստրուկին հասկացնում, թէ նա այդպէս է ծնւել, որովհետեւ տիեզերքում գոյութիւն ունի կարգ ու կանոն ու մատնանշում էին, որ կարելի չէ այդ կարգը խանգարել: Որեւէ բողոք, ալիք ու շարժում ստանում էր «անկարգութեան» պիտակ եւ խստիւ կանխւում էր:Արտադրութեան միջոցների զարգացումով՝ նաեւ կերպարանափոխւեց ազնւականի ու ստրուկի յարաբերութիւնը եւ վերածւեց գործարանատէրի (դրամատէրի) ու բանւորի յարաբերութեան: Այդ ընթացքում բնական է, որ պիտի զարգանար ստրկատիրութեան դէմ պայքարը, նախ՝ դրամատէրերի եւ յետոյ ստրուկների միջոցով: Դրամատէրն ու գործարանատէրը իր կապիտալը պահելու եւ աճեցնելու համար՝ կարիք ունէր ստրուկների բանակի՝ իր հիմնարկութիւններում աշխատելու համար:Դրան զուգահեռ՝ դժգոհ ստրուկները ծանօթանալով ազատական նորածին գաղափարախօսութեանը՝ ըմբոստացան իրենց տէրերի դէմ՝ այն նպատակով, որ պիտի ազատւեն ստրկութեան շղթաներից: Բայց որովհետեւ ազնւականների լուծից ազատւած ստրուկը չունէր գիտական ու նիւթական ուժ՝ իր կեանքը ապահովելու համար՝ ընդունեց դրամատիրոջ «քաղցր» լուծը:Դարեր այսպէս ընթացաւ եւ օր-օրին աւելի սեւացաւ բանւորի կեանքը: Թէպէտ ազատական կարգերը բանւորին տւել էին տարբեր իրաւունքներ, ինչպիսին էր՝ ուսումը, քւէն ու մտքի արտայայտութիւնը, բայց այնպէս սահմանեց նրանց կեանքը, որ ողջ մնալու համար՝ բանւորը պարտադրւած էր թողնել ուսումը, վաճառել քւէն ու հրաժարւել մտքի արտայայտութիւնից:Այսօր երբ ճարտարարւեստական յեղափոխութիւնից անցել է աւելի քան 200 տարի, պիտի ասել, որ կերպարանափոխւել է նաեւ անցեալի դասակարգերի իմաստը:21-րդ դարում արտադրութեան միջոցների զարգանալով ու աշխատանքի բաժանման շնորհիւ՝ բանւորութիւնը ստացել է մասնագիտական իմաստ, մասնաւորապէս՝ Արեւմուտքում: Այսօր հասարակ բանւորը պիտի ունենայ իր մասնագիտութիւնը. եթէ ոչ՝ դժբախտաբար, դառնում է մի հասարակ ստրուկ, մի անձ, որը պիտի անի ամէն ինչ՝ իր կեանքը ապահովելու համար, բայց նաեւ պիտի ասել, որ 21-րդ դարի ստրուկը ստրկատիրութեան ժամանակաշրջանում ապրող ստրուկից տարբերւում է: Ստրկատիրութեան ժամանակաշրջանում հողատէրն ու ազնւականը իր տանն էին պահում ստրուկին, կերակրում նրան ու իր ընտանիքին՝ նրանից օգուտ ստանալու նպատակով, բայց 21-րդ դարի ստրուկին մէկը չի պահում ու չի կերակրում:Տնտեսապէս զարգացած երկրներում, ուր այլեւս բանւորը դարձել է մասնագէտ, կարիք կայ նոր ստրուկների՝ հասարակ ու անարժէք գործերը կատարելու համար: Այս ժամանակ է, որ կառավարութիւնները փորձում են հեշտ պայմաններ ստեղծելով՝ իրենց երկիր ներգրաւել նոր, էժան ու դժգոհ գործող մարդուժը: Հիմնական հարցը ծագում է այն ժամանակ, թէ որ երկրներից պիտի ներգրաւել այդ մարդուժը եւ ինչ միջոցով:Պարզ է, որ նախ ուշադրութիւնը թեքւում է դէպի Երրորդ աշխարհի երկրները, նրանք, որոնք դժգոհում են սեփական իշխանութիւններից, առհասարակ չունեն մասնագիտութիւն եւ ամենից կարեւորը՝ խաբւել ու հաւատացել են նոր տէրերի գաղափարախօսութեան, նոյն այն գաղափարախօսութիւնը, որ հարիւրաւոր տարիներ առաջ ազնւականները հրամցնում էին ստրուկներին՝ արդարացնելու համար նրանց ստրկութիւնը:Բայց ի՞նչ է նորօրեայ գաղափարախօսութիւնը, որը պիտի հրապուրի նորօրեայ «ստրուկներին»:Այսօրւայ հզօր պետութիւնները տարբեր միջոցներով նախ փորձում են անհատին անջատել իր պատմութիւնից եւ աւելի պարզ ասած՝ ինքնութիւնից ու դարձնել միայնակ մի անձ:Երբ յաջողւում է դա իրականացնել, այլեւս այդ անհատը դառնում է մի եսակենտրոն անհատ, հեշտութեամբ ընդունում է այլոց գաղափարները եւ դառնում է պատրաստ տարր՝ օգտագործւելու համար:Այսօր Ամերիկան կարիք ունի ոչ միայն հասարակ բանւորի, այլ նաեւ՝ հսկայ թւով սպառողների, որոնք պիտի գործեն մի ամբողջ օր եւ յետոյ օրւայ աւարտին որպէս սպառող՝ օգտագործեն իրենց տրւած հնարաւորութիւնները՝, միշտ «ես»-ը նկատի ունենալով եւ ոչ «մենքը»:Այդ անհատները չգիտեն, որ մարդկութեան փրկութիւնը երաշխաւորւած է նոյն այդ բանւորներով, որոնք արտահանում են կապիտալը եւ փորձում են միշտ «ես»-ը աչքի առաջ ունենալով՝ փրկել իրենց կաշին՝ յանուն մի քանի տասնամեակ «հանգիստ» ապրելու։

Monday, February 27, 2006

Հակահայկական ցոյցեր Իրանում

Երեկ փետ.25-ին Ղոմ քաղաքում եւ այսօր փետ.26-ին Թաւրիզի հայոց առաջնորդարանի առջեւ տեղի ունեցաւ իրանի ազերի անջատողականների հակահայկական ցոյցերը ի բողոք Խուջալոյի այսպէս ասած «ջարդին»: Այդ երկու բողոքների ընթացքում ձերբակալւել են աւելի քան 50 ցուցարար որոնց մէջ նշմարւելի են հոգեւորականներ հոջաթոլիսլամ Ազիմի եւ Զողին:
Իրանի անվտանգութեան ուժերը ցոյցերի ասկսելու իսկ պահին արծունքաբեր գազերով ցրել են ցուցարարների շարքերը:
Սա եւս փաստում է այն որ երբ հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման ընթացքում ոչ մի բողոք իրանահայութեան կողմից տեղի չի ունեցել այդ ընթացքը կը շարունակւի այլ ուրիշ վայրերում: Այս ընթացքին մենք՝ իրանահայերս պիտի զգուշութեամբ մօտենանք նմանօրինակ երեւոյթներին եւ քաւութեան նոխազ չդառնալ որովհետեւ գիտենք որ ԱՄՆ-ը իրանի դէմ ուղղւած իր պայքարում օգտագործում է նաեւ նմանօրինակ միջցեղային բախումները:
Արդեօ՞ք մեր ազգային իշխանութիւնները այս անգամ խելացիօրէն կը մօտենան այս հարցին թէ .................
-----------------------------------------
Սիրելի բարեկամներ եթէ չեք կարող կարդալ ԱԼԻՔ օրաթերթին արած իմ յղումները, այցելեք ԱԼԻՔ օրաթերթի կայքը, այն տեղ կը տեսնեք Armenian Font, դա download արեք եւ ձեր համակարգիչի մէջ install անելով այլեւս դժւարութիւն չեք ունենայ:

Tuesday, February 21, 2006

Մուհամմադ մարգարէի ծաղրանկարներն ու հայկական խաչքարերը

Բոլորս ականատես եղանք, թէ ինչպէս եւրոպական թերթերը անարգելով մուսուլմանների մարգարէ Մուհամմադին՝ բորբոքեցին աւելի քան մէկ միլիարդ մուսուլմանների կրքերը: Անկախ նրանից, թէ այդ ծաղրանկարները ինչ նպատակ էին հետապնդում ու Արեւմուտքի քաղաքական խմբաւորումները ինչ շահեր էին փնտրում այդ ծաղրանկարների միջոցով, նաեւ պիտի խոստովանել, որ Իսլամ աշխարհը իր կտրուկ ու յստակ պատասխանը տւեց Եւրոպայի այդ արարքին: Այս ընթացքում արեւմտեան մի շարք քաղաքական գործիչներ դանիական ու այլ եւրոպական թերթերի կատարած գործը մեկնաբանեցին խօսքի ազատութեան լոյսի տակ, բայց երբ հանդիպեցին Իրանի «Համշահրի» օրաթերթի առաջարկին, թէ եթէ Արեւմուտքում կայ խօսքի ու մտքի ազատութիւն, ուրեմն՝ կարող ենք խօսել նաեւ Հրէական հոլոկոստի մասին ու դա քննութեան առարկայ դարձնել, տեղի տւեցին ու չհամոզւեցին դա կատարել: Այդ ձեւով նրանք ապացուցեցին, որ ինչ է նշանակում «խօսքի ազատութիւն»:Երբ Եւրոպան Իսլամ աշխարհին յայտնեց, թէ «խօսքի ազատութիւն» նշանակում է այն, ինչ ցանկանում է ինքը եւ պատրաստ չէ անգամ դատապարտել խնդրայարոյց թերթերի արարքը, հանդիպեց Իսլամ աշխարհի խիստ պատասխաններին, որը մինչեւ այսօր շարունակւում է իսլամական երկրներում:Բժշկական ոլորտում երբ ցանկանում են ստուգել մարմնի որեւէ հատւածի առողջական վիճակը, հարւածում են տւեալ օրգանի ներւերին. եթէ այդ մասը հակազդեցութիւն է ցոյց տալիս, պարզւում է, որ դեռ առողջ է. հակառակ դէպքում՝ մի քանի փորձից յետոյ յայտարարում են, թէ մարմնի այդ հատւածը ողջ չէ:Այս ձեւը նաեւ կարելի է կիրառել հասարակագիտութեան մէջ: Երբ հասարակութիւնը հակազդեցութիւն է ցուցաբերում իր զգացական բաժնի վրայ հասած որեւէ հարւածի նկատմամբ, պարզւում է, որ այդ հասարակութիւնը ողջ է ու պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Այս կանոնի լոյսի տակ Իսլամ աշխարհը լաւագոյնս ապացուցեց, որ արթուն է եւ պատրաստ է պաշտպանել իր հաւատալիքները: Թերեւս շատերը ասեն, թէ այդ ծաղրանկարները ծառայում էին նոյն այդ նպատակներին, որ Իսլամ աշխարհին բողոքի ցոյցերի մղելով՝ պատճառ դառնային, որ Եւրոպան աւելի շատ մօտենար Ամերիկային, աւելի ներքաշւելով Իսլամ աշխարհի դէմ մշակւած ամերիկեան նախագծի մէջ: Բայց ինչ որ էր, հարւածը հասել էր ներւերին, որը, իմ կարծիքով, ստացաւ իր համապատասխան հակահարւածը:Նոյն այդ ընթացքում եւ մի այլ կերպ հայ ժողովուրդը եւ մասնաւորապէս իրանահայութիւնը եւս ստացաւ մի ցաւալի հարւած՝ Հին Ջուղայում մեր նախնիների շիրիմները սրբապղծւելով՝ հազարաւոր հայկական խաչքարեր ոչնչացան:Եկէք սկզբում նշւած բժշկական ու հասարակագիտական կանոնների հէնքի վրայ հարցը փոխադրենք բարոյագիտական դաշտ եւ քննարկենք այս երեւոյթը այդ դիտանկիւնից եւս: Մի խումբ ադրբեջանցի վարձկաններ փշրեցին մեր հայրերի ձեռքով ստեղծւած խաչքարերն ու սրբապղծեցին նրանց շիրիմները: Լուրը հասել է մեր հայրենակիցներին ու պատասխանատու մարմիններին. նրանք եւս իրենց հերթին բողոքել են միջազգային պատասխանատու կազմակերպութիւններին, որի հետեւանքով մի քանի շրջանակներ դատապարտեցին այդ վայրագութիւնները՝ ի բացառութիւն Հռոմի պապի, որը կարծես թէ անգամ այդ խաչքարերը քրիստոնէական չի համարում: Յետոյ տարբեր թերթերում մի քանի յօդւածներ տպագրւեցին ու կարծես թէ հարցը այսպիսով հասաւ իր աւարտին: Եւ այսպէս՝ ոչ մի բողոքի ցոյց չկազմակերպւեց համայն Սփիւռքում. գոնէ մէկ անգամ աշխարհում ցոյց լինէր Ադրբեջանի դեսպանատան շէնքերի առջեւ, բայց նման բան տեղի չունեցաւ: Ինչո՞ւ այդպէս եղաւ: Պատասխանը թողնում եմ ձեզ՝ խուսափելու համար միակողմանի ու անձնական որեւէ պատճառ փնտրելուց՝ իմանալով, որ այդ հարցի վերաբերեալ պատասխաններն ու պատճառները մէկից աւելին են:

Wednesday, February 15, 2006

Թեհրանում ոչնչացւում է ազգային աւանդութիւնները

Տըրընդէզ է: Լուսաւորութեան տօն: Բոլոր հայորդիները մասնաւորապէս երիտասարդները ամէն տարի ուրախութեամբ սպասում են Տըրընդէզին: Մեր մօտ միշտ մեծ շուքով է տօնւել ազգային բոլոր աւանդական տօները:
Բայց այս տարի դժբախտաբար թեմի «բարեխնամ» առաջնորդ Սեպուհ Սարգսեանի հրահանգով թեհրանահայութիւնը զրկւեց Տըրընդէզի տօնակատարութիւնից: Չգիտես ի՞նչու: Առաջնորդը եւ նրա բոլոր պնակալեզները ըստ երեւոյթի այս տարի իմացել են որ Տըրընդէզը «հեթանոսական» տօն է եւ ճիշտը այն է որ այլեւս կրակ չվառւի այդ օրը: Պիտի աւելացնել որ առաջնորդի այդ արարքը չենք կարող մեկնաբանել լոկ կրոնական հաւատամքի լոյսի տակ, այլ պիտի համարել որպէս համայնքը քանդելու եւ հայաթափման լուրջ քաղաքականութեան լոյսի տակ: Այս օրերին երբ Իրանում թափ է առել արտագաղթի երեւոյթը նմանօրինակ դաւաճանների գործը միայն թեժացնում է այդ ընթացքը:
Դժբախտաբար թեհրանի թեմական խորհուրդի անդամներն էլ, որ ըստ երեւոյթի միայն զբաղւում են անձնական ..............-ով ոչ մի ձեւով չեն հակառակել «բարեջան» առաջնորդի հրահանգին եւ այնպէս պատահեց որ Ս.Սարգիս եկեղեցում հաւաքւած հայորդիներին դուրս վռնդեցին եկեղեցու շրջափակից եւ եկեղեցու դռները փակեցին նրանց առջեւ:
Ցաւալի երեւոյթ է եւ բոլորին միայն մնում է այն որ մեր «առաջնորդը» ո՞ր ատեանից է ստացել իր հրահանգները թեհրանի համայնքի հայաթափման ուղղութեամբ:

Wednesday, February 01, 2006

Անուղղակի հակահարւածի անհրաժեշտութիւնը

Իրանի ատոմական թղթածրարը ահաւասիկ հասնում է մի նոր եւ շատ կարեւոր փուլի: Ըստ լրատւամիջոցների հաղորդած լուրի՝ փետրւարի 2-ին կայանալու է Վճռադատ խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգը լինելու է Իրանի ատոմական նախագիծը: Սա շատ կարեւոր փուլ է Իրանի իշխանութեան համար եւ ինչպէս յայտնի է, այդ կարեւորութեան հետեւանքով էր, որ անցեալ շաբաթւայ ընթացքում Իրանի բոլոր գլխաւոր դէմքերը հրաւիրւեցին ժողովի ու այդ ժողովին յաջորդեց Իրանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի այցը Մոսկւա եւ Պեկին: Ինչպէս որ ենթադրւում էր, Իրանը իր դիրքերը մեղմացրեց Ռուսաստանի առաջարկած նախագծի նկատմամբ՝ մեկնաբանելով որ Մոսկւայի առաջարկած նախագիծը կարող է Իրանին օգնել առաջանալիք քաղաքական ու տնտեսական մեկուսացումից ազատւելու ուղղութեամբ, որը կարող է լուրջ սպառնալիք լինել երկրի անվտանգութեան համար: Բայց ինչպէս որ նախատեսւում է, Իրանի իշխանութիւնը դիւրութեամբ չի ընդունի Ռուսաստանի առաջարկը եւ այժմ փորձում է գտնել տարբեր միջոցներ՝ դա ընդունելու համար, որովհետեւ շատ նւաստացուցիչ կը լինի, եթէ Իրանը առանց որեւէ պայմանի եւ միայն Արեւմուտքի ճնշումների հետեւանքով՝ դիմի Ռուսաստանի առաջարկն ընդունելու քայլին:Իմ կարծիքով՝ այն բոլոր միջոցներից մէկը, ռուսական նախագիծն ընդունելու համար, կարող է լինել պայմանական համաձայնութիւն կամ «անուղղակի հակահարւած»: Ինչպէս որ ընդունւած է ճապոնական այքիդու մարտարւեստի մէջ, մարտի ընթացքում յարձակւողին պիտի հարւածել ոչ թէ ուղղակիօրէն, այլ անուղղակի՝ նոյն յարձակւողի էներգիան ու հարւածը օգտագործելով իր դէմ:Իրանի արտաքին քաղաքականութիւնը նաեւ կարող է օգտւել վերոյիշեալ մարտարւեստի մարտավարութիւնից՝ Արեւմուտքի հետ պայքարելու ընթացքում, այսինքն՝ հնարաւոր է նոյն Արեւմուտքի եւ մասնաւորապէս Ամերիկայի հնարքներից օգտւել նրանց դէմ:Տեսնենք, թէ ինչպէս հնարաւոր է իրագործել այդ մարտավարութիւնը:Ինչպէս բոլորս տեղեակ ենք, Ամերիկան Ռուսաստանի առաջարկն ընդունելով՝ փորձեց համաշխարհային հանրութեանը ասել՝ եթէ Իրանի ատոմական նպատակները ոչ- ռազմական են եւ Իրանը ատոմական էներգիան միայն ուզում է օգտագործել խաղաղասիրական ուղղութիւններով, կարող է դա ունենալ միայն այն պայմանով, որ ուրանի յագեցումը կատարւի ռուսական ատոմակայաններում: Մինչեւ այս խաղափուլը՝ ենթադրւում է, թէ ԱՄՆ-ն յաղթել է խաղը եւ Իրանը ճնշումների հետեւանքով՝ զրկւել է ուրանի յագեցման իրաւունքից եւ կանգնել է մի «տրամաբանական» խնդրի առջեւ՝ եթէ ատոմական էներգիան իրօք պահանջւում է խաղաղասիրական նպատակների համար եւ Արեւմուտքի անվստահութեան հետեւանքով՝ Թեհրանը զրկւել է ուրանի յագեցման իրաւունքից, ուրեմն՝ պիտի ընդունել Ռուսաստանի առաջարկը՝ համաշխարհային հանրութեան մօտ վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով:Բայց ինչպէս որ պարզ է, Իրանում երկար քարոզչութիւնից յետոյ այժմ ռուսական առաջարկը առանց պայմանների ընդունելը նւաստացուցիչ կը լինի Իրանի իշխանութեան համար: Ուրեմն՝ այդ մտահոգութիւնը փարատելու համար՝ Իրանը իր ձեռքը պիտի առնի ատոմական նախագծի շուրջ ստեղծւած պայքարի ղեկը՝ Ռուսաստանի թղթածրարը պայմանական ձեւով ընդունելու միջոցով:Նախ Իրանը պիտի առաջին պայմանը յայտարարի այն, որ ուրանի յագեցման աշխատանքը ժամանակաւորապէս եւ այն էլ միայն վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ փոխադրւում է Ռուսաստան եւ ոչ-մշտական կարգավիճակով: Օրինակ՝ կարելի է երեք տարւայ ընթացքում ուրանը յագեցնել Ռուսաստանում: Այդ ընթացքում եթէ Արեւմուտքը բարեացակամ մօտեցում ունենայ Իրանի հանդէպ, հնարաւոր է երկարաձգել պայմանագիրը. եթէ ոչ, Իրանը կարող է չեղեալ համարել բոլոր պայմանագրերը, նաեւ այս ընթացքում կարելի է Արեւմուտքից պահանջել վերջ տալ Իրանի տնտեսական բոյկոտներին:Շարունակութեան մէջ եւ առաջին պայմանին զուգահեռ՝ Իրանը Արեւմուտքից պիտի պահանջի հոգալ Ռուսաստանում ուրանի յագեցման աշխատանքի համար պահանջւող ծախսերը: Նաեւ Ռուսաստանը պիտի երաշխաւորի յագեցման աշխատանքի շարունակականութիւնը եւ ոչ մի պատրւակով չկասեցնի այդ աշխատանքը:Ի վերջոյ, Իրանը կարող է Արեւմուտքից պահանջել, որ իր երկրի անունը դուրս բերի միջազգային ահաբեկչութեանը հովանաւորող երկրների ցանկից եւ 5 գերհզօր երկրները երաշխաւորելով Իրանի անվտանգութիւնը՝ քաղաքական ու տնտեսական բնական յարաբերութիւն ստեղծեն Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:Այս պարագայում Արեւմուտքը պիտի կանգնի մի տրամաբանական ընտրութեան առջեւ եւ դա այն է, որ այլեւս իրեն՝ Արեւմուտքին չի սպառնալու Իրանի ատոմական ռումբը. ուրեմն՝ այլեւս իմաստ չի ունենայ Ամերիկայի որեւէ տնտեսական բոյկոտ Իրանի նկատմամբ եւ որ վերջինս պարտաւորւելու է Արեւմուտքում Իրանի առկախ մնացած դրամագլուխները վերադարձնելով՝ օրինական յարաբերութիւն ստեղծել նրա հետ:

Sunday, January 29, 2006

Կոչ հայ քաղաքական գործիչներին

Այսօր կարդացի հոլոկոստի մասին ՄԱԿ-ին յղւած Իրանի կառավարութեան նամակը: Մի հետաքրքիր բաժնի հանդիպեցի որը կարծում եմ պիտի հետաքրքրի այն հայ գործիչներին, որոնք աշխատում են հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գծով:
Սոյն նամակում գրւած է թէ Իրանը պատրաստ է դատապարտել բոլոր ցեղասպանութիւնները: Նշելի է որ նախագահ Ահմադինեջադը նախագահական ընտրութիւնների նախընտրական փուլում պատասխանելով մեր լրագրողի այն հարցին թէ նա ինչպէս է վերաբերւում հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրին, ասաց թէ ինքը դատապարտում է Թուրքիայի կողմից կատարւած հայկական ցեղասպանութիւնը:
Այս բոլորը տեսնելով եւ առիթը պատեհ համարելով կոչ ենք ուղղում ՀՀ նախագահին ու կառավարութեանը, սփիւռքում գործող Հայ Դատի յանձնախմբերին, բոլոր հայ քաղաքական գործիչներին եւ աշխարհասփիւռ հայկական լրատւամիջոցներին ու մամուլին նամակներ յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահին ու խորհրդարանին հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ընդունելու ուղղութեամբ:

Tuesday, January 17, 2006

Ռուսական նախագիծ. թակա՞րդ թէ փրկութիւն

Իրանի ատոմական նախագիծը բանակցութիւնների սկզբնական օրերից մինչեւ այսօր բազում վերիվայրումների է ենթարկւել: Երբ միջազգային իրաւապահ կազմակերպութիւնները 2003-ի հոկտեմբերին տեղեկացան Իրանի ատոմական հետազօտութիւնների մասին, փորձեցին տարբեր ճնշումների միջոցով կասեցնել այդ հետազօտութիւնները՝ մինչեւ բոլորի համար պարզ դառնայ, թէ Իրանը ինչ նպատակ է հետապնդում իր ատոմական ծրագրերից: Երբ բոլորը, ի շարս ԱՄՆ-ի ու Ատոմական միջազգային կազմակերպութեան, պահանջում էին Իրանից, որ վերջինս թափանցիկ դարձնի իր բոլոր ատոմական ծրագրերը, Իրանի կառավարութիւնը այդ կրքերը հանդարտեցնելու համար ու վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ կասեցրեց ուրանի յագեցմամբ զբաղւող իր բոլոր կենտրոնների աշխատանքները եւ թոյլ տւեց, որ միջազգային քննիչները վերաքննելով տւեալ կենտրոնները՝ համոզւեն, որ իր բոլոր ատոմական նախագծերը խաղաղասիրական են եւ նպատակ չունեն ծառայել ռազմական որեւէ նպատակի, այն, ինչ որ Իրաքի պարագայում Սադդամ Հուսէյնը հրաժարւեց ընդունել:Այդ ընթացքում ձեւաւորւած եւրոպական եռեակը՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Անգլիան, որոնք ցանկանում էին այսպէս ասած Իրանի ատոմական «տագնապը» խաղաղութեամբ կարգաւորելով՝ համաշխարհային հանրութեանը եւ ԱՄՆ-ին փաստել Եւրոպայի հեղինակութիւնն ու անկախ արտաքին քաղաքականութիւնը, նախաձեռնեցին Իրանի հետ բանակցութիւնները:Պիտի նկատի ունենանք, որ Իրանը այն ժամանակահատւածում իր ծրագրերը կարգաւորելու համար՝ կարիք ունէր մի որոշ ժամանակի, եւ այդ պատճառով էլ դիմեց Եւրոպայի հետ բանակցելու քայլին: Բայց երկու տարի անց պարզւեց, որ Եւրոպան միայն բանակցում է բանակցութեան համար եւ այդ միջոցով փորձում է կասեցւած կարգավիճակում պահել Իրանի ատոմական ծրագրերը:Իրանի կառավարութիւնը կռահելով դա՝ կասեցրեց Եւրոպայի հետ իր բանակցութիւնները եւ վերսկսեց Սպահանի UCF կենտրոնի աշխատանքը, որը զբաղւում է ուրանի յագեցման աշխատանքով:Այս միջոցում երկու կարեւոր իրադարձութիւններ փոխեցին Իրան-Եւրոպա բանակցութիւնների ընթացքը. նախ Իրանի 9-րդ նախագահական ընտրութիւնները, որոնց աւարտին Մահմուդ Ահմադինեժադը դարձաւ Իրանի նախագահ եւ երկրորդը, որ ՄԱԿ-ում արտայայտւած Ահմադինեժադի առաջարկի հիման վրայ, թէ Իրանը մտադիր է համագործակցել որեւէ երկրի հետ, որ կը ցանկանայ ներդրում ունենալ Իրանի ատոմական աշխատանքների մէջ, Իրանին յանձնւեց Ռուսաստանի թղթածրարը, որի միջոցով առաջարկւում էր՝ ուրանի յագեցման աշխատանքը Ռուսաստանում կատարւելով եւ այդ ուրանը փոխադրւելով Իրան՝ ատոմական կենտրոններում օգտագործւի:Ռուսաստանի առաջարկած թղթածրարի առաջին ու գլխաւոր ջատագովը դարձաւ Ամերիկայի Միացեալ Նահանգները: ԱՄՆ-ն այդ քայլով մի քանի նպատակ է հետապնդում:Նախ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին ներգրաւելով այդ «բարդ» հանգոյցի մէջ՝ առիթ ունենալ Ռուսաստանի կարծիքը եւս փոխել Իրանի նկատմամբ, եթէ Իրանը մերժի Ռուսաստանի առաջարկը: Երկրորդը՝ Միջին Արեւելքում կոտրել Իրան-Ռուսաստան եւ ապա Իրան-Չինաստան հզօր դաշնակցութիւնը, որովհետեւ մինչեւ այն պահը, որ միայն բանակցում էին Իրանը եւ Եւրոպան, Ռուսաստանը եւ նրան զուգահեռ՝ Չինաստանը պաշտպանում էին Իրանի դիրքը եւ եթէ Իրանի ատոմական թղթածրարը պիտի յանձնւէր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, ենթադրւում էր, թէ Ռուսաստանն ու Չինաստանը կը հակառակէին ԱՄՆ-ի որեւէ կարծիքի: Այս պատճառով էր, որ ԱՄՆ-ն 2005 թ.-ի վերջին ամիսներում Իրանի դէմ որեւէ բանաձեւ չհրապարակեց՝ յուսալով, որ Ռուսաստանը եւ Չինաստանը ի վերջոյ միանան իրեն: Այս ժամանակահատւածում ԱՄՆ-ն անգործութեան չմատնւեց. նախ պաշտպանելով Ռուսաստանի առաջարկը՝ շեփորեց Իրանի թղթածրարը Անվտանգութեան խորհուրդ յանձնելու հաւանականութիւնը, յետոյ Անգլիայի եւ Իսրայէլի միջոցով փորձեց գրգռել Իրանի կառավարութեանը՝ մղելու համար նրան որեւէ հակադարձութեան, որին եւ հետեւեցին սիոնիզմի եւ Հոլոկոստի դէմ Ահմադինեժադի կատարած արտայայտութիւնները, որոնք չարաշահւեցին Իրանի դէմ, իսկ վերջում Իրանի հետ Իրաքի խնդրով բանակցութեան միջոցով (որը հերքւեց Իրանի կողմից) ՄԱՆ-ն փորձեց աշխարհին փաստել, որ Իրանը իրօք դերակատար է Իրաքում իրագործւող խլրտումների մէջ:Այստեղ պիտի նշել, որ հաւանական չի թւում Իսրայէլի եւ նրան ընկերակցող ԱՄՆ-ի յարձակումը՝ Իրանի ատոմական կայանների վրայ, որովհետեւ երկուսն էլ տեղեակ են դրա ծանր հետեւանքների մասին, որը կը յանգի միջազգային շուկայում նաւթի գնի սանձարձակ բարձրացմանը, Իրանում ազգային եւ հակաամերիկեան կրքերի զարգացմանը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայէլի կենսական կենտրոնների թիրախ դառնալը Իրանի միջոցով եւ աւելին՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կտրուկ շրջադարձը՝ Իրանի օգտին:Ի վերջոյ, եթէ ուզենք ողջամտօրէն նայել Ռուսաստանի առաջարկած թղթածրարին, կը գտնենք, որ դա նոյն չափով, որ կարող է թակարդ լինել Իրանի համար, նաեւ կարող է լինել փրկարար գործօն, եթէ ռուս եւ իրանական կողմերը նախապաշարումներից հեռու՝ համաձայնութեան գան որեւէ նախագծի շուրջ, որը ելնելու է թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի ազգային շահերից: Այդ միջոցում նրանք կազատւեն Արեւմուտքի ստեղծած թակարդից եւ հզօր դաշինք ստեղծելով՝ կարող են նոր փուլ ստեղծել տարածաշրջանի իրադարձութիւններում:Այդ նախագիծը կարող է լինել Իրան-Ռուսաստան համատեղ աշխատանքը՝ ուրանի յագեցման գործընթացում, որը կիրագործւի թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի տարածքներում գտնւող ատոմակայաններում:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է ՀՅԴ արեւելեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի պաշտօնաթերթ «Հայրենիք»ում:

Մարտին Լյութեր Քինգի թողած ժառանգությունը


196Օ-ականներին, քաղաքացիական պատերազմից հարյուր տարի անց սեւամորթ ամերիկացիները դեռեւս ենթարկվում էին իրավական խտրականության եւ արժանանում կոպիտ վերաբերմունքի։ Կրոնական գործիչ Մարթին Լյութեր Քինգ Կրտսերն էր, որ հավասար իրավունքների պահանջով, սկսեց ոչ բռնի պայքար, ինչի համար բանտարկվեց մի քանի անգամ։
Այզեյա Լեգեթը իրավաբանության պրոֆեսոր է Վաշինգտոնի Հարվըրդի համալսարանում եւ թեկնածու՝ հարեւան Մերիլենդի նահանգում քաղաքական մի պաշտոնի համար։ Որպես քաղաքացիական իրավունքների երիտասարդ պաշտպան, նա եւս ցուցարարների կողմն էր։ Նա ասում է.
՛՛Ցանկանում էինք փոփոխություն։ Այն այնքան կարեւոր էր հատկապես հարավում բնակվողներիս համար։ Չէ որ չունեինք նույն տեղում սնվելու իրավունք, խտրականությունը տարածված էր դպրոցներում ու պետական մյուս հաստատություններում, ամենուր՝՝։
Մերիլենդում բնակվող Էլզի Քուփերը կարծում է, որ ինքը երբեք չպիտի կարողանար ստանձնել պետական որեւէ պաշտոն, կամ ունենալ հարմարավետ տուն, եթե Մարտին Լյութեր Քինգը ժամանակին չսկսեր այս պայքարը։
Այրիս Քուքի դուստրը Մարտին Լյութեր Քինգի անվան տոնական օրն անց է կացնում աշխատանք որոնելով։ Շատ ամերիկացիների նման, նա բավական երիտասարդ է Մարտին Լյութեր Քինգին հիշելու համար։ Բայց նա զգում է, որ սեւամորթ առաջնորդը մեծ փոփոխություն է իրականացրել իր կյանքում։
Վաշինգտոնի դպրոցներից մեկում, սեւամորթ ու հրեա աշակերտների մի ակումբում, պայքարում են ամեն տեսակի խտրականությունների դեմ։ Նրանք ուզում են, որ Քինգի կյանքը օրինակ դառնա իրենց համար։ Նրանցից Մորիս Վիլկինսն ասում է.
՛՛Նա սովորեցրել է ինձ հասկանալ, որ որեւէ մեկս արտոնյալ չի ծնվում, որեւէ մեկս գերհզոր ղեկավար չի դառնում ուղղակի կախարդանքով՝՝։

Sunday, January 08, 2006

Իսրայէլը՝ առանց Շարոնի

Չորեքշաբթի, յունւարի 4-ին բոլոր լրատւամիջոցները հաղորդեցին Արիէլ Շարոնի առողջութեան վատթարացման լուրը: Նա իր երկրորդ ուղեղի կաթւածի հետեւանքով՝ փոխադրւել էր հիւանդանոց:Այս մի քանի օրերում շշուկներ տարածւեցին նրա մահւան մասին, բայց ըստ իր բժիշկների հաւաստման՝ նա ողջ է:Ինչեւէ, եթէ 77-ամեայ Շարոնը յաջողի դիմադրել մահւան եւ առողջանալ, մեծ հաւանականութեամբ այլեւս կը բացակայի քաղաքական կեանքից՝ իր ֆիզիկական անկարողութեան հետեւանքով:Արիէլ Շարոնի լինել-չլինելու կարեւորութիւնը պայմանաւորւած է տարածաշրջանի ու մասնաւորապէս իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան բարդ հանգոյցի եւ անյայտ խնդրի հետ:Ճիշտ է, որ որեւէ երկրի ընդհանուր քաղաքականութիւնը նրա վարչապետի մահով չի փոխւում, բայց այս պարագայում չենք կարող հերքել Արիէլ Շարոնի կարեւոր դերն ու հեղինակութիւնը՝ վերջին տարիներում տարածաշրջանի մէջ խաղաղութիւն հաստատելու գերխնդրում:Այս խօսքերը նաեւ չեն կարող մոռացութեան մատնել այն ոճիրները, որոնք Շարոնի միջոցով իրագործւեցին Լիբանանի հարաւում գտնւող Սաբրա եւ Շաթիլա քաղաքներում, ուր հազարաւոր պաղեստինցի տարագիրներ բնաջնջւեցին նոյն Շարոնի հրահանգով:Բայց վերջին շրջանում Շարոնը, որ քաղաքական աշխարհում յայտնի էր որպէս կտրուկ ուղղութիւն փոխող մի դիւանագէտ, փոխելով ուղղութիւնը՝ համակերպւեց ամերիկեան «խաղաղութեան» ծրագրին եւ հակառակ իր կուսակցութեան ու հանրային կարծիքին՝ հրէական բանակն ու աւանները հեռացրեց Գազայի հատւածից: Նա այս կարեւոր քայլով ուզեց Արեւմուտքին ու Արաբական աշխարհին փաստել, որ ինքը ջատագովն է պաղեստինեան ու իսրայէլական անկախ պետութիւնների ստեղծման:Բայց ինչ որ պարզ է, այն է, որ այլեւս աւարտւել է Շարոնի գործունէութեան շրջանը եւ նա այսուհետեւ բացակայելու է քաղաքական կեանքից:Շարոնի բացակայութիւնը, որ ամենից չսիրւած անձն է արաբների մօտ, տարածաշրջանի արաբ կառավարութիւններին ու մասնաւորապէս Պաղեստինի ինքնավար կառավարութեանը աւելիով պիտի մտահոգի՝ քան ուրախացնի: Ինչո՞ւ: Որովհետեւ նախ պարզ չէ, թէ ով է փոխարինելու Շարոնին: Սա շատ կարեւոր հարց է: Շարոնը իր վերջին տարիների գործունէութեան հետեւանքով՝ իր դէմ ստեղծեց բազում հակառակութիւններ, որոնց հետեւանքով էլ նա հեռացաւ իշխանական Լիկուդ կուսակցութիւնից եւ ստեղծեց Կադիմա (առաջատար) կուսակցութիւնն ու հանրայայտ դիւանագէտներին ու զինւորականներին Կադիմայի շարքերը ներգրաւելով՝ փորձեց նւազեցնել իր հակառակորդների դիրքերը:Կադիման շատ արագ ծաւալւեց եւ ենթադրւում էր, թէ առաջիկայ ընտրութիւններում կը յաղթի Լիկուդ կուսակցութեանը: Բայց Շարոնի բացակայութեամբ Կադիմայի ապագան եւս անորոշ է մնացել:Այս իրավիճակում եթէ ծայրայեղականները, որոնք հակառակ էին Շարոնի քաղաքականութեանը, յաջողեն յաղթանակ արձանագրել ընտրութիւններում՝ ենթադրւում է, թէ նոր հոլովոյթ կը ստեղծւի այդ տարածաշրջանում: Նրանով հանդերձ, որ բացարձակապէս չենք կարող ասել, թէ քաղաքական կեանքում Շարոնի ներկայութեամբ Իսրայէլն ու Պաղեստինը դէպի խաղաղութիւն կը գնային, բայց Շարոնը իր աշխատանքով եւ հաւասարակշռւած դիւանագէտներին իր շուրջ համախմբելով՝ չէզոքացրեց ծայրայեղ եւ ռազմատենչ դիւանագէտների դիրքերը:Ի վերջոյ, պիտի ասել, որ Կադիմայի ղեկավարութեան պաշտօնին յաւակնում են Աշխատաւորական կուսակցութեան նախկին ղեկավար Շիմոն Փերէզը, Երուսաղէմի նախկին քաղաքապետ ու Շարոնի օգնական Իհուդ Օլմերտը, պաշտպանութեան նախարար Շաուլ Մուֆազը, տրանսպորտի նախարար Միյիր Շիտրիտը, արդարադատութեան նախարար տկն. Թզիփի Լիոնինը եւ շատ ուրիշ աչքառու անձինք, որոնք փորձելու են դառնալ այդ կուսակցութեան ղեկավարը:Բայց մասնագէտների համոզմամբ՝ թէժ պայքարը լինելու է տկն. Լիոնինի եւ Օլմերտի միջեւ:Սպասենք եւ հետեւենք առաջիկայ զարգացումներին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը