Wednesday, July 06, 2011

Իրանական ԶԼՄ-ներին արգելվեց թողարկել Անթալիա մեկնելու գովազդներ


Իրանի ուսանողական լրատվական ցանց՝ SNN-ի հաղորդմամբ, Իրանի առաջնորդության նախարարության հրամանով, Իրանի ԶԼՄ-ներին արգելվել է թողարկել ու հրապարակել Անթալիա մեկնելու հետ կապված որևէ գովազդ:

Լրատվական ցանցի փոխանցմամբ՝ թեև մամուլը չի հրապարակելու Անթալիայի հետ կապված գովազդները, բայց դեռ այդ մասին գովազդներ է թողարկվում SMS-ներով:

Շրջանառվող լուրերի համաձայն, իրանական կողմը հայտարարել է, որ Իրանի հարևան երկրները փորձում են ամեն գնով գրավել իրանցի զբոսաշրջիկներին, բայց որևէ աշխատանք չեն իրականացնում իրենց երկրներից դեպի Իրան զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական սուզանավի առաջին շրջագայությունը ավարտվեց


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, «Յունես» անվամբ սուզանավը, որը Իրանի 14-րդ ռազմական նավատորմի ընկերակցությամբ, միջազգային նավատորմերի մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով, մեկնել էր Եդեմի ծոց ու Կարմիր ծով, վերադարձել է Պարսից ծոց:

Իրանի ծովուժի առաջին ստորաբաժաման հրամանատար, ծովակալ Ֆարիբորզ Ղադերփանահը Fars գործակալության հետ զրույցում նշել է, որ «Յունես» սուզանավը իր 66-օրյա նավարկությամբ նոր ռեկորդ է սահմանել: Ըստ ծովակալի՝ նախկին ռեկորդը պատկանում էր երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական Հանս Շուֆեր սուզանավին՝ 65 օր նավարկություն:

Իրանի 14-րդ նավատորմի հրամանատար Ահմադ Ռեզա Բաղերին էլ Fars գործակալությանը հայտնել է, որ միջազգային ծովերում շրջագայության ձեռքբերումները քննարկելով, հարկ եղած պահին իրանական սուզանավերն ու ռազմական նավատորմը կրկին կշրջեն միջազգային ծովերով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի պահակազորը միջազգային ծովերն օգտագործելու է որպես պաշտպանական միջոց


Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Մուհամադ Ալի Ջաֆարին իրանական Mehr գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Իրանի պաշտպանական միջոցներին, հայտարարել է, որ, Պարսից ծոցում Հորմոզի նեղուցը փակելուց բացի, պահակազորը միջազգային ծովերի տարածքն էլ է օգտագործելու որպես պաշտպանական միջոց:

Ջաֆարիի փոխանցմամբ՝ «Հորմոզի նեղուցի փակելու հնարավորությունը երբեք դուրս չի գալու պահակազորի օրակարգից, ու երբ հարկ նկատենք, անպայման փակելու ենք Հորմոզի նեղուցը»։

Իրանի պահակազորի հրամանատարը նաև հայտարարել է, որ նոր տեղեկություններ են ձեռք բերվել, համաձայն որոնց՝ նոր ահաբեկչություններ են նախապատրաստվել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, հետևաբար բոլոր պաշտոնյաները պետք է զգոն լինեն և իրենց աշխատանքի ընթացքում հարգեն անվտանգության նկատառումները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ինչո՞ւ եմ դեմ օտարալեզու դպրոցներին

Վերջին օրերին «Առաջին լրատվականը» մի հարցում է անցկացրել ՖԲ-ում. «Կո՞ղմ եք արդյոք Հայաստանում օտարալեզու (օտար լեզվով դասավանդմամբ) դպրոցների գոյությանը» թեմայով: Լուրջ մրցակցություն է գնում կողմ եւ դեմ տրամադրվածների միջեւ, որը մինչեւ այս պահ, կողմ քվեարկողները փոքր տարբերությամբ գերակշռում են դեմ քվեարկողներին:
Հարցման էջում տեղադրված քննարկումները հետեւելով, տեսա, որ կողմ քվեարկողների մեծ մասը լռում են ու չեն մեկնաբանում իրենց կողմ քվեարկելու պատճառները: Երկար փնտրելուց հետո, նաեւ գտա մի քանիսին, որոնք փորձել էին պաշտպանվել Ո՛Չ ասողներից, ու ժողովրդավարական ֆիգուր ընդունած, միաձայն ասում էին. «Դուք հեռու պահեք ձեր երեխաներին այդ դպրոսներից... Այդ դպրոցների առկայությունը ազատ ընտրության իրավունքի պահպանումն է... Դուք ոչ ասելով խախտում եք քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը...» եւ այլն:
Իմ կարծիքով կողմ քվեարկած մարդկանց տրամաբանությունը մոտ է երկրից արտագաղթող քաղաքացիներին: Այսինքն, երբ չես կարող քո ունեցածը բարեկարգես ու դրական արդյունք ստանաս, ուրեմն թող հեռացիր ու օտարի ծոցը մտիր:
Օտարալեզու դպրոցներին կողմ քվեարկած անհատների մտահոգություններն էլ հասկանալի են: Դրա մասին անգամ մեր տանը լուրջ քննարումներ է տեղի ունեցել: Օրինակ իմ կինը, որը նոր տեսա կողմ է քվեարկել, մտահոգված է գործող դպրոցների ցածր որակից, ու անգամներ ինձ ասել է, որ վախենամ մեր ապագա երեխեն լավ կրթություն չստանա այս դպրոցներում, ավելի լավ է նրան ուղարկել օտարալեզու դպրոց:
Ես խիստ դեմ եմ այդ տեսակետի հետ, որովհետեւ երբ մենք ունենք դպրոցական համակարգ, ինչու չփորձենք դա բարելավել ու դրական ուղղությամբ զարգացնել, ինչո՞ւ պիտի մեր ունեցած ամեն ինչ թողնենք, օտարինը որդեգրենք: Ի վերջո լեզուն նաեւ ազդում է մարդու մտածողության վրա, եթե շատ մտահոգված ենք, թե մեր երեխեն ապագայում չի տիրապետելու միջազգային լեզուներին, ուրեմն թող դպրոցին զուգահեռ նաեւ պարապի օտար լեզուներ:
Դեմ քվեարկողների մտահոգություններն էլ հասկանալի են: Երբ տեսնում ենք, որ երկրում, մի քանի հազար դրամով, մի շարք քաղաքացիներ հրաժարվում են իրենց ընտրության իրավունքից ու իրենց քվեն տալիս են պատվիրողի թեկնածուին, էլ ինչ խոսք ազատ ընտրության իրավունքից: Այսօր օրենքով կհաստատվեն օտարալեզու դպրոցները, հետո վաղը չտեսնված ձեւով կորակազրկեն դպրոցներն ու բոլորը գլխների ճարը գտնելու համար կփորձեն իրենց երեխաներին ուղարկել օտարալեզու դպրոց: Հետո մի 20-30 տարի անց երկրում կձեւավորվի մի դասակարգ-կաստա որը կկոչվի «օտարալեզու դպրոց ավարտած .... մասնագետ»:
Դե ասենք ազատ ընտրությունը պաշտպանող ԱՅՈ՛ ասողներին չեմ հասկանում: Կարող է մի օր էլ կառավարությունը հայտարարի, որ մենք մտադիր ենք երկրում պետական կրոն հռչակենք Իսլամը, ու հազարավոր մզկիթներ էլ պիտի պատրաստվեն ամբողջ Հայաստանում: Կամ երկրի պետական լեզուն լինելու է Չինարենը: Կարծում եմ հենց նույն կողմ քվեարկողները ամբողջ կազմով փողոց են դուրս գալու բողոքելու: Հետո կարելի է նրանց ասել, ինչո՞ւ եք դեմ, դուք մզկիթ մի մտեք, կամ չինարեն մի սովորեք: Այդ մարդիկ կրկին պնդելու են, որ եթե պետական կրոնը կամ լեզուն է փոխվում, այն էլ օրենքով, էլ մի քանի տարի հետո ինչ ազատ ընտրություն, երբ մեծամասնությունը չինարեն խոսեն, էլ ինչ օգուտ ունի մեր հայերեն խոսելը: Եվ այդպիսով, ազատ ընտրության իրավունքը հոդս կցնդի:
Այլ լեզուներ իմանալը ոչ մի վատ բան չէ, բայց թողեք մեր երեխաները նախ խոսեն հայերեն, սովորեն հայերեն, հետո թող ինչ լեզու, որ ցանկանան, կամ ցանկանաք, սովորեն:
Ես միայն ցավում եմ, որ դարեր պետականություն չունենալուց հետո, մի խելացի պետական այրեր չունեցանք, ովքեր, կհասկանային ինչ է երկիր եւ ինչ է պետություն: Այսօրվա մեր պետական պաշտոնյաները անկախ պետությունը համարում են իրենց սեփական շուկան, ու դժբախտաբար ամբոխային տրամաբանությունն էլ խորը արմատներ է տարածել ժողովուրդի մոտ, երբ նրանք իրենց սեփականությունը թողած օտարինն են լզում:

Monday, July 04, 2011

«Յուրաքանչյուր իրանցի ընտանիքի 1000 քմ հողամաս է հատկացվելու». Ահմադինեժադ


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ շուտով յուրաքանչյուր իրանցի ընտանիքին 1000 քմ հողամաս է հատկացվելու, որից 200 քմ-ը հատկացվելու է շինարարությանը, իսկ մնացյալ 800 քմ-ը հատկացվելու է այգիներին:

Իրանի նախագահի փոխանցմամբ՝ այսօր Իրանում մոտ 20 միլիոն ընտանիք է ապրում, որոնց պիտի 1000 քմ հողամաս հատկացվի: Հիշյալ նախագծի արդյունքում Իրանի տարածքում բոլոր ընտանիքներին հատկացվելու է մոտ 2 միլիոն հեկտար հողամաս:

Ըստ Ահմադինեժադի՝ այդ նախագիծը նոր հեղափոխություն է քաղաքաշինության ոլորտում: «Արդեն 70 տարի է, ինչ ապրում ենք այն համակարգով, որը շատ թանկ արժե, իսկ եթե յուրաքանչյուր ընտանիքի հողամաս հատկացվի, և բոլորը տան տեր կլինեն, մեր քաղաքները կպատվեն հիանալի այգիներով: Այդ համակարգը նաև ավելի էժան է նախկինի համեմատությամբ»,- հայտարարել է Մահմուդ Ահմադինեժադը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ԱԳՆ-ն ոչ մի իրավունք չունի, այն ղեկավարվում է նախագահական նստավայրից


Իրանական Jahan News լրատվական կայքը, վկայակոչելով Չինաստանում Իրանի նախկին դեսպան Ջավադ Մանսուրիի հարցազրույցը Panjareh պարբերականին, հաղորդում է. «Ըստ Մանսուրիի՝ Ահմադինեժադի նախագահության առաջին իսկ օրվանից երկրի ԱԳ նախարարությունում լուրջ խնդիրներ առաջացան: Ահմադինեժադը դրական կարծիքի չէր Մոթաքիի մասին ու համարում էր, որ երկրի խորհրդարանն է նրան պարտադրել կառավարությանը:

Մոթաքիի նմանօրինակ հեռացումը լուրջ մտահոգություններ առաջացրեց իրանցի դիվանագետների շրջանակում, և այդ օրվանից ով որ առաքելությամբ պիտի մեկներ երկրից, ենթադրում էր, որ իրեն ցանկանում են ազատել պաշտոնից ու դրա համար էլ երկրից դուրս են ուղարկում:

Բայց Մոթաքիի պաշտոնավարության շրջանն էլ դրական արդյունքներ չուներ: Չինաստանում եղած ժամանակ չինացի պաշտոնյաները ասում էին, որ իրենք ցանկանում ենք դրական հարաբերություններ ծավալել Իրանի հետ, բայց դրա համար երկու խոչընդոտ կա. նախ այն, որ իրանցի պաշտոնյաները հաճախ փոփոխվում են, և երկրորդն էլ՝ իրանցի պաշտոնյաների խոսքերն էլ են շատ արագ փոփոխության ենթարկվում:

Ահմադինեժադը ցանկանում է, որ բոլոր նախարարությունները ենթարկվեն իրեն ու իրենից ուղղություն ստանան։ Այդ պատճառով էլ երկրում լուրջ խնդիրներ գոյություն ունեն:

Ալի Աքբար Սալեհին ԱԳ նախարար ընտրվելու համար մի նախապայմանի առջև էր կանգնած, և դա այն էր, որ նա նախարար եղած ժամանակ ոչ մի իրավասություն չպիտի ունենա և իր աշխատանքի ողղությունը պիտի ստանա նախագահական նստավայրից: Հետևաբար այսօր Իրանի ԱԳ նախարարությունը լիարժեք չի կարող աշխատել»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում ծխող կանայք տուգանվելու են 1000 դոլարով


Իրանական Bushehr News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանում ամեն օր աճում է ծխող կանանց թիվը:

Կայքը, թվարկելով ծխելու վնասները, նշել է, որ Իրանի ոստիկանությունը արդեն արգելել է կանանց մուտքը ավանդական թեյարաններ, բայց հարնային վայրերում կրկին հայտնվում են ծխող կանայք:

Bushehr News-ի փոխանցմամբ, Իրանի ոստիկանությունը նոր օրենք է մշակել, որի համաձայն, հանրային վայրերում ծխող կանայք ձերբակալվելու և 1000 դոլարին համարժեք տուգանվելու են:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի առողջապահության նախարարությունը ևս պահանջել էր, որ համալսարաններում ծխող ուսանողները պատժվեն ու զրկվեն ուսումից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Այաթոլլահ Խամենեի. Սիրիայի դեպքերը արաբական արթնության արդյունքը չեն


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեին հուլիսի 30-ին ելույթում ունենալով, անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և, արաբական հեղափոխությունները որակելով որպես իսլամական արթնություն, դրանք հակաիսրայելական ու հակաամերիկյան է գնահատել:

Այնուհետև անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Խամենեին հայտարարել է, որ Սիրիան այդ հակաիսրայելական ու հակաամերիկյան շարժման առաջին գծում է գտնվում, հետևաբար Սիրիայի դեպքերը տարբերվում են արաբական այլ երկրներում տեղի ունեցածից: Խամենեիի բնութագրումով՝ «Այն երկրներում, որտեղ Իսրայելի և ԱՄՆ-ի օգտին են լոզունգներ հնչեցնում, այդ շարժումները մոլորված ու շեղված են»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, June 30, 2011

«Իրանական հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեն». Վիլիամ Հեյգ

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլիամ Հեյգը հայտարարել է, որ Իրանը, խախտելով ՄԱԿ-ի 1929 բանաձևը, բալիստիկ հրթիռներ է փորձարկել, որոնք միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեն:

ՄԱԿ-ի ԱԽ-ը 2010-ի հուլիսին հաստատեց 1929 բանաձևը, որի համաձայն պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի միջուկային աշխատանքների շուրջ:

Վիլիամ Հեյգի հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իրանի պահակազորն օրեր առաջ հայտարարեց, որ կայացած զորավարժությունների ընթացքում Իրանը 14 նոր տեսակի հրթիռներ է փորձարկել, որոնք հնարավորություն ունեն մինչև 2000 կմ հեռավորության վրա հարվածել ցանկացած թիրախի:

Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, հիշյալ հայտարարության արձագանքելով, Reuters-ին փոխանցել է, որ Իրանի փորձարկած հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն չունեն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ-ը Իրանի ոստիկանությանը բոյկոտեց Սիրիայում դերակատարություն ունենալու մեղադրանքով


«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի ոստիկանապետ Էսմայիլ Ահմադի Մողադամին ու նրա տեղակալ Ահմադ Ռեզա Ռադանին Սիրիայի իշխանություններին ցուցարարներին լռեցնելու ուղղությամբ խորհուրդներ տրամադրելու մեղադրանքով բոյկոտի է ենթարկել:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը, ապրիլ ամսին մեկնելով Դամասկոս, Բաշար Ասադի իշխանությանը ցուցարարների դեմ պայքարելու շուրջ փորձագիտական խորհուրդներ է տվել:

ԱՄՆ-ն իրանցի երկու պաշտոնյաների հետ մեկտեղ նույն մեղադրանքով բոյկոտի է ենթարկել նաև Սիրիայի քաղաքական անվտանգության կենտրոնի ղեկավար Գեներալ Ջամիլ Հասանին:

Սահմանված բոյկոտի համաձայն՝ հիշյալ անհատների ունեցած բոլոր ակտիվները ԱՄՆ-ում առգրավվելու են, իսկ ամերիկացի քաղաքացիներին արգելվելու է համագործակցել հիշյալ պաշտոնյաների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը հայտարարում է, որ իրենց հրթիռներով հնարավորություն ունեն հարվածել Իսրայելին


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի պահակազորի օդային պատերազմների հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանական հրթիռները մինչև 2000 կմ հեռահարություն ունեն ու կարող են այդ տարածության վրա հարվածել ցանկացած թիրախի:

Ըստ իրանցի հրամանատարի՝ 2000 կմ հրթիռային հեռահարությունը չի նշանակում, թե Իրանը հնարավորություն չունի ավելի հզոր հրթիռներ պատրաստելու, այլ դրանից ավելիի կարիքը չունի։ Իրանի պահակազորը այդ հրթիռներով հնարավորություն ունի հարվածելու Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ցանկացած ամերիկյան հենակետի:

Հաջիզադեն, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նաև եվրոպական երկրներին, հայտարարել է. «Մեր հրթիռները կարող են ոչնչացնել մինչև 2000 կմ վրա գտնվող ցանկացած թիրախ: Իրանին սպառնում են Իսրայելն ու ամերիկյան ռազմական հենակետերը, ուստի մենք հրթիռային կարողությունները զարգացրել են մեր երկրին սպառնացող տարածքների հեռավորության հիման վրա»։

Նշենք, որ Իրանի պահակազորը վերջին զորավարժության ընթացքում ցուցադրել է իր հրթիռային հզորությունը և առաջին անգամ ցուցադրել է հրթիռների արձակման իր ստորգետնյա կենտրոնները: Պահակազորի հրամանատարների փոխանցմամբ՝ այսօր Իրանն ունի այնպիսի հրթիռային տեխնոլոգիա, որի միջոցով հնարավորություն ունի Իսրայելին հարվածել անգամ Իրանի կենտրոնական և արևելյան շրջաններում տեղակայված հենակետերից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ադրբեջանի վարչապետը շուտով Իրան է մեկնելու


Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, Իրանի և Նախիջևանի միջև շահագործման հանձնված կամրջի բացման արարողությանը ներկա գտնելով, բարձր է գնահատել Իրանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

Կայքի փոխանցմամբ՝ Ռասիզադեն լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է. «Միջազգային ներկա իրավիճակում Իրանն ու Ադրբեջանը պիտի ուժեղ դաշնակիցներ լինեն»։

Aran-ի մատուցմամբ՝ Ադրբեջանի վարչապետը, անդրադառնալով նաև Իրանի փոխնախագահ Ռահիմիի հրավերին, ավելացրել է. «Մոտ ապագայում Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սերտացնելու նպատակով մեկնելու եմ Իրան: Երկու երկրների միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ գոյություն ունեն, որոնք առկախ են մնացել, և այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ ընթանան»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Արթուր Բաղդասարյանը իրանցի գործընկերջը Հայաստան հրավիրեց


Իրանական ILNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որը «Ահաբեկչության դեմ միջազգային պայքարին» նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով մեկնել էր Թեհրան, հանդիպելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, բարձր է գնահատել տարածաշրջանի կայունության հարցում Իրանի ունեցած դերակատարությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ հիշյալ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ տարածաշրջանային տնտեսական զարգացման հարաբերություններն ամրագրելու և զարգացնելու հեռանկարով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը