Monday, May 23, 2011

Իրանը Սեպտեմբերի 11-ի դերակատարներից է եղել

Ամերիկյան The New York Times օրաթերթը հաղորդում է, որ 2001-ի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության մեջ Իրանն ու «Հիզբոլլահ» խմբակցությունը դերակատարություն են ունեցել:

Ըստ օրաթերթի՝ Իրանի հետախուզության ծառայությունների նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ինքնությունը անվտանգության նկատառումներով չի հրապարակվել, Մանհեթենի դաշնային դատարանում ներկայացրել են իրենց ցուցմունքներն առ այն, որ Իրանի իշխանությունները նախապես տեղեկացված են եղել Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության մասին:

Ցուցմունքների համաձայն, Իրանն ու «Հիզբոլլահ» խմբակցությունը նախքան գործողության իրականացումն աջակցել են ահաբեկիչներին, իսկ գործողությունից հետո Իրանում ապաստան տվել գործողության կազմակերպիչներին:

Մանհեթենի դաշնային դատարանն այս առնչությամբ հայտարարել է, որ չկան հստակ ապացույցներ, թե Իրանն ու «Հիզբոլլահը» նախապես տեղեկացված են եղել հիշյալ ահաբեկչական գործողության մասին, ուստի այդ հարցը պետք է ուսումնասիրվի ԱՄՆ կառավարության կողմից:

Հարկ է նշել, որ Սեպտեմբերի 11-ի հետաքննող հանձնախումբն իր զեկույցում նախապես հայտնել էր, որ Իրանն ու «Հիզբոլլահը» սերտ առնչություն են ունեցել «Ալ-Քաիդա» խմբակցության այն անդամների հետ, որոնք հետագայում դարձան Սեպտեմբերի 11-ի հեղինակները:

Հետաքննող մասնագետների զեկույցը դեռ չի հաստատում Իրանի հետախուզության ծառայությունների նախկին պաշտոնյաների տված ցուցմունքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը