Tuesday, May 31, 2011

Իրանում մահապատժի են դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության գործով 300 մեղադրյալներ

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները և բոլոր նրանք, ովքեր 30 գրամից ավելի թմրանյութ են ունեցել, մահապատժի են դատապարտվել»:

Դատախազի փոխանցմամբ՝ այսօր ընտանիքների գլխավոր մտահոգությունը քաղաքներում թմրամոլների թափառելն է: Ըստ նրանց՝ քաղաքում թափառող թմրամոլները պատճառ են դառնում, որ թմրանյութերի հասանելիությունը մեծ աճ արձանագրի մայրաքաղաքում և մեծ քաղաքներում:

Հիշեցնենք, որ Իրանը մահապատիժ իրականացնող երկրների մեջ, ըստ բնակչության թվի, առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի առաջնորդը շահագրգիռ է, որ կառավարությունն իր գործը շարունակի

Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի փոխնախագահ, պահպանողական ազդեցիկ պատգամավոր Մուհամադ Ռեզա Բահոնարը, իր կուսակիցների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և նախագահ Ահմադինեժադի միջև առկա անհամաձայնություններին, հայտարարել է. «Երկրի առաջնորդը շահագրգիռ է, որ Ահմադինեժադի կառավարությունը իր գործը շարունակի և անցնցում հասնի իր բնականոր ավարտին»։

Հիշեցնելով այն միջադեպը, երբ երկրի առաջնորդը, նախագահի որոշումը նկատի չառնելով, մի հրամանագրով աշխատանքի էր վերադարձրել հրաժարական ներկայացրած հետախուզության նախարարին, Բահոնարը ավելացրել է. «Այդ միջադեպից հետո Ահմադինեժադը հրաժարական ներկայացնելու շեմին էր, բայց ի վերջո հանգել էր այն եզրակացության, որ պիտի իր գործը շարունակի մինչև կառավարությանը տրված օրինական ժամանակահատվածի ավարտը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Եգիպտոսն արտաքսեց իրանցի դիվանագետին

BBC հեռուստաընկերության հաղորդմամբ՝ մայիսի 30-ին Եգիպտոսի իշխանությունները երկրից արտաքսել են օրեր առաջ լրտեսության մեղադրանքով Կահիրեում ձերբակալված իրանցի դիվանագետ Ղասեմ Հուսեյնիին:

Թեև Իրանի իշխանությունները Հուսեյնիի հետ կապված լուրերը հերքում են, բայց նույն օրը իրանական Fars գործակալությունը հաղորդեց, որ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մոտ 50 եգիպտացի մտավորականներ այցելելու են Իրան, որոնց ընկերակցելու է նաև Ղասեմ Հուսեյնին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը առաջնորդին հատկացվող ֆինանսները չի ներառել երկրի բյուջեում

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին հատկացվող ֆինանսները՝ կապված Ղոմ քաղաքի այցելությունների ու հատկացումների հետ, չի ներառել երկրի տարեկան բյուջեում:

Խորհրդարանում Ղոմ քաղաքի պատգամավոր Հուջաթոլիսլամ Ալի Բանային, Mehr գործակալության հետ զրույցում քննադատելով նախագահի արարքը, հայտարարել է. «Իրանի առաջնորդ Ալի Խամենեիին Ղոմ քաղաք այցելության և այդ քաղաքին ֆինանսական օժանդակություններ հատկացնելու նպատակով կառավարության բյուջեում հատկացվել էր մոտ 1400 միլիոն դոլար, որի համաձայն՝ կառավարությունը ամեն տարի առաջնորդին է հատկացնելու մոտ 390 միլիոն դոլարին համարժեք բյուջե, բայց այս տարի կառավարությունը իր ներկայացրած բյուջեի նախագծում այդ գումարը չի ներառել»։

Ավելացնենք, որ Իրանի առաջնորդը ամեն տարի հատուկ ֆինանսական օժանդակություն է հատկացնում Իրանի կրոնական մայրաքաղաք Ղոմին, որը մեծ մասամբ հատկացվում է Ղոմ քաղաքում աշխատող կրոնական կենտրոնին, ինչպես նաև այդ քաղաքում աշխատատեղեր ստեղծելու և արդյունաբերությանը զարկ տալու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, May 30, 2011

Հայաստանում իրանցի գործարարները ավելի քան 500 կմ երկաթգիծ կկառուցեն

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի ճանապարհային և տրանսպորտի նախարարի տեղակալ Ռեզա Փիլփայեն հայտարարել է, որ իրանցի գործարարները պատրաստ են իրանական Ջուլֆա քաղաքից մինչև Նորդուզ սահմանային կետը, այդտեղից էլ՝ մինչև Սիսիան քաղաքը (ինչը կազմում է ավելի քան 500 կմ), երկաթգիծ կառուցել:

Փիլփայեի փոխանցմամբ, իրանցի գործարարներն այս պահի դրությամբ մոտ 7500 կմ երկարությամբ երկաթգիծ են կառուցում, և իրանական կողմը պատրաստ է Հայաստանի տարածքում երկաթգիծ կառուցելու նպատակով ներկայացնել իրանցի գործարարներին:

Իրանի ճանապարհային և տրանսպորտի նախարարի տեղակալի մատուցմամբ, իրանական Ջուլֆա քաղաքից մինչև Հայաստանի Սիսիան քաղաքը երկաթգիծ կառուցելու համար մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնում է հարկավոր, որը ժամանակի ընթացքում պիտի ներդրվի ներդնողների կողմից:

Իրան այցելած ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին հայտարարեց, երկու երկրները միմյանց երկաթգծով միացնելու հարցը գտնվում է թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի նախագահների ուշադրության կենտրոնում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը 7 միլիոն դոլար է հատկացրել Ալ-Բարադեյիին

Իրանական Ayande News լրատվական կայքի փոխանցմամբ, արաբական մի շարք լրատվական գործակալություններ հայտարարել են, որ Իրանի իշխանությունները Եգիպտոսի նախագահական ընտրություններում Ալ Բարադեյիի քարոզարշավի ու հաղթանակի համար վերջինիս 7 միլիոն դոլար են հատկացրել:

Կայքի մատուցմամբ՝ Եգիպտոսի Ազգային կուսակցության կողմից նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Յասեր Նաջիբ Աբդուլմաբուդը, Եգիպտոսի գլխավոր դատախազությանը գրած նամակում հայտնել է, որ ՄԱԳԱՏԵ-ի նախկին նախագահ Մուհամադ Ալ-Բարադեյին նախագահական ընտրություններին մասնակցելու համար մի քանի միջնորդների միջոցով Իրանի իշխանություններից 7 միլիոն դոլարի աջակցություն է ստացել:

Աբդուլմաբուդն իր նամակում նշել է, որ արաբ մի առևտրական Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում բազմիցս հանդիպել է Ալ Բարադեյիի խորհրդականի հետ և վերջում նրան է հանձնել Իրանի կողմից Ալ-Բարադեյիին հատկացված 7 միլիոն դոլարն ու հայտնել, որ Իրանի իշխանությունները Եգիպտոսի առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու են Մուհամադ Ալ-Բարադեյիին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են իրանցի դիվանագետի

France Presse գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսի անվտանգության ծառայությունները Կահիրեում ձերբակալել են Իրանի շահերի պաշտպան գրասենյակի դիվանագետ Ղասեմ Հուսեյնիին: Նա մեղադրվում է լրտեսության մեջ:

Եգիպտոսի պետական լրատվական գործակալության՝ MENA-ի փոխանցմամբ, Հուսեյնիին արդեն հարցաքննում են անվտանգության ծառայությունները:

Թեև Եգիպտոսի իշխանությունները հայտարարում են, որ Հուսեյնին Եգիպտոսի շահերը վտանգելու ուղղությամբ լրտեսություն է իրականացրել Իրանի իշխանության օգտին, բայց Կահիրեում Իրանի շահերի պաշտպան գրասենյանի մի այլ պաշտոնյա, որը բացահայտվել չի ցանկացել, France Presse գործակալությանը հայտնել է, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը, և այդ պահին Ղասեմ Հուսեյնին գտնվում Կահիրեում Իրանի շահերի պաշտպան գրասենյակում:

Հիշեցնենք, որ սա առաջին միջադեպը չէ, երբ իրանցի դիվանագետները մեղադրվում են Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու գործում: Վերջին շրջանում Քուվեյթի և Բահրեյնի իշխանություններն էլ են նմանօրինակ մեղադրանքներ ներկայացրել իրենց երկրներում հավատարմագրված իրանցի դիվանագետներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ադրբեջանի բանկերը բոյկոտել են իրանցի առևտրականներին

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի «Բիզիմ Յուլ» օրաթերթը հայտարարել է, որ Ադրբեջանի բանկերը, բոյկոտելով իրանցի առևտրականներին, հրաժարվում են նրանց բանկային ծառայություններ մատուցել:

Ըստ ադրբեջանական օրաթերթի՝ իրանցի առևտրականները թերթի լրագրողին հայտնել են, որ իրենք, դիմելով Ադրբեջանում գործող «Ռեսպուբլիկա» բանկին, ցանկացել են բանկային հաշիվ բացել ու առևտրով զբաղվել, բայց բանկի տնօրինությունը, մերժելով նրանց պահանջը, հայտարարել է, որ այդ արգելքը սահմանվել է Ադրբեջանի կառավարության կողմից:

Fars-ի փոխանցմամբ, «Բիզիմ Յուլ» օրաթերթը փորձել է այդ հանգամանքը պարզել բանկի ղեկավարներից, բայց նրանց փորձն ապարդյուն է մնացել:

Իրանական գործակալությունը վերջում հայտարարել է, որ թեև Ադրբեջանի պետական պաշտոնյաները իրանցի իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու իրենց ցանկությունների մասին, բայց իրականում ոչ մի դրական քայլ այդ ուղղությամբ չեն իրականացնում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կառուցվելու է Իրան-Հայաստան էլեկտրափոխանցման երրորդ գիծը

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հանդիպելով Իրանի էլեկտրաէներգիայի նախարար Մաջիդ Նամջույի հետ, Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխանցման երրորդ գծի կառուցման առնչությամբ հայտնել է հայկական կողմի համաձայնությունը:

Մաջիդ Նամջուն Մովսիսյանի հետ ունեցած հանդիպան ավարտին հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցումը աճ է արձանագրել, և երրորդ գծի կառուցման արդյունքում արդեն այդ փոխանակումը հասնելու է մինչև 800 կիլովատ-ժամի: Իրանի նախարարի մատուցմամբ, հիշյալ նախագծի կառուցումը 110 միլիոն դոլար է գնահատվել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին փոխանցած յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց ստանում է 3 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 6-ին կայցելի Հայաստան

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 6-ին, աշխատանքային այցով կայցելի Հայաստան:

Գործակալության փոխանցմամբ, նախագահ Ահմադինեժադը, Սերժ Սարգսյանի հրավերը ընդունելով, երկօրյա այցելության ընթացքում հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական այլ պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահն իր պաշտոնավարության առաջին շրջանում` 2007 թվականի հոկտեմբերին էր այցելել Հայաստան: Այցի ժամանակ Ահմադինեժադն անսպասելիորեն հրաժարվել էր այցելել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և նախատեսվածից շուտ լքել էր երկիրը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Saturday, May 28, 2011

Ահմադինեժադի թիմակիցներից կրկին ձերբակալվել են

Իրանական Aty News լրատվական կայքի հաղորդմամբ, վերջին օրերի ընթացքում կրկին Ահմադինեժադի թիմակիցներ են ձերբակալվել անվտանգության ծառայությունների կողմից:

Իրանի խորհրդարանի ղեկավարության անձնակազմի անդամ Հոջաթոլիսլամ Հուսեյն Սոբհանինիան, Aty News-ի հետ զրույցում, հաստատելով ձերբակալությունների մասին շրջանառվող լուրերը, նախագահին զգուշացրել է, որ եթե իր շուրջ համախմբված կազմից չմաքրագերծի շեղվածներին ու մոլորվածներին, ովքեր վտանգում են իսլամական համակարգը, երկրի ներքաղաքական լարվածությունը զարգանալու է:

Սոբհանինիայի փոխանցմամբ, «Ձերբակալվածների մասին այսօր լուրջ հետաքննություն է իրականանում և մոտ ապագայում նոր փաստեր հայտնվելով, երկրի դատական ու անվտանգության մասմինները կսկսեն զբաղվել այդ հարցով: Ուրեմն նախագահը պիտի իր ճամփան բաժանի այդ մարդկանցից, թե ոչ՝ լուրջ խնդիր կարող են առաջանալ նրա համար»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում 11 դատապարտյալ մահապատժի ենթարկվեցին

Իրանի մարդու իրավունքների HRANA լրատվական կայքի հաղորդմամբ, մայիսի 26-ին Իրանի մի քանի քաղաքներում, 11 դատապարտյալ մահապատժի են ենթարկվել:

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, հիշյալ մեղադրյալները մահապատժի էին դատապարտվել սպանության, բռնաբարության և թմրանյութերի վաճառքի մեղադրանքներով:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ, մահապատիժների իրականացման քանակով Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է, իսկ բնակչության թվի համեմատությամբ առաջին տեղն է գրավում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ռուսաստանը հայտարարում է, որ Իրանում շուտով շահագործման է հանձնվելու Բուշեհրի ատոմակայանը

Bloomberg լրատվական կայքի հաղորդմամբ, «Росатом» ընկերության փոխանախագահ Նիկոլայ Սպասկին, Ֆրանսիայում կայացած Ութնյակի գագաթնաժողովին, հայտարարել է, որ շուտով պաշտոնապես շահագործման է հանձնվելու Իրանի Բուշեհրի ատոմակայանը:

Իրանական լրատվական գործակալություններն էլ են հայտարարում, որ շուտով շահագործման է հանձնվելու Բուշեհրի ատոմակայանը, և պաշտոնական բացման արարողությանը Իրանի նախագահին ընկերակցելու է ՌԴ նախագահ Մեդվեդևը կամ վարչապետ Պուտինը:

Հատկանշական է, որ ո՛չ իրանական և ո՛չ էլ ռուսական պետական պաշտոնյաները ատոմակայանը շահագործման հանձնելու ճշգրիտ ժամանակը չեն հայտարարում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, May 26, 2011

Ահմադինեժադը 9 միլիոն քվե է առել նախագահական վերջին ընտրությունների նախօրեին

Իրանի խորհրդարանի լրատվական կայքի հաղորդմամբ, պատգամավորների 176 կողմ քվեով, երկրի խորհրդարանը քննարկելու է Իրանի նախագահական վերջին ընտրությունների նախօրեին կառավարության կողմից սոցիալապես անապահով խավի մոտ 9 միլիոն քաղաքացիներին ավելի քան 80 դոլար վճարում կատարելու փաստը: 

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Իրանի կառավարությունը «Արդարության բաժնետոմսերի եկամուտ» նախագծի անվան տակ, ավելի քան 9 միլիոն անապահով քաղաքացիների վճարումներ է կատարել, ինչը լուրջ կասկածներ է առաջացրել խորհրդարանի պատգամավորների մեջ:

Իրանի խորհրդարանի պատգամավոր և հիշյալ հետաքննության հեղինակ Ալի Աքբար Օլյան խորհրդարանի լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Ընտրությունների նախօրեին նմանօրինակ վճարումները խիստ կասկածելի են թվում: Վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները Իրանի խորհրդարանի և պահպանողական ուժերի ուշադրությունը սևեռեցին կառավարության շուրջ համախմբված շրջանակների կողմից կատարված ընտրախախտումներին»։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2008-ին ներկայացրեց մի նախագիծ, որի հիման վրա հասարակության անապահով խավին պետք է վաճառվեն պետական գործարաններից որոշ բաժնետոմսեր, և այդ խավը առիթ կունենա ամսական ստանալ այդ բաժնետոմսերի օգուտները: Բայց, խորհրդարանի պատգամավորների պնդմամբ, նախագահական ընտրությունների նախօրեին, երբ դեռ այդ բաժնետոմսերը չէին վաճառվել կարիքավորներին, հիշյալ բաժնետոմսերի շահույթը փոխանցվել է անապահով մարդկանց: Կառավարության այդ արարքը համարվել է ընտրախախտում և ընտրակաշառք, որը պետք է քննարկվի խորհրդարանում կյանքի կոչված հանձնաժողովի կողմից:

Ավելացնենք, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ և նախագահական ընտրությունների թեկնածու Միր Հուսեյն Մուսավին ընտրություններից հետո բարձրաձայնել էր այդ խախտման մասին, իսկ արդեն երկու տարի անց Իրանի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում պահպանողական ուժերը, ընթացք է տվել այդ բողոքին և փորձում է հետաքննություն անցկացնել ու պարզել իրողությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում ձերբակալել են «Facebook հակահեղափոխական սոցիալական ցանցին անդամակցելու» մեղադրանքով

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի հյուսիսում գտնվող Ամոլ քաղաքում ձերբակալվել է բահայիների համայնքի անդամ, քաղաքացի Հուշանգ Ֆանայիանը:

Նա մեղադրվում է բահայիների աղանդի կողմից ձեռնարկած միջոցառումներին ու ժողովներին մասնակցելու և բահայական հավատքը քարոզելու գործում: Այդ բոլոր մեղադրանքների թվում դատարանը նրան մեղադրել է նաև Facebook հակահեղափոխական սոցիալական ցանցին անդամակցելու գործում: Դատարանի վճռում նշվել է, թե Ֆանայիանը, անդամակցելով Facebook հակահեղափոխական սոցիալական ցանցին, փորձել է իր շուրջը համախմբել ավելի քան 500 հոգու և նրանց քարոզել բահայիների հավատքը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Աբադանի նավթամշակման գործարանի պայթյունի մեղավորը Ահմադինեժադն է

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Աբադան քաղաքի նավթամշակման գործարանի բենզինի արտադրության երրորդ մասնաճյուղի բացման արարողության ընթացքում, որտեղ ներկա էր նաև իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, տեխնիկական անսարքությունների պատճառով հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում 1 հոգի զոհվել, իսկ 36-ը վիրավորվել էր:

Հիշյալ պատահարի առնչությամբ Իրանի խորհրդարանը արդեն պատրաստվում է հետաքննություն անցկացնել: Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, խորհրդարանում Աբադանի պատգամավոր Աբդուլլահ Քաաբին, որը նաև խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահն է, մեղադրելով Ահմադինեժադին, հայտարարել է, որ նախագահը աճապարել է այդ կենտրոնի բացման գործում, և այդ պատճառով էլ անսարքությունների հետևանքով պայթյուն է տեղի ունեցել:

Քաաբին ասել է. «Աբադանի նավթամշակման գործարանի բենզին արտադրելու հիշյալ մասնաճյուղը տեխնիկապես պատրաստ չէր, անգամ անցյալ շաբաթվա ընթացքում էլ փորձնական աշխատանքի ժամանակ կրկին հրկիզվել էր: Ուրեմն, այդ պայթյունը նաև կանխատեսելի էր, բայց նախագահը, ցուցադրական հակումներ դրսևորելով, անուշադրության է մատնել այդ փաստերն ու ցանկացել է, որ բացման արարողությունը տեղի ունենա իր հայտարարած ժամկետում: Մահմուդ Ահմադինեժադը այդ պայթյունի համար պատասխանատու է և պետք է ներողություն խնդրի պայթյունից տուժած աշխատավորներից»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ըստ ՄԱԳԱՏԵ-ի՝ հնարավոր է, որ Իրանի միջուկային աշխատանքները ռազմական բնույթ ունենան

France Presse գործակալության հաղորդմամբ՝ մայիսի 24-ին ՄԱԳԱՏԵ-ի կողմից Իրանի միջուկային աշխատանքների մասին հրապարակված զեկույցի մեջ նշված է, թե հնարավոր է՝ չբացահայտված խնդիրներ գոյություն ունենան Իրանի միջուկային աշխատանքներում, որոնք, հավանաբար, կապված են միջուկային աշխատանքները ռազմական նպատակների համար օգտագորելու միտումների հետ:

ՄԱԳԱՏԵ-ի հրապարակված զեկույցում նշվում է. «ՄԱԳԱՏԵ-ն մտահոգված է անցյալում և ներկայումս Իրանի միջուկային աշխատանքների չբացահայտված շերտերի համար, որոնցից ամենամտահոգիչը միջուկային մարտագլխիկների արտադրության հետ կապված աշխատանքներն են»։

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենց միջուկային աշխատանքները խաղաղ նպատակներ են հետապնդում, իսկ Արևմտյան երկրները հավաստիացնում են, որ Իրանը, զուգահեռ առաջ տանելով ուրանի հարստացման և հրթիռային նախագծերի իրականացման աշխատանքները, նպատակ ունի ստեղծել ատոմային զենք:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ապօրինի ձեռք բերած գումարներով փորձում են գրավել Իրանի խորհրդարանը»

Իրանական Shargh օրաթերթի հաղորդմամբ, Իրանի պահապան խորհրդի նախագահ, ազդեցիկ հոգևորական առաջնորդ Այաթոլլահ Ահմադ Ջանաթին, անդրադառնալով Իրանի կառավարություն թափանցած, պահպանողականների բնութագրմամբ՝ շեղված ու մոլորված տարրերի գործողություններին, հայտարարել է. «Այս շրջանում որոշ մարդիկ փորձում են, իրենց դիրքն ու պաշտոնը շահարկելով, նոր շարժ առաջացնել ու ապօրինի միջոցներով ձեռք բերած հսկայական գումարների շնորհիվ գրավել երկրի խորհրդարանը: 
Խորհրդարանական նախկին ընտրությունների ընթացքում էլ նմանօրինակ փորձեր եղան, բայց այս անգամ այդ մարդիկ փորձում են հսկայական գումարներով գնել ուրիշներին ու այդ միջոցով գրավել խորհրդարանը»:

Այաթոլլահ Ջանաթին իր խոսքի շարունակության մեջ շեշտել է. «Իրանի պահապան խորհուրդը խիստ վճռականությամբ հետևելու է այդ գործընթացներին»:

Shargh օրաթերթի մեկնաբանությամբ, Այաթոլլահ Ջանաթին արդեն երկրորդ անգամ է հրապարակավ հայտարարում այն մասին, որ կառավարության շուրջ ձևավորված խմբակցությունը նախընտրական իր քարոզարշավը մեկնարկել է ու փորձում է մեծ գումարներ ծախսելով ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, May 25, 2011

Ալի Լարիջանին կրկին վերընտրվեց Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, մայիսի 25-ին Իրանի խորհրդարանի նախագահի ու ղեկավար անձնակազմի հերթական տարեկան ընտրությունների արդյունքում Ալի Լարիջանին պատգամավորների 212 ձայնով կրկին վերընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում:

Հիշյալ ընտրությունների արդյունքում խորհրդարանի ղեկավարության անձնակազմ է վերադարձել ազդեցիկ պահպանողական պատգամավոր, նախագահ Ահմադինեժադի քննադատներից համարվող Մուհամադ Ռեզա Բահոնարը:

Հատկանշական է, որ սա խորհրդարանի ղեկավարության անձնակազմի վերջին ընտրությունն էր, և Իրանի խորհրդարանը այս կազմով է գնալու դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ, որ կայանալու են 2012-ի մարտին:
Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի խորհրդարանում արդեն տեղի է ունեցել ընտրված ղեկավարության անձնակազմի երդման արարողությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Նոր բացահայտումներ Իրանի հետախուզության նախարարի պաշտոնանկության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», անցյալ ամիս Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին նախագահի թիմակիցների ճնշումների արդյունքում հրաժարական էր ներկայացրել, այնուհետև երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի միջամտությամբ ու հրամանագրով նորից նշանակվել էր իր պաշտոնում:

Իրանի խորհրդարանի ազդեցիկ պահպանողական ու Այաթոլլահ Խամենեիի աջակից պատգամավոր Ալի Ռեզա Զաքանին մայիսի 24-ին Ղոմ քաղաքաում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի քննարկման նիստի ընթացքում փորձեց նոր բացահայտումներով լուսաբանել այդ միջադեպը:

Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ, Զաքանին հանդիպման ընթացքում հայտարարել է. «Կառավարության շուրջ ձևավորված շեղվածների խումբը փորձեց հետախուզության նախարարությունը իր վերահսկողության տակ առնելով շեղվածների ջոկատ ստեղծել: Այդ խմբակցության պարագլուխները ցանկանում էին, բազմաթիվ դատական թղթապանակները նախարարությունից դուրս հանելով, դատախազների հետ առևտրի մեջ մտնել:

Կառավարությանը մերձ շեղվածների մասին հետախուզության նախարարությունում բազմաթիվ մեղադրանքներով փաստաթղթեր կան, այդ թվում՝ կարելի է նշել այդ մարդկանց գործունեությունը կոռուպցիայի ոլորտում:

Բայց երկրի առաջնորդի խոհեմությամբ այդ դավադրությունը չիրականացավ, և այս պահին այդ մարդիկ վերադարձել ու փորձում են լոզունգների քողի տակ թաքնվել: Մենք թեև պիտի ողջունենք նրանց վերադարձը, բայց նոր պահանջներ պիտի ներկայացնենք, որոնցից ամենակարևորը պիտի լինի կառավարության կազմը շեղված ու մոլորված անհատներից մաքրագործելը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մանրամասներ Աբադանի նավթամշակման գործարանում պայթյունի մասին

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի հարավում գտնվող Աբադան քաղաքի նավթամշակման գործարանի բենզին արտադրության երրորդ մասնաճյուղի բացման արարողության ընթացքում, որին մասնակցում էր նաև երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, տեխնիկական անսարքությունների պատճառով պայթյուն է տեղի ունեցել:

Գործակալության փոխանցմամբ, պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, իսկ Ահմադինեժադը դրանից չի տուժել:

Fars-ը հաղորդում է, որ հիշյալ պայթյունը տեխնիկական անսարքությունների պատճառով է տեղի ունեցել, բայց նախագահի այցելության օրակարգը անփոփոխ է մնացել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը՝ տարածաշրջանի հզոր պետություններ

Իրանական Aran լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական Zaman օրաթերթի, հաղորդում է, որ Թուրքիայի «Ֆաթեհ» համալսարանը հասարակական հարցում է կազմակերպել Թուրքիայի հարևան երկրներում, որի արդյունքում պատասխանողների մեծամասնությունը տարածաշրջանային կարևոր ուժ են համարել Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ՝ պատասխանողների 35%-ը Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության գլխավոր դրդապատճառը համարում է ԵՄ կառույցում Թուրքիայի ինտեգրման աշխատանքների հետևանք, իսկ 34%-ը՝ Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալը:

Ըստ իրանական լրատվական կայքի՝ հիշյալ հարցումին մասնակցել են 318 մտավորականներ Հունաստանից, Իրանից, Վրաստանից, Հայաստանից, Սիրիայից, Իրաքից և Բուլղարիայից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բահրեյնը հրաժարվեց Իրանի գազից

ԱՄԷ-ի The National լրատվական կայքի հաղորդմամբ՝ Բահրեյնի իշխանությունները երկրի ներքին գործերին Իրանի միջամտության պատճառաբանությամբ դադարեցրել են իրանական գազի ներկրումն իրենց երկիր:

Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ բեն Մուհամադ Ալ Խալիֆեն հայտարարել է. «Իրանից բնական գազի ներկրումն այս պահին դադարեցվել է Բահրեյնի ներքին գործերին Իրանի միջամտությունների պատճառով: Անկասկած, Իրանի կրկնվող սպառնալից հայտարարությունները երկկողմ համաձայնության ճանապարհին պատնեշ են դառնում»։

Հիշեցնենք, որ Իրանի և Բահրեյնի հարաբերությունները վատթարացան, երբ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը Բահրեյնում ծայր առած ժողովրդական հուզումները կասեցնելու նպատակով, Բահրեյնի իշխանությունների պահանջով մուտք գործեցին այդ երկիր ու ճնշեցին ընդդիմադիրներին: Իրանի իշխանությունները Սաուդյան Արաբիայի քայլը որակեցին որպես ներխուժում և գրավում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, May 23, 2011

Իրանում ձերբակալված ԱՄՆ լրտեսական խմբի անդամների թվում կան պետական պաշտոնյաներ

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է ԱՄՆ ԿՀՎ-ի օգտին լրտեսություն իրականացրած 30 հոգանոց մի խումբ:

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ հիշյալ լրտեսական խմբի անդամների թվում են եղել նաև Իրանի պետական պաշտոնյաներ ու հասարակական ծառայություններ մատուցող կազմակերպությունների պաշտոնյաներ:

Fars գործակալության փոխանցմամբ, ձերբակալված պետական պաշտոնյաներից մեկը ավելի քան 25 տարի աշխատել է Իրանի նախարարություններից մեկում: Իսկ հանրային ծառայությունների կազմակերպություններում էլ բացահայտվել են լրտեսներ, որոնք կարևոր տեղեկություններ են փոխանցել այն մասին, թե Իրանը ինչ միջոցներով է շրջանցում Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Գործակալության մատուցմամբ, ձերբակալվածներից մեկն էլ տեղեկություններ է հաղորդել Իրանի կարևոր կենտրոնների և այդ կենտրոնները պայթեցնելու հնարավորությունների մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադի կողմնակիցները գահընկե՞ց են անում Իրանի առաջնորդին

Իրանական Ayande News պահպանողական լրատվական կայքը հաղորդում է, որ, ըստ հավաստի աղբյուրների, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցներից մեկը մի հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իրանական Խորդադ (Հունիս) ամսի կեսին Իրանում տեղի կունենա շատ կարևոր և որոշիչ իրադարձություն, որի արդյունքում երկրի ներքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ նախագահի թիմակիցների:

Ayande News լրատվական կայքը, հիշյալ հայտարարությունը մեկնաբանելով, իրադարձությունների երկու վարկած է առաջ քաշում: Առաջին տարբերակը կարող է լինել այն, որ Իրանի բարձրաստիճան որևէ ղեկավարի հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, որի արդյունքում ներքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ նախագահի: Իսկ երկրորդ վարկածը կապվում է շիա մուսուլմանների փրկչի հայտնության հետ: Ըստ կայքի՝ հնարավոր է, որ նախագահի թիմակիցները հայտարարեն մուսուլմանների փրկիչ Իմամ Մեհդիի գաղտնի հայտնության մասին:

Կայքը փոխանցում է, որ նախագահի թիմակիցները երկար ժամանակ է՝ ինչ քարոզում են, որ շիաների փրկիչը նախ գաղտնի հայտնվելու է Սաուդյան Արաբիայի Մադինա քաղաքում: Հայտնվելուց հետո նա մինչև երեք տարի գործելու է ընդհատակյա, իսկ վերջում հրապարակավ հայտարարելու է իր հայտնության մասին:

Ayande News-ի փոխանցմամբ, նախագահի թիմակիցներն իրենց քարոզներում բազմիցս հայտարարել են, որ երբ փրկիչը՝ Իմամ Մեհդին, հայտնվի, նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև Այաթոլլահ Խամենեին, այլևս իշխանություն չեն ունենալու:

Ի դեպ, Մահմուդ Ահմադինեժադն իր պաշտոնավարության տարիներին բազմիցս հայտարարել է, թե իր կառավարությունն ուղղակի ղեկավարվում է Իմամ Մեհդիի միջոցով։ Շրջանառվող լուրերի համաձայն, անգամ կառավարության նիստերին մի թափուր աթոռ է հատկացված բացակա փրկչի համար:

Այդ մասին երկու շաբաթ առաջ Իրանի խորհրդարանի պահպանողական ազդեցիկ պատգամավոր Ալի Մոթահարին հայտնել է իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած զրույցի ընթացքում: Մոթահարիի փոխանցմամբ, կառավարության շեղված անդամները, բոլորին խաբելով, հայտարարում են, թե աշխարհը գտնվում է Իմամ Մեհդիի հայտնության ժամանակահատվածում, և այլևս անիմաստ է դառնում Այաթոլլահ Խամենեիին հետևելը:

Իրանի ազդեցին հոգևոր առաջնորդներից Այաթոլլահ Խազալիի որդին՝ Մեհդի Խազալին էլ մայիսի 20-ին իր բլոգում գրել է. «Խորդադ ամսվա կեսին (հունիսի 4-5-ին) շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենալու երկրում: Ես միայն մտահոգված եմ, որ այդ իրադարձությունը վերահսկումից դուրս գա, ու բոլորին կլանի: Ես միայն կարող եմ ասել, որ ցավում եմ: Ցավում են այն ժողովրդի համար, որի ողջ ունեցվածքը կուլ է գնալու: Ժողովո՛ւրդ, աղոթեք ձեր երկրի համար»։

Հատկանշական է, որ հունիսի 4-ը համընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին, և, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի Իրանի նախագահին այդ առիթով ելույթ ունեցողների ցանկից դուրս են հանել: Այդ մասին հաղորդել է իրանական Mehr գործակալությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը Սեպտեմբերի 11-ի դերակատարներից է եղել

Ամերիկյան The New York Times օրաթերթը հաղորդում է, որ 2001-ի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության մեջ Իրանն ու «Հիզբոլլահ» խմբակցությունը դերակատարություն են ունեցել:

Ըստ օրաթերթի՝ Իրանի հետախուզության ծառայությունների նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ինքնությունը անվտանգության նկատառումներով չի հրապարակվել, Մանհեթենի դաշնային դատարանում ներկայացրել են իրենց ցուցմունքներն առ այն, որ Իրանի իշխանությունները նախապես տեղեկացված են եղել Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության մասին:

Ցուցմունքների համաձայն, Իրանն ու «Հիզբոլլահ» խմբակցությունը նախքան գործողության իրականացումն աջակցել են ահաբեկիչներին, իսկ գործողությունից հետո Իրանում ապաստան տվել գործողության կազմակերպիչներին:

Մանհեթենի դաշնային դատարանն այս առնչությամբ հայտարարել է, որ չկան հստակ ապացույցներ, թե Իրանն ու «Հիզբոլլահը» նախապես տեղեկացված են եղել հիշյալ ահաբեկչական գործողության մասին, ուստի այդ հարցը պետք է ուսումնասիրվի ԱՄՆ կառավարության կողմից:

Հարկ է նշել, որ Սեպտեմբերի 11-ի հետաքննող հանձնախումբն իր զեկույցում նախապես հայտնել էր, որ Իրանն ու «Հիզբոլլահը» սերտ առնչություն են ունեցել «Ալ-Քաիդա» խմբակցության այն անդամների հետ, որոնք հետագայում դարձան Սեպտեմբերի 11-ի հեղինակները:

Հետաքննող մասնագետների զեկույցը դեռ չի հաստատում Իրանի հետախուզության ծառայությունների նախկին պաշտոնյաների տված ցուցմունքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադ. «Արևմուտքը փորձում է երաշտ առաջացնել Իրանում»

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Արաք քաղաքում մասնակցելով «Քամալ Սալեհ» ջրամբարտակի բացման արարողությանը, վկայակոչելով «արևմտյան մի դիվանագետի» հրապարակված հոդվածը, հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է երաշտ առաջացնել Իրանում:

Նախագահի փոխանցմամբ, այդ դիվանագետը, որի անունը նա չի հիշատակել իր ելույթում, ասել է, որ եվրոպական երկրները հատուկ սարքավորումներով լիցքաթափում են անձրևաբեր ամպերը, որոնք շարժվում են դեպի Իրան: Ըստ Ահմադինեժադի՝ «Արևմուտքը սարսափում է մեր տարածաշրջանի քաղաքակրթական և մշակութային զարգացումներից»։

Իրանի նախագահ Ահմադինեժադը, նշելով, որ Իրանը իրավական մակարդակում հետևելու է այդ խնդրին, ասել է. «Համոզված եմ, որ, ինչպես նախկինում էլ է հայտարարվել, ապագայի պատերազմները ջրի պատերազմ են լինելու»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, May 19, 2011

Իրանցիները պատրաստ են ապացույցներ ներկայացնել ԼՂ պատերազմում Ադրբեջանին աջակցության մասին

Իրանական Aran լրատվական կայքը հաղորդում է, որ Արդաբիլ քաղաքի հոգևոր առաջնորդ Հոջաթոլիսլամ Հասան Ամելիի՝ Արցախի հակամարտության տարիներին Ադրբեջանին ցուցաբերած Իրանի աջակցությունների մասին բացահայտումներից հետո բազմաթիվ քաղաքացիներ դիմել են հիշյալ լրատվական կայքի խմբագրություն և պատրաստակամություն հայտնել՝ ներկայացնելու փաստեր այդ լուրի իսկությունն ապացուցելու համար:

Aran գործակալության փոխանցմամբ, Իրանի մի շարք քաղաքացիներ ապացույցներ են ներկայացրել, որոնց համաձայն արցախյան հակամարտության տարիներին Ադրբեջանի ԱԺ այդ ժամանակվա նախագահ Ռասուլ Ղուլիևը, նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը և ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը բազմիցս այցելել են Իրանի Արդեբիլ քաղաք:

Aran կայքի խմբագրությունը վերջում հայտնում է, որ ընդառաջելու է այն բոլոր քաղաքացիներին, ովքեր փաստեր ներկայացնելով՝ վերջ կդնեն երկար տարիների ընթացքում Ադրբեջանի ժողովրդի մոտ ձևավորված հակաիրանական տրամադրություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանն ազատ արձակեց Al-Jazeera հեռուստաընկերության լրագրողին

Al-Jazeera հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայի կողմից Իրանին հանձնված լրագրող Հոմա Դորոթի Փարվազը մայիսի 18-ին ազատ է արձակվել և այժմ գտնվում է Դոհայում:

Փարվազը 19 օր առաջ Սիրիայում տեղի ունեցող ժողովրդական ցույցերը մեկնաբանելու նպատակով մեկնել էր Դամասկոս, որտեղ էլ անհետացել էր: Իսկ օրեր անց ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատունը հայտարարել էր, որ նրան հանձնել են Իրանի իշխանություններին, քանի որ Փարվազը ժամկետանց իրանական անցագրով է մուտք գործել երկիր:

Թեև սիրիական կողմը հայտնում էր, որ լրագրողին հանձնել են Իրանի իշխանություններին, Իրանի ԱԳ նախարարությունը երկու անգամ հայտարարեց, որ տեղեկություն չունի անհետ կորած լրագրողի ճակատագրի մասին: Սակայն այդ հայտարարություններից մեկ օր անց պարզվեց, որ Դորոթի Փարվազը գտնվում էր հենց Իրանում։ Իրանական կողմը նրան ազատ է արձակել, և լրագրողը մեկնել է Դոհա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը մեղավոր է ճանաչում Al-Jazeera հեռուստաընկերության անհետացած լրագրողին

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ Դամասկոսում անհետացած Al-Jazeera հեռուստաընկերության լրագրող Հոմա Դորոթի Փարվազին հանձնել են Իրանի իշխանություններին, քանի որ նա Սիրիա է մուտք գործել իրանական անցագրով:

Թեև Իրանի իշխանությունները չեն հաստատել Սիրիայի իշխանությունների կողմից հրապարակաված տեղեկությունը, բայց մայիսի 17-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, անդրադառնալով Փարվազի խնդրին, նրան մեղավոր է ճանաչել:

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Դորոթի Փարվազը Սիրիա մուտք գործելու համար աշխատանքային վիզայի կարիք է ունեցել, և որովհետև Իրանի ու Սիրիայի միջև վերացվել է վիզայի ռեժիմը, ուստի նա փորձել է իր իրանական անցագրով աննկատ մուտք գործել Սիրիա: Նա մեղավոր է երեք հարցում. նախ՝ ժամկետանց իրանական անցագրով է մուտք գործել Դամասկոս, հետո՝ առանց լրագրողական վիզայի էր փորձում մուտք գործել Սիրիա, և վերջապես, նա իր մոտ մի քանի անցագիր է ունեցել:

Ինչպես գիտեք, մենք բազմաքաղաքացիությունը չենք ընդունում, բայց մեր բոլոր ջանքերը կներդնենք նրա մասին տեղեկություն ստանալու համար: Այդ հարցը շատ կարևոր է նաև մեզ համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ-ը բոյկոտեց իրանական ևս մեկ բանկ

France Presse գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանը «Արդյունաբերություն և հանքեր» (Սանաթ մադան) բանկը օգտագործում է իր դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով:

Հիշյալ հայտարարության համաձայն, իրանական բանկը ֆինանսական ծառայություններ է մատուցում արդեն բոյկոտի ենթարկված «Մելաթ» և «Իրան-Եվրոպա առևտուր» բանկերին:

Մինչ այս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այդ երկու բանկերին Իրանի միջուկային աշխատանքների համար ֆինանսական միջոցներ ապահովելու պատճառով բոյկոտել էր:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակաահաբեկչական բաժնի փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը հայտարարել է, որ Իրանը ֆինանսական անօրինական գործարքներն իր մեկ բանկից մյուսն է փոխադրում:

«Արդյունաբերություն և հանքեր» բանկը 21-րդ իրանական բանկն է, որը բոյկոտվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, May 18, 2011

Իրանում ծխող ուսանողները կզրկվեն ուսումից

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի առողջապահության նախարար Մարզիե Դասթջերդին հայտարարել է, որ բժշկական ֆակուլտետի ծխող ուսանողները կզրկվեն ուսումից, և ավելին՝ ծխող անձնավորությունները հնարավորություն չեն ունենալու աշխատելու առողջապահության նախարարությանը կից որևէ հաստատության մեջ:

Նախապես, Իրանի խորհրդարանի հաստատմամբ ծխող ուսանողները երկու կուրս զրկվում էին ուսումից:

Իրանի առողջապահության նախարարության անցյալ տարվա հրապարակած վիճակագրության համաձայն, Իրանի համալսարանների ուսանողների 25%-ը և ուսանողուհիների 6%-ը սիգարետ են օգտագործում, և այդ բոլորի առաջատարը բժշկական ֆակուլտետի ուսանողներն են:

Վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի Իրանում սիգարետի օրինական ներկրումը հնգապատիկ աճ է արձանագրել, որից իրանի կառավարության շահել է 300 միլիոն դոլար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թեհրան-Հռոմ ամենօրյա ուղևորատար չվերթները դադարեցվեցին

Iran Air ավիաընկերության Թեհրան-Հռոմ-Թեհրան ամենօրյա ուղևորատար չվերթները 45 տարուց հետո դադարեցվեցին:

Իրանական IRIB լրատվական գործակալության հաղորդմամբ, հիշյալ չվերթների դադարեցման հիմնական պատճառն այն է, որ Հռոմի օդնավակայանը հրաժարվում է իրանական ինքնաթիռներին վառելանյութ մատակարարել:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», մի քանի ամիս է, ինչ Եվրոպայի մի շարք օդանավակայաններ Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով հրաժարվում են իրանական ինքնաթիռներին վառելանյութ մատակարարել:

Իրանական կողմն էլ, իր հերթին, մարտ ամսից եվրոպական այն երկրների ինքնաթիռներին, որոնց օդանավակայանները հրաժարվում են համագործակցել Իրանի ավիաընկերությունների հետ, վառելանյութ չի տրամադրելու իրանական օդանավակայաններում:

Այս պահին Iran Air ավիաընկերությունը շաբաթական միայն մի չվերթ է իրականացնում Թեհրան-Միլան-Թեհրան ուղղությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, May 16, 2011

Ռուսաստանը Հայաստանին զինամթերք է մատակարարում Ադրբեջանի օդային տարածքով

Իրանական Aran լրատվական գործակալությունը, վկայակոչելով վրացական Akhali Taoba օրաթերթին, հաղորդում է, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր 102-րդ ռազմաբազային զինամթերք մատակարարելու համար օգտագործում է Ադրբեջանի օդային տարածքը:

Իրանական կայքի համաձայն, Վրաստանի ԶԼՄ-ները, այդ երկրի խորհրդարանի կողմից Ռուսաստանի դեմ հաստատված օրենքը անարդյունավետ որակելով, հայտարարել են, որ Մոսկվան 2008 թվականից սկսած, Հայաստանում իր ռազմակայանի համար զինամթերք է մատակարարում Ադրբեջանի օդային տարածքով:

Իրանական Aran լրատվական գործակալությունը մատնանշում է, որ հայաստանյան ուղևորատար ինքնաթիռներն էլ դեպի Ռուսաստան իրենց չվերթներն իրականացնում են Ադրբեջանի օդային տարածքով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ԱԳ նախարարությունը քննելու է Հայաստանում Իրանի դեսպանատան հրապարակած հայտարարության պատճառները

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը Trend գործակալության հետ ունեցած հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարությունը քննելու է ԼՂ-ի մասին Հայաստանում Իրանի դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության պատճառները:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը մայիսի 15-ին ԼՂ-ի խնդրի շուրջ հրապարակած հայտարարության մեջ ասել է. «Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի և ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում: ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու, հակամարտությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, և Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն են»:

Իրանում Ադրբեջանի դեսպանատան հաղորդմամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ չի հիշատակվել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը:

Իրանում Ադրբեջանի դեսպանատան փոխանցմամբ, Իրանը բոլոր միջազգային փաստաթղթերում ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայաստանը պիտի վճարի Իրանի հետ ունեցած իր հարաբերությունների համար

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Ադրբեջանի պետական նախկին պաշտոնյաները հաստատել են Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ, Արդաբիլ քաղաքի իմամ Հուջաթոլիսլամ Հասան Ամելիի տարածած հայտարարությունը, որի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը Արցախի հակամարտության տարիներին ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տարածված հայտարարությունը հաստատեց նաև Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին: Ըստ դիվանագետի՝ այդ հայտարարությունն ուղղված էր թե՛ Ադրբեջանին և թե՛ Հայաստանին:

Աֆշար Սոլեյմանիի մեկնաբանությամբ՝ «Հիշյալ հայտարարությամբ նախ փորձ է արվել հիշեցնել, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ ուժ է: Հետո, Ադրբեջանի կառավարությանը ամոթահար անելով, ժողովրդին ապացուցել, որ Իրանի դեմ ուղղված քարոզչությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Նախկին դեսպանը վստահ է. «Այդ հայտարարությունը նաև պատգամ ուներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, և դա այն է, որ Հայաստանը պիտի վճարի Իրանի հետ ունեցած իր հարաբերությունների համար, եթե ոչ՝ Իրանը հնարավորություն ունի տարաբնույթ աջակցություններ ցուցաբերել Ադրբեջանին»։

Աֆշար Սոլեյմանին, կրկին անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին, եզրափակեց, որ Իրանը փորձել է այդ հայտարարությամբ մեղմացնել Ադրբեջանի իշխանությունների՝ իր դեմ ուղղված քարոզչությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Sunday, May 15, 2011

Ադրբեջանցի պաշտոնյաները հաստատել են Իրանի ռազմական աջակցության մասին լուրերը

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Յաղուբ Մամեդովը տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրուցների ժամանակ հաստատել է օրեր առաջ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ, Արդաբիլ նահանգի ուրբաթօրյա նամազի առաջնորդ Հուջաթոլիսլամ Հասան Ամելիի տարածած հայտարարությունը, որի համաձայն Իրանի Իսլամական Հանրապետությունը Արցախի հակամարտության տարիներին ռազմական օժանդակություն է ցուցաբերել Ադրբեջանին:

Այդ տեղեկությունը հաստատել են նաև Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիովն ու Ադրբեջանի Հանրապետության իսլամական կուսակցության նախկին առաջնորդ Հաջ Նուրիևը:

Նուրիևը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է. «Արդեն ժամանակն է, որ բացահայտվեն Իրանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունները: Մենք հիշում ենք պատերազմի դաշտում Իրանի օժանդակությունների մասին, և եթե դրանք չլինեին, իրավիճակը շատ ավելի դաժան էր լինելու»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում գնաճը կհասնի 40-50%-ի

Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Մուհամադ Ռեզա Խաբազը, զրուցելով խորհրդարանի լրատվական կայքի՝ ICANA-ի հետ, հայտարարել է. «Մասնագետները կանխատեսել էին, որ այս տարի երկրում մոտ 30% գնաճ ենք արձանագրելու, սակայն կառավարության կողմից իրագործված գործողությունների արդյունքում ունեցանք 12.5% գնաճ:

Կառավարությունը գնաճի տեմպերը դանդաղեցնելու նպատակով շինարարական բյուջեն կրճատում է ու այդ գումարը ներարկում է շուկայում: Բայց այդ հնարքները ժամանակավոր են և միշտ չէ, որ արդյունավետ են երկրի ու տնտեսության համար: Եթե Իրանում գնաճն այս տեմպերով շարունակի, տարին կավարտենք 40-50% գնաճով:

Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնն էլ, ուսումնասիրելով սուբսիդավորումը տնտեսական շրջանառությունից դուրս հանելու պատճառով գների աճը, նախատեսել է, որ այս տարի գներն աճելու են 40%-ով»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը