Thursday, May 26, 2011

Ահմադինեժադը 9 միլիոն քվե է առել նախագահական վերջին ընտրությունների նախօրեին

Իրանի խորհրդարանի լրատվական կայքի հաղորդմամբ, պատգամավորների 176 կողմ քվեով, երկրի խորհրդարանը քննարկելու է Իրանի նախագահական վերջին ընտրությունների նախօրեին կառավարության կողմից սոցիալապես անապահով խավի մոտ 9 միլիոն քաղաքացիներին ավելի քան 80 դոլար վճարում կատարելու փաստը: 

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Իրանի կառավարությունը «Արդարության բաժնետոմսերի եկամուտ» նախագծի անվան տակ, ավելի քան 9 միլիոն անապահով քաղաքացիների վճարումներ է կատարել, ինչը լուրջ կասկածներ է առաջացրել խորհրդարանի պատգամավորների մեջ:

Իրանի խորհրդարանի պատգամավոր և հիշյալ հետաքննության հեղինակ Ալի Աքբար Օլյան խորհրդարանի լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Ընտրությունների նախօրեին նմանօրինակ վճարումները խիստ կասկածելի են թվում: Վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները Իրանի խորհրդարանի և պահպանողական ուժերի ուշադրությունը սևեռեցին կառավարության շուրջ համախմբված շրջանակների կողմից կատարված ընտրախախտումներին»։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2008-ին ներկայացրեց մի նախագիծ, որի հիման վրա հասարակության անապահով խավին պետք է վաճառվեն պետական գործարաններից որոշ բաժնետոմսեր, և այդ խավը առիթ կունենա ամսական ստանալ այդ բաժնետոմսերի օգուտները: Բայց, խորհրդարանի պատգամավորների պնդմամբ, նախագահական ընտրությունների նախօրեին, երբ դեռ այդ բաժնետոմսերը չէին վաճառվել կարիքավորներին, հիշյալ բաժնետոմսերի շահույթը փոխանցվել է անապահով մարդկանց: Կառավարության այդ արարքը համարվել է ընտրախախտում և ընտրակաշառք, որը պետք է քննարկվի խորհրդարանում կյանքի կոչված հանձնաժողովի կողմից:

Ավելացնենք, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ և նախագահական ընտրությունների թեկնածու Միր Հուսեյն Մուսավին ընտրություններից հետո բարձրաձայնել էր այդ խախտման մասին, իսկ արդեն երկու տարի անց Իրանի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում պահպանողական ուժերը, ընթացք է տվել այդ բողոքին և փորձում է հետաքննություն անցկացնել ու պարզել իրողությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը