Իրանի ատոմական նախագիծը բանակցութիւնների սկզբնական օրերից մինչեւ այսօր բազում վերիվայրումների է ենթարկւել: Երբ միջազգային իրաւապահ կազմակերպութիւնները 2003-ի հոկտեմբերին տեղեկացան Իրանի ատոմական հետազօտութիւնների մասին, փորձեցին տարբեր ճնշումների միջոցով կասեցնել այդ հետազօտութիւնները՝ մինչեւ բոլորի համար պարզ դառնայ, թէ Իրանը ինչ նպատակ է հետապնդում իր ատոմական ծրագրերից: Երբ բոլորը, ի շարս ԱՄՆ-ի ու Ատոմական միջազգային կազմակերպութեան, պահանջում էին Իրանից, որ վերջինս թափանցիկ դարձնի իր բոլոր ատոմական ծրագրերը, Իրանի կառավարութիւնը այդ կրքերը հանդարտեցնելու համար ու վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ կասեցրեց ուրանի յագեցմամբ զբաղւող իր բոլոր կենտրոնների աշխատանքները եւ թոյլ տւեց, որ միջազգային քննիչները վերաքննելով տւեալ կենտրոնները՝ համոզւեն, որ իր բոլոր ատոմական նախագծերը խաղաղասիրական են եւ նպատակ չունեն ծառայել ռազմական որեւէ նպատակի, այն, ինչ որ Իրաքի պարագայում Սադդամ Հուսէյնը հրաժարւեց ընդունել:Այդ ընթացքում ձեւաւորւած եւրոպական եռեակը՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Անգլիան, որոնք ցանկանում էին այսպէս ասած Իրանի ատոմական «տագնապը» խաղաղութեամբ կարգաւորելով՝ համաշխարհային հանրութեանը եւ ԱՄՆ-ին փաստել Եւրոպայի հեղինակութիւնն ու անկախ արտաքին քաղաքականութիւնը, նախաձեռնեցին Իրանի հետ բանակցութիւնները:Պիտի նկատի ունենանք, որ Իրանը այն ժամանակահատւածում իր ծրագրերը կարգաւորելու համար՝ կարիք ունէր մի որոշ ժամանակի, եւ այդ պատճառով էլ դիմեց Եւրոպայի հետ բանակցելու քայլին: Բայց երկու տարի անց պարզւեց, որ Եւրոպան միայն բանակցում է բանակցութեան համար եւ այդ միջոցով փորձում է կասեցւած կարգավիճակում պահել Իրանի ատոմական ծրագրերը:Իրանի կառավարութիւնը կռահելով դա՝ կասեցրեց Եւրոպայի հետ իր բանակցութիւնները եւ վերսկսեց Սպահանի UCF կենտրոնի աշխատանքը, որը զբաղւում է ուրանի յագեցման աշխատանքով:Այս միջոցում երկու կարեւոր իրադարձութիւններ փոխեցին Իրան-Եւրոպա բանակցութիւնների ընթացքը. նախ Իրանի 9-րդ նախագահական ընտրութիւնները, որոնց աւարտին Մահմուդ Ահմադինեժադը դարձաւ Իրանի նախագահ եւ երկրորդը, որ ՄԱԿ-ում արտայայտւած Ահմադինեժադի առաջարկի հիման վրայ, թէ Իրանը մտադիր է համագործակցել որեւէ երկրի հետ, որ կը ցանկանայ ներդրում ունենալ Իրանի ատոմական աշխատանքների մէջ, Իրանին յանձնւեց Ռուսաստանի թղթածրարը, որի միջոցով առաջարկւում էր՝ ուրանի յագեցման աշխատանքը Ռուսաստանում կատարւելով եւ այդ ուրանը փոխադրւելով Իրան՝ ատոմական կենտրոններում օգտագործւի:Ռուսաստանի առաջարկած թղթածրարի առաջին ու գլխաւոր ջատագովը դարձաւ Ամերիկայի Միացեալ Նահանգները: ԱՄՆ-ն այդ քայլով մի քանի նպատակ է հետապնդում:Նախ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին ներգրաւելով այդ «բարդ» հանգոյցի մէջ՝ առիթ ունենալ Ռուսաստանի կարծիքը եւս փոխել Իրանի նկատմամբ, եթէ Իրանը մերժի Ռուսաստանի առաջարկը: Երկրորդը՝ Միջին Արեւելքում կոտրել Իրան-Ռուսաստան եւ ապա Իրան-Չինաստան հզօր դաշնակցութիւնը, որովհետեւ մինչեւ այն պահը, որ միայն բանակցում էին Իրանը եւ Եւրոպան, Ռուսաստանը եւ նրան զուգահեռ՝ Չինաստանը պաշտպանում էին Իրանի դիրքը եւ եթէ Իրանի ատոմական թղթածրարը պիտի յանձնւէր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, ենթադրւում էր, թէ Ռուսաստանն ու Չինաստանը կը հակառակէին ԱՄՆ-ի որեւէ կարծիքի: Այս պատճառով էր, որ ԱՄՆ-ն 2005 թ.-ի վերջին ամիսներում Իրանի դէմ որեւէ բանաձեւ չհրապարակեց՝ յուսալով, որ Ռուսաստանը եւ Չինաստանը ի վերջոյ միանան իրեն: Այս ժամանակահատւածում ԱՄՆ-ն անգործութեան չմատնւեց. նախ պաշտպանելով Ռուսաստանի առաջարկը՝ շեփորեց Իրանի թղթածրարը Անվտանգութեան խորհուրդ յանձնելու հաւանականութիւնը, յետոյ Անգլիայի եւ Իսրայէլի միջոցով փորձեց գրգռել Իրանի կառավարութեանը՝ մղելու համար նրան որեւէ հակադարձութեան, որին եւ հետեւեցին սիոնիզմի եւ Հոլոկոստի դէմ Ահմադինեժադի կատարած արտայայտութիւնները, որոնք չարաշահւեցին Իրանի դէմ, իսկ վերջում Իրանի հետ Իրաքի խնդրով բանակցութեան միջոցով (որը հերքւեց Իրանի կողմից) ՄԱՆ-ն փորձեց աշխարհին փաստել, որ Իրանը իրօք դերակատար է Իրաքում իրագործւող խլրտումների մէջ:Այստեղ պիտի նշել, որ հաւանական չի թւում Իսրայէլի եւ նրան ընկերակցող ԱՄՆ-ի յարձակումը՝ Իրանի ատոմական կայանների վրայ, որովհետեւ երկուսն էլ տեղեակ են դրա ծանր հետեւանքների մասին, որը կը յանգի միջազգային շուկայում նաւթի գնի սանձարձակ բարձրացմանը, Իրանում ազգային եւ հակաամերիկեան կրքերի զարգացմանը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայէլի կենսական կենտրոնների թիրախ դառնալը Իրանի միջոցով եւ աւելին՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կտրուկ շրջադարձը՝ Իրանի օգտին:Ի վերջոյ, եթէ ուզենք ողջամտօրէն նայել Ռուսաստանի առաջարկած թղթածրարին, կը գտնենք, որ դա նոյն չափով, որ կարող է թակարդ լինել Իրանի համար, նաեւ կարող է լինել փրկարար գործօն, եթէ ռուս եւ իրանական կողմերը նախապաշարումներից հեռու՝ համաձայնութեան գան որեւէ նախագծի շուրջ, որը ելնելու է թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի ազգային շահերից: Այդ միջոցում նրանք կազատւեն Արեւմուտքի ստեղծած թակարդից եւ հզօր դաշինք ստեղծելով՝ կարող են նոր փուլ ստեղծել տարածաշրջանի իրադարձութիւններում:Այդ նախագիծը կարող է լինել Իրան-Ռուսաստան համատեղ աշխատանքը՝ ուրանի յագեցման գործընթացում, որը կիրագործւի թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի տարածքներում գտնւող ատոմակայաններում:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է ՀՅԴ արեւելեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի պաշտօնաթերթ «Հայրենիք»ում:
0 Պատգամ:
Post a Comment