Monday, May 23, 2011

Ահմադինեժադի կողմնակիցները գահընկե՞ց են անում Իրանի առաջնորդին

Իրանական Ayande News պահպանողական լրատվական կայքը հաղորդում է, որ, ըստ հավաստի աղբյուրների, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցներից մեկը մի հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իրանական Խորդադ (Հունիս) ամսի կեսին Իրանում տեղի կունենա շատ կարևոր և որոշիչ իրադարձություն, որի արդյունքում երկրի ներքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ նախագահի թիմակիցների:

Ayande News լրատվական կայքը, հիշյալ հայտարարությունը մեկնաբանելով, իրադարձությունների երկու վարկած է առաջ քաշում: Առաջին տարբերակը կարող է լինել այն, որ Իրանի բարձրաստիճան որևէ ղեկավարի հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, որի արդյունքում ներքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ նախագահի: Իսկ երկրորդ վարկածը կապվում է շիա մուսուլմանների փրկչի հայտնության հետ: Ըստ կայքի՝ հնարավոր է, որ նախագահի թիմակիցները հայտարարեն մուսուլմանների փրկիչ Իմամ Մեհդիի գաղտնի հայտնության մասին:

Կայքը փոխանցում է, որ նախագահի թիմակիցները երկար ժամանակ է՝ ինչ քարոզում են, որ շիաների փրկիչը նախ գաղտնի հայտնվելու է Սաուդյան Արաբիայի Մադինա քաղաքում: Հայտնվելուց հետո նա մինչև երեք տարի գործելու է ընդհատակյա, իսկ վերջում հրապարակավ հայտարարելու է իր հայտնության մասին:

Ayande News-ի փոխանցմամբ, նախագահի թիմակիցներն իրենց քարոզներում բազմիցս հայտարարել են, որ երբ փրկիչը՝ Իմամ Մեհդին, հայտնվի, նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև Այաթոլլահ Խամենեին, այլևս իշխանություն չեն ունենալու:

Ի դեպ, Մահմուդ Ահմադինեժադն իր պաշտոնավարության տարիներին բազմիցս հայտարարել է, թե իր կառավարությունն ուղղակի ղեկավարվում է Իմամ Մեհդիի միջոցով։ Շրջանառվող լուրերի համաձայն, անգամ կառավարության նիստերին մի թափուր աթոռ է հատկացված բացակա փրկչի համար:

Այդ մասին երկու շաբաթ առաջ Իրանի խորհրդարանի պահպանողական ազդեցիկ պատգամավոր Ալի Մոթահարին հայտնել է իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած զրույցի ընթացքում: Մոթահարիի փոխանցմամբ, կառավարության շեղված անդամները, բոլորին խաբելով, հայտարարում են, թե աշխարհը գտնվում է Իմամ Մեհդիի հայտնության ժամանակահատվածում, և այլևս անիմաստ է դառնում Այաթոլլահ Խամենեիին հետևելը:

Իրանի ազդեցին հոգևոր առաջնորդներից Այաթոլլահ Խազալիի որդին՝ Մեհդի Խազալին էլ մայիսի 20-ին իր բլոգում գրել է. «Խորդադ ամսվա կեսին (հունիսի 4-5-ին) շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենալու երկրում: Ես միայն մտահոգված եմ, որ այդ իրադարձությունը վերահսկումից դուրս գա, ու բոլորին կլանի: Ես միայն կարող եմ ասել, որ ցավում եմ: Ցավում են այն ժողովրդի համար, որի ողջ ունեցվածքը կուլ է գնալու: Ժողովո՛ւրդ, աղոթեք ձեր երկրի համար»։

Հատկանշական է, որ հունիսի 4-ը համընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին, և, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի Իրանի նախագահին այդ առիթով ելույթ ունեցողների ցանկից դուրս են հանել: Այդ մասին հաղորդել է իրանական Mehr գործակալությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը