Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Աբադան քաղաքի նավթամշակման գործարանի բենզինի արտադրության երրորդ մասնաճյուղի բացման արարողության ընթացքում, որտեղ ներկա էր նաև իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, տեխնիկական անսարքությունների պատճառով հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում 1 հոգի զոհվել, իսկ 36-ը վիրավորվել էր:
Հիշյալ պատահարի առնչությամբ Իրանի խորհրդարանը արդեն պատրաստվում է հետաքննություն անցկացնել: Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, խորհրդարանում Աբադանի պատգամավոր Աբդուլլահ Քաաբին, որը նաև խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահն է, մեղադրելով Ահմադինեժադին, հայտարարել է, որ նախագահը աճապարել է այդ կենտրոնի բացման գործում, և այդ պատճառով էլ անսարքությունների հետևանքով պայթյուն է տեղի ունեցել:
Քաաբին ասել է. «Աբադանի նավթամշակման գործարանի բենզին արտադրելու հիշյալ մասնաճյուղը տեխնիկապես պատրաստ չէր, անգամ անցյալ շաբաթվա ընթացքում էլ փորձնական աշխատանքի ժամանակ կրկին հրկիզվել էր: Ուրեմն, այդ պայթյունը նաև կանխատեսելի էր, բայց նախագահը, ցուցադրական հակումներ դրսևորելով, անուշադրության է մատնել այդ փաստերն ու ցանկացել է, որ բացման արարողությունը տեղի ունենա իր հայտարարած ժամկետում: Մահմուդ Ահմադինեժադը այդ պայթյունի համար պատասխանատու է և պետք է ներողություն խնդրի պայթյունից տուժած աշխատավորներից»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment