Saturday, May 06, 2006

Պայքարի ու արդարութեան տօն

Մօտաւորապէս 150 տարի առաջ 1856-ին Աւստրալիայում ծնւեց աշխատաւորական մի շարժում՝ օրական ութ ժամ աշխատանքի պահանջով: 1886-ին ԱՄՆ-ի Չիկագօ քաղաքի աշխատաւորներն ընդօրինակելով Աւստրալիայում ծնունդ առած շարժումը՝ բողոքի ցոյցեր կազմակերպեցին, որոնք խիստ հակահարւած ստացան օրւայ կառավարութեան կողմից եւ այդ ճնշման հետեւանքով էլ ամրացաւ այդ շարժումն ու գոյատեւեց մինչեւ այսօր եւ գոյատեւելու է մինչեւ այն ժամանակ, երբ մարդկային պատմութեան մէջ գոյութիւն կունենայ մարդը մարդուն կեղեքելու համակարգը:Աւելի քան երկու դար է, որ շարունակւում է գործատէր-աշխատաւոր, դրամատէր-ընչազուրկ դասակարգերի պայքարը, որը բանւոր դասակարգի համար ողողւած է եղել փայլուն յաղթանակներով ու դառը պարտութիւններով:Իմպերիալիստական երկբեւեռ համակարգի փլուզումից յետոյ, բուրժուազիան առիթը պատեհ համարելով՝ մէկտեղեց իր բոլոր ուժերը՝ միջազգային աշխատաւորական շարժումը ոչնչացնելու նպատակով: Նախ փորձեցին բոլորին պարտադրել, որ Խորհրդային Միութեան փլուզումը պարզ փաստն է այն իրողութեան, որ սոցիալիզմը իրականացող համակարգ չէ, ուրեմն՝ արժէքազրկւած են բոլոր սոցիալիստական շարժումները: Յետոյ ծնւեցին տարբեր փիլիսոփաներ, ինչպիսին է Ֆրանսիս Ֆոկոյաման, որը լկտիաբար յայտարարեց պատմութեան աւարտը: Նրա համոզմամբ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, այլեւս պատմութիւնն հասաւ իր աւարտին, մի խօսքով՝ ներկայ դրամատիրական ու իմպերիալիստական համակարգը գոյատեւելով՝ դարձել է պարզ ճշմարտութիւն:
Դրամատիրութիւնը յաւիտենական չէ
Այս օրերում եւ սոցիալիստական ու աշխատաւորական շարժումների շնորհիւ՝ ականատես ենք Ֆոկոյամայի սին գաղափարների անհեթեթութեանը:Եթէ հաւատանք «դիալեկտիկ» իմաստասիրութեանը, կը հասկանանք, որ ամէն մի համակարգ իր մէջ է ստեղծում իր հակադիրը եւ դրա դէմ պայքարելով՝ կազմւելու է մի նոր համակարգ, որ ինչ էլ լինի՝ այլեւս նախկին համակարգը չէ:Ուրեմն՝ ներկայ համակարգը նաեւ իր մէջ ստեղծել է մի հակադիր դասակարգ՝ աշխատաւոր դասակարգ, որն այլեւս վեր է անցել Խորհրդային Միութեան ստալինեան արժէքներից եւ ընթանում է նոր ճանապարհով՝ դէպի արդիականացում: Արդիական (modernity) արժէքներին հաւատացողները հրաժարւելով կրօնա-եկեղեցական փիլիսոփայութիւնից, որը ասում էր, թէ ամէն զարգացում եւ առհասարակ պատմութեան ընթացքը մարդկութեանը աւելիով է խորտակում մեղքի մէջ, սկսեցին լաւատեսօրէն նայել ապագային՝ հաւատալով, որ միասնական ուժերով կարելի է ստեղծել մի այլ աշխարհ՝ նոյն այս նիւթական աշխարհում: Երկու դար առաջ, երբ աշխատաւորները դեռ կառչած էին իրենց նախկին դաւանանքներին, որոնք գերադասում էին սկզբնական մարդու կեանքը՝ չպղծւած ադամական մեղքով, տեսնելով նոր տեխնոլոգիաներն ու արտադրական արդի մեքենաները եւ դրան զուգահեռ՝ տեսան իրենց անգործութիւնը՝ նոյն այդ մեքենաների պատճառով, սկսեցին ոչնչացնել այդ բոլորը՝ ցանկանալով չզարգանալ եւ պահել նոյն սկզբնական արտադրաձեւերը, միայն թէ իրենք աշխատեն ու գործազուրկ չլինեն:
Բարբարոսականութի՞ւն թէ ընկերվարութիւն
Արդիական արժէքների շուրջ համախմբւած նորօրեայ աշխատաւորները այլեւս գիտեն, որ զարգացումը բարիք է եւ պատմութեան ընթացքն էլ դէպի բարին է գնում, եթէ միայն վերացւի արտադրողական միջոցների սեփականատիրութիւնը եւ հիմնւի աշխատանքից ձեռք բերւած հարստութեան արդար բաժանման համակարգն ու վերացւի մարդու կեղեքումը: Մարդկութիւնը այսօր կանգնած է մի երկընտրանքի առջեւ, որն է բարբարոսականութի՞ւն թէ ընկերվարութիւն ու ժողովրդավարութիւն:Տեսնելով ներկայ դրամատիրական բիրտ համակարգը, որը միջազգային շուկայում գների բարձր պահելու նպատակով՝ անտեսում է ընչազուրկ ժողովուրդներին եւ տարեկան հազարաւոր տոնաններ ցորեն է լցնում ծովում, կամ դրանք էժան գներով արտադրում է Երրորդ աշխարհի երկրներ տեղական գիւղատնտեսութիւնը ոչնչացնելու նպատակով:Այս բարբարոսական քաղաքականութիւնների հետեւանքով է, որ այսօրւայ աշխատաւորները աւելի մեծ թւով մասնակցում են քաղաքա-հասարակական շարժումներին՝ ժողովրդավարական կարգեր հաստատելու հեռանկարով:Յաղթանակը մօտիկ է, եթէ բոլորս միանանք բարբարոսականութեան դէմ պայքարող շարժմանը:
«Աշխարհի բոլոր աշխատաւորներ, միացէք»

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը