Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Ադրբեջանի պետական նախկին պաշտոնյաները հաստատել են Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ, Արդաբիլ քաղաքի իմամ Հուջաթոլիսլամ Հասան Ամելիի տարածած հայտարարությունը, որի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը Արցախի հակամարտության տարիներին ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տարածված հայտարարությունը հաստատեց նաև Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին: Ըստ դիվանագետի՝ այդ հայտարարությունն ուղղված էր թե՛ Ադրբեջանին և թե՛ Հայաստանին:
Աֆշար Սոլեյմանիի մեկնաբանությամբ՝ «Հիշյալ հայտարարությամբ նախ փորձ է արվել հիշեցնել, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ ուժ է: Հետո, Ադրբեջանի կառավարությանը ամոթահար անելով, ժողովրդին ապացուցել, որ Իրանի դեմ ուղղված քարոզչությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Նախկին դեսպանը վստահ է. «Այդ հայտարարությունը նաև պատգամ ուներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, և դա այն է, որ Հայաստանը պիտի վճարի Իրանի հետ ունեցած իր հարաբերությունների համար, եթե ոչ՝ Իրանը հնարավորություն ունի տարաբնույթ աջակցություններ ցուցաբերել Ադրբեջանին»։
Աֆշար Սոլեյմանին, կրկին անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին, եզրափակեց, որ Իրանը փորձել է այդ հայտարարությամբ մեղմացնել Ադրբեջանի իշխանությունների՝ իր դեմ ուղղված քարոզչությունը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment